Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կան պատվիրատուներ, իրականացնողներ և շահառուներ

Կան պատվիրատուներ, իրականացնողներ և շահառուներ
17.11.2017 | 10:28

Նույնիսկ կոնսպիրոլոգիայից և ներքաղաքական ինտրիգներից շատ հեռու մարդիկ երևի թե չեն կարող պատահականություն համարել այն զուգադիպությունները, որ այս պահին առկա են մեր ներքին քաղաքական դաշտում։ Իսկ ամենահետաքրքիր ու տարօրինակ զուգադիպությունն այն է, որ վերջին շրջանում կազմակերպված ու ակնհայտ համակարգված լուրջ հարձակում սկսվեց հեռանկարային այն գործիչների նկատմամբ, որոնք 2018-ի ապրիլից հետո սպասվող վերադասավորումներից հետո կարող են առանցքային տեղ գրավել իշխանական վերնախավում։
Հիմա անցնենք նշված հեռանկարային գործիչների վրա իրականացվող հարձակումների հետքերով։


Նախ՝ երկար ժամանակ է, ինչ լարված ու ակտիվ արշավ է ընթանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ։ Պաշտոնական առիթը, իհարկե, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն է, որտեղ հիմնական վիճարկվող թեման բուհերում տարկետման իրավունքի վերացումն է։ Թեզ, որն ընդդիմադիր որոշ շրջանակներ ֆորմալ առումով բնորոշում են որպես «գիտությանը մահացու հարված հասցնելու փորձ»։ Նույնիսկ «Հանուն գիտության զարգացման» շարժում ստեղծվեց։ Եվ մոտ մեկ շաբաթից ավելի ընթացան ուսանողական հուզումներ, որոնք զանգվածային տեսակետից թեև մեծ չէին, սակայն աղմուկի առումով բավականին լուրջ տպավորություն էին փորձում ստեղծել։ Այստեղ է, որ փորձված, մասնագիտացված շրջանակների համար միանգամից նկատելի են դառնում մի շարք առանձնահատկություններ. աչքի է զարնում այն փաստը, որ պետական և իշխանական այս կամ այն թևի հետ ասոցացվող լրատվամիջոցները բավականին լայնածավալ եթեր էին տրամադրում ցուցարար ուսանողներին։ Հայաստանն իրականում, իհարկե, շատ ավելի մեծ զանգվածային միջոցառումներ է տեսել, սակայն ուսանողական այս ընդվզումը նշված լրատվամիջոցներն առցանց ռեժիմով ուղիղ հեռարձակում էին, լուսաբանում, շատ լավ քարոզում այս շարժման առաջնորդներին։ Եվ զարմանալ պետք չէ, եթե նման կերպ շարունակվելու դեպքում այդ առաջնորդները հանկարծ քաղաքական աստղերից ոչ պակաս ճանաչում ձեռք բերեն։ Անընդհատ մեկնաբանություններ էին արվում, շարժման ղեկավարներն օնլայն ռեժիմով անընդհատ բացատրում, մեկնաբանում էին իրենց գործողությունները։ Ընդ որում` ոչ պակաս հետաքրքիր է այն փաստը, որ նման «հեղափոխական» երևույթների նկատմամբ սովորաբար շատ բծախնդիր ռուսական լրատվամիջոցները այս անգամ չեն շտապել այս շարժման մեջ գունավոր հեղափոխության երանգներ, արևմտյան արմատներ գտնել։ Հետաքրքիր է նաև, որ ամերիկամետ աղբյուրները նույնպես բավականին լոյալ են այս շարժման նկատմամբ։ Ավելին, այդ ռեսուրսները բավականին ակտիվ ցուցադրում էին շարժման ամեն քայլն ու խոսքը։ Գուցե այս պարագայում կա ճշմարտություն այն պնդումներում, որ այստեղ անմասն չէր նաև գունավոր հեղափոխությունների մշտական հովանավոր համարվող Ջորջ Սորոսը: Հետաքրքրական է, որ հենց արևմտյան աղբյուրների կողմից ակնարկներ եղան առ այն, որ կան ինչ-ինչ հաստափոր դոսիեներ Պենտագոնում Վիգեն Սարգսյանի գործունեության շուրջ դեռևս այն ժամանակաշրջանից սկսած, երբ ներկայիս պաշտպանության նախարարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընդամենն օգնականն էր ու մասնակից ինչ-ինչ գաղտնի բանակցությունների։


Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն նախորդ նման զանգվածային միջոցառումների, այս անգամ ուժային կառույցները, խոսքը նախ և առաջ ոստիկանության մասին է, ավելի քան բարեհաճ էին ուսանողական շարժման նկատմամբ, նույնիսկ այն պարագայում, երբ ուսանողները փողոցներ են փակում, պաշարում պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների շենքեր։ Մինչդեռ հիշողության մեջ դեռևս թարմ են դեպքեր, թե իրավապահների ինչ գործողություններ են հետևում նման ցույցերին։ Իսկ այս անգամ ոստիկանները գրեթե չէին էլ երևում, իրավական համակարգը առավել քան լոյալ էր իրեն պահում։ Դասադուլի վերջին օրը ոստիկանական հայտնի բանակցող Վալերի Օսիպյանի ի հայտ գալը ավելի շուտ սիմվոլիկ նշանակություն ուներ։
Նկատելի է նաև, որ հարվածի տակ հայտնված Վիգեն Սարգսյանը, որը բավականին խոցելի է դարձել, կարծես թե մենակ է մնացել։ Պետական ամբողջ համակարգը շատ անտարբեր, վախվորած հետևում է, դիտորդի կարգավիճակ է ստանձնել և ուշի ուշով դիտում է, թե ինչ են անում ազգ-բանակ կոնցեպտի խորհրդանիշ պաշտոնյայի հետ։ Կարծես թե ամենավերևներից Վիգեն Սարգսյանին նեղացնողների դեմ հանդես գալու հստակ հրահանգ չկա, և բոլորը փորձում են ստուգել Վիգեն Սարգսյանի իմունիտետը և հետևել, թե ինչպես է նա կարողանում պաշտպանվել իր համար ստեղծված բարդ իրավիճակում։


Եվ եթե այլ գերատեսչությունների պարագայում այս անտարբերությունը կարելի է որոշակիորեն բացատրել, ապա պաշտպանության նախարարության արձագանքների տեսակետից բավականին հետաքրքիր նրբերանգներ կան։ Մասնավորապես, պաշտպանության նախկին նախարարի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան հանելուկային ակնարկներն անմիջապես արժանացան ՊՆ մամուլի քարտուղարի արձագանքին։ Փաստորեն, վերջինս իր համար միանշանակ լուծել էր այդ հանելուկը և եզրակացրել էր, որ Ռուզան Խաչատրյանի նկարագրած անձը հենց Վիգեն Սարգսյանն է, և սկսել էր պաշտպանել իր նախարարին հայտնի տիկնոջ «հարձակումներից»՝ նշելով, որ Վիգեն Սարգսյանը տարկետման օրինական հիմքեր ունի։ Սակայն պաշտպանական համակարգի հետ կապված ամենազավեշտալին հանրապետության զինկոմիսարի պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի՝ պաշտպանության նախարարի տարկետման հիմքերի հետ կապված պատգամավորական հարցապնդմանը։ Հետաքրքիր է, որ զինվորական կոմիսարի պաշտոնը զբաղեցնող անձը, որն իրականում Վիգեն Սարգսյանի ենթական է, պատասխանել էր, թե ամեն ինչ օրինական է, բայց հիմքերը, պարզվում է, ոչնչացված են։ Սա թերևս հիշեցնում է հայտնի մի ներկայացման հայտնի արտահայտությունը՝ ո՞վ դիպլոմ չունի, կորցրել եմ։ Թե՛ մամուլի խոսնակի արդարացումները, թե՛ զինվորական կոմիսարի ներկայացրած պատասխանը կամա թե ակամա սև PR էին՝ ուղղված Վիգեն Սարգսյանին, ինչը լեզու դրեց հակառակորդների բերանում և նոր գործիքներ մատուցեց նախարարի ընդդիմախոսներին։
Ակնառու է, որ այս բոլոր պատմություններում պետական ապարատի լռության ֆոնին առաջին ջութակի դերը ստանձնել է «Ելք» դաշինքը։ Հետաքրքիր ու զարմանալի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առայժմ չի մտել խաղի մեջ և կարծես չի էլ փորձում պաշտպանել իր ամենավստահելի կադրին։ Ի դեպ, երբ ժամանակին նույն ուժերը փորձում էին ստուգել վարչապետ Կարեն Կարապետյանի ամրությունը, երկրի ղեկավարը, տեսնելով, որ ինչ-ինչ ուժեր չափն անցնում են, հայտարարելով, որ իրեն հայտնի է, թե ովքեր են «ջուրը պղտորում», մտնում էր խաղի մեջ և պաշտպանում իր նշանակած վարչապետին։ Եվ անմիջապես աղմուկը դադարում էր։ Թերևս կարելի է ենթադրել՝ այժմ էլ Սերժ Սարգսյանը շատ լավ պատկերացնում է, թե ովքեր են բարձրացվող աղմուկի հետևում։ Սերժ Սարգսյանի հարաբերական պասիվությունը շատ հետաքրքիր երանգներ է ստանում, երբ զուգորդում ենք այն փաստի հետ, որ ուսանողները զարմանալի պոլիտկոռեկտություն են ցուցաբերում նախագահի նստավայրի նկատմամբ։ Բոլոր գերատեսչություններ արշավելով և նրանց առջև պահանջներ դնելով, Բաղրամյան 26-ի կողմերը երթերն այդպես էլ չտարան։


Ինչևէ, ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովի հետ հանդիպումից հետո անհաշտ թվացող ուսանողության առաջնորդները հանկարծ ահագին փափկեցին ու համաձայնեցին թայմ-աուտ վերցնելու, առայժմ մի քանի օրով։ Արդեն մոտ ժամանակներս պարզ կդառնա՝ արդյո՞ք սա նշանակում է, որ ակցիայի գլխին կանգնած կազմակերպիչները իրենց գլխավոր խնդիրը հիմնականում լուծված են համարել, այն է՝ հասել են նրան, որ ներկայիս պաշտպանության նախարարի քաղաքական և իմիջային դիրքերը բավականին թուլացել ու խոցելի են դարձել։
Այս ֆոնին նոր թափ է հավաքել ապագա վարչապետի ամենահավանական թեկնածուներից մեկի՝ Կարեն Կարապետյանի նկատմամբ արշավը։ Հեղինակը, բնականաբար, «Ծառուկյան» դաշինքն է։ Այս դաշինքի ներկայացուցիչները, հերթական անգամ փորձելով վերցնել փոքր և միջին բիզնեսի պաշտպանի դրոշը, հիմք ընդունելով «Առինջ մոլում» պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգումները, որոնք նպատակ ունեն առևտրի այս, ինչպես նաև այլ կենտրոնները բերելու հարկային դաշտ, սկսեցին ամենակոշտ եղանակով քարկոծել կառավարությանը, ՊԵԿ-ին ու անձամբ Կարեն Կարապետյանին։


Այսպիսով, փաստորեն զուգահեռ դաշտերում փորձ է կատարվում հնարավորինս վնասազերծելու, վարկաբեկելու ապագա իշխանական վերադասավորումների գլխավոր համարվող ֆիգուրներին՝ վարչապետին և պաշտպանության նախարարին։ Բնականաբար, ակտիվ փորձեր են արվում շեղելու ուշադրությունը հիմնական դերակատարներից։ Օրինակ, «Ելք» դաշինքը իր խոսափող լրատվամիջոցներից մեկում ակնարկել էր, թե Վիգեն Սարգսյանի դեմ աշխատում է Սերժ Սարգսյանը, քանի որ վերջինիս դուր չի գալիս, որ պաշտպանության նախարարի կշիռն ու դերակատարումն ավելանում են։ Իհարկե, սա շատ թույլ փաստարկ է և շատ քիչ մոտ իրականությանը։ Այս օրերին հրապարակ են նետվում բոլոր տարբերակները, որ մարդիկ չհասցնեն կենտրոնանալ գործընթացի իրական տերերի վրա։ Եթե շարժվենք այն տրամաբանությամբ, թե ում է սա ձեռնտու, ապա պատվիրատուի վրա դուրս գալու հնարավորությունը շատ փոքրանում է։ Սակայն իրականում կա պատվիրատու, կան իրականացնողներ ու շահառուներ, որոնք կամա թե ակամա օգտվում են ստեղծված իրավիճակից։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2885

Մեկնաբանություններ