Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Telstar 18-ը, նոստալգիկ զգացողություններ առաջացնող Ռուսաստանի հավաքականն ու մենք` տղերքով

Telstar 18-ը, նոստալգիկ զգացողություններ առաջացնող  Ռուսաստանի հավաքականն ու մենք` տղերքով
14.11.2017 | 10:48

Օրերս Մոսկվայում ներկայացվել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արգենտինայի ընտրանու, «Բարսելոնի» ու ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլի գագաթ Լիոնել Մեսին, Մադրիդի «Ռեալին» պատմության մեջ երկու անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթի բարձունքին հասցրած լեգենդար Զիդանը, որը նաև համաշխարհային ֆուտբոլի պատմության բացառիկ դեմքերից է եղել որպես ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի երբեմնի կիսապաշտպան, առաջին մեծության աստղ Կական, Իսպանիայի հավաքականից նրա գործընկեր Խաբի Ալոնսոն, որն արդեն իսկ լեգենդար ֆուտբոլիստների կոհորտայից է, և Իտալիայի ընտրանու երբեմնի հարձակվող, ֆուտբոլային ամենավառ լեգենդներից մեկը` Ալեսանդրո դել Պիերոն: Նրանք համերաշխ են եղել իրենց գնահատականում` ասելով, որ առաջնության գնդակը համապատասխանում է մեր ժամանակների ոգուն` գունային իր գամմայով կամրջելով ֆուտբոլի փառապանծ տարիների ոգեղեն ժամանակաշրջաններ:

Միջոցառմանը, բնականաբար, ներկայացվել է գնդակի պաշտոնական անվանումը` Telstar 18: Այն Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության գնդակի` Telstar-ի փաստացի վերընթերցումն է Adidas-ի կողմից: Համենայն դեպս այն այսպես է ներկայացվում հատուկ տեղեկատվությունում, իսկ գնդակի օրիգինալ անվանումը գալիս է star of television-ի (էկրանի աստղ) հապավված ընթերցումից: Այն ունի սև-մոխրագույն երանգներով ճերմակ հիմք: Հարկ է նկատել, որ սպիտակի ու սևի կոնտրաստային պանելներով ստեղծված առաջին գնդակը այդպես էր հղացվել ու մշակվել սև-սպիտակ հեռուստացույցներից պարզ երևալու նկատառումով, ինչն էլ որակապես կանխորոշել է ֆուտբոլային այս կարևորագույն տարրի դիզայնի նկատմամբ մոտեցումը:


Նկատենք, որ Telstar 18-ի հղացման մեջ դրված ժամանակների կապն առաջինը նկատել ու նշել է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը՝ այն բնորոշելով այսպես. «Համակրելի գնդակ է, անվան մեջ կա ոչ միայն պատմության հետ կապ, այլև ժամանակակից նոտաներ: Ռուսաստանի հավաքականի մարզազգեստում էլ են առկա ռետրո տարրեր: Դա կապ է պատմության հետ, ֆուտբոլային ժառանգության շեշտադրում»:
«Ինձ շատ են դուր գալիս գնդակի դիզայնն ու գույնը: Կուզենայի հնարավորինս շուտ այն փորձարկել խաղադաշտում: Շատ ուրախ եմ, որ մենք դարձել ենք աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից, -ասել է հանրաճանաչ Լիոնել Մեսին, որին առաջին ջութակի իրավունքով վերապահվել է առաջնության պաշտոնական գնդակը ներկայացնելու պատիվը:- Մի քանի ամիս է մնացել առաջնության սկսվելուն, բոլորը շատ են հուզված, մեծ ուշադրություն են դարձնում ընկերական խաղերին: Ռուսաստանի հետ ստուգիչ խաղը կազմի խաղակցվածությունը փորձարկելու հրաշալի առիթ է»:


Նոր գնդակն անցել է փորձարկումների ամբողջական սերիա, որպեսզի առավելագույնս համապատասխանեցվի որակի ստանդարտներին, պրոֆեսիոնալ մարզիկների ներկայացրած պահանջներին: Թեստավորման գործընթացում ներգրավվել են Արգենտինայի, Մեքսիկայի, Կոլումբիայի ընտրանիները, անգլիական «Մանչեստր Յունայթեդ», իտալական «Յուվենտուս», իսպանական «Ռեալ» ու հոլանդական «Այաքս» ակումբները:
Հավելյալ ասենք, որ ֆոտոսեսիայի համար գնդակն աշխարհի գավաթի հետ ի ցույց է դրվել «Լուժնիկի» օլիմպիական համալիրում, որտեղ էլ, ի դեպ, նախատեսված են առաջնության մեկնարկային ու եզրափակիչ հանդիպումները:


Այսքանը առաջնության գնդակի մասով:
Սակայն ռուսները ռուսներ չէին լինի, եթե առիթը չօգտագործեին ու արանքում չներկայացնեին նաև իրենց հավաքականի մարզազգեստը («ռուսները ռուսներ չէին լինի» շեշտադրումը մենք անում ենք բարի նախանձով, որովհետև, եթե նրանց տեղը մենք էլ լինեինք ու, առհասարակ, ով էլ լիներ, բնականաբար, նույնը կաներ):
Սակայն մենք այս փաստին սևեռված ուշադրություն ենք դարձնում ոչ թե նրա համար, որ հմայված ենք այդ երկրի հավաքականի խաղով, ու նրա հետ կապված ամեն մանրուք հետաքրքիր է (իրականում այն ավելի քան անհրապույր ֆուտբոլ է խաղում), այլ այն պարզ պատճառով, որ իր ոճավորմամբ նրանց հավաքականի հանդերձանքը հիշեցնում է 1980-ական թվականները, իսկ դրանք այն երանելի ժամանակներն էին, երբ Խորհրդային Միության հավաքականի կազմում հանդես էինք գալիս և մենք` հայերս (ինչ անենք, ֆուտբոլում մեր աննամուս ներկայության արդի պայմաններում ստիպված ենք մեր գոյությունը հիշեցնել խոշոր հաշվով ուրիշի հանդեսին ունեցած մասնակցությամբ մեզ հիշեցնելով):
ՈՒ քանի որ ֆուտբոլում մեր ներկայությունը հիշեցինք, ասենք, որ մնացածների պես նախորդ մրցափուլն էլ ամենայն հաջողությամբ ձախողելուց հետո անցել ենք նորին` տարտամ այն հույսով, որ գոնե սրանում մի փոքր կհաջողենք, թեպետ բոլորս էլ լավ գիտենք, որ մանուկներին հասցեագրված, նախկինից քաջածանոթ «Հեքիաթն է կանչում» հաղորդումը կամ այլ անվանում կրող նրա իրավահաջորդը լավագույն դեպքում ավարտվում է 21:15-ին, իսկ ոչ մանկական, այլ լուրջ ֆուտբոլային իրադարձությունները սկսվում են դրանից առնվազն ժամուկես-երկու ժամ ուշ: Կարծում եմ` ասելիքիս մեջ ավելի քան թափանցիկ եղա, և լրացուցիչ մանրամասների անհարկի հայտ չեք ներկայացնի մեր մանկության ժամանակաշրջանի ու նախածննդային ժամանակում ապրող մեր ֆուտբոլի միջև անցկացված համեմատության կապակցությամբ:


Դառնալով շատ ավելի առարկայական, ես նույնիսկ այսպես կասեի՝ հողեղեն իրողություններին, ասենք, որ ֆուտբոլային «գետնին» վրա ընկերական մի խաղ արդեն ունեցել ենք նախորդ մրցափուլից մեզ բախտակից բելառուսների հետ, մեկն էլ երկուշաբթի օրով անցկացնելու էինք կիպրոսցիների հետ: Թե ինչ արդյունք է գրանցվել կղզեբնակների հետ մրցակցությունում, բնականաբար, մենք չէինք կարող իմանալ, քանզի նյութը գրվել է այդ հանդիպումից երկու օր առաջ, իսկ Բելառուսի ընտրանու նկատմամբ տոնած 4:1 հաշվով հաղթանակի կապակցությամբ թույլ տվեք ոչ թևավորել, ոչ էլ թևավորվել:
ՈՒ գիտե՞ք ինչու: Հանկարծ միամտորեն չկարծեք, թե անդրադառնալու եմ Հայաստան-Բելառուս հանդիպման շուրջ պտտվող լուրերի վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պարզաբանմանը, որի չլինելը լինելուց ավելի լավ կլիներ, քանզի կասկած փարատելու փոխարեն (եթե իրականում եղել է անազնիվ գործարք) կասկած է խորացնում, իսկ նյութի շարադրման գրագիտությանը չեմ անդրադառնում դրա անհուսալիության պատճառով:


Քանի որ խոսքս բավականին ծավալուն ընդմիջում ունեցավ, կրկնեմ միտքս, ու գիտե՞ք ինչու:
Ավելի շուտ` նաև ինչու:
Որովհետև, ինչպես քանիցս ասելու ցավն ունեցել եմ, ասեմ և հիմա` մեր ֆուտբոլի ոչ միայն «կռիշն» է տարած, այլև տակն է փախած:
Հասուն, գիտակից մարդիկ եք, ասածս լավ էլ հասկանում եք առանց անհարկի մանրամասների, իսկ տանիք բառի ռուսերենը գործածելու համար ներող եղեք: Պատճառը ոչ թե բառի հայերեն համարժեքը չիմանալն է, այլ այն, որ տանելիս մարդու ոչ թե տանիքը, այլ «կռիշն» է տանում, իսկ այս պարագայում, երբ հոգեբույժի միջամտությունը ոչ թե ցանկալիի, այլ պահանջված անհրաժեշտության շարքից ու կարգից է, տանիքն ու «կռիշը» իմաստային ու բովանդակային երկու տարբեր հասկացություններ են ներկայացնում: Իհարկե՝ բանական մտածողության տեր մարդկանց համար։
Այնպես որ, դուք ողջ լինեք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ