Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Տնտեսական աճը ժողովրդի բարեկեցության, կենսամակարդակի վրա ազդեցություն չի ունենում»

«Տնտեսական աճը ժողովրդի բարեկեցության, կենսամակարդակի վրա ազդեցություն չի ունենում»
17.11.2017 | 11:29

Այս պահին ԱԺ կուլուարներում խոսվում է, որ ԲՀԿ-ն հնարավոր է դեմ քվեարկի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթին: Վերջերս էլ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե առանձնապես գոհ չեն 2018-ի պետբյուջեի նախագծից: ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ խնդրեցինք հստակեցնել՝ կոնկրետ ի՞նչ խնդիրներ է տեսնում պետբյուջեի նախագծում:


-Բյուջեն պետք է համարժեքորեն և օպերատիվ ձևով արձագանքի երկրի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին և տեղաշարժերին: Չխորանալով այլ բնագավառների մեջ (չնայած այս բյուջեով շահեկան դիրքում հայտնված որևէ ոլորտ չկա), ես շեշտադրում եմ արել և անում տնտեսական բլոկին, ի մասնավորի, առաջին անհրաժեշտության ապրանքների և սննդի աննախադեպ թանկացումներին, որոնք, ըստ հավաստիացումների, դեռ երկար են շարունակվելու: Այս իրավիճակում 2018 թվականի բյուջեի հեղինակները որևէ կերպ ընդառաջ չեն գնում Հայաստանի բնակչությանը ո՛չ կենսաթոշակի, ո՛չ աշխատավարձերի, ո՛չ նպաստների կամ առանձին հատկացումների ձևով: Վիճակը լիովին անբացատրելի է դառնում, երբ այսօր արդեն խոսվում է, որ նման մոտեցումները կշարունակվեն 2019 և 2020 թվականներին:
Մեկ անգամ այլ առիթով արդեն ասել եմ, որ աննախադեպ քայլ է Հայաստանի գործադիրի արդեն իսկ արած աշխատատեղերի կրճատումներից հետո ևս 5560 մարդու անգործ թողնելը: Իհարկե, շատ կարելի է խոսել, բայց ասվածն էլ բավարար է բյուջեին դեմ քվեարկելու համար:
-Կառավարությունը վստահ է, որ կապիտալ ծրագրերի ֆինանսավորման ավելացումը, որը նախատեսված է նախագծով, կնպաստի տնտեսության զարգացմանը: Կիսու՞մ եք այդ տեսակետը:
-Ասեմ, որ կառավարությունը վստահ էր նաև անցած մեկ տարվա համար նախանշած ծրագրերի հաջողության հարցում: Չարախնդություն չէ, երբ «Ծառուկյան» դաշինքը մատնանշում է թերացումները, որևէ աճ որևէ բնագավառում չի գրանցվել, չենք կարողացել դիմագրավել որևէ մարտահրավերի, ի մասնավորի` տնտեսական կյանքում: Չափազանց ուշացած հայտարարվեց 1 մլրդ դոլարի ներդրման մասին, այն էլ, ըստ էության, ռուսական բիզնեսում՝ էներգետիկ ոլորտին: Շատ են վերջերս խոսում, որ տնտեսական աճը ժողովրդի բարեկեցության, կենսամակարդակի վրա ազդեցություն չի ունենում, եթե խոսքը ներառական աճի մասին չէ: Ինչպես արդեն ասացի, այդ ներառական աճի մասին դեռևս 3 տարի հաստատ երազելու ենք, առայժմ նախադրյալներ ենք ստեղծում: Խոսվում է նաև ջրամատակարարման համակարգի, ճանապարհների բարելավման հեռահար օգուտների մասին, սակայն այդ ծրագրերը լավատեսություն չեն ներշնչում դժվար օրեր ապրող հայաստանցիներին:
-Պետբյուջեի նախագծով նախատեսված է գյուղատնտեսության ոլորտի աճ տարբեր ներդրումային ծրագրերի հաշվին: Ըստ Ձեզ, այդ միջոցները կհավաքագրվե՞ն, քանի որ այս պահին ոլորտում առկա է 3,8% -ով անկում: Եթե նախատեսված ծրագրերը իրականացվեն, 2018-ի աճը հնարավոր կլինի՞ ապահովել և ծածկել այս տարվա անկումը: Եվ ի՞նչ եք կարծում, այդ ծրագրերն ի զորու կլինե՞ն մեղմացնելու համայնքներում առկա սոցիալական խնդիրները:
-Նախ ասեմ, որ իրականում 2017 թվականի ավարտին գյուղատնտեսության ոլորտի անկումը նախագծով կանխատեսվում է 3 տոկոս: Ես այն մարդկանցից չեմ, որոնք դրականը չեն տեսնում: Մի քանի տարբեր առիթներով ողջունել եմ կաթիլային ոռոգման, ցանցային այգեգործության ներդրման համար ֆինանսական միջոցների նախատեսումը, ողջունել եմ նաև ապահովագրական գյուղատնտեսության սաղմի ի հայտ գալը պետական բյուջեում: Բայց խոսքն այն գումարների մասին չէ, որոնք էապես կբարելավեին գյուղական համայնքների բնակիչների կյանքը, կփակեին 3 տոկոս անկման հետևանքները և էական աճ կապահովեին:
Ինչ վերաբերում է միջոցների հավաքագրմանը, դրանց հարցում լիահույս եմ. բոլոր «նախադրյալները» ստեղծվում են այդ նպատակի իրականացման համար՝ հազարավոր աշխատատեղերի կրճատում, շուտով ուժի մեջ կմտնի հարկային խստացված օրենսգիրքը, և ակցիզային հարկի մի քանի անգամ բարձրացման հետևանքով կլինեն աննախադեպ թանկացումները, նախ՝ էներգակիրների, շղթայական ռեակցիայով կհանգեցնեն ամեն ինչի թանկացման, և այդ ամենի արդյունքում կլցվի բյուջեն: Չմոռանամ մանր ու միջին ձեռներեցներին, որոնց նկատմամբ վերջերս հարկային տեսուչները «առանձնահատուկ» գործողություններ են ծավալում, օրենքին հակասող վարչարարություն են իրականացնում, անհիմն ջանքեր են գործադրում խախտումներ հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի վերահսկեն ապրանքաշրջանառությունը:


Հարցազրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ