Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞վ է խեղճուկրակ Մարկովը, որ Ալիևն ուզածի պես ու ուզածի չափ չհաչացնի իր հարևանի վրա

Ո՞վ է խեղճուկրակ Մարկովը, որ Ալիևն ուզածի պես ու ուզածի չափ չհաչացնի իր հարևանի վրա
17.11.2017 | 10:03

Ես նրան գործիք չեմ անվանի, քանզի գործիքով այս կամ այն օգտակար կամ անօգտակար գործողություններն են կատարում: Ես նրան կանվանեմ Ադրբեջանի շահերին ծառայող ռետինե միջոց` պահպանակ, որն օգտագործման ժամանակ երբևէ պտուղ չի տալիս:
Ռուսաստանցի հասարակական գործիչ, ոչ բարով քաղաքագետ Սերգեյ Մարկովը, իմ կարծիքով, ռուսական հեռուստալսարանի առաջ, այնուամենայնիվ, ծանրակշիռ դեր չունի, որովհետև ով երբևէ լսել է նրա ելույթները Վլադիմիր Սոլովյովի իրոք հաճելի և ուսանելի հաղորդումների ժամանակ, անկասկած, զգացել է նրա խոսքի, մտքի պարզունակությունը, ինչը, ցավոք, չես ասի մտավորականի իր բարձրությունից գլորված Ալեքսանդր Պրոխանովի մասին:


Մինչև բուն ասելիքս կցանկանայի փաստել` հարգելի պրոխանովներ, իմ կողմից միշտ գնահատված ռուս ազգի մտավորականներ, ու՞ր էիք անցած երեսուն տարիներին, երբ պատահած անարգ շուն ոտքերի տակ գցած տրորում և հայհոյում էր այն ամենը, ինչ սովետական էր:
Սովետականը որքան էլ բացասական լիներ Ռուսաստանի համար, այնուամենայնիվ, իրավունք չունեիք մոռանալու. նրա շնորհիվ է, որ մինչ օրս ՌԴ-ն դեռ մնում է համաշխարհային քաղաքական խաղացող: ՈՒ՞ր էիք դուք, ռուս մտավորականներ, երբ ամեն կարգի սվանիձեներ և ռաձինսկիներ աջ ու ձախ տրորում էին և շարունակում են տրորել մեր ոչ հեռավոր (որքան էլ ողբերգական, բայց և շատ հարցերում փառավոր) անցյալը:
Օրերս կարդացի ռուս «մտավորական» (չակերտավոր մտավորական, որովհետև նա իսկապես գորշ միջակություն է) Մարկովի ադրբեջանամետ դիրքորոշման մասին, չզարմացա: Ինչու՞… Եթե Իլհամի պես մի բռնակալ կարողանում է Մոսկվայում իր Խթը-ական հոր արձանը դնել, Եվրախորհրդարանում ինչ-ինչ պեդրոների գնել, ո՞վ է խեղճուկրակ Մարկովը, որ Ալիևն ուզածի պես ու ուզածի չափ չհաչացնի իր հարևանի վրա: Բայց երբ լուրջ մտավորական Պրոխանովն է նույն ճանապարհով ընթանում, իրոք, ցավում եմ ռուս մտավորականի համար: Բայց և իսկույն մխիթարվում եմ. պատմության մեջ քիչ չեն այն հանճարները, որ թեպետ ճանաչվում են հոգեպես մեղսունակ (որպես բանական էակ պատասխանատու են իրենց արարքների համար), բայց գլորվում են հիմարության գիրկը: Հանճարեղ Կնուտ Համսունը վառ օրինակ, լոկ այն տարբերությամբ, որ նա հոգեպես հավատում էր ֆաշիզմին, ինչը չեմ կարող ասել Պրոխանովի պարագայում:


Չնայած ի՞նչ իմանաս… կանաչ գույնը թերևս նրան էլ է կուրացրել: Գուցե նա ցավում է անցյալի կորստի` ԽՍՀՄ փլուզման համար, և դրանում մեղադրում է մեզ՝ հայերիս: Մեղադրում է ղարաբաղյան շարժման համար: Իսկ ես կհարցադրեմ` դուք՝ ռուս մտավորականներդ, ու՞ր էիք… Ինչու՞ էիք հսկա երկրի բախտը հանձնել մի դավաճանի… ՈՒ երբ ելքը չգտաք, գնացիք մի հարբեցողի հետևից:
Եվ հիմա էլ, նախկին իներցիայով, չզատելով թացը չորից, բարեկամին` թշնամուց, «ահռելի» ոհմակով միավորվել եք աշխատանքային մի խմբում և ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելու հայց եք պատրաստում:
Պարոն Մարկով, խորհուրդ չեմ տալիս, քանզի տգետին հասու չէ ճշմարիտ խոսքը: Նաև քեզ ու քեզ նմաններին կասեմ՝ թուղթ ու գրիչ վերցնելուց առաջ խորացեք խնդրի բուն էության մեջ: Այլապես ամոթ է թուղթ մրոտելը:


Պարոն Մարկով, Նժդեհի և ոչ մի գրվածքում չկա որևէ բացասական բառ, էլ չեմ ասում որևէ տող, ռուս ժողովրդի մասին: Ինչու՞, որովհետև բազմակողմանի զարգացած մարդը, փիլիսոփան, ռազմական գործիչը չէր կարող ռասիստ լինել: Իսկ ինչ վերաբերում է նրա նացիոնալիզմին, ասեմ, որ նա այդպիսին էլ չէր: Բայց վերջապես հիշենք աշխարհի հանճարեղ մտածողներից մեկին՝ Կարլ Մարքսին, որը ոչ թե քննադատել, այլև դրվատել է փոքր ազգի նացիոնալիզմը, որովհետև առանց նման նացիոնալիզմի փոքր ազգերը դատապարտված են ոչնչացման: Այդ նացիոնալիստ հայը, երբևէ որևէ տեղ, որևէ գործողությամբ չի մասնակցել կամ նպաստել ԽՍՀՄ-ի կործանմանը: Նա չի երազել ԽՍՀՄ-ի կործանման մասին:
Եթե որևէ փաստ լիներ նրա հակախորհրդային գործունեության մասին, չկասկածեք, Գարեգին Նժդեհին անմիջապես կգնդակահարեին: Այն էլ ասեմ, որ նա Բուլղարիայում կամավոր հանձնվել է խորհրդային բանակին, քանզի միշտ երազել է որպես հայ զինվոր խորհրդային բանակի հետ մտնել Թուրքիա: Այդ Նժդեհի շնորհիվ է, որ այսօր հայերս Զանգեզուրի համար չենք կռվում: Նրա շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայաստանի կազմում: Լինելով ցեղապաշտ, նա լավ էր հասկացել և հասկանում թուրքի էությունը, ինչին հասու չէին բոլշևիկները: Զանգեզուրի փրկումով նա փակել է պանթուրքիզմի ճանապարհը:


Ռուսներին հարմար չեն շատ իրողություններ, որովհետև արջը միշտ էլ հույսն իր հզորության վրա է դնում: Ռուսաստանը, սակայն, երբևէ ավելի հզոր չի լինի, քան եղել է ԽՍՀՄ-ը: Եվ ի՞նչ պատահեց այդ հզոր կայսրության հետ… Աստված մի արասցե` օրերից մի օր Ռուսաստանի հետ կատարվի նույնը…
Փաստեմ մեկ անգամ ևս` Նժդեհը չի համագործակցել ֆաշիստների հետ` ընդդեմ ԽՍՀՄ-ի: Լինելով ցեղասպանություն ապրած ժողովրդի զավակ և տեսնելով՝ ինչպես են հայերիս հաշվին թուրքերը խաբում բոլշևիկներին, նա մտածել է՝ Աստված չանի, բանը հասնի այնտեղ, որ գերմանացիները թույլ տան թուրքական զորք մտնի Հայաստան:
Մարկով, հանուն Ռուսաստանի շահի, Ալեքսանդր Նևսկին քանի՞ անգամ է գնացել մոնղոլի խանի մոտ` բանակցությունների: Եվ նա ճիշտ է արել, որովհետև պետական մտածողության տեր անհատը այլ կերպ չէր կարող վարվել: Նժդեհը նման մտածելակերպով խոշոր, շատ խոշոր անհատ է հայ իրականության մեջ: Նա պարտավոր չէր ԽՍՀՄ-ի շահը վեր դասել իր ժողովրդի շահից:


Կոնկրետ նշեմ մեկ օրինակ, որը ցույց կտա, թե ով է եղել Նժդեհը: Այդ մասին ինձ պատմել է աշխարհագրության ուսուցիչս` Դրաստամատ (պատկերացնում եմ այդ անունն ինչ նոպա ու ինչպիսի ոռնոց կառաջացնի Մարկովի և նրա նմանների ոհմակում) Եղիազարյանը, որը Վաղարշակ Առաքելյանի հետ մասնակցել է մի փոքր ճաշկերույթի: Ասեմ` իմանաք. Վաղարշակ Առաքելյանը ծառայել է խորհրդային բանակում, եղել է «Արաքս-Վեներա» հետախուզական խմբի ղեկավարներից մեկը: Հիշյալ ճաշկերույթի ժամանակ Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանի տնօրեն Առաքելյանը Դրաստամատ Եղիազարյանին պատմել է 1944 թվականին Բեռլինում իր և Նժդեհի հանդիպման մասին:
-Առաջադրանք ստացա կենտրոնից,- ասել է Առաքելյանը,- պարզել, թե ինչ նպատակով է Նժդեհը եկել Բեռլին: Ճշտեցի բեռլինյան այն տան հասցեն, որտեղ իջևանել էր մեծ զորավարը: Երբ եղա այդ հասցեում, տանտիրուհին ասաց, որ նա տանը չէ և ուշ է վերադառնալու: Խնդրեցի փոխանցել նրան, որ իր երկրացին (Առաքելյանը ծնունդով գորիսեցի էր) առևտրական գործերով գտնվում է Բեռլինում ու շատ է ցանկանում նրա հետ հանդիպել: Նաև ֆիքսեցի ժամը, թե երբ եմ գալու նրան տեսության:


Պայմանավորված ժամին գնացի հանդիպման: Գրկախառնվեցինք: Այդ գրկախառնությունը դժվար է նկարագրել բառերով: Ես թեպետ խորհրդային հետախույզ էի, բայց լավ գիտեի Նժդեհին, նրա քաջագործությունները և ուրախ էի այդ կենդանի լեգենդին ոչ միայն տեսնելու, այլև մոտիկից շփվելու և գրկելու համար: Երկար զրուցեցինք, ես փորձում էի նրբորեն շոշափել նրա Բեռլին գալու նպատակը: Նա ասաց, որ անձնական գործով է: Ասաց` շատ ուրախ է, որ ֆաշիզմը շուտով կպարտվի, և երազում է այն օրը, երբ խորհրդային բանակը կմտնի Թուրքիա, և ինքն էլ որպես հայ զինվոր խորհրդային բանակի հետ կմտնի իր կորցրած հայրենիքը ազատագրելու համար: Շեշտեց. «Ես որևէ ատելություն չունեմ խորհրդային պետության դեմ: Ես գժտվեցի բոլշևիկների հետ, որովհետև տեսնում էի, թե ինչպես են թուրքերը խաբում նրանց»: Նժդեհը նույնիսկ դատապարտող խոսքեր ասաց Դրոյի հասցեին և չարդարացրեց նրա գործողությունները: Երկար զրույցից հետո մենք ջերմ բաժանվեցինք: Զեկուցեցի Կենտրոնին մեր զրույցի մասին: Վերջում համոզվեցի, որ Նժդեհն ինձ հետ անկեղծ է եղել:

Ցանկացած ազգ էլ կպարծենա Նժդեհ ունենալու համար: Այդ հանճարեղ մարդու գլխի համար ազերի ներքին գործերի նախարար Ասադովը 1918 թվականին երեք միլիոն ռուբլի էր խոստացել: Դե հիմա դու պատկերացրու, Մարկով, թե որքան արժեքավոր է եղել այդ մարդու գլուխը:


Այսօր մենք անկախ պետություն ենք, և մեր գործն է` ում արձանը կանգնեցնել: Համենայն դեպս, հակառուս մարդու արձան չենք կանգնեցրել: Այնպես որ, պարոն Մարկով և մյուսներ, մի փոքր վեր կանգնեք ճղճիմ շահերից և մի զազրախոսեք, երբ թեմային բացարձակ չեք տիրապետում:
Ասենք ինչու՞ եմ զարմանում Մարկովի և նրա նմանների վրա, երբ այսօր Մարկովի պես մտածող հայերն էլ քիչ չեն: Բոլորովին վերջերս Առաջին լրատվականով լսեցի ոմն Լիպարիտ Շահնազարյանի: Անկեղծ ասած, ապշեցի այդ հայ մարդու տգիտության վրա: «Վերջերս տեսա ինչ-որ մեկի հսկայական արձանը Երևանի Օղակաձև այգում,- պատասխանելով լրագրողի Երևանի փողոցների անվանափոխմանն առնչվող հարցին, ասաց նա:- Այդ մարդու անունը կարծեմ Նժդեհ էր, որը լիզում էր ֆաշիստների ոտքերը ԽՍՀՄ-ը տապալելու համար»:
Լսում էի այդ մարդուն և ակամա հարցադրում ինքս ինձ` Տեր Աստված, մինչև ե՞րբ են մեր մեջ նման թերմացքներ ծնվելու: Էլ ինչու՞ ենք նեղանում ուրիշի թերմացքից: Իսկ ուրիշի թերմացքին կուզենայի հարցադրել` Թուրքիայում Էնվերի, Թալեաթի անուններով փողոցներ կան, արձաններ կան, այդ առնչությամբ է՞լ եք մտադիր հայց ներկայացնելու ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Հաստատ ո՛չ: Եվ ինչու՞: Որովհետև հայերս մեր շահը պաշտպանելու համար մեկ ռուբլի անգամ ձեզ չենք տա:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Մարկով, մեր օրերի քրիստոնյա Հուդա, 30 արծաթով ծախվի՛ր ադրբեջանցուն: Քո գործն է: Բայց իմացիր՝ ապագայում քո ծախու քայլից ավելի տուժելու է քո հայրենիքը, քան Հայաստանը:
Գուցե հանուն կանաչի դու թքել ես հայրենիքիդ վաղվա օրվա վրա: Քո գործն է: Ալլահը քեզ հետ:

Դիտվել է՝ 7695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ