Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ազգ-բանակը պետք չէ վերածել երկիր-զորանոցի

Ազգ-բանակը պետք չէ վերածել երկիր-զորանոցի
16.11.2017 | 11:37

Դասադուլ ու հացադուլ անող ուսանողների յոթերորդ օրը դարձավ վերջինը: Առավոտյան նրանք գնացին ԱԺ: Նրանց միացան հացադուլավորները: Մինչ Բաղրամյան պողոտայում նրանք բախվում էին ոստիկանության ու կարմիր բերետավորների հետ, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հետո կբողոքի, որ ոստիկանները խիստ տուժել են` հագուստները պատռվել են, իսկ իրենք համաչափ ուժ են կիրառել, թեպետ հազիվ թե ծեծը համաչափ ուժ է, ԱԺ-ն 86 կողմ, 6 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Այսինքն` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, որ պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել 3 տարի: Իսկ եթե ոչ, 18 տարին լրանալուց հետո 2 տարով կզորակոչվեն բանակ: Նախքան քվեարկությունը «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին՝ հնարավորություն տալով լրամշակել:

Նա ընդգծեց, որ օրինագծի դեմ բողոքի ցույցեր են անցկացվում, 4 ուսանողներ հացադուլի մեջ են, 120 գիտաշխատողներ ևս հանդես են եկել ընդդեմ նախագծի: Չօգնեց:
ՈՒ մինչ միայն ՀՀԿ-ական բազեների հետ հանդիպման պատրաստ` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը հրաժարվում էր ուսանողներին հանդիպել, լրագրողներից էլ նեղանում էր. «Կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ Ես պատգամավոր եմ և իմ գործունեությանը հստակ եմ տիրապետում։ Եթե դրա կարիքը լինի, որ իմ ասելով այդ մարդիկ կդադարեցնեն այդ պրոցեսները, կխոսեմ, բայց շատ մեր գործընկերներ արդեն փորձել են, բայց ապարդյուն», Էդուարդ Շարմազանովը որոշեց ինքը հանդիպել: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ դադարեցնում են դասադուլն ու հացադուլը և անցնում կլոր սեղանի ձևաչափով քննարկումների։


Շարմազանովը հայտարարեց, որ 3 կարևոր հարցի շուրջ են խոսել. «Տղաներն առաջարկում են կլոր սեղան, մենք պատրաստ ենք իրականացնել կլոր սեղան։ Կլոր սեղանի ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը՝ և մեր տղաների կողմից առաջարկված գիտնականները, և դասախոսները ներկա են լինելու։ Քննարկելու ենք կրթության հանձնաժողովում, կլինեն կլոր սեղան լսումներ, որի ընթացքում կքննարկենք թե տարկետման խնդիրը, թե ուսանողության խնդիրները, թե կրթության խնդիրը, բազում խնդիրներ։ Այդ ամենը լինելու է հրապարակային։ Մենք այսօր ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քաղաքացու և ուսանողի ձայնը, մնացածն ինչ ընթացքով կգնա՝ ամսի 22-ին կերևա»։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պարտվեցի՞ն ուսանողները: Այո: Որովհետև իրենց ուժից վեր գործ էին նախաձեռնել` երիտասարդական մաքսիմալիզմով: Այդ տարիքում ծովը ծնկից է և չգիտես ինչու հավատում ես, որ պետությունը քոնն է, երկիրը քոնն է, քեզ նման բոլորը պիտի շահագրգիռ լինեն զարգացումով ու առաջընթացով: Բոլորը հավատում են, որ դա հնարավոր է: Նրանք դուրս էին եկել համակարգի դեմ, որտեղ մարդը ոչինչ է: Համակարգ, որ իր մամլիչ մեխանիզմով համահարթում ու գորշ է դարձնում բոլոր գույները` այդպես անվտանգ է: Գիտություն, արվեստ, մշակույթ` ավելորդ շքեղություններ են ՙքոսոտ երկրի՚ համար, որտեղ ամբողջ ակադեմիական համակարգը բութ անտարբերություն դրսևորեց ուսանողների բողոքի նկատմամբ, իսկ ամբողջ պրոֆեսորադասախոսական կազմից միայն 120-ը ուժ գտան ճշմարտությունն ասելուց չվախենալու: Դասադուլ անող ուսանողները ընդամենը ուզում էին քննարկել ու հարցին համալիր լուծում տալ` դրա համար նրանց 7 օրվա դասադուլից ու հացադուլից հետո պետք էր ծեծել և նոր միայն համաձայնել, որ կարելի է կլոր սեղան անցկացնել` երբ վիճահարույց օրինագիծն ամբողջությամբ ընդունվել էր:
Մի խումբ ուսանողներ և մամլիչ մի համակարգ: Ի՞նչ արդյունք պետք է լիներ: Որևէ մեկը մտածու՞մ է, որ ազգ-բանակը պետք չէ վերածել երկիր-զորանոցի, մարդիկ պետք է ունենան ազատ ընտրություն, որ նույն բանակին ավելի շատ պետք են գիտնական ու արվեստագետ, տնտեսագետ, որ առանց տնտեսության բանակը չի ձգի, ինչպես հիմա առանց զինվորի չի ձգում:


ՈՒսանողները քննարկում էին ուզում ու ապագայի` իրականությանը համարժեք իրավիճակ, իսկ ստացան չինովնիկների անգիր արած խոսքեր ու խոստումներ: Ընդունեք, որ դա ոչ թե մի բուռ խելառ ուսանողների պարտությունն է, այլ` մեր բոլորի, որ հրաժարվել ենք երազներից ու իդեալներից:

Դիտվել է՝ 4021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ