Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մեկ միլիարդ դոլարի ներդրումը լիրիզմ է, եթե այն առարկայական չէ»

«Մեկ միլիարդ դոլարի ներդրումը լիրիզմ է, եթե  այն առարկայական չէ»
17.11.2017 | 09:55

Այս շաբաթ կառավարությունը վերջապես հայտարարեց, թե որքան ներդրում է լինելու տնտեսությունում, և ով է այդ «խիզախ» ներդրողը: «Տաշիր» ընկերությունը Հայաստանի ներդրողների ակումբի և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ մտադիր է ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում անելու Հայաստանի էներգետիկ ոլորտում: Այսինքն, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանն է ներդրում անում սեփական բիզնեսում, և դա ձևակերպվում է որպես խոշոր ներդրում տնտեսությունում: Այսուհանդերձ, կառավարությունը կատարե՞ց իր խոստումը՝ 850 մլն դոլարի փոխարեն 1 միլիարդի ներդրում է անում: Ընդդիմությունը մշտապես կասկածի տակ էր դնում կառավարության այս խոստումը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` հիմա գո՞հ եք ներդրումների չափից:

-Իհարկե, չենք կարող գոհ լինել,- ասաց պատգամավորը:- Գիտե՞ք, այնպես չէ, որ հայտարարվեց 1 միլիարդ կամ 1 միլիարդ 24 միլիոն դոլար ու վերջ: Դա տրիվիալ, ծիծաղելի լիրիզմ է: Ներդրումը ոչինչ չի նշանակում, եթե որոշակի ուրվագծեր չի ստանում, այսինքն, ստեղծել նոր աշխատատեղեր, արդիական գործունեության ձևեր, մարդկանց գործունեության մակարդակը բարձրացնել, եկամուտները մեծացնել: Ներդրումն ընդամենը տնտեսագիտական բառ է, որին պետք է հետևեն դրական քայլերը: Ներդրումը կարող է լինել փոքր, բայց առարկայական և չափելի, իմա` նոր աշխատատեղեր կամ նոր արտադրանքի ստեղծում և այլն: Մակերեսային մոտեցում է, երբ հայտարարում են, թե այսքան կամ այնքան ներդրում կբերեն: Օրինակ, իմ սենյակի համար պետության գումարներով սեղան, աթոռ գնեցի, ասեմ, որ դա ներդրու՞մ է: Ոչ, դա ներդրում չէ, դրանք ավելորդ ծախսեր են: Չեմ կարող ասել, որ այս 1 միլիարդի ներդրումը երկրի համար կլինի «փոշի ծախս», բայց ցանկանում եմ տեսնել դրա որակական կողմը, տված արդյունքը և այդ ամենի կատարման իրական ժամանակացույցը:
-Փաստորեն, «Տաշիր» ընկերությունը, շահույթ հետապնդելու նպատակով, սեփական բիզնեսում ներդրում է անում, պետությունը կարո՞ղ է իրեն վերագրել դա և հայտարարել, թե այդքան ներդրում է ապահովել երկրում:
-Ոչ, պետությունը կարող է վերցնել իր վրա գործընթացները կարգավորելու խնդիրը: Դասական տեսությունները հուշում են, որ պետությունները կոչված են բացառելու կամ մեղմելու քաոսը, մասնավորապես ազատական շուկայական հարաբերությունների պայմաններում պետությունը մեծ ծախսատար քայլեր իրականացնելու խնդիր չունի, հատկապես այն ժամանակ, երբ տնտեսավարող սուբյեկտներն ի վիճակի չեն ծավալելու տվյալ գործունեությունը: Մյուս բոլոր դեպքերում պետությունը մասնավորին է հանձնում բիզնեսը, քանի որ մասնավորը մրցակցության պայմաններում ավելի լավ և արդյունավետ է ծրագրերն իրականացնում, քան պետությունը: Բայց պետությունը իր կարգավորիչ դերը շատ լավ պետք է իրականացնի, որպեսզի սուբյեկտիվ տարրը բացառվի:
-Ի վերջո, կառավարության խոստումը կարելի՞ է կատարված համարել:
-Այս պահի դրությամբ կարելի է ասել` այո: Ցանկալի կլիներ, որ այդ 1 միլիարդի հետևում եղածն էլ ասեին:
-Հայտարարվել է, որ 2,5 հազար աշխատատեղ են ստեղծում:
-2,5 հազար աշխատատեղը բավարար չէ, բայց դրանից ավելիի համար էլ մեծ ներդրում է հարկավոր: Եթե պատկերացնենք, որ 1 միլիարդ դոլարի ներդրումն ապահովում է 2,5 հազար աշխատատեղ, ուրեմն կոպիտ հաշվարկով 2 մլրդ է պետք՝ 5000 աշխատատեղի համար, 10000 աշխատատեղի համար` 4 մլրդ: Այսինքն, լուրջ զբաղվածություն ապահովելու համար մեծ ներդրումներ են հարկավոր: Բայց ներդրումներն էլ հենց այնպես չեն կարող շատ լինել, դրանք հոսում են այնտեղ, որտեղ կան չափազանց բարենպաստ պայմաններ, ռիսկայնությունը գրեթե զրոյական է: Տնտեսավարող սուբյեկտի հիմնական նպատակը շահույթն է, եթե որևէ տնտեսավարող սուբյեկտ ասի, թե ես այնքան մաքուր հոգի ու սիրտ ունեմ, որ չեմ ուզում շահույթ հետապնդել, չհավատաք: Պետությունն էլ այնպես պետք է կարգավորի այդ դաշտը, որ չլինի շահերի բախում:
-Մեկ միլիարդ դոլար ներդրողը Սամվել Կարապետյանն է, այսինքն` այն գործարարը, որը վայելում է Հայաստանի իշխանությունների հովանավորությունը, ունի երաշխիք, որ շահույթ ստանալու բարենպաստ պայմաններն ապահովված են: Եթե այլ գործարար փորձի նման գումարներ ներդնել մեր երկրում, նույն պայմանները կստեղծվե՞ն ներդրումային դաշտում:
-Սամվել Կարապետյանի պարագայում բացարձակապես վատ բան չկա, որ նա վայելում է իշխանությունների հովանավորությունը, խոշոր հաշվով, նա կարողացել է բանակցությունների մեջ մտնել իշխանության հետ և ստանալ իր բիզնեսի համար երաշխիքներ: Ոչ միայն մեզ մոտ է այսպես, այլև բոլոր երկրներում, ցանկացած ներդրողի տվյալ երկրի իշխանությունը տալիս է երաշխիքներ:
-Այս շաբաթ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը «գրոհ» կազմակերպեց կառավարության դեմ, պատճառն «Առինջ մոլի» առևտրականների բողոքն էր: Այս առևտրի կենտրոնը ձեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանինն է: Եթե նույն խնդրի առաջ կանգնեին մյուս մոլերի ու առևտրային կենտրոնների աշխատակիցները, նույն ոգևորությամբ կպաշտպանեի՞ք նրանց:
-Սխալ է դրված հարցը, ընդհանրապես սոցիալական հասարակ խնդիր է լուծվում: «Առինջ մոլն» էականորեն տարբերվում է, քանի որ այնտեղ գտնվողներն առևտրական գործունեություն են իրականացնում խիստ հիգիենիկ, սանիտարական վիճակում և որևէ մուծում չեն կատարում: Այսինքն, այս բողոքի ձայնը վերաբերում էր հասարակության այն շերտին, որը, կենցաղային բնույթի խնդիրները լուծելու համար, առավոտից իրիկուն չարչարվում է՝ ենթարկվելով կտտանքների:
-Քաղաքական տեռո՞ր կա այս ամենում:
-Ստացվում է այդպես: Եթե թանկարժեք մեքենաներով, արտակարգ հագուկապով, չափից ավելի գեր տղաներ, որոնք կարող են քարհանքերում քար տեղափոխել, հասարակ կնոջ պայուսակն են բացում-քրքրում, դրան ի՞նչ անուն կտաք: Սա ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական տեռոր է: Գնացեք աշխատեք, հարյուր հազար դոլար արժողությամբ մեքենաներով եկել եք հազարդրամանոց պայուսակ եք ստուգում: Այս սա է պետության խոցելի տեղը: Սա նաև անբարոյական տեռոր է:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ