Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ անակնկալ է պատրաստում Ռոնալդուն

Ի՞նչ անակնկալ է  պատրաստում Ռոնալդուն
17.11.2017 | 11:52

Ինչպես տեղեկացնում է El Chiringulto-ն, գալիք ամառ Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի ընտրանու գերաստղ Քրիշտիանու Ռոնալդուն կլքի «արքայականի» շարքերը: Սույնի մասին «Ոսկե գնդակի» քառակի տիրակալը բարձրաձայնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած անձնական զրույցի ժամանակ:

Ավելի վաղ ֆուտբոլիստը հրաժարվել էր ակումբի հետ ունեցած քառամյա պայմանագիրը երկարաձգելուց՝ հայտարարելով, որ իրեն փայլուն է զգում բոլոր առումներով, իսկ ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարացնելը տվյալ փուլում առանձնակի որոշումներ կայացնելու հիմքեր չի տալիս. ««Ռեալում» ինձ համար ամեն ինչ հրաշալի է: Պայմանագիրը նախատեսված է չորս տարվա համար, չեմ ցանկանում այն երկարացնել: Ամեն ինչ նորմալ է»:
Դժվար չէ ընդամենը առաջին հայացքից պարզ թվացող այս հայտարարությունում հակասություններ տեսնելը, որքան էլ պորտուգալացին խոսքն ավարտում է «ամեն ինչ նորմալ է» լավատեսական նոտայով:


Փորձենք առանձին կետերով անցնել նրա հայտարարության վրայով:
Ընթացիկ մրցաշրջանը հարձակվողի համար միանշանակ լավ գնահատել, թերևս, չի կարելի: Ամռանը երկար ժամանակ վերականգնվում էր վնասվածքներից, «Մանչեստր Յունայթեդի» հետ Եվրոպայի սուպերգավաթի խաղում հայտնվեց ընդամենը մի քանի րոպեով, փոխարենը փայլում էր Իսպանիայի գավաթի՝ «Բարսելոնի» հետ մրցակցությունում, որտեղ թեև մեկ խաղակես խաղաց (երկրորդում է դաշտ դուրս եկել, ու դա ոչ թե Զիդանի տակտիկական մտահղացումներով էր պայմանավորված, այլ ֆուտբոլիստի ընդհանուր վիճակով), այդուհանդերձ, իր ներկայությունը նշանավորեց դարպասի գրավումով:
Պորտուգալացու գործերը սկզբունքորեն վատ չեն ընթանում Չեմպիոնների լիգայի հանդիպումներում (խմբային փուլի չորս խաղում արդեն հեղինակել է վեց գոլ), սակայն սրա փոխարեն երկրի ներքին առաջնության խաղերում չի կարողանում նշանառությունը տեղը բերել. յոթ խաղում մեկ գոլը ոչ մի կերպ չի ներդաշնակվում ֆուտբոլային այս առաջին մեծության աստղի անվան հետ: Ասում են, որ նրա սակավագոլությունը պայմանավորված է թիմի ներսում եղած խնդիրներով (մասնավորապես, Իսկոն իր դժգոհությունն է հայտնել խաղը գերազանցապես նրա վրա կառուցելու առնչությամբ, ինչը մնացածին զրկում է դարպասը գրավելու հնարավորությունից), սակայն դա լավագույն ռմբարկուի մրցակարգում արդարացում չէ, մասնավորապես, արդեն տասներկու գոլ հեղինակած Մեսիի հետ հեռակա մրցակցությունում, մանավանդ որ, վերջինս ինչ ինտենսիվությամբ դարպաս է գրավում, նույն ինտենսիվությամբ էլ գոլային փոխանցումներ է կատարում՝ խաղընկերներին նույնպես հաղորդակից դարձնելով դարպաս գրավելու վայելքին:


Թեպետ պակաս ֆուտբոլային թեմա է, այդուհանդերձ, ֆուտբոլիստի կյանքից մի փաստ էլ ներկայացնենք, որն առանձնապես կհետաքրքրի նրա կին երկրպագուներին: Վերջերս է ծնվել Ռոնալդուի երկրորդ աղջիկը, ու, ի տարբերություն երկու եղբայրների ու քրոջ, այս փոքրիկը փոխնակ մայրերից չէ:
Ինչևէ: Դառնանք ֆուտբոլային գործերին:
«Ռեալից» նրա հեռանալու մասին լուրերը մեկ անգամ չէ, որ շրջանառության մեջ են դրվում. դրանցից վերջինն անցած ամառ էր: Ֆուտբոլիստը «արքայականից» պատրաստվում էր հեռանալու երկրի հարկային մարմինների հետ ունեցած հակասությունների պատճառով: Այն ժամանակ ակումբն ու նրա նախագահ Պերեսը համակողմանիորեն աջակցեցին ֆուտբոլիստին, և պորտուգալացին մտքափոխ եղավ: Այդ մնալը նրան ու թիմին արժեցավ հաղթանակ թե՛ ներքին առաջնությունում, թե՛ Չեմպիոնների լիգայում: Հատկապես հիշարժան է վերջինը, որը նշանակեց հեղինակավոր այս խաղարկությունում անընդմեջ չեմպիոնություն (միջանկյալ ասենք, որ «Ռեալի» կազմում նա երեք անգամ է հաղթել Չեմպիոնների լիգայում): Այս ամենից զատ, «արքայականի» կազմում Ռոնալդուն արժանացել է երեք «Ոսկե գնդակի» (սա ակումբի համար ռեկորդային ցուցանիշ է):


Եթե «Ռեալից» Ռոնալդուի հեռանալու այս վերջին լուրը բացառելու լինենք, նախորդները կապված են եղել թիմից նոր պայմաններով պայմանագրեր կորզելու հետ, որոնցում ֆուտբոլիստի աշխատավարձը նոր «բարձունքներ» էր նվաճում:
Հիմա իրավիճակը միանգամայն այլ է:
Ակնհայտորեն Ռոնալդուն հակված է Պիրենեյներից հեռանալուն, ու պատճառը միջավայրից առաջացած հոգնածությունն է:
Հարկ համարենք նկատել, որ իր համար ցանկացած անհաճո նորություն ծանր տանող Ռոնալդուն, այսպես ասենք, այնքան էլ գոհ չէ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվողներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի նկատմամբ ակումբի ցուցաբերած հետաքրքրությունից՝ այն համարելով իր անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում:
Արդ փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչ կլինի, եթե ֆուտբոլիստն իսկապես լքի «արքայականը»:


Բնականաբար, նա հիմնովին տաշած քար է, իսկ այդպիսիները գետնին չեն մնում: Ներկա պայմաններում նրան ունենալու հավակնություններ կարող են ունենալ առնվազն երկու գերակումբ: Դրանցից մեկն օրեցօր հասակ առնող վերը հիշատակված ֆրանսիական ակումբն է, որը վերջին տարիներին ապրել է պորտուգալացուն իր կազմում ունենալու երազանքով, թեպետ նրա այստեղ հայտնվելը թիմի համար կարող է ստեղծել որոշակի դիսբալանս. նկատի ունենք թիմի հարձակողական գիծը, որ պակաս հզոր աստղերով չի համալրված:
Մեկ անգամ չէ, որ ֆուտբոլիստին վերադարձնելու ցանկություն է հայտնել «Մանչեստր Յունայթեդը», որտեղից էլ նա հայտնվել է իր համար աստղային «Ռեալում»: Իհարկե, այս դեպքում տեքստից բնավ էլ դուրս թեմա չի դիտարկվի այն հանգամանքը, որ «մանկունիացիներին» գլխավորում է Մոուրինյոն, ում հետ Ռոնալդուի հարաբերությունները «Ռեալի» ժամանակներից այնքան էլ ջերմ չես անվանի, եթե այդ ջերմությունը չորակենք իրականությունն ավելի ստույգ բնորոշող «ի միջի այլոց» բառերով:


Բնականաբար, պորտուգալացին չի կարող չհետաքրքրել չինական, ամերիկյան, արաբական ակումբներին, որոնք նրան ձեռք բերելու համար պատրաստ են խելահեղ փողեր թափելու, սակայն այս տարբերակները դժվար թե գայթակղեն Ռոնալդուին, որը դեռ փառքի բարձունքին է ու դեռ պատմություն խմբագրելու փորձեր է կատարելու: Ի միջի այլոց ասենք, որ «արքայականի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկա պահին մտքով իսկ չի անցկացնում «Ռեալի» գլխավոր աստղին կորցնելու պարագան ու բնավ էլ մտադիր չէ նրան վաճառելու:
Որևէ այլ ակումբ Ռոնալդուի տեղափոխությունն անվիճելիորեն կլինի 2018-ի ամառային տրանսֆերային պատուհանի ամենամեծ գործարքը: Այն հաստատ կխամրեցնի Անտուան Գրիզմանի տեղափոխությունը «Բարսելոն», ինչի մասին արդեն իսկ ակնարկվում է ամենատարբեր մակարդակներով:


Ինչու ե՞նք այսպես հաստատ ասում:
Որովհետև համաշխարհային ֆուտբոլում Մեսի-Ռոնալդու երկյակին հնարավորինս մոտեցել է առայժմ միայն մեկը: Բնականաբար, հասկացաք, որ խոսքը Նեյմարի մասին է: Բրազիլացու մասով աղմուկն արդեն եղել է անցած տարում, իսկ Մեսիի մասով, ինչպես գիտեք, խոսք չկա, ու հազիվ էլ լինի. «Բարսելոնն» ու նա բոլորովին այլ կապերով են կապված: Նման կապերի մասին սովորաբար ասում են, որ դրանք երկնքում են կնքվում: ՈՒրեմն Ռոնալդուն մնում է ամառային տրանսֆերային պատուհանի հնարավոր թիվ «պատուհանի» թիվ մեկ պայթեցնողը: Մնալը մնում է, սակայն դեռ հաստատ չէ, թե ինչ անակնկալ կարող է պատրաստած լինել պորտուգալացին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ