Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հերմինե Նաղդալյան. Կառավարությունը այսօր ներկայացնում է աշխատելու բյուջե

Հերմինե Նաղդալյան. Կառավարությունը այսօր ներկայացնում է աշխատելու բյուջե
17.11.2017 | 12:27

Հայտնի է, որ բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե հաշվապահական ցուցակ, և դա փաստաթուղթն է այն քաղաքական թիմի, որը բյուջեն ներկայացրել է, որը ունի մեծամասնություն խորհրդարանում և կառավարություն է ձևավորել, և այդ փաստաթուղթը բխում է իր ծրագրերից և իր մոտեցումներից: Հայտնի է նաև, որ բյուջեի կազմումը, իսկապես, հնարավորի արվեստն է, ես կասեի, որ սա առանձնահատուկ է հատկապես մեր ժամանակներում և մեր իրավիճակում գտնվող պետության համար, հատկապես, որ համաշխարհային և տարածաշրջանային միտումները և զարգացումները այսօր, ինչպես վերջին տարիներին, բավականին անկայուն են և որևէ երկրի համար ապահովությամբ չեն բնութագրվում: Տարբեր երկրներում տնտեսական վայրիվերումներ են, փոխարժեքի վայրիվերումներ, տարածաշրջանի երկրները նույնպես այդ իմաստով պրոբլեմներ ունեն, և այս բոլոր զարգացումները հայտնի են բոլորիս:


Հայաստանը լինելով բաց և փոքր տնտեսությամբ երկիր` արագ է արձագանքում տնտեսական աշխարհից եկող զարգացումներին: Ցավոք, այս գլոբալ տնտեսական ակտիվության ռիսկերը մեզ համար առավելապես մտահոգիչ են: Բայց ես ուզում եմ Ձեզ բոլորիդ հիշեցնել նաև, որ վերջերս ԵԽԽՎ-ին ներկայացրած իր զեկույցում Տնտեսական համագործակցության և զարգացման համաշխարհային կազմակերպության նախագահ Անխել Գուրիան հիշեցրեց, որ համաշխարհային գործընթացներում այսօր, այո, նկատվում է տնտեսական աճ, բայց դեռևս շատ համեստ:


Այդուհանդերձ արտաքին աշխարհից բխող բացասական զարգացումների պարագայում 2018-ի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է բյուջե, որը կանխատեսում է ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճ, հարկերի ՀՆԱ ցուցանիշի աճ, հարկային եկամուտների էական աճ, այնպիսին, ինչպիսին մենք ունեցել ենք վերջին տարիներին շարունակաբար, և դա եղել է թե տնտեսական զարգացման և թե ստվերի կրճատման և կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում:


ՈՒզում եմ դրվատանքի խոսքեր ասել կառավարության, հատկապես ֆինանսական բլոկի հասցեին, որը այս տարի ներկայացավ նորովի՝ մանրամասն ներկայացնելով իր խորքային ուսումնասիրությունները, այդ թվում՝ տնտեսական ազդակներ, դինամիկաներ և միտումներ, կանխատեսումների կազմումներ, միջազգային ինդեքսներ, հումքային շուկաներ և այլն: Այս ամբողջական աշխատանքի արդյունքում մեզ ներկայացված բյուջեի նախագծում առաջարկվում է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների հնարավորինս օպտիմալ համակցում, որը թույլ կտա ապահովել տնտեսական աճ, պակասորդի կայունացում և կրճատում, պարտքերի սպասարկում և կապիտալ ծախսերի գերակայություն:
Այո, ես համաձայն եմ բոլորիդ հետ, այսօր մեր բյուջեն այնքան լիքը չէ, որ մենք կարողանանք ցանկացած, մեր ուզած և ծրագրած բոլոր գործերը կատարել: Ես շատ կցանկանայի խոսել ՀՀ բյուջեի նախագծի մասին՝ իբրև պրոֆիցիտով բյուջեի ու վստահ եմ, որ հեռու ապագա չէ, երբ մեր բյուջեի եկամուտներն ավելին կլինեն ծախսերից, իսկ արդյունքները էականորեն կազդեն կենսամակարդակի վրա և շոշափելի կլինեն մեր ընտանիքների և մեր քաղաքացիների համար, բայց դրա համար աշխատել է պետք, և կառավարությունը այսօր ներկայացնում է աշխատելու բյուջե:


Մեր երկրի բյուջեները մշտապես ունեցել են սոցիալական ուղղվածություն, այդպես եղել է նույնիսկ ամենածանր ճգնաժամային տարիներին, 2009, 2010-11, երբ աշխարհի բազմաթիվ պետություններ` մեզնից շատ ավելի հզոր ու հարուստ, կրճատեցին սոցիալական ծրագրերը, սոցիալական վճարումները, առողջապահական ծրագրերը, մենք այդ տարիներին չենք արել նման կրճատումներ, և այս բյուջեն նույնպես այդպիսինն է, որը պահպանում է իր սոցիալական ուղղվածությունը, բայց, իհարկե, մենք էլ ձեզ հետ միասին, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, շատ կցանկանանք և շատ ենք աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի ավելի լինեն զարգացման այնպիսի ծրագրերը, որոնք կապահովեն հազարավոր աշխատատեղեր, արտահանման աճ, նոր սպառման շուկաներ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը զարգացնում է առևտրատնտեսական կապերը և ԵԱՏՄ-ի, և ԵՄ-ի հետ, Իրանի հետ, Չինաստանի հետ, աշխարի խոշորագույն տնտեսական խաղացողների հետ: Այս ուղղությունները նոր չեն, բայց աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանի առաջ բացում են նոր հնարավորություններ, նոր ինֆրակառույցների շահագործում՝ նոր ճանապարհներ, նոր միջազգային տնտեսական ծրագրեր: Այսինքն՝ եկող տարվա բյուջեի նախագիծը՝ լինելով առավելագույնս հավասարակշռված և իրատեսական, ունի զարգացման այնպիսի ներուժ, որը մեզ բերելու է պետության ամենակենսական խնդիրների, նախ և առաջ անվտանգության և տնտեսական կայուն աճի ապահովման, որի հետևանքն է լինելու աղքատության նվազումը, աշխատատեղերի ստեղծմումը և կենսամակարդակի բարձրացումը:
Այս դահլիճում էլի է հնչել, և ես ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ միասին՝ Հայաստանի ապագան իրական հատվածի զարգացման մեջ է։ Վստահ եմ, կառավարության այդ պնդումը հիմքեր ունի, և այդ հիմքերից մեկն էլ բյուջետային ուղերձի այն հաստատումն է, որ 2018-ին ևս տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական շեշտադրումները կմնան գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը, արդար և հավասար դաշտի ապահովումը բոլորի համար, ոչ թե մեկ առանձին վերցրած մոլի համար փոքր, միջին ձեռնարկատիրության հենքային ոլորտների, արտաքին տնտեսական քաղաքականության զարգացումը և աջակցումը:


Ես չեմ անդրադառնա դահլիճում հնչած քննադատություններին, և մենք, և կառավարությունը ուշադիր լսել ենք թե բյուջեի հանձնաժողովային քննարկումներում, թե լիագումար նիստում քննարկումների ընթացքը, կառավարությունն աշխատել է մաքսիմալ մանրամասնությամբ ներկայացնել ու բացատրել յուրաքանչյուր թվային տվյալ: Բայց ուզում եմ ասել, որ աշխարհը մենք շուռ չենք տալու, բյուջեները ընտրություններով չենք պայմանավորում, և, եթե ուզում ենք անվանումներ դնել, ես կարծում եմ, որ այս բյուջեն չօգտագործված հնարավորությունների, ռեսուրսների արդյունավետ օգտագործման, պետական ամեն մի դրամի հասցեական և մաքսիմալ արդյունավետությամբ կիրառելու բյուջե է: Ես կոչ եմ անում բոլոր պատգամավորներին՝ մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչներին, թվերի և տոկոսների հետևում տեսնել արդյունքն ու հեռանկարը, տեսնել երկիրն ու քաղաքացուն, ոչ միայն 2018-ի կտրվածքով, այլև՝ զարգացման երկարաժամկետ հնարավորությունների ստեղծման իմաստով: Իմ կարծիքով, այս բյուջեն հենց այսպիսի բյուջե է:

Դիտվել է՝ 3264

Մեկնաբանություններ