Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երբ գալիս է Լավրովը, կամ` պլան Բ

Երբ գալիս է Լավրովը, կամ` պլան Բ
15.11.2017 | 01:48

Նոյեմբերի 13-ին Սոչիում հանդիպեցին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները: Էրդողանը, ինչպես միշտ, հանդիպումից առաջ բազում հայտարարություններ արեց, նաև` Լեռնային Ղարաբաղի մասով: Բաքվում Իլհամ Ալիևին հանդիպելուց հետո Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպմանը բարձրացնելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: «Սյոզջուն» գրում էր, որ Էրդողանն ասել է` Ղարաբաղի հիմնախնդիրը նույնչափ կարևոր է Թուրքիայի համար, «արյունահոսող վերք» է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար և շեշտել էր` «Այս և մնացած բոլոր հարցերում Թուրքիան շարունակելու է մնալ Ադրբեջանի կողքին»: «Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, շատ արագ կկարգավորվի»,- ասել էր Թուրքիայի նախագահը։ Հենց այդ ժամանակին է վերաբերում Թուրքիան ԵԱՀԿ համանախագահ դարձնելու, Ֆրանսիան Մեծ Բրիտանիայով փոխարինելու առաջարկը: Բայց նոյեմբերի 9-ին Վիեննայում այդ հարցը փակվեց` ԵԱՀԿ Մինսկի խումբը կգործի նույն ձևաչափով: Ի՞նչ էր մնացել առաջարկելու: Շրջանների վերադարձ` հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու ու սահմանը բացելու դիմա՞ց: Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները լրագրողների համար ամփոփել են Սոչիի բանակցությունները, բայց հարցերի չեն պատասխանել։


4 ժամ տևած բանակցություններից հետո ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ Ղարաբաղին չեն անդրադարձել: Լրագրողների հարցին` Էրդողան-Պուտին հանդիպմանը Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը քննարկվե՞լ է, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ հանդիպմանը շատ ավելի բարդ հարցեր են քննարկվել, հարցեր, որոնց մասին չի կարելի բարձրաձայնել։ Ղարաբաղի հարցը, ինչպես հայտնի է, բարդ հարց է:
Թուրքիայի և Ռուսաստանի համերաշխությունը տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում էլ ավելի է ամրապնդում երկրների հարաբերությունները` ասել է Թուրքիայի նախագահը: Համերա՞շխ են Անկարան ու Մոսկվան տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում: Ոչ բոլոր: Համաձայնությա՞ն, թե՞ անհամաձայնության դաշտում է Ղարաբաղը:


Երեկ Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։ Զրուցակիցները քննարկել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու գագաթնաժողովների պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Քննարկվել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը:
Այսօր աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանդիպելու է ՌԴ նախագահի հետ: Այս իրադարձությունների շարքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է գալիս Հայաստան: Իր խոսքով` «Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսվում է իմ այցը Երևան և Բաքու: Առաջին հերթին այդ այցերը պայմանավորված են ՌԴ-Հայաստան և ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով»: «Օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ դրանք հագեցած և հարուստ են: Խոսելու ենք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների մասին, այդ թվում` կփորձենք հասկանալ, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի ո՞ր փուլում ենք»,- ասել է Սերգեյ Լավրովը: Ընդ որում` նոյեմբերի 19-ին Լավրովը լինելու է Բաքվում, 20-ին` Երևանում: Այսինքն` Էրդողան-Պուտին, Պուտին-Սարգսյան, Լավրով-Ալիև հանդիպումներից հետո: Մի շտապեք հարցը կապել միայն Ղարաբաղի հետ: Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի զարգացումները բազում վեկտորներ ունեն և Լավրովը Երևանում կփորձի պարզել ոչ միայն Ղարաբաղի հարցը: Համադրեք.
1.Իսրայելում էր ՀՀ ԱԳ նախարարը և հրապարակված տեղեկության համաձայն` քննարկվել է ռազմաքաղաքական համագործակցության հարցը:


2.ԱՄՆ-ում էր ՀՀ պաշտպանության նախարարը և ռուս-ամերիկյան չկարգավորվող հարաբերությունների համատեքստում ԱՄՆ-ի հետ ցանկացած առնչություն ՌԴ-ին հետաքրքրում է, առավել ևս` պաշտպանության նախարարի այցի մակարդակով:
3.Ռուս-թուրքական հարաբերությունների ամբողջ ծավալով վերականգնումի երկու նախագահների մակարդակով հայտարարությունից հետո ակտուալ է դառնում հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Թուրքիան նախապայմաններից չի հրաժարվում, բայց և փորձում է վերակենդանացնել հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները` ինչ-որ զիջում ստանալով Հայաստանից:
4.Քրդական հարցը Հայաստանին անմիջապես չի վերաբերվում, բայց ռուս-թուրքական հարաբերություններում տարաձայնությունների բաժնից է` ոչ Թեհրանը, ոչ Անկարան չստացան Մոսկվայի անվերապահ աջակցությունը Էրբիլի դեմ պայքարում: Քրդստանի անկախության հանրաքվեից հետո Մասուդ Բարզանիի հրաժարականից հետո ստեղծված անիշխանական վիճակը ինչ-որ լուծում պիտի ստանա: Լավրովը կներկայացնի ՌԴ տեսակետը:


5.Սիրիայի վերականգնմանը Հայաստանի մասնակցության հնարավորության մասին արդեն հայտարարվել է, թեպետ դա տնտեսական հարց է, բայց քաղաքական որոշում է պետք` ևս մեկ հարց Լավրովի Հայաստան այցի օրակարգում:
6.Հայ-իրանական ու հայ-չինական հարաբերություններն էլ հավելեք` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումից հետո` Հյուսիս-Հարավ ընդհանուր շրջանակի մեջ:
7.Այսքանից հետո ինչպե՞ս կարող է ՌԴ ԱԳ նախարարը նոյեմբերի 20-ին լինել Երևանում և չանդրադառնալ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Գուցե նա այնպիսի պլան Բ ունի, որ նորից կասեցնում է գործընթացը և դա, չգիտես ինչու, վերաբերում է Ժնևի հոկտեմբերի 16-ի ու Վիեննայի նոյեմբերի 9-ի իրադարձություններին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 2018-ին Ռուսաստանն ու Հայաստանը ունենալու են նոր նախագահ: Ռուսաստանը ընտրելու է, Հայաստանն ընտրությունը թողնելու է ԱԺ-ին, փոխարենը նոր վարչապետ է ունենալու: Իշխանության ձևավորման հարցերը միշտ էլ գլխավորն են, մնացած հարցերը ածանցյալ են: Ամենակարևորը, որ Լավրովի Բաքու ու Երևան այցերը չզուգահեռվեն շփման գծում իրավիճակի սրմանը` Ադրբեջանը հրադադարի նոր խախտումերով ՙչնշանավորի՚ ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մինչև նոյեմբերի 19-ը Բաքուն կհասցնի շրջանառության մեջ դնել ՙԼավրովի նոր պլանը՚, որ ինչպես միշտ` կլինի հինը` սուբստանցիոնալ բանակցություններ, ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի կատարում, շրջանների վերադարձ և, իհարկե, Իլհամ Ալիևը կհասցնի ինչ-որ առիթով հայտարարել, որ թույլ չի տա տարածաշրջանում հայկական երկրորդ պետության ստեղծում: Թեպետ երբ այդ պետությունը ստեղծվում էր, ինքը քաղաքականության մեջ չկար: Այսինքն` լիակատար անհամաձայնություն շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայմանը, ուրեմն ինչու՞ են նորից հանդիպելու Նալբանդյանն ու Մամեդյարովը: Գուցե Լավրովը դա՞ է ասելու:

Դիտվել է՝ 3176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ