«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Իմ մտադրությունն է հասկանալ մի ժողովրդին մյուսի միջոցով»

«Իմ մտադրությունն է հասկանալ մի ժողովրդին մյուսի միջոցով»
17.11.2017 | 11:50

Մեծ է սփյուռքահայ բանաստեղծ Զարեհ Խրախունու պոեզիայի շառավիղը։ Ի թիվս այլ ազդակների, նրան ոգեշնչում էր երաժշտությունը` հատկապես Բեթհովենի և Շոպենի։ Եվ իր տպավորությունները նա վերաձուլում էր հրեղեն խոսքի։ Այսպես ծնվեց «Մեկնաքերթուածներ» բանաստեղծական շարքը, որը բացվում է «Հարց առ երկնաւորն» քերթվածով։ Այն, ըստ Խրախունու, Բեթհովենի դաշնամուրային 4-րդ կոնցերտի 2-րդ մասի խոհական երաժշտության մեկնաբանության մի փորձ է։ Շարքի մյուս բանաստեղծությունները նվիրված են Շոպենի դաշնամուրային նոկտյուռններին։


Կոմպոզիտորի հինգ նոկտյուռններին համապատասխան Խրախունին գրել է հինգ բանաստեղծություն` իրենց բնութագրական վերնագրերով։ Ահավասիկ, «Թևաբեկ», «Տարափ», «Վարանում», «Ընդվզում», «Հնչյիւններ»։ Հիշեցնենք, որ երաժշտությունը չի տրվում որևէ թարգմանության, սակայն լսողը կարող է այս կամ այլ կերպ, պայմանական, փոխաբերական լեզվով արտահայտել իր տպավորությունները։ Թեպետ, ինչպես Մանդելշտամն էր ասում, եթե բանաստեղծությունը հնարավոր է լինում վերապատմել, ուրեմն այնտեղ պոեզիայի նշույլ չկա։ Առավել ևս, եթե փորձեն «վերապատմել» երաժշտությունը, որն անտեսանելի է, աննյութ, ոչ առարկայական։ Մեր պարագայում գործում է մեկ այլ ուժ. ինչպես ասում են, սոխակի դայլայլը լսելով` նույնիսկ ագռավն է ուզում երգել։ Արվեստի հատկություններից է նաև այն, որ ընկալողին էլ ինչ-որ չափով պոետ է դարձնում։ Պատկերացնենք հակառակը. եթե Շոպենը նախ կարդար Խրախունու քերթվածները (ինչպես, օրինակ, Լիստը` Պետրարկայի սոնետները, կամ հենց ինքը` Շոպենը, որ Միցկեևիչի ազեցությամբ էր ստեղծել իր 2-րդ բալլադը), ոգեշնչվեր ու դրանց հիման վրա հորիներ հինգ նոկտյուռն, արդյո՞ք արդյունքում նույն երաժշտությունը կստացվեր։ Անշուշտ` ոչ։ Բայց քերթվածների ընդհանուր տրամադրությունը կպահպանվեր, ինչը տեղի է ունենում, առհասարակ, ծրագրային երաժշտության մեջ։ «Նոկտյուռնն» արդեն իսկ ինչ-որ չափով ծրագրային է, քանի որ այն գիշերերգ է և նախապես պայմանավորված է կերպարների, տրամադրության շրջանակով։ Նույնը և «բարկարոլայում», «հովվերգությունում» և ծրագրային երաժշտության այլ ժանրերում: Խնդրո առարկայի վրա լույս է սփռում երաժշտագետ Իգոր Բելզայի հետևյալ դիտարկումը. «Շոպենի 15-րդ պրելյուդը, որն արդեն տարիներ շարունակ անվանում են «անձրևային պրելյուդ», համարելով, որ միջին ձայնում համառորեն կրկնվող հնչյունները (առավելապես լյա-բեմոլը և սոլ-դիեզը) նմանակում են անձրևի կաթիլների աղմուկը։ Հեղինակի մտահղացմանը համընկնող նման մեկնաբանությունը հաստատող և ոչ մի տեղեկություն մենք չունենք։ Սակայն ինչպիսին էլ լինեն այդ պրելյուդի արտահայտչական (իրական կամ երևակայական) տարրերը, նախ և առաջ հարկ է խոսել նրա ներքին խոր բովանդակության մասին»։ «Անձրևային նոկտյուռն». այսպես կարելի է պատկերավոր անվանել նաև օպուս 15, թիվ մեկ նոկտյուռնը, որից բխած իր բանաստեղծությունը Զարեհ Խրախունին վերնագրել է «Տարափ»։ Սակայն սրան կանդրադառնանք ստորև։


Իսկ այժմ դիտարկենք առաջին քերթվածը` «Թևաբեկը», որը բխել է մի-բեմոլ մաժոր, օպուս 9, թիվ 2 նոկտյուռնից։ Այս քերթվածի ռոմանտիկ պոռթկումներով լի հերոսը տենչում էր Իկարոսի պես թև առնել, արծվել երկինք, «աստղեր որսալ, նորածագ հորիզոններ բանալ», «հազար հրաշք անիմաց» ու այս ամենը նվիրել... Սակայն մի անորոշ ուժ, կամ հիասթափությունը խափանեց այդ պոռթկումը, և նա ընկավ գետնին, և «խելառ հովերն» սկսեցին նրան տարուբերել, «ինչպես մի թպրտուն թիթեռնիկի»... «Թևաբեկ» քերթվածում հեղինակը կարողացել է արտացոլել տվյալ նոկտյուռնի և առհասարակ, Շոպենի ամբողջ արվեստի ամենաբնորոշ տրամադրությունը` հույզը, այն է` «ափսոսը», «ափսոսանքը»։
Այժմ անդրադառնանք վերը նշված «անձրևային նոկտյուռնին»` «Տարափին», որը հիմնված է օպուս 15, թիվ 1 նոկտյուռնի վրա։ Ինչպես «անձրևային պրելյուդում», այստեղ ևս անձրևի կաթիլներին նմանակող հնչյունները` տրիոլները, որպես եռատրոփ, մեղմօրոր «հնչյուններ» անցնում են միջին ձայնում։ Նոկտյուռնի միջին մասը բացվում է բասերի որոտընդոստ ներխուժումով, որն ուժեղացվում է վերին ձայների ալեկոծումով։ Նույնը տեղի է ունենում Խրախունու քերթվածում, որը նույնպես ունի եռամաս կառուցվածք։ Այստեղ էլ 2-րդ մասն սկսվում է անսպասելի ժայթքումով։ Բանաստեղծության 3-րդ կտորը` «ռեպրիզը», նույնպես համահունչ է նոկտյուռնի 3-րդ մասին` ռեպրիզին, որտեղ վերականգնվում են 1-ին մասի տրամադրությունը, մեղմօրոր հնչողությունը, սակայն շշուկով...


3-րդ քերթվածը` «Վարանումը», ֆա-դիեզ մաժոր, օպուս 15, թիվ 2 նոկտյուռնի արձագանքն է։ Այն իր կատարելությամբ և նրբագեղությամբ կարող է հիշեցնել Շոպենի դաշնամուրային 2-րդ կոնցերտի 2-րդ մասը, որը Ֆերենց Լիստը համարում էր կատարելատիպ, իդեալ։ Ըստ Ֆրիդրիխ Նիցշեի, քերթողական արվեստի միջոցներն ամբողջությամբ վերցրած ի զորու չեն արտահայտելու մի գողտրիկ մեղեդու արտահայտչականությունը, գեղեցկությունը։ Այս խոսքերը կարելի է վերագրել նաև օպուս 15, թիվ 2 նոկտյուռնին։ Խրախունին իր տպավորությունն արտահայտել է այլաբանորեն։ Նրա քերթվածում մեղուն ծաղկից ծաղիկ է թռչում, նեկտար հավաքում, մինչդեռ մոծակներն ու գոռեխները խանգարում են մեղվին, սև թևերի «ալեբախումներով» ստվերում նույնիսկ լույսը, ինչը վառ կերպով արտահայտվում է նոկտյուռնի 2-րդ մասում (հատկապես մինոր դրվագում)։ Եվ մեղուն երկընտրանքի մեջ է ընկնում` արդյոք շարունակի՞ նեկտար հավաքել, թե՞ վերադառնա «մայրախնամ, ապահով» փեթակ...


Զարեհ Խրախունու բանաստեղծական շարքի 4-րդ քերթվածը` «Ընդվզումը», բխել է դո-դիեզ մինոր, օպուս 27, թիվ 1 նոկտյուռնի ծոցից։ Այն, ինչպես «Տարափ» քերթվածը, խիստ համահունչ է, այսպես ասած, «բնօրինակին», այսինքն` նոկտյուռնին։ Այն բանաստեղծությունը կարծես «պատճենահանել» է երաժշտության մեջ կատարվող իրադարձությունները, հնչյունային հոսանքի ընթացքը։ Նոկտյուռնն ունի հնչուժի ահռելի դիապազոն։ Այն սկսվում է երկու պիանոյից, հասնում մինչև պայթուցիկ երեք ֆորտե, այնուհետև հնչյունազանգվածի այդ մակընթացությունը հետզհետե փոխվում է տեղատվության, և ռեպրիզում վերադառնում է «ի շրջանս յուր»։ Խրախունու բանաստեղծությունը նույնպես սկսվում է մեղմ` կանթեղի հազիվ նշմարելի լույսի մի շողից, հասնում մինչև «տիեզերական հրդեհի» ու, մարելով, վերածվում է հույսի մեղմիկ լույսի։
Բանաստեղծական շարքը եզրափակում է «Հնչիւններ» քերթվածը։ Շոպենի նոկտյուռնի հնչյունների «ալիքների տարուբերումը», զեղումները պոետն ընկալում է որպես «կարոտի աղաղակ», որպես «ափսոսանք», որպես հրակեզ բառեր` «երբեք չըսուած»։ Թվում է, թե Շոպենի այդ «չըսուած բառերը» պոետը կռահել է և դրանցից կերտել ի՛ր բանաստեղծությունը։ Չէ՞ որ, ինչպես Գյոթեն է ասել, պոետը պիտի կարողանա լսել նույնիսկ խոտի աճելու ձայնը։
«Հնչիւններ» քերթվածում Խրախունու խոսքը, կարելի է ասել, հասնում է սիամանթոյական արտահայտչականության։ «Տարափ», «Ընդվզում» և «Հնչիւններ» քերթվածների որոշ կերպարներ կարող են հիշեցնել Սիամանթոյի «Արցունքներս» կարոտակեզ, ափսոսանքով լի բանաստեղծությունը, որտեղ «չըսուած բառերի» պես, չլսված երգի փոխարեն, արցունքներ են բխում։ Ահավասիկ.

Այս գիշեր երազիս մեջ, ձեռքս առի զքեզ,
ո՛վ քաղցրախոս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան` ինչպես
համբույր մը հին օրերու,
Բայց շունչս յիշատակներու զարթնումէն
յանկարծորէն մեռաւ,
Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ, շիթ առ շիթ,
արցունքներս էին,
որ ինկան վար...։

Իսկ սրանք Խրախունու կերպարներն են.

«Կաթիլներ, կաթիլներ,
Շիթեր, շիթեր, կայլակներ...
Կը պայթին օղակ-օղակ...»։

ԸՆԴՎԶՈՒՄ
Նշոյլը, որ կը կաթի կանթեղէն,
Նշոյլը, որ կը ցաթի լապտերէն,
Հայելիիս մէջ կը ծագի, որպէս շառայլ
խորխորատի խաւարին դէմ անողոք,
որպէս արեգ կենդանութեան մշտանորոգ,
Սառած լճի արեւահար ու կայծկլտուն
երեսին,
ՈՒրկէ յանկարծ կը յառնեն
Վրդովանքի ու խռովքի գոլորշիներ
խառնածին,
Որոնք ընդհուպ
Կը պարուրեն ողջ էութիւնս ընդվզումով
մ’անխորտակ-
Կը զգամ խրոխտ քայլերգներու թնդիւնը
բորբ կուրծքիս տակ
Եւ դոփիւնը արշաւասոյր սմբակներու
հրարծարծ,
Որոնք կարծես շեփորներու գոռումներէն
հալածուած,
Կը զարնուին ու կը հալին,
Կ’ըլլան փրփուր ու կաթիլ
թոյլ պատերուն դէմ սրտիս,
Կը կորսուին մթախորհուրդ վիհին մէջ...

Մինչ տակաւին
Ան կը ծորի շիթ առ շիթ,
որպէս օրհնէնք ու ժպիտ,
որպէս սփոփ, որպէս լո՜յս
Ձեռքերս ի վար, աչքերս ի վար իմ
անյոյս...։

Ավարտելով մեր խոսքը Շոպենի երաժշտության արձագանքների մասին, կրկին հիշենք կոմպոզիտորի այն մեկ հատիկ խոսքը, որով նա բնորոշել է իր երաժշտարվեստի հիմնական տրամադրությունը, հույզը, այն է` «ԱՓՍՈ՛Ս»։ Ափսոս, որ ժողովուրդների մերձեցումը, բարեկամությունը չեն հասնում այն ներդաշնակությանը, որն առկա է նրանց լավագույն զավակների արվեստում և ծիածանում է նրանց սրտերը` Շոպենի և Խրախունու, Լիստի և Պետրարկայի, Բրամսի և Հաֆեզի, Կոստան Զարյանի և Ռեսպիգիի, Ավետիք Իսահակյանի և Ռախմանինովի...

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 12504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ