Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր ընկեր Հարութը

Մեր ընկեր Հարութը
17.11.2017 | 11:43

Զրուցում են մաքսային ծառայության առաջին դասի խորհրդական, կենսաթոշակառու, ուջանցի ՄՈՒՐԱԴ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ և գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Դ.Մ.Ս.- Շատ երևույթներ, հավանաբար, ուղղորդվում և կարգավորվում են նախախնամությամբ: Մեր հանդիպման ուշացումը պայմանավորված է ոչ թե մարդկային, այլ սոցիալական գործոնով, ժամանակի թելադրանքով, պարտադրված անհարմարություններով, որն ամենևին իմ սրտով չէ, որովհետև հաճախ հրամցվում են անակնկալներ, կտրուկ փոփոխություններ և շրջադարձեր, որոնք անհամատեղելի են ապրելակերպի մեր բնույթին ու պատկերացումներին: Կյանքը դժվարացել և բարդացել է, մեծացել է լարվածությունը մեր կենցաղում, մարդկային հարաբերությունները, ընդհանրապես, գոյությունդ կարևորող երևույթներն ու մարդն իր հարուստ ներաշխարհով երկրորդական պլան են մղվել՝ տեղը զիջելով նյութական արժեքներին, փողին, ապրանքին, և այլ անշունչ իրողությունների, որոնց մեր սերունդն անտարբերությամբ, հաճախ նաև արհամարհանքով է վերաբերել: Մեծ դժվարությամբ ենք վաստակում հանապազօրյա հացը, կրում ապրուստի հոգսը, սուղ է ժամանակը, միջոցներն անբավարար: Հեռացել ենք լիարժեք մարդավայել ապրելակերպից: Բազմաթիվ չափանիշներ կտրուկ անկում են ապրել, և շատ դեպքերում գոյությունը քարշ տալով օրը մթնեցնելը գնահատվում է որպես հաջողություն: Ակամայից օտարանում են նույնիսկ հին ընկերները: Հյուր չենք ընդունում և հյուր չենք գնում՝ խուսափելով միմյանց նեղություն պատճառելուց: Մի խոսքով, հաճելի և եզակի առիթ է ինձ համար գյուղում լինելը, բացօթյա նստելն ու զրուցելը: Փառք ու պատիվ Անդրանիկ զորավարին, որի ոգին թափառում է ՈՒջանի երկնքում, և հենց նրա արձանի բացման 50-ամյակին նվիրված հանդիսությունն ամիսներ առաջ առիթ դարձավ այս տարվա մեր առաջին հանդիպմանը:

Մ.Մ.- Համաձայն եմ: Անդրանիկ զորավարն իր ոգեղեն ներկայությամբ և հզոր, անմեկնելի էությամբ, ասես, շարունակում է իր ազգանվեր գործը, եթե ոչ ֆիզիկական ներկայությամբ և զենքով, ապա սերունդների հիշողության մեջ՝ Հայրենիքի, միասնության գաղափարներով դաստիարակելով ու պահպանելով ազգի ինքնության և ազատության սկզբունքները: Փորձենք մտովի տեղափոխվել հիսուն տարի հետ՝ 1967 թ. հունիսի 4-ի օրը, երբ կանգնեցվեց Զորավարի առաջին արձանը Հայաստանում: Միանգամայն այլ իրավիճակ էր ՈՒջանում: Գյուղը վերածվել էր մի յուրօրինակ ամրոցի: Դեռևս ողջ էին նրա զինվորներից մի քանիսը, որոնք պահոցներից հանեցին իրենց հրացաններն ու ամբողջ գիշեր հսկեցին աշխատանքները, որ իշխանությունները տհաճ անակնկալ չմատուցեն: Եվ իսկապես, գիշերը լույսերը մարեցին կենտրոնից: Գյուղ մտավ միլիցիոներների խումբ, որը հակառակ հանձնարարությանն իր օգնությունն առաջարկեց: Այդ օրն ՈՒջանը վերածվել էր համայն հայության երազանքն ի կատար ածման, նաև տևական ժամանակ կուտակված վրդովմունքի պոռթկման, ոգեղեն ըմբոստության էպիկենտրոնի, բայց դա նախ և առաջ խոնարհում և խնկարկում էր Մեծ հայրենասերի անվան և հիշատակի առջև: Թվում էր, թե ժողովուրդը միասնական մի զորքի նման, Զորավարի մտավախությունը փարատելով, լուռ համերաշխությամբ երդվում է նրա հուշարձանի առջև, որ տեր է իր սրբություններին, որ չի հանդուրժի իր ազգային իղձերին խոչընդոտող թվացյալ անխորտակ պատնեշներ, որ նրա գործը կիսատ չի թողնի, որ կհետապնդի ազգի փայփայած սրբազան երազը, մի օր կիրագործի նրա պատգամը՝ կազատագրի Մշո սուրբ Առաքելոց վանքն ու այնտեղ կրթարան կհիմնի…
Դ.Մ.Ս.- Դա փաստվեց Արցախյան ազատամարտին ուջանցիների մասնակցությամբ, և դարձյալ գլխավոր դերակատարն ու կազմակերպիչը, ինչպես հիսուն տարի առաջ, բժիշկ Հարութն էր՝ Հարություն Հարությունյանը: Բնության և հասարակության կյանքում ամեն բան, ըստ երևույթին, փոխկապակցված է: Ո՜վ գիտե, թե ինչ աղերսներ գոյություն ունեն 1960-ական թվականների կեսերի և 1990-ականների սկզբի իրադարձությունների միջև:
Մ.Մ.- Հարութը եզակի անձնավորություն էր՝ հզոր, ըմբոստ, ազատատենչ, հայրենիքի ինքնամոռաց նվիրյալ, ասես Սասնա ծռերի անմիջական ժառանգորդը լիներ, էպոսի հերոսական պատումից սերած անկանխատեսելի և անկրկնելի մի խենթ ու ծուռ: Իզուր չէ, որ Սիլվա Կապուտիկյանը նրա մասին գրել է, թե Հարութն անվախ էր նույնիսկ վախի տարիներին… Հիշում եմ, դեռ աշակերտական նստարանից նրա մեջ մի ներքին հակակրանք կար խորհրդային արժեքների հանդեպ, որը հաճախ բացահայտորեն չէր էլ թաքցնում: Խորհրդային հայրենասիրությունն ընդհանրական էր, համախորհրդային, այլ ոչ ազգային, որի հետ Հարութը ոչ մի կերպ չէր հաշտվում: Նրա ներքին ընկալումներն ու զգացողությունները Հայրենիքի հանդեպ այնքան զորեղ էին, որ մի տեսակ պատնեշել էին նրան հասակակիցներից, որպես առանձին անհատականություն, որն իր ուրույն աշխարհը, մտածողությունն ու մտահոգություններն ուներ… Նա ինքն էլ զգում էր իր սրտի յուրօրինակ բաբախյունը, իր մտածողության ինքնուրույնությունը և, բնականաբար, այլոց հետ փոխհարաբերություններում նրա խոսքը հնչում էր կոշտ ու կոպիտ: Իրականում չափազանց բարի էր, պատրաստակամ օգնության ձեռք մեկնելու նեղության մեջ հայտնված անծանոթին անգամ, պատկառում էր հատկապես կիրթ և գրագետ մարդկանցից:
Հարութի հետ մեր ընկերությունը սկիզբ առավ, երբ նա վերադարձավ զինվորական ծառայությունից, իսկ մտերմացանք արդեն Անդրանիկի արձանի կանգնեցման աշխատանքների ընթացքում և ազգային գաղափարախոսության քարոզչության շուրջ:
Դ.Մ.Ս.- Դուք համագյուղացիներ եք, կարծեմ նաև հեռավոր ազգականներ: Ես Հարութին հիշում եմ 1988 թվականից, երբ մենք մի խմբով, սումգայիթյան սպանդից և Ասկերանի դեմ Աղդամի թուրքերի խայտառակ հարձակումից հետո մեկնեցինք Արցախ և վերադարձանք մարտի 8-ին: Բժիշկը, լսելով մեր Արցախ մեկնելու մասին և չիմանալով, թե երբ ենք վերադառնալու, օրեր շարունակ հերթապահել էր մեր տան մոտ, ինչպես ասում են, առաջին ձեռքից իրականության մասին լսելու համար: Եվ երբ ես նրան ներկայացրի իրավիճակը և շեշտեցի, որ Արցախում հավատում են խնդրի խաղաղ հանգուցալուծմանը, պատմեցի քաղաքակիրթ, օրինական մոտեցումների և կարգախոսների մասին, Հարութը հիասթափությամբ ձեռքը թափ տվեց. թրքի հետ քաղաքակիրթ բանակցությունն անիմաստ է, Կրեմլը խաբելու է մեզ, անհրաժեշտ է նախապատրաստվել պատերազմի… Եվ կարծեմ, անմիջապես ձեռնամուխ եղավ Բյուրականում զինագործության, փորձարկումների աշխատանքների: Թե առողջարանը, թե նրա տունը կարճ ժամանակում վերածվեցին ռազմաբազայի, որտեղ կուտակվում էր նաև դժվարությամբ հայթայթված, հաճախ բռնի ուժով խորհրդային բանակից խլված զենքն ու զինամթերքը:
Մ.Մ.- Հարութը բազմակողմանի գործունեություն ծավալելու ընդունակ անձնավորություն էր. Բյուրականի Արագած մանկական առողջարանի գլխավոր բժիշկն էր, 1965 թվականից ղեկավարում էր հայրենասերների ընդհատակյա խումբ, որի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել Անդրանիկ զորավարի արձանն ՈՒջանում: Նա նաև, իր երկարատև ուսումնասիրությունների և միջնադարյան բժշկարանների իմացության շնորհիվ, հրատարակեց «Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր» գիրքը: Ընդհանրապես, խիստ ակտիվ լինելով, ամենահաս էր բոլոր այն վայրերում, որտեղ տագնապալի էր բաբախում հայ մարդու զարկերակը: 1988 թ. մասնակցեց Սպիտակի երկրաշարժի փրկարարական-բուժսպասարկման աշխատանքներին: Արցախյան պատերազմի տարիներին զինվորագրվեց, կազմակերպեց ուջանցի ազատամարտիկների ջոկատը, որի առաջին զոհը Նորիկ Հարությունյանն էր, որը հերոսաբար զոհվեց Կոռնիձորում 1989 թվականին և այժմ հանգչում է ՈՒջանի ազատամարտիկների պուրակ-պանթեոնում: 1989-1993 թվականներին անձամբ մասնակցեց մարտական գործողություններին, «Արծիվ մահապարտների շարքերում», որպես դասակի հրամանատար, Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական-ազատագրական մարտերին, միաժամանակ լինելով և զինվոր, և բժիշկ… Զինադադարից հետո իր ղեկավարած մանկական առողջարանում ապաստան տվեց և բժշկական ծառայություններ կազմակերպեց վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքների և ծնողազուրկ, նաև Աղետի գոտուց տարհանված երեխաների համար: Շուշիի ազատագրման մարտերում Հարութը վիրավորվեց, բայց դեռ լիովին չապաքինված իր Վահագնածին ջոկատի հետ վերադարձավ Արցախ: 1992 թ. մարտական կարևոր առաջադրանք կատարելիս կրկին վիրավորվեց և կոնտուզիա ստացավ… Վերադարձավ տուն:
Դ.Մ.Ս.- Այսինքն, Հարութի ողջ գիտակցական կյանքը կարելի է ընկալել որպես մերօրյա ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշերից մեկը, անձնուրացության փառահեղ օրինակ:
Մ.Մ.- Անկասկած: Նա անպատմելի նվիրում ուներ այն ամենի հանդեպ, ինչն ազգօգուտ է՝ գաղափարաբանությունից, փիլիսոփայությունից մինչև գործնական ձեռնարկներ: Սիրում էր պատասխանատվության ծանր բեռը վերցնել իր վրա, հավանաբար դա հոգեբանորեն վերապահված է առաջնորդի բնավորություն կրող անձանց: Ըստ իս, նրա տեսակն էր այդպիսին՝ բնատուր կազմակերպչական տաղանդ, պատասխանատվությունն իր վրա վերցնելու պատվախնդրություն: Նա խիստ պահանջկոտ էր նախ և առաջ իր անձի հանդեպ, և դա ապացուցում էր անձնական օրինակով, համարձակ նախաձեռնությամբ: Դեռ այդ ժամանակներից սկսած նրա զրույցների, մտահոգությունների հիմնական թեման հայոց պատմությունն էր: Այդ հարցում Հարութը մտասևեռուն և ծայրահեղական էր: Ընթերցում էր բացառապես պատմական թեմայով գրքեր, պատմավեպեր, իսկ երբ արգելանքից հանվեցին և բարձր տպաքանակներով լույս ընծայվեցին Րաֆֆու երկերը, վիպասանը և նրա կերտած կերպարները դարձան Հարութի կուռքն ու պաշտամունքը: Բայց Հարութն այլ ընկալում ուներ. նա իրեն տեսնում էր բոլոր հայրենանվեր գրական հերոսների կերպարում, հավանաբար ձգտում նրանցից քաղել ամենայն դրականը, և դա բնավ արհեստական նմանակում չէր, այլ բնավորություն, մի տեսակ ինքնաբացահայտում և ինքնահաստատում՝ վիպական հերոսների միջոցով: Վիպագրության ոլորտում՝ Րաֆֆին, բանաստեղծության՝ Հովհաննես Շիրազը, Հարութի հոգևոր, գաղափարական ուղենիշներն ու առաջնորդներն էին:
1964 թվականի հոկտեմբերին Երևանում նկարիչների տանը բացվեց ԱՄՆ-ի նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես, որը նոր և իր ուրույն ասելիքով հետաքրքիր ու եզակի էր: Այցելուներին նվիրում էին մեկական ալբոմ և գրչածայրի պատկերով կլոր կրծքանշան: Ես հաջորդ օրը կրկին այցելեցի ցուցասրահ և խնդրեցի ցուցահանդեսն ուղեկցող, եթե հիշողությունս չի դավաճանում՝ պարոն Գուրգենից, մի քանի ալբոմ ու կրծքանշան: ՈՒշ ժամ էր: Այցելուներ շատ չկային: Մենք զրույցի բռնվեցինք: Նա հետաքրքրվեց, թե ինչով եմ զբաղվում, որտեղից եմ: Իմանալով, որ ՈՒջան գյուղից եմ, և ծնողներս սասունցիներ են՝ թռուցիկ ակնարկեց, որ հաջորդ տարի լրանալու է Եղեռնի 50-ամյակը, և Սփյուռքում պատրաստվում են լայնորեն նշելու այն, նաև բողոքի ցույցերով: Հաջորդ օրը ես այցելեցի ցուցահանդես ընկերոջս՝ Նորիկ Ասատրյանի հետ: Ցավոք, պարոն Գուրգենն այնտեղ չէր: Հավանաբար այդ մարդը հատուկ առաքելություն ուներ Հայաստանում և բացահայտվել էր… Նա չկար, բայց արդեն սաղմնավորվում էր ՈՒջանում 1965 թ. ապրիլի 24-ին հանրահավաք կազմակերպելու միտքը, որն անհնար էր իրականացնել առանց Հարություն Հարությունյանի: Սակայն վերջինս և Նորիկը սիրել էին մի գեղեցկուհու, որին թեև արդեն կնության էր առել մեկ ուրիշը, բայց երկու ընկերների միջև հարաբերությունները շարունակում էին մնալ սառն ու անհանդուրժող: Դժվարին ու բարդ խնդիր էր նրանց հաշտեցնելը, և միայն ազգային որևէ խնդիր ու դրան առնչվող գործողություն ծավալելու հանգամանքը կարող էր Հարութին դրդել քարերը փեշից թափելու: Հաշտությունը կայացավ հնձած ցորենի արտում՝ երկար համառելուց հետո: Ես նրանց ներկայացրի իմ և պարոն Գուրգենի կարճատև զրույցը: Հարութը մի պահ կարկամեց, ապա իր սովորույթի համաձայն բութ և ճկույթ մատները ցցած, բռունցքն օդում թափահարելով, դիմեց Նորիկին.
-Վերջ, Սուսանը քոնն է:
Ինչու հիշեցի այս դրվագը. որ առավել ցայտուն և ընդգծված ներկայացնեմ Հարութի հայրենապաշտության և ազգասիրության չափը. նա զիջեց իր փայփայած անձնական սիրո և երջանկության զգացումը հանուն անանձնական նպատակի, գաղափարի: Այդ վեհանձնության հիմքում հայրենիքն էր: Նրա պատկերացրած հայրենիքը… Հաջորդ շաբաթ օրը գյուղում Հարութն արդեն ինձ էր սպասում որոշակի մտահղացմամբ: Հանձնարարեց, որ հորիցս վերցնեմ դպրոցի բանալիները (հայրս դպրոցի պահակն էր) և երեկոյան սպասեմ իրեն՝ հետայդու դպրոցի պահակը մենք ենք լինելու… 1964 թվականի նոյեմբերն էր: Երեկոյան, արդեն դպրոցի ուսուցչական սենյակում, սեղանին դրեց մաքուր թղթեր, թանաքաման ու գրիչ, ապա հոնքերը կիտած, ասես հասկացնելով գործի լրջությունը, ուղղակի հրամայեց. «Սկսում ենք թռուցիկների միջոցով ժողովրդին արթնացնելուց»: Կարճ ժամանակ անց այդ աշխատանքներին ներգրավեցինք մի քանի վստահելի աշակերտների, ովքեր արտագրելով բազմացնում, ապա տարածում էին թռուցիկները: Չերկարացնեմ: 1965 թ. ապրիլի 24-ին ՈՒջանում նշվեց Եղեռնի 50-ամյակը, նախ բացօթյա, ապա ակումբում: Սակայն թռուցիկների միջոցով ժողովրդի հետ խոսելու, նրա գիտակցության մեջ ազգային ջիղն արթնացնելու գործը որոշ ընդմիջումներով շարունակվեց ևս մեկ տարի: Թիրախավորվում էին ապազգային երևույթները, արագ բազմացող ռուսալեզու դպրոցները և, ընդհանրապես, Սպիտակ եղեռնի տարաբնույթ դրսևորումներ: Թռուցիկների տարածման աշխատանքներին մասնակցում էին Մուրոն, Արծրունը, Վանիկը, Ազոն…
Դ.Մ.Ս.- Ո՞ր Ազոն, Սաֆարյա՞ն: Ես առիթ եմ ունեցել Ազատին ճանաչելու Արցախյան շարժման շրջանում: Պայթուցիկների պահեստապետն էր: Գիտե՞ս, թե քանի տոննա ամոնալ ենք նրա հետ «գողացել» պահեստից և պարկերով ուղարկել ուր հարկն է: Հրաշալի և խիզախ մարդ էր: Ափսոս, շուտ հեռացավ կյանքից…
Մ.Մ.- Հենց նա: Ընդհանրապես, Հարութին հաջողվեց նվիրյալների մի կուռ խումբ ձևավորել, որին անդամագրվեցին ոչ միայն մեր համագյուղացիները: Կարող եմ հիշատակել մի քանիսին. Պետրոսյան Արծրուն, Սարգսյան Մուրադ, Եղսոյի Վանիկ, Պապիկ Անդրանիկ, Մարգարյան Էդվարդ, Մանուկյան Սարգիս, Խաչատրյան Լյուդվիգ, ուրիշներ: Եթե ամփոփ ներկայացնեմ, ապա ՈՒջանում 1965 թ. կազմակերպման հիմնական չակերտավոր մեղավորները երեքս էինք՝ Հարությունյան Հարութը, Ասատրյան Նորիկը և ես: Հարութի երևակայությունն անսահման էր, համարձակությունը՝ անսանձելի: 1968 թվականի ապրիլի 24-ին, նրա մտահղացմամբ, գյուղի բարձրադիր վայրերում, որոնք անպայման պետք է տեսանելի լինեին Թուրքիայից, վառվեց յոթ խարույկ: Թեև խարույկները մարելու նպատակով ակտիվ միջամտություն հանդես բերեց միլիցիան, որովհետև հարևան երկիրը բողոքի վերջնագիր էր ներկայացրել, սակայն դա նրանց չհաջողվեց, իսկ Ցեղասպանության հիշատակության օրը խարույկներ վառելը դարձավ ամենամյա ավանդույթ և շարունակվում է առայսօր, 1985 թվականից հետո մի փոքր խմբագրմամբ՝ խարույկներով արձանագրվում է յուրաքանչյուր տարելիցի թվականը…

Դիտվել է՝ 4585

Մեկնաբանություններ