Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երբ հարցը վերաբերում է «Զինապարտության մասին» օրենքին` նրանք ու մերոնք չկան»

«Երբ հարցը վերաբերում է «Զինապարտության  մասին» օրենքին` նրանք ու մերոնք չկան»
17.11.2017 | 11:31

Ամռանը ձմեռ ենք ուզում, ձմռանը` ամառ. հայկական այս յուրօրինակ մտածելակերպն արտահայտվում է նաև զինապարտության մասին օրենքում կատարված փոփոխությունների շուրջ քննարկումներում, որոնք, ըստ երևույթին, դեռ շատ ջուր կվերցնեն։ Մի կողմից` հանրությունն անընդհատ բողոքում էր, թե պետական պաշտոնյաներն օգտվում են առիթից և իրենց երեխաներին ասպիրանտուրա ընդունելով «փախցնում» բանակից, հիմա, երբ օրինագիծը նախատեսում է պարտադիր զինծառայություն պետպատվերով նաև ասպիրանտուրա ընդունված ուսանողների համար, կրկին բողոքում են։


Եվ այսպես, ուսանողները բողոքում են, իսկ լրատվամիջոցները գրում, որ այս ամենի հետևում 20 հազար եվրոյի դիմաց հրահրողներն են։ Որն է իրականությունը, դժվար է ասել, սակայն փաստը մեկն է` Իսրայելում, Ֆրանսիայում գիտությունը գերզարգացած է, չնայած, զինվորական ծառայությունը պարտադիր է, այդ թվում` ուսանողների համար։ Արդյոք գիտության զարգացումը կապվա՞ծ է զինվորական ծառայության հետ, թե՞, այնուամենայնիվ, կախված է ֆինանսավորումից։ Ի դեպ, նկատենք, որ տարիներ շարունակ բակալավրիատի առաջին կուրսից ուսանողը գնում է բանակ, վերադառնում և շարունակում կրթությունը։ Այս ամենն աչքի տակ ունենալով հարց է առաջանում` ո՞րն է խնդիրը։ Այս և պետբյուջեի հետ կապված մեկ հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ։


-Անկեղծ ասած, ինձ դուր եկավ, որ Ձեր բոլոր հարցադրումների մեջ տրվեցին նաև դրանց պատասխանները,- ասաց տիկին Մուրադյանը։- Առաջին հայացքից և, ըստ տրամաբանության, օրենքում կատարված փոփոխություններն ու դրանց շուրջ ծավալված քննարկումները պետք է բխեին հենց հարցը բարձրացրած ուսանողների շահերից։ Սակայն, վերլուծելով քննարկումների ընթացքը և ԱԺ-ում հնչած ընդդիմադիր թևի ելույթները, վերը նշված տրամաբանության գործընթացին զուգընթաց նկատվում են այլ հոսանքներ։ Չէի ասի, որ ի սկզբանե ուսանողական շարժումը ուղղորդված է եղել, ոչ, այն ինքնին ժողովրդավարության դրսևորման ձևաչափ է։ Սակայն ընթացքում, կարծես, այդ ձևաչափը խախտվում է։ Ինչ խոսք, քաղաքացիական հասարակությունը կարող է բարձրացնել իր խնդիրները, առաջարկել լուծումներ, դրանց իրականացման համար արդյունավետ քննարկումներ կազմակերպել, գտնել ոսկի միջինը և գնալ առաջ։ Այս պարագայում էլ օրինագծի շուրջ և՛ կառավարությունում, և՛ ԱԺ մշտական հանձնաժողովներում կազմակերպվեցին քննարկումներ, ավելին, երիտասարդների հետ հանդիպեցին և՛ պաշտպանության նախարարը, և՛ վարչապետը` ականջալուր լինելու նրանց ներկայացրած առաջարկներին: Այնուհանդերձ, կարծում եմ, գիտության զարգացումը կապել զինծառայությունից ազատվելու իրավունքի հետ ոչ միայն անտրամաբանական է, այլև, պետական անվտանգության պահպանման տեսանկյունից, ռազմավարական ոչ ճիշտ մոտեցում։ Մենք ունենք շատ ու շատ գիտնականներ, որոնք ծառայել են բանակում և ծառայությունից հետո վերադարձել են գիտություն։
-Ի՞նչ եք կարծում, համալսարանն ավարտելուց անմիջապես հետ հնարավո՞ր է դառնալ գիտնական և մեկ տարում պաշտպանել թեկնածուական թեզ։
-Եթե մենք այդպիսի տաղանդներ ունենք, ուրեմն շատ լավ է։ Ես չեմ կարծում, որ բուհն ավարտելուց հետո երիտասարդն անպայման պետք է դառնա գիտությունների թեկնածու կամ էլ անմիջապես զբաղվի գիտությամբ։ Գիտությունը, բացի բուհական կրթությունից, պահանջում է, որ այդ կրթությունը գործնականում կյանքի կոչվի, ինչի համար պահանջվում է և՛ ժամանակ, և՛ փորձ։ Ի վերջո, ժամանակն է, որ տաղանդ ասվածի չափանիշների համար էլ որոշակի վերապահումներ սահմանվեն։
-Դե, համացանցի «ջանը սաղ լինի», կարելի է և արագ կերպով թեկնածուական պաշտպանել։
-Բայց դա գիտություն չէ, ի վերջո, մեծ հաշվով, գիտությունից կտրվել կնշանակի կտրվել ինքնակրթությունից։ Մինչդեռ, ինքնակրթությունը շատ կարևոր երաշխիք է ցանկացած հարցում, անգամ աշխատաշուկայում տեղը պահելու առումով։ Այսինքն, անգամ բուհն ավարտելուց հետո մարդն անընդհատ պետք է զբաղվի ինքնակրթությամբ։ Կարծում եմ` մենք ավելի շատ պետք է իրականացնենք սովորել-սովորեցնելու քաղաքականությունը, նոր մեթոդներ կիրառենք կրթության մեջ, դրան զուգահեռ մեր երիտասարդների համար զորամասերում ինքնակրթվելու պայմաններ ստեղծելու հարց բարձրացնենք։ Դա միանգամից կլուծեր երկու կարևորագույն խնդիր` պետության նկատմամբ պարտքի կատարում և կրթության շարունակականության ապահովում։
-Ի՞նչ եք կարծում, այս օրինագիծը կընդունվի այնպես, ինչպես կա՞, թե՞ փոփոխությունների կենթարկվի։ Լրատվամիջոցները նշում են, որ կան մարդիկ, ովքեր հստակ ֆինանսավորվում են, որպեսզի այս օրինագիծն այս տեսքով չընդունվի։
-Երբ հարցը վերաբերում է «Զինապարտության մասին» օրենքին` իրենք ու մերոնք չկան, կան հայ ժողովուրդ, ՀՀ-ի անվտանգություն, բանակ, կրթություն և գիտություն։ Եվ ես չեմ ցանկանում դրանք իրարից տարանջատել։ Ի դեպ, այս նույն օրենքի նախագիծը զինծառայողներին տալիս է արտոնյալ պայմանների լայն հնարավորություն` սկսած սովորելու ընթացքից մինչև կենսաթոշակային պայմաններ։ Արտոնյալ պայմաններ են ստեղծված նաև աշխատանքի ընթացքում առողջապահական արտոնությունների սահմանման մասով, առաջին անգամ նախատեսվում են հիպոթեքային վարկի աննախադեպ պայմաններ, ինչպես նաև այլ արտոնություններ սպայական կազմի համար։ Ի վերջո, եթե մարդու նպատակը կրթության շարունակականությունն է, հավատացեք, այն երբեք չի ընդհատվում կրթությամբ զբաղվել ցանկացողի համար։
-Տիկին Մուրադյան, այս ծանր հարցից սահուն անցում կատարենք մեկ այլ ոչ թեթև թեմայի` 2018-ի պետբյուջեի նախագծով կրթության և գիտության ոլորտում նախատեսվում են զգալի կրճատումներ, մինչդեռ կրթությունն ու գիտությունը չեն կարող զարգանալ առանց լուրջ ներդրումների։ Հասկանալի է, որ այս պահին ֆինանսավորման մեծ հնարավորություններ չկան, սակայն եթե եղածն էլ կրճատենք, չե՞ք կարծում, որ առկա խնդիրների վրա կավելանան նորերը՝ սոցիալական լուրջ խնդիրների առիթ դառնալով։
-Ընդհանրապես, այսօր ցանկացած երկրում կրթության ու գիտության ոլորտներում որքան էլ ֆինանսավորումը մեծ լինի, միևնույն է, բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել։ Մենք այս պահին ունենք միջոցներ և պետք է կարողանանք եղած միջոցները արդյունավետ ու նպատակային օգտագործել։ 2018-ի բյուջեի նախագիծը թեև ֆինանսների կրճատում է նախատեսում ոլորտում, սակայն, դրա հետ մեկտեղ, իրականացվող քաղաքականությունն այնպիսին է, որ 2019-ի համար զարգացման լավ նախադրյալներ կարող է ստեղծել։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ