Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հերբի Հենքոքի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը գրանցեց իբրև Ջազի համաշխարհային օր»

«Հերբի Հենքոքի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն  ապրիլի 30-ը գրանցեց իբրև Ջազի համաշխարհային օր»
17.11.2017 | 11:36

«Իրատեսի» հյուրը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ ԿԱՄՈ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ է:

«ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ՀԵՌԱՑՈՂ ԱՍՏՂԵՐՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ, ԻՐԵՆՑ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՅԵՐԻՆ»


-Պարոն Մովսեսյան, ամփոփվեց «Yerevan Jazz Fest 2017» փառատոնը: Համերգաշարը մեկնարկեց Գրեմիի մրցանակի դափնեկիր Մարկուս Միլլերի համերգով: Ինչպե՞ս հաջողվեց գայթակղել ու Հայաստան հրավիրել նրան, և ի՞նչ տպավորություններով նա հեռացավ մեր հայրենիքից:
-Փառատոնը կայացավ և թողեց իր հետքը ոչ միայն մեր համաքաղաքացիների, այլև փառատոնի մասնակիցների, նույն Մարկուս Միլլերի կյանքում: Նա հեռացավ Հայաստանից՝ ինքն իր համար բացահայտած Հայաստանը, հայ երաժշտին և հայ մշակույթը: Գրեթե երկու օր տևած այցելության ընթացքում մենք կարողացանք Մարկուս Միլլերին ներկայացնել մեր ահռելի մշակույթի մի փոքր հատվածը, որից նա չափազանց տպավորված էր: Տպավորված էր նաև փառատոնի կազմակերպական բարձր մակարդակով, որի մասին գրել է իր նամակում: Դժվար է, իհարկե, նման մեծության աստղի հրավիրել Հայաստան. փառատոնից գրեթե ութ ամիս առաջ էինք սկսել բանակցել նրա հետ: Մարկուսն այդ օրերին ուներ նաև այլ համերգ: Մենք Եվրոպայում, Ամերիկայում գտնվող մեր ընկերներին խնդրեցինք օգնել՝ ապահովելու մեր փառատոնի օրերին նրա ազատ գրաֆիկը, ստեղծելու հնարավորություն, որ նա գա Հայաստան: Հետո պարզ դարձավ, որ նա կարող է գալ և ելույթ ունենալ հոկտեմբերի 27-ին: Իսկ դա մեր երկրի համար այնպիսի օր է, որ ոչ մի պատճառ չի կարող ստիպել մեզ տոնախմբություն, զվարճանք կազմակերպել: Նույնիսկ պատրաստ էի հրաժարվելու Մարկուս Միլլերի ելույթից առհասարակ՝ անկախ ֆինանսական և այլ գայթակղություններից, բայց թույլ չտալ հոկտեմբերի 27-ին որևէ համերգ: Եվ երբ այս ամենը նրան մանրամասնորեն ներկայացրինք, նա հասկացավ մեզ, ու համերգի օրը տեղափոխվեց հոկտեմբերի 26:
-Փաստորեն, Մարկուս Միլլերը չի տառապում աստղային հիվանդությամբ:
-Ընդհանրապես չի տառապում աստղային հիվանդությամբ: Իմ տարիների դիտարկումներն ու փորձը ցույց են տալիս, որ ջազ երաժիշտները չեն տառապում աստղային հիվանդությամբ, որովհետև նրանք սեփական արժեքը տեսնում են ոչ թե իրենց անձի, այլ իրենց ներկայացրածի մեջ:
-Ի՞նչ կասեք այս տարի փառատոնին հյուրընկալված մյուս արտասահմանցի երաժիշտների մասին, որոնցից մեկը՝ Գրեմիի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, ամենանշանավորներից է այսօր ջազի ասպարեզում:
-Ես մտածում էի, որ Մարկուս Միլլերի համերգից ու անձից ստացած տպավորությունից հետո ինձ այլևս ոչինչ ու ոչ ոք չի կարող զարմացնել և հիացնել, բայց Ռուբալկաբային դա հաջողվեց: Իր ելույթով, իր երաժշտությամբ, իր աշխարհընկալումով նա բացառիկ էր: Հայաստան էր եկել կնոջ հետ, մենք շփվեցինք շատ կարճ ժամանակահատված, բայց երբ նրան ճանապարհում էինք, հասկացանք, որ բաժանվում ենք որպես ընկերներ: Նա փոխանցեց իր հեռախոսահամարը և ասաց, որ Մայամիում լինելու դեպքում անպայման հյուր գնամ իրեն: Սրանք շատ կարևոր փաստեր են: Այսպիսի զգացումներով մեր երկրից հեռացող աստղերն իրենց երկրներում, իրենց միջավայրում ներկայացնում են Հայաստանը, հայերին և հիմքեր ստեղծում մեր հետագա հրավերներում հաջողելու համար: Օրինակ՝ նույն Ռուբալկաբային մենք ասացինք, թե ում ենք մտադիր հրավիրելու 2018-ի ջազ-փառատոնին ¥ներողություն եմ խնդրում, որ հիմա չեմ կարող այդ անունը հնչեցնել ու փակագծեր բացել¤, նա ասաց, որ ինքն անպայման նրան կհորդորի, որ գա Հայաստան: Այսինքն, այն խնդիրը, որ մենք ունեցել ենք Մարկուս Միլլերի դեպքում,՝ ամիսներ շարունակ բանակցելով ու համոզելով, այս դեպքում վերանում է: Եվ վերանում է՝ մեկ ճիշտ մարդու ճիշտ ձևով ընդունելու, ճիշտ վերաբերմունքի արժանացնելու շնորհիվ:

«ՋԱԶԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՆ ՏԵՆԴԵՆՑՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՄԵՆՔ ՄԻ ՓՈՔՐ ՀԵՏ ԵՆՔ»


-Հայ ժողովուրդը, Հայաստանը օտարներին հյուրընկալելու, մարդկային ջերմ վերաբերմունքի արժանացնելու իմաստով երբեք խնդիրներ չեն ունենում, սակայն այս ամենը բավարար չի կարող լինել, երբ հյուրընկալվողը աշխարհահռչակ մարդ է և ունի պրոֆեսիոնալ հետաքրքրություն: Հայ ջազմենների՝ Լևոն Մալխասյանի, Վահագն Հայրապետյանի, Արմեն Հյուսնունցի, Արտո Թունջբոյաջյանի, այլոց կատարումներում առկա ազգային տարրերը, որ հոգեհարազատ ու հասկանալի են մեզ՝ հայերիս, ինչպե՞ս են ընկալում օտարազգի ջազմենները:
-Հայաստանում ներկայացվող ջազը, իհարկե, կատարյալ չէ: Հայկական ջազը կա, ինքնատիպ է իր ֆոլկլորի մեջ, հետաքրքիր է իր տեսակով, բայց ջազի աշխարհում կան տենդենցներ, որոնցից մենք մի փոքր հետ ենք: Օրինակ, Մարկուս Միլլերի համերգից ես հասկացա, որ մենք բավական աշխատանք ունենք անելու մեր ներքին շուկայում՝ հենվելով երիտասարդ ջազմենների վրա: Որովհետև եթե խոսքը տարիքով, կայացած ջազմենների մասին է, նրանք իրենց ժամանակի և հնարավորությունների մեջ արդեն իսկ արել են շատ բան, բայց եթե այսօր աշխատանք տանենք աճող սերնդի հետ, կկարողանանք մեկ քայլ առաջ անել ջազում, ավելացնել ավագ սերնդի ձեռքբերումները: Խոսքն այն բացառիկ տաղանդի մասին չէ, ինչպես, օրինակ, Տիգրան Համասյանի պարագայում, որ ի հայտ է գալիս ու թռիչքով անցնում առաջ: Խոսքն այն երիտասարդների մասին է, որոնք շնորհալի են և ունեն իրենց վրա հետևողականորեն աշխատելու կարիք:

«ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋԱԶԻ ԱՎԱՆԳԱՐԴՈՒՄ Է»


-Կարո՞ղ ենք ասել, որ Տիգրան Համասյանը համաշխարհային ջազի չափորոշիչների մեջ լիարժեքորեն է տեղավորվում:
-Ոչ թե տեղավորվում է, այլ համաշխարհային ջազի ավանգարդում է: Կարող եմ զուտ պրագմատիկ օրինակով հիմնավորել խոսքս. եթե ջազի աշխարհում ամենալուրջ դեմքերը՝ Դի Դի Բրիջուոտերը, Ռիչարդ Բոնան, Մարկուս Միլլերը գիտեն նրա մասին, նշանակում է՝ Տիգրան Համասյանը գտել է իր տեղն ու ճիշտ ուղին համաշխարհային ջազում: 2011 թվականին Հերբի Հենքոքի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը գրանցեց իբրև Ջազի համաշխարհային օր: Ի դեպ, Երևանը առաջին քաղաքներից էր, որ պետականորեն տոնել է այդ օրը, ինչի համար մեզ շնորհակալություն է հայտնել Հերբի Հենքոքն անձամբ: Երբ ջազն այս աստիճանի բարձրացվել ու կարևորվել է աշխարհում, և այս պայմաններում է Տիգրան Համասյանը կարողանում հանդես գալ տարբեր վայրերում և ունենալ այդպիսի ընդունելություն աշխարհի նշանավոր ջազմենների կողմից, սա արդեն խոսում է բոլորովին այլ, շատ բարձր նշաձողի մասին:
-«Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային ջազ փառատոնն այս տարի նվիրված էր հայտնի «Zildjian» բրենդի հիմնադիր, մեր հայրենակից Ավետիս Զիլճյանին, որը սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը: Ինչպե՞ս են այս փաստը գնահատում ջազի աշխարհի երևելիները:
-Աշխարհում չգիտեն, որ այդ գործիքները հայ է արտադրում: Այդ մենք՝ հայերս ենք սիրում ամեն ինչ հայացնել, հայավարի ներկայացնել:
-Բայց այս դեպքում փաստը կա, այնպես չէ, որ մենք ինչ-որ բան ենք հորինում:
-Այո՛, փաստը կա, բայց մեր փառատոնին այս տարի հյուրընկալված արտասահմանցի ջազմեններից ոչ ոք չգիտեր, որ Ավետիս Զիլճյանը հայ է: Դրա համար մենք շատ կարճ «դասընթաց» անցկացրինք մեր հյուրերի հետ, տեղեկացրինք, որ Զիլճյանը հայ է, որ Շառլ Ազնավուրն էլ է հայ, որ Քըրք Քրքորյանն էլ է հայ, և անգամ Մարկուս Միլլերին ասացի, որ եթե նա ևս մեկ շաբաթ մնա Հայաստանում, ինքն էլ կդառնա Մարկուս Միլլերյան. կատակը նրան դուր եկավ, մի լավ ծիծաղեց:
-Կա՞ կոնկրետ ժամանակահատված՝ նախատեսված ջազ-փառատոնի կազմակերպական աշխատանքների համար, թե՞ այն կազմակերպելու, նախապատրաստելու գործընթացն անսկիզբ է ու անվերջ, զբաղեցնում է Ձեր միտքն ու երևակայությունը մշտապես:
-Կա այդպիսի կոնկրետ ժամանակահատված. հերթական փառատոնի փակումից մեկ օր անց սկսում ենք աշխատել հաջորդի վրա: Սովորաբար չեմ սիրում ժամանակից շուտ փակագծերը բացել, բայց հիմա արդեն վստահ կարող եմ ասել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի և մեր միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին. հաջորդ տարի «Yerevan Jazz Fest»-ի բացումը կկայանա հոկտեմբերի 26-ին, համալիրի համերգային դահլիճում: Այդպիսի դահլիճ աշխարհում շատ քիչ կա, և Վազգեն Ասատրյանն էլ ջանք չի խնայում իդեալական պայմաններ ապահովելու համար: Այս մակարդակի փառատոն կազմակերպելը մեկ-երկու ամսվա գործ չէ, երբեմն նաև մեկ տարին բավարար չէ. կան երաժիշտներ, որոնց հետ պետք է բանակցես ոչ թե մեկ, այլ մեկուկես տարի, որովհետև նրանք շատ զբաղված մարդիկ են, ինչպես նույն Ռուբալկաբան, որն ընդամենը մեկ ազատ օր ուներ և ընդամենը 20 ժամ է գտնվել Հայաստանում:


«ՄԵՆՔ ՈՉ ԹԵ ՈՂԲՈՒՄ ԵՆՔ ԻԲՐԵՎ ԶՈՀԵՐ, ԱՅԼ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ»


-Ստացվել է այնպես, որ մենք աշխարհին ներկայանում ենք զոհի, չլուծված հակամարտություն ունեցողի, տնտեսական ճգնաժամի մեջ խարխափողի կարգավիճակով: Մշակութային մեծ ձեռնարկները, ինչպիսին է «Yerevan Jazz Fest»-ը, կոտրու՞մ են մեր մասին կարծրատիպային այդ պատկերացումները օտարերկրյա հյուրերի մոտ:
-Ինքս այդ հարցին այլ կերպ եմ նայում: Երբ տարիներ առաջ աշխատում էի Երևանի քաղաքապետարանում, առաջարկում էի Ապրիլի 24-ը նշել հզոր ռոք համերգով, որը կվկայի, որ մենք ոչ թե ողբում ենք, այլ պայքարում այդ երևույթի դեմ, դրա հնարավոր կրկնության դեմ: Ես ուզում եմ, որ մենք մի քայլ առաջ անենք, անցյալից գանք դեպի ապագա: Եվ «System of a Down»-ի համերգը Ապրիլի 24-ի նախօրեին իմ երազանքի իրականացումն էր: Ջազ-փառատոնի հյուրերին ներկայացնելով մեր պատմությունը՝ մենք չենք ասում, թե ընկճված ենք, հուսահատ ենք, ընդհակառակը, նրանք տեսնում են, որ մենք «Yerevan Jazz Fest» ենք անում, որ կա հայ մշակույթ, կա Հայաստան, կա համաշխարհային մեծության աստղերին ամենաբարձր մակարդակով ընդունել-ճանապարհելու կարողություն:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ