Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞վ կլինի Լուկաշենկոն նոյեմբերի 24-ին

Ո՞վ կլինի Լուկաշենկոն նոյեմբերի 24-ին
15.11.2017 | 01:44

Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջին անգամ հրավիրել են Արևելյան գործընկերության համաժողովի, որ կայանալու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Նախորդ 5 վեհաժողովներին Բելառուսը ներկայացնում էին տարբեր մակարդակների այլ պաշտոնյաներ: Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրելու մասին հայտնի դարձավ հոկտեմբերին: Բելառուսում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինը հոկտեմբերի 24-ին լրագրողներին հաղորդեց, որ ԵՄ-ը դեռ սպասում է բելառուսական կողմի պատասխանին, թե ով է երկիրը ներկայացնելու վեհաժողովում: «Բելառուսի իշխանությունները պետք է որոշեն` ո՞վ է վեհաժողովին մասնակցելու»` ասել է Անդրեա Վիկտորինը: Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հոկտեմբերի սկզբին ասել էր, որ այցի վերաբերյալ որոշումը կկայացվի «իր ժամանակին»: Բրյուսելում Արևելյան հարևանության վեհաժողովը կարող է Ալեքսանդր Լուկաշենկոյի համար առաջինը դառնալ` նախկինում նա չէր կարող ԵՄ երկրներ մեկնել պատժամիջոցների պատճառով: 2016-ի փետրվարին ԵՄ խորհուրդը հանեց Մինսկի պատժամիջոցների մեծ մասը, այդ թվում` անձնականները, որ ներառում էր 170 ֆիզիկական անձանց վիզաների արգելքը: Belarus Security Blog վերլուծական նախագծի ղեկավար Անդրեյ Պորոտնիկովի կարծիքով` Մինսկը անհանգստացած է Բելառուսի առաջին դեմքի ընդունելության մակարդակով. «Նախ և առաջ կարևոր է Լուկաշենկոյի բուն այցը Արևելյան գործընկերության համաժողով և հանդիպումների մակարդակը: Իմիջի տեսակետից` իմաստ ունի գնալ միայն այն դեպքում, եթե նա հանդիպումներ ունենա արևմտյան քաղաքական գործիչների ու արևմտյան տերությունների ղեկավարների հետ: Եթե գնում է հանդիպելու, պայմանականորեն ասած, մոլդովացի, վրացի կամ ուկրաինացի պաշտոնյաների հետ, իմիջի տեսակետից այնքան էլ ճիշտ չի լինի: Եթե նա, այնուամենայնիվ, գնա և ապահովված լինի արևմտյան քաղաքական գործիչների հետ շփումների պատշաճ մակարդակ, կնշանակի` Մինսկը չափազանց շահագրգռված է Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որ բխում է տնտեսական ծանր վիճակից և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդություններից: Այցը ինքնին խոսուն կլինի` պատկերացնելու, թե որքան վստահ է զգում իրեն Մինսկը: Եթե չի ապահովվելու հանդիպումների բարձր մակարդակ` ԵՄ ղեկավարության ու արևմտյան տերությունների ղեկավարների հետ, Լուկաշենկոն այնտեղ անելիք չունի: Եթե նա գնում է Ալիևին, Պորոշենկոյին ու Դոդոնին տեսնելու, կնշանակի` Մինսկը հուսահատ է և պատրաստ ամեն շյուղից կառչել: Դա կտեսնեն բոլորը` կտեսնի Արևմուտքը, կտեսնի Ռուսաստանը, հետևաբար կուժեղանա Մոսկվայի ճնշումը, իսկ Բելառուսի իշխանություններին ընդառաջ գալու Արևմուտքի ցանկությունը չի ավելանա»:


Քաղաքական վերլուծության և կանխատեսման կենտրոնի (Վարշավա) տնօրեն Պավել ՈՒսովը Բելառուսն անվանում է «աուտսայդեր աուտսայդերական նախագծում»: Նրա կարծիքով` Արևելյան գործընկերության նախագիծը վերաձևակերպման կարիք ունի. «Այս պահին Արևելյան գործընկերության մեջ գտնվում են երկրներ միանգամայն տարբեր վեկտորներով ու աշխարհաքաղաքական գերակայություններով: Բելառուսը օդում կախված է Եվրոպայի ու Ռուսաստանի միջև: Մենք ունենք ՈՒկրաինա ու Վրաստան, որ իրենց գերակայությունն են համարում ԵՄ-ի հետ մերձեցումը և արդեն լուրջ առաջընթաց ու առանց վիզայի այցերի իրավունք ունեն: Այդ երկրներն արդեն Արևելյան գործընկերության ձևաչափից աճել են, նրանց այլ պլատֆորմ է պետք, որ արագ մոտենան ԵՄ-ին: Հայաստանի գերակայությունը, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանն է, Երևանը ԵԱՏՄ անդամ է և ավելի ու ավելի է հեռանում եվրոպական վեկտորից: Աշխարհաքաղաքական տեսակետից Ադրբեջանի իրավիճակը բոլորովին անկանխատեսելի է: Թեպետ Ադրբեջանը մնում է Արևմուտքի գերակայություններում, ավելի ու ավելի շատ է քննադատություն հնչում մարդու իրավունքների վիճակի, վերջին հանրաքվեի վերաբերյալ, որից հետո փոխնախագահ դարձավ Ալիևի կինը: Ադրբեջանն ավելի շուտ ինտենսիվ զարգացնելու է Թուրքիայի հետ հարաբերությունների վեկտորը: Թուրքիայում հայտնի համակարգային փոփոխություններից հետո, ցավոք, ԵՄ-ից հեռանալու գործընթաց է սկսվել: Փաստացի` Արևելյան գործընկերության շրջանակներում երեք միանգամայն տարբեր ուղղություններ կան: Կարծում եմ` ընդհանրապես ժամանակն է վերանայել այդ նախագիծը և դիվերսիֆիկացնել ԵՄ քաղաքականությունը այդ երկրների նկատմամբ, այս պահին գործող ձևաչափը չի համապատասխանում այն իրավիճակին, որ ունենք հետխորհրդային տարածքում»: Անդրեյ Պորոտնիկովի կարծիքով` նախագծի ներուժը սպառված չէ, բայց բարեփոխումներ պետք են. «Ներուժ կա, հարցը նախագծի բովանդակությունն է: Այս պահին Արևելյան գործընկերությունը ըստ էության 2 խմբի է բաժանված` երկրներ, որ ունեն այս կամ այն ձևով ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ` Մոլդովա, ՈՒկրաինա, Վրաստան, և երկրներ, որ չունեն համաձայնագիր` Հայաստան, Բելառուս, Ադրբեջան: Հայաստանն առաջիկայում կստորագրի կվազիասոցիատիվ համաձայնագիր: Արևելյան գործընկերությունը մտահղացվել է իբրև հետխորհրդային տարածքի ժողովրդավարացման միջոց, իսկ հիմա արևմտյան երկրներում նախագծի հիմնադիր հայրերին փոխարինել են մարդիկ, որ շատ քիչ պատկերացում ունեն Արևելյան Եվրոպայի մասին և, ցավոք, առանձնապես մեծ ցանկություն էլ չունեն տարածաշրջանը ճանաչելու: Բաց ու արդիական է մնում հարցը` իսկ ի՞նչ են ուզում հետխորհրդային երկրները ստանալ, ի՞նչ պայմաններով և ի՞նչ են պատրաստ իրենք տալ: Որ բոլորն Արևմուտքից ուզում են փող ստանալ, հասկանալի է: Ի՞նչ են պատրաստ նրանք առաջարկել Արևմուտքին»: Անդրեյ Պորոտնիկովը վստահ է, որ Արևմուտքը հավատարիմ կմնա իր հիմնարար սկզբունքներին: Փորձագետի խոսքով` «Թող հիմա առաջին տեղ են գալիս տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցերը, բայց մարդու իրավունքների խախտումները Բելառուսում մնալու են թիվ 2 հարցը եվրոպա-բելառուսական հարաբերություններում»: «Արևմուտքը պետք է Լուկաշենկոյին բացահայտ ասի` հերիք է խորամանկել»` հայտարարեց «Գարուն» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկին` հոկտեմբերի 25-ին ելույթ ունենալով Տալլինում` Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովում: Բելյացկու խոսքով` անհրաժեշտ են հասկանալի ու պարզ ազդանշաններ Արևելյան գործընկերության բոլոր երկրներին, բայց առաջին հերթին նրանց, որտեղ պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները` Ադրբեջանին ու Բելառուսին: «ԵՄ-ի ու մեր երկրների միջև հարաբերությունների բարելավում կարող է լինել միայն պետությունների ներսում ժողովրդավարացման իրական ու անդառնալի քայլերի դեպքում: Պետք է փոփոխությունների քաղաքական կամք, այլ ոչ թե իմիտացիա»` ասաց Ալես Բելյացկին:


Նոյեմբերի 12-ին Մինսկում Ֆրանսիայի դեսպան Դիդիե Կանեսի «Беларусь 1» հեռուստաալիքին տված հարցազրույցից հայտնի դարձավ, որ Բրյուսելի Արևելյան գործընկերության վեհաժողովում նախատեսվում է ընդունել ԵՄ-ի ու Բելառուսի համագործակցության ծրագիր: «Ակնկալվում է, որ կընդունվի ԵՄ-ի ու Բելառուսի համագործակցության ծրագիր: Ես, իհարկե, չեմ կարող մանրամասները ասել, բայց կարող եմ վստահեցնել, որ նոր տարրեր կան»` ասաց Դիդիե Կանեսը: Դեսպանի խոսքով` Ֆրանսիան աջակցում է Բելառուսի ու ԵՄ-ի հարաբերությունների խորացմանը: Ֆրանսիայի ու Բելառուսի հարաբերությունները, դեսպանի գնահատականով` «հասել են վստահության այն մակարդակին, որ թույլ է տալիս քննարկել ցանկացած հարց` առանց տաբուի և փոխադարձ հարգանքի ոգով»:
Գրիգորի ՍԱՊԵԺԵՆՍԿԻ, RFI


Հ.Գ. Գիտեն, չէ՞, ֆրանսիացիները գեղեցիկ խոսքեր ասել: Գիտեն, բայց չգիտեն Բատկային: Բելառուս-ԵՄ հարաբերությունների խորացումը հակադարձ համեմատական է Բելառուս-ՌԴ հարաբերություններին: Իր անվտանգության մասին մտածող ԵՄ-ի համար Բելառուսին ինտեգրելու գլխավոր ազդակը թերևս Բելառուսի տարածքում ռուս-բելառուսական տպավորիչ զորավարժություններն էին: Մոսկվան ուզում էր ուժ ցույց տալ` տվեց, ու ստացավ հակառակ արդյունքը` Եվրոպան չվախեցավ, ընդամենը որոշեց դաշնակիցների մի թեթևակի տեղափոխություն անել: Եթե նույնիսկ Ալեքսանդր Լուկաշենկոն Բրյուսելում հանդիպի ԵՄ դեռ 28 պետությունների բոլոր ղեկավարների հետ, դա մեծ մխիթարություն չէ` նրան փող է պետք: Եթե փող տան, նա կասի` կաշխատեմ արդարացնել` ինչպես Իլհամ Ալիևին ասաց` Հեյդար Ալիևի մեդալը համբուրելով: Հայաստանի հետ էլ բարեկամական հարաբերություններ կհաստատի ու Իլհամ Հեյդարովիչին այլևս զենք չի վաճառի` եթե պետք լինի: Ալեքսանդր Լուկաշենկոյին թվում է` ինքը Բելառուսն է ու առանց իրեն Բելառուսը վերանալու է: Գուցե և այսօրվա Բելառուսը իրոք վերանա, բայց փոխարենը կլինի նոր Բելառուս` ոչ պակաս արժանի հաջողության ու անվտանգության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ