«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Իսրայելում քրեական գործ է հարուցվել անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության դեմ

Իսրայելում քրեական գործ է հարուցվել անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության դեմ
16.11.2017 | 00:37

Իսրայելի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ընկերություններից մեկի` անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերության դեմ: Մի քանի ամիս առաջ այս ընկերությունը հայտնվել էր աղմկալի սկանդալի կիզակետում: Օգոստոսին իսրայելական Haaretz-ը հաղորդել էր, որ ընկերության աշխատակիցները Բաքու այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել էին հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով:

Իսրայելական Maariv-ը գրում էր, որ Aeronautics Defense Systems-ի աշխատակիցները հրաժարվել են կատարել ղեկավարության՝ երկու անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի վրա ուղղելու հրահանգը: «Ի վերջո, Aeronautics Defense Systems-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով ևս գտնվում էր Ադրբեջանում, ինքն է ստիպված եղել իրականացնել հարվածը, որը, սակայն, վրիպել է»,- օգոստոսին գրում էր Maariv-ը: Այդ հրապարակումներից երեք ամիս և Հայաստանի ԱԳ նախարարի` Իսրայել այցից մեկ շաբաթ անց, ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն է արել. «Հետաքննվում են Aeronautics Defense Systems ընկերության` խոշոր պատվիրատուներից մեկի հետ կնքված գործարքի հանգամանքները»: Թեև Իսրայելի ոստիկանությունը չի հստակեցնում «խոշոր պատվիրատուի» անունը, տեղական լրատվամիջոցների մեծ մասը վստահ է, որ խոսքը Ադրբեջանի մասին է: «Aeronautics Defense Systems-ի գործը գտնվում է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության վարչության վարույթում: Հետաքննության մասին առաջին տեղեկությունները սկսեցին շրջանառվել երկուշաբթի օրը: Դատարանի հատուկ վճռով նախաքննության նյութերի հրապարակայնացումը առժամանակ սահմանափակվել է»,- գրում է Times of Israel-ը:

Հետաքննությունը սկսվել է սեպտեմբերի 4-ին` հայկական դիրքերի վրա հարձակման առաջին տեղեկությունների ի հայտ գալուց մի քանի շաբաթ անց: Haaretz-ի տեղեկություններով` հետաքննության ընթացքում ոստիկանները կուսումնասիրեն նաև Իսրայելի պաշտպանության նախարարության գործողությունները: Թերթը նաև հիշեցնում է, որ Իսրայելի ռազմական գերատեսչությունը օգոստոսի վերջին հետ էր կանչել Aeronautics Defense Systems-ին տրամադրած արտահանման արտոնագիրը, որով ընկերությունը հնարավորություն էր ստանում միջազգային շուկայում վաճառքի հանել Orbiter 1K տեսակի անօդաչու սարքերը: Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները հերքում են հայկական դիրքերի դեմ իրականացված հարձակման մեղադրանքները` պնդելով, թե «ընկերությունն իր արտադրանքը երբեք կենդանի թիրախների վրա չի ցուցադրում»: Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները նշել են, թե պատրաստ են համակողմանի գործակցել նախաքննական մարմինների հետ` «անելով հնարավորը, որ հետաքննությունն արագ ավարտին մոտենա»։

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ