Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պոլիշինելի գաղտնիքները

Պոլիշինելի գաղտնիքները
17.11.2017 | 09:50

Երբ արծիվները լռում են, շատախոսում են թութակները: ՈՒինսթոն Չերչիլն է ասել, իսկ նա գիտեր և լռելու, և խոսելու պահը: Հայաստանը Մեծ Բրիտանիան չէ: Այստեղ լռում կամ խոսում են ավելի հաճախ անպատեհ, քան տեղին: Այստեղ ավելի հարգի է Պոլիշինելի գաղտնիքը, երբ բոլորը լռում են, որովհետև ամեն ինչ գիտեն, ու խոսում է նա, ով ոչինչ չգիտի: Թեպետ կյանքի մեծագույն անակնկալներից է, որ հիմարն էլ է ճիշտ լինում: Ընդունված է կարծել, որ խելացի մարդը բոլոր սխալներն անձամբ չի գործում, ուրիշներին էլ է շանս տալիս: Եվ լավագույն արդյունքին հասնում են ոչ թե հոսանքի ուղղությամբ, այլ հակառակ գնալիս: Իսկ ընդհանրապես` մենք ապրում ենք մեծ իրադարձությունների ու փոքր մարդկանց դարաշրջանում: ՈՒ դա էլ Չերչիլն է ասել: ՈՒինսթոն: Իսկ նա եղել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը, ֆինանսների նախարարը, հետո էլ` վարչապետը: Տանուլ է տվել ընտրությունները, երբ Մեծ Բրիտանիան Երկրորդ աշխարհամարտում հաղթել է: Իսկապես` ցանկացած ճգնաժամ նոր հնարավորություններ է բերում: Եթե ոչ քեզ, ինչ-որ մեկին:


Պոլիշինելի մի քանի գաղտնիքներ անցած շաբաթ կորցրին կարգավիճակը:
Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը և նրա գլխավորած Հայաստանի ներդրողների ակումբը հայտարարեցին մեկ միլիարդ դոլար ներդրումի մասին: Ի՞նչ եք կարծում` ո՞ր ոլորտում: Մեծ արդյունաբերության վերականգնման ու նոր աշխատատեղերի ստեղծմա՞ն: «Նաիրիտի» վերագործարկմա՞ն: «Հյուսիս-Հարավի» շինարարությա՞ն: Հայկական ավիաուղիներ ստեղծելու՞: Նոր ատոմակայանի՞: Ո՞չ: «Տաշիրը» Հայաստանի ներդրողների ակումբի հետ պատրաստվում է 1,1 միլիարդ դոլար ներդնել էներգետիկայում: 200 միլիոն դոլար` Շնողհէկի կառուցման, 900 միլիոն` բաշխիչ ցանցերի արդիականացման համար: ՈՒ՞մ էին պատկանում բաշխիչ ցանցերը: Սամվել Կարապետյանին: Նպատակային ներդրում է: Թիրախային: Թույլատրելիի սահմաններում: 2500 նոր աշխատատեղով: 1,1 միլիարդ դոլար և 2500 աշխատատեղ: Թնդանոթից ճնճղուկ են խփում ու հպարտ են, մնում է երախտապարտ լինել: Երբ սեփականատերը կարգի է բերում իր տնտեսությունը, որ պարտավոր է անել, եթե ուզում է շահույթ ստանալ, ինչու՞ է տարփողվում իբրև մերօրյա Ալեք Մանուկյան: Ի՞նչ կապ ունի ներդրողների ակումբը, որ կոչված է տնտեսությունը զարգացնել: Փաստորեն` Հայաստանի տնտեսությունում վաղուց կատարվել-ավարտվել է տեխնոլոգիական հեղափոխություն, մնում էր մի թեթև կարգի բերել ՀԷՑ-ը: Օգտակար գործողության գործակիցը Հայաստանի իրական մարտահրավերների մասով կհաշվվի, երբ ներդրումն արվի:


Անթաքույց էր քաղաքական աստառը: Նոյեմբերի 13-ին Սերժ Սարգսյանը ստանձնեց Կարեն Կարապետյանի հայտարարած տնտեսաքաղաքական աջակցության ակումբի տնօրինությունը: Չկար, վարչապետը չկար ոչ 1 միլիարդի ազդարարմանը, ոչ Սամվել Կարապետյանի երևանյան «Ռիոյի» բացմանը: Ներկա էր Սերժ Սարգսյանը: Արարողակարգի խախտում չէ նախագահի ու վարչապետի համատեղ ներկայությունը ինչ-որ տեղ: Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանից ստացավ` ինչ նա կարող էր տալ, մնացածը Սերժ Սարգսյանի իրավասությունն է: Կարեն Կարապետյանին գեղեցիկ դուրս մղեցին խաղից: Գրեթե ինքնին: Սերժ Սարգսյանի` նոյեմբերի 15-ին Մոսկվա այցից առաջ: Երկրորդ գործողությունը նոյեմբերի 14-ին խաղարկեց ԲՀԿ-ն խորհրդարանում: Նիստի սկզբում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները բարձրացրին տոնավաճառների առևտրականների հարկային ստուգումների, իրականում «Առինջ մոլի», հարցը: ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ տոնավաճառների մի քանի հազար աշխատակիցներ նամակ են հանձնել ԱԺ 4 խմբակցություններին՝ բարձրացնելով հարկային մարմինների գործելաոճի հարցը: Պարզվեց` կյանքը, օրենքները և պրակտիկան տարբեր են (ի՞նչ դարակազմիկ գյուտ):

Պարզվեց` տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, հաճախորդներին ասում են՝ բացեք տոպրակները, մինչդեռ առևտրականները սոցիալական գործունեությամբ են զբաղված: Պոլիշինելի երկրորդ գաղտնիքը` Գագիկ Ծառուկյանը վերհիշել է վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ պայքարի լավագույն ժամանակները, երբ քառյակի ջանքերով իշխանության եկավ Հովիկ Աբրահամյանը, և դիմում է նույն մեթոդին: Մինչև ապրիլ շատ ժամանակ չի մնում` 4 ամիս: Կարեն Կարապետյանի գլխավոր զենքը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանն է, նրանից էլ սկսվել է: Առավել ևս` սեփական տոնավաճառի ժողովրդին հեշտ է բողոքի դուրս բերել: «Եթե այնտեղից պետք է հավաքեն մի քանի տասնյակ միլիոն դրամ ավելի հարկեր, դա չպետք է հակադրել սոցիալական խնդիրներին: Մենք տեղերը ցույց ենք տալիս. առաջին մեծ տեղը, ուր պետք է գնա հարկային ծառայությունը նայի, գազամատակարարման ու գազաբաշխման համակարգն է: Այդ ոլորտում 7-8 տոկոս կորուստները չեն իջնում, «Գազպրոմը» ներդրումներ չի կատարում կորուստներն իջեցնելու համար: Դա տարեկան 150 մլն խմ գազ է կամ 55 մլն դոլար: Մենք առաջարկում ենք, որ անհապաղ ստեղծենք գազամատակարարման և գազաբաշխման քննիչ հանձնաժողով, մեր պատգամավորների ստորագրությունները բավարարում են, հետո կանցնենք առաջ և կտեսնենք, թե որտեղից պետք է հարկերը հավաքենք»,- ասաց զիլ ընդդիմադիր դարձած Միքայել Մելքումյանը: Նաիրա Զոհրաբյանն էլ «հարկային տեռորը» կանխելու ճանապարհը ցույց տվեց. «Կառավարությունը, որը տապալել է իր ողջ գործունեությունը, պետք է ճիշտ տեղն իմանա, թե որտեղ պետք է գնա: Գազի վրա իրենց դղյակները սարքածները, որ նստած են Մոնումենտում, ճիշտ կանեն նման հարկային տեռոր սահմանելուց առաջ մտածեն դրա լուրջ հետևանքների մասին: Մոնումենտի դղյակներ գնացեք, այնտեղ փնտրեք օրինախախտումներ, կոռուպցիա, չարաշահումներ»: Խոսուն պատկեր էր` ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների, երբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատում էր ԲՀԿ-ականների խոսափողները, իսկ նրանք շարունակում էին խոսել: Թեմատիկ ընդդիմադիր ԲՀԿ-ն տեսակետ չուներ ուսանողների դասադուլի, հացադուլի, կարմիր բերետավորների հետ հանդիպման վերաբերյալ:

Իսկ պատկերացրեք, որ կանցնի 4 ամիս և խիստ ընտրովի հարցերում իր վրա ընդդիմադիրի քղամիդ նետող ԲՀԿ-ն մայիսին կլինի ազգային համաձայնության կառավարության անդամ` կոալիցիոն հուշագիր ստորագրելով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ և կունենա նախարարներ ու փոխվարչապետ: Ճիշտ է` կբերի ոչ թե Միքայել Մելքումյանի, այլ Իշխան Զաքարյանի բախտը, բայց կուսակցությունից կուսակցություն իր անցումներում ամենից շատ հենց ԲՀԿ-ում է Միքայել Մելքումյանի բախտը բերել` բողոքելու տեղ չունի: Նախ պետք է ազնիվ լինել, հետո` ազնվազարմ: Եվ հետո` հիմար է այն մարդը, որ երբեք տեսակետը չի փոխում:
Վարչապետին երրորդ հարվածը տվեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: «Վիգեն Սարգսյանը Հայաստանի առանցքային քաղաքական գործիչներից է և պատահական չէ, որ նա գլխավորում էր խորհրդարանի ընտրության ՀՀԿ ցուցակը»,- ԱԺ-ում ասաց Վահրամ Բաղդասարյանը` «Զինծառայության մասին» օրինագծի քննարկման ընթացքում. «Եվ նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն, որի պատկերը դուք տեսնում եք այս դահլիճում»: Վահրամ Բաղդասարյանը փաստական սխալ չի անում` ՀՀԿ-ի ընտրացուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը, իսկ նախընտրական արշավը փաստացի Կարեն Կարապետյանի ուսերին էր: Հազիվ թե Վահրամ Բաղդասարյանը այդքան մոռացկոտ է, նա արձանագրում է, որ ՀՀԿ-ն Վիգեն Սարգսյանին է համարում առանցքային գործիչ, իսկ Կարեն Կարապետյանը լավագույն դեպքում ուղեկից էր: Եվ դա Պոլիշինելի երրորդ գաղտնիքն էր: Շատ տեղին էր Վահրամ Բաղդասարյանը հիշում Վիգեն Սարգսյանի առանցքային դեմք լինելը: Դասադուլների, հացադուլների, ԱԺ հանձնաժողովի գիշերային նիստերի ու վերջին օրերի մյուս իրադարձությունների համապատկերում տպավորություն էր ստեղծվում, որ ՀՀԿ-ն մոռացել է Վիգեն Սարգսյանի ՀՀԿ անդամ լինելը: Ժամանակին ասվեց. «Այսօրվա պաշտպանության նախարարը՝ Վիգեն Սարգսյանը, մեր երկրի ամենաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է»: Հարցեր կա՞ն:


Պոլիշինելի չորրորդ գաղտնիքը` ո՞վ է լինելու ՀՀ նախագահը 2018-ին: Գագիկ Հարությունյան, Արկադի Ղուկասյան, Արթուր Բաղդասարյան, Էդվարդ Նալբանդյան: ԱԳ նախարարին մինչև Ֆրանկոֆոնիայի համաժողովը հանգիստ թողեք, վատագույն դեպքում նա կվերադառնա Փարիզ` դեսպան, եթե Ալիևը որոշի Էլմար Մամեդյարովին հանգստի ուղարկել: Կամ` Պուտինը Լավրովից հրաժարվի` նախագահական նոր ժամկետում, որ անհնար է: Արթուր Բաղդասարյանի աստղը կշողա, եթե ազգային համաձայնության կառավարությունում կուսակցական գույների պակաս զգան, որ քիչ հավանական է` պորտֆելներ կորցնելուն զուգահեռ: Մնացին երկուսը: Ավելի ճիշտ` 2+X: Հայաստանում միշտ կան մարդիկ, որ գիտեն X պահին X տեղում լինելու գաղտնիքը:


Պոլիշինելի հինգերորդ գաղտնիքը` ինչու՞ է Լավրովը գալիս Հայաստան: «Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսվում է իմ այցը Երևան և Բաքու: Առաջին հերթին այցերը պայմանավորված են ՌԴ-Հայաստան և ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով»,- ինքն է ասել: Նո՞ր հիշեց 25-ամյակը: Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում էր` սրտների ուզածի չափ արժևորեին քառորդ դարը: Փաստորեն չի ստացվել` ԵԱՀԿ համանախագահները «խանգարել են»: Լավրովը նաև ասել է. «Խոսելու ենք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների մասին, այդ թվում` կփորձենք հասկանալ, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի որ փուլում ենք»: Դիվանագետին լեզուն տրված է մտքերը թաքցնելու համար: Հազիվ թե Լավրովը հասկանալու խնդիր ունի, ավելի շուտ` հասկացնելու: 13-ին Սոչիում հանդիպեցին Էրդողանն ու Պուտինը: Հանդիպումից առաջ Էրդողանը խոստանում էր նոր առաջարկներ Ղարաբաղի հարցով: Պաշտոնական տեղեկատվության մեջ Ղարաբաղը չկար, թուրքական կայքերը գրում են, որ Ղարաբաղի հարցը քննարկվել է և որոշվել է գործընթացն արագացնել: 15-ին Մամեդյարովը նույնը պահանջեց: 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում հանդիպեցին Էդվարդ Նալբանդյանի հետ: 15-ին Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա: Ռուսական գործոնը` նոյեմբերի 9-ի Վիեննայի դե՞մ: Լավրովի «նոր պլանը» Ղարաբաղի՞ն է վերաբերում, թե՞ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը` Բրյուսելից 1 շաբաթ առաջ: Ղարաբաղի դեպքում հազիվ թե Լավրովին անհայտ հարցեր կան, նա գիտի ամեն ինչ ու նույնն է ասելու: Խնդիրը Բրյուսելն է` ՌԴ ԱԳ նախարարը պարիտետի կողմնակից է բոլոր հարցերում` Ռուսաստանի գերակայությամբ, այս դեպքում Հայաստանն Ադրբեջանից համաձայնագրի մակարդակով առաջ է անցնում ԵՄ-ի հետ հարաբերություններում: Հավելեք Բելառուս-ԵՄ խաղերը: Վերջին շաբաթը ամենավտանգավորն է` ի՞նչ է ասելու Լավրովը: Սա Պոլիշինելի վեցերորդ գաղտնիքն է, որ բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի ասի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատները հրապարակել են օրինագիծ, որով հարուստ ամերիկացիների հարկային բեռը թեթևացվում է: 400 միլիոնատերեր ու միլիարդատերեր նամակ են գրել Կոնգրես՝ խնդրելով չիջեցնել գերբարձր եկամուտ ունեցողների հարկերը: Նրանք համարում են, որ հարկերի իջեցումը մեծ սխալ կլինի անհավասարության մակարդակի պայմաններում: Պրոգրեսիվ հարկերը որոշ չափով մեղմում են անհավասարությունը և հոգեբանական հավասարակշռություն են ստեղծում հասարակության մեջ: Պոլիշինելի յոթերորդ գաղտնիքը` Հայաստանի օլիգարխները, որ միշտ հայտնվում են օֆշորային ու այլ սկանդալներում, ե՞րբ կդիմեն ԱԺ` խնդրելով ավելացնել իրենց հարկերը` հարուստների ու աղքատների անհավասարությունը մեղմելու համար: Թե՞ իրենք կդիմեն, իրենք կմերժեն. Հայաստանը ոչ միայն Մեծ Բրիտանիա չէ, այլև ԱՄՆ: Կապ ունի՞ այդ անհավանական սխրանքը 2040-ին 4-միլիոնանոց Հայաստան ունենալու հետ:

Դիտվել է՝ 3463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ