Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իլհամ Ալիև. Ադրբեջանը կարող է ինքնակամ դուրս գալ Եվրախորհրդից

Իլհամ Ալիև. Ադրբեջանը կարող է ինքնակամ դուրս գալ Եվրախորհրդից
16.11.2017 | 00:40

Ադրբեջանը կարող է ինքնակամ դուրս գալ Եվրոպայի խորհրդից` հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, որ տևական ժամանակ կոշտ քննադատության է ենթարկվում Եվրախորհրդում ՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Ադրբեջանի նախագահի կարծիքով, իր հոր կառավարման տարիների գլխավոր դիվանագիտական ձեռքբերումներից համարվող` Եվրոպայի խորհրդին անդամակցությունից հրաժարվելը երկրում կորուստ չի ընկալվի: «Ավելի քան 15 տարի մենք Եվրոպայի խորհրդի ակտիվ անդամ ենք, սակայն վերջին շրջանում կառույցի գլխավոր քարտուղարի գործունեության արդյունքում Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև արհեստական ճգնաժամ է ստեղծվել»,- հայտարարել է Ալիևը՝ պնդելով, որ ճգնաժամի նախաձեռնողը Բաքուն չէ:

«Մենք պարզապես համարժեք քայլեր ենք ձեռնարկում մեր նկատմամբ իրականացվող անարդար և կեղծավոր քաղաքականության դեմ»` ասել է Ադրբեջանի նախագահը: ԵԽ-ի բազմաթիվ կոչերից ու նախազգուշացումներից հետո էլ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովը չորրորդ տարին բանտում է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ավելի վաղ ապօրինի է համարել նրա ձերբակալությունն ու կալանքը և Ալիևի վարչակազմից պահանջել անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին: Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են իրականացնել ստրասբուրգյան դատարանի վճիռը, որ ավելի է սրել Բաքվի և Ստրասբուրգի լարված հարաբերությունները: «Եթե այդ ճգնաժամը խորանա, այդ դեպքում Ադրբեջանը ազատ կլինի իր ընտրության հարցում: Մենք ինքնակամ ենք անդամակցում կազմակերպություններին և ինքնակամ էլ կարող ենք լքել դրանք»,- ասել է Ալիևը, որ ավելի վաղ խոստովանել էր, թե 2001-ին Եվրոպայի խորհրդին անդամակցել են հայերի պատճառով, քանի որ Հայաստանն էլ էր ցանկություն հայտնել միանալ այդ կառույցին:

Ադրբեջանի նախագահը Եվրոպայի խորհրդի մասին խոսել է իր գլխավորած «Ենի Ազերբայջանի»՝ իշխող կուսակցության 25-ամյակի արարողությանը: Իլհամ Ալիևը ոչ միայն դրսի ընդդիմախոսներին է քննադատել, այլև երկրի ներսում գործող ընդդիմությանը՝ անվանելով հինգերորդ շարասյուն:
«Բոլոր ազատությունները՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը, խղճի ազատությունը Ադրբեջանում ամբողջովին ապահովված են: Սակայն փորձելով օգտվել հավաքների ազատությունից՝ իրեն ընդդիմություն անվանող մարդկանց մի խումբ կարծում է, որ իրենց հանդեպ արհեստական պատնեշներ են ստեղծվում»,- պնդել է տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող Ադրբեջանի նախագահը, ով հաճախ է արևմտյան պետությունների, իրավապաշտպան կազմակերպությունների քննադատության թիրախում հայտնվում ընդդիմախոսներին բռնաճնշումների ենթարկելու համար: Ալիևը, ինչպես վկայում է վերջերս հրապարակված հերթական զեկույցը, անցած տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել արևմտյան մի խումբ ազդեցիկ քաղաքական գործիչների վրա, որ աչք փակեն Ադրբեջանում տեղի ունեցող ճնշումների վրա և հարկ եղած դեպքում պաշտպանեն իր ռեժիմին: Ադրբեջանի սակավաթիվ ընդդիմությունը բոլորովին վերջերս փողոց էր դուրս եկել՝ երկրի իրավապահներից պահանջելով հետաքննել իշխող ընտանիքին վերաբերող հերթական այդ սկանդալը: Ալիևը այդ գործողությունների հետևում դրսի ուժերին է տեսնում: «Նրանց ապակառուցողական գործողությունները, ագրեսիվ պահվածքը միայն մեծացնում են ժողովրդի ատելությունը նրանց նկատմամբ: Ադրբեջանական ժողովուրդը շատ լավ գիտի, որ իրեն ընդդիմություն անվանող խումբը կառավարվում է արտասահմանից, իսկ Ադրբեջանի ժողովուրդը երբեք թույլ չի տա, որպեսզի արտասահմանից կառավարվող տարրերը՝ հինգերորդ շարասյունը, երկրում ինչ-որ դիրքեր զբաղեցնեն»,- ասել է Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ