Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԻՀ` նշանակում է Ադրբեջանի իսլամական հանրապետություն

ԱԻՀ` նշանակում է Ադրբեջանի իսլամական հանրապետություն
17.11.2017 | 12:35

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության համաժողովից առաջ ԵԱՀԿ նախկին նախագահ (2005-2008), քրիստոնյա-դեմոկրատ Ռենե վան դեռ Լինդենը հարցազրույց է տվել Haggin.az տեղեկատվական պորտալին: Նիդերլանդացի քաղաքական գործիչն ընդգծել է Բաքվի գլխավոր առանձնահատկությունը` Արևելյան գործընկերության մյուս մասնակիցների` Երևանի, Թբիլիսիի, Մինսկի ու Քիշնևի համեմատությամբ: Այդ խմբում Ադրբեջանը միակ իսլամական պետությունն է, թեպետ իսլամական աշխարհում համարվում է աշխարհիկ պետություն: Իրանի Farda-ն, հղում անելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդկուլիևին, նշում է` դիվանագետի խոսքով «Ադրբեջանի Հանրապետությունը ԵՄ-ի հետ մինչև նոյեմբեր չի կարող ռազմավարական համագործակցության համաձայնագիր կնքել»:

Պատճառները շատ են: Առաջին` եվրոպացի շատ փորձագետների կարծիքով` «ԵՄ-ն հայտնվել է ընտրության առաջ` հարևան երկրներ արտահանել կայունություն կամ այնտեղից ներկրել անկայունություն»: Երկրորդ` խնդիրներ կան Արևելյան հարևանության երկրներում խորքային ու ցավոտ բարեփոխումներ կատարելու հետ` կասեցնելու ինստիտուցիոնալ կոռուպցիան, ուժեղացնելու իրավական համակարգի անկախությունը: Բարդ է իրականացնել նաև մարդու իրավունքների վիճակի կոնկրետ քայլեր: Բաքուն ակնհայտորեն փորձում է գործընկերությունը հանգեցնել մի քանի առանձին հարցերի, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը: Թեպետ հասկանում է, որ իրեն կարող է առաջարկվել բոլորովին էլ ոչ այն սցենարը, որ կցանկանար: Երրորդ` վերջին տարիներին փոխվել է ոչ միայն արտաքին աշխարհաքաղաքական ենթատեքստը, այլև իրավիճակը հարևան Մերձավոր Արևելքում, որ ուղղակի կապ ունի Ադրբեջանի հետ: Ռենե վան դեր Լինդենը այդ առումով ընդգծում է. «Բրյուսելի կարծիքով` Ադրբեջանը երկիր է, որտեղ ազատությունն ավելի քիչ է, քան պետք է լինի Եվրոպայում: Բայց Ջիդայի` Իսլամական համագործակցության կազմակերպության մայրաքաղաքի, կարծիքով` Ադրբեջանում ազատությունը չափազանց շատ է, քան պետք է լինի մուսուլմանական աշխարհում: Աշխարհընկալման այդ երկակիությունը` հավելած ամբողջ աշխարհում աշխարհիկ իսլամին աճող սպառնալիքները, Ադրբեջանի իշխանությանը բարդ վիճակում է դնում: Բոլոր փոփոխությունները սողացող (ինչպես Թուրքիայում) կամ արմատական (ինչպես արաբական երկրների մեծ մասում) իսլամականացման` ձևավորվել են հենց ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության զարգացման հիմքի վրա:

Արդյունքները ակնհայտ են: Եվ դա հարուցում է Բաքվի տագնապը, որ ձգտում է խիստ վերահսկողության տակ պահել քաղաքական ակտիվության այդ հատվածը, որ կանոնավոր ջանում են լրացնել իսլամիստական խմբերը: Ինչպե՞ս արձագանքենք մենք` եվրոպացիներս: Հրապարակավ քննադատենք, իշխանություններին անվանենք բռնապետական, սպառնանք մեկուսացումով` հարուցելով եվրոպական ինստիտուտներից հեռու մնալու Ադրբեջանի իշխանությունների ավելի մեծ ցանկությու՞նը: Իսկ գուցե խոսենք նրանց հետ ինչպես իրավահավասար գործընկերների, որ այսօր բախվում են իսլամիստական մարտահրավերների և օգնության կարիք ունեն` եվրոպական արժեհամակարգում մնալու համար»: Աշխարհիկությունը Բաքուն ժառանգել է Խորհրդային Միությունից: Երբ Ադրբեջանը սկսեց ալյանս կառուցել Թուրքիայի հետ «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքով, հիմնվում էր քեմալական սեկուլյարիզացիայի ու թուրքական ազգայնականության գաղափարախոսության վրա: Բացի այդ` Անկարան համարյա թե ԵՄ անդամակցության նախաշեմին էր, որ Բաքվի համար Թուրքիայի միջոցով (Ռուսաստանի փոխարեն) եվրոպական մոդեռնացման նոր հեռանկարներ էր բացում: Հնչում էին եվրոպական օրինակով և որոշակի առումով` եվրոպականին ի հակակշիռ` ընդհանուր շուկայի ստեղծման կոչեր, տարածք միասնական դրոշով, այբուբենով, դրամով, ստանդարտներով: Սակայն երբ Թուրքիայում սկսեցին հասկանալ, որ ժողովրդավարության հետ կապված եվրոպական փորձի զարգացումը տանում է քեմալականությունից հրաժարվելու, բազմազգ ու բազմակրոն պետության գործոնի ուրվագծման, 2002-ին իշխանության եկած ՙԱրդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի իսլամականացման քաղաքականություն սկսեց, որը, ինչպես ենթադրում է Ռենե վան դեր Լինդենը, կարող է փոխանցվել Ադրբեջանին: Հնարավո՞ր է: Հնարավոր է: Եվ այդ մասին վաղուց խոսում են ադրբեջանցի փորձագետները, բայց ինքնատիպ` այդ տրենդը կապելով ոչ թե Թուրքիայի, այլ` հարևան Իրանի հետ և այնտեղից տարածվող շիական հզոր հոսանքի, որ կարող է փոխել ադրբեջանական նույնականությունը: Ադրբեջանի բնակչության 60 %-ն իրեն համարում է շիա: Կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը` «Իսլամն Ադրբեջանում» գրքի հեղինակը, հաստատում է` կրոնական բոլոր խմբավորումները բաժանվում են 3 մեծ խմբի. շիա ու սուննի կազմակերպություններ, որ նույնպես բաժանվում են 2 մասի, մեկը կապված է սալաֆիզմի հետ և իրեն անվանում է վահաբիտական, մյուսը ասոցացվում է թուրքական իսլամի հետ` հիմնականում սուֆիականներ են: Այդ պատճառով Թուրքիայի նոր գաղափարական ճեղքումը Ադրբեջանում սուֆիականների ուսերին հազիվ թե հավանական է: Անկարան կարող է դուրս մղվել այդ երկրից: Գուցե այդ պատճառով էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը СNN-ին տված հարցազրույցում ՙանսպասելի» զգուշացնում, որ «տարածաշրջանում շիականության տարածումը դարձել է լուրջ սպառնալիք» և դա թուրք փորձագետներն ընդունեցին իբրև տարածաշրջանի խնդիրները միայն կրոնական առումով դիտարկելու փորձ, թեպետ Թուրքիայում կա բազմամիլիոնանոց շիական համայնք:

Մերձավոր Արևելքի հարցերով բաքվեցի փորձագետ, պրոֆեսոր Ռաֆիկ Ալիևի կարծիքով` դա վկայում է, որ «Իրանն իր քաղաքական շիականությամբ ավելի ուժեղ խաղացող է դառնում տարածաշրջանում և Թուրքիան ստիպված է հաշվի նստել այդ փաստի հետ»: Պատահական չէ, որ օրերս Hürriyet-ը Անկարային կոչ արեց «քանի դեռ ուշ չէ` անցնել աշխարհիկ դիվանագիտության»:

Չի կարելի ասել, որ Բաքուն չի տեսնում իսլամի վերելքը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում, որտեղ Իսլամը դառնում է քաղաքական ուժ, որը փորձում է իր վերահսկողության տակ պահել Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Կվարվի՞ նույն կերպ Իլհամ Ալիևը: Նրա համա՞ր էլ բնական ու անխուսափելի է իսլամի հրապարակային ասպարեզ մտնելը: Եթե այո` ե՞րբ: Առայժմ Ալիևը Էրդողանի հետ ենթարկվում է Արևմուտքի ու Եվրոպայի կտրուկ քննադատությանը ժողովրդավարության նորմերի ու մարդու իրավունքների մասով: Սակայն Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը համարյա միաժամանակ մեծանում են Ադրբեջանի ու Թուրքիայի աշխարհաքաղաքական ռիսկերը: Բրյուսելը, որ միաժամանակ վանում է Անկարային և ֆլիրտում Բաքվի հետ «Արևելյան գործընկերության» միջոցով, կարծես թե փորձում է բոլոր միջոցներով իր վերահսկողությունը հաստատել Ադրբեջանում: Կստացվի՞: Haqqin. Az-ը մեջբերում է ադրբեջանցի հրապարակախոս Չինգիզ Հուսեյնօղլուին. «ԱԻՀ-ը նշանակում է Ադրբեջանի իսլամական հանրապետություն, որքան էլ անհավանական թվա այդ կանխատեսումը, կարծում եմ` հրապարակային հռչակմանը երկար չենք սպասի»:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. ՈՒ դա կլինի Իլհամ Ալիևի վերջը` խալիֆ դարձած Իլհամը ստիպված կլինի հարեմ ուղարկել Մեհրիբանին, ինչպես ընդունված է իսլամական աշխարհում, և գուցե նորից կամուսնանա: Փաշաևների դինաստիան նախիջևանցի Ալիևների տիրապետությունը կասկածի տակ կառնի ու ճիշտ կլինի` նրանք նավթից բացի ամեն ինչի տերն են Ադրբեջանում: Բայց կա ավելի ռեալ սպառնալիք` ինչու՞ պիտի իսլամիստները հանդուրժեն ինչ-որ անհավատի, հետո ինչ, որ հոր անունով մզկիթ է կառուցել, երբ կարող են իրենք իշխանություն դառնալ: Ի՞նչ իսլամիստներ: Երկար չեք սպասի` կհայտնվեն արագ ու ուժեղ: Եվ ինչպե՞ս է Բրյուսելը փորձում Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերցնել, երբ նույնիսկ համագործակցության համաձայնագիրը 2013-ից մինչև հիմա չի ստորագրվել: Ռենե վան դեր Լինդենը սկզբունքային հարց է բարձրացնում` առաջարկելով չվանել Բաքվին, այլ` երկխոսել, բայց նիդերլանդացին դատում է տիպիկ եվրոպացու պես և տիպիկ եվրոպացու սխալ է անում` Ադրբեջանը երբեք չի ունեցել եվրոպական արժեհամակարգ, որ հիմա պահպանի կամ կորցնի, ինչպես Թուրքիան: Սա բոլորովին այլ պատմություն է և այլ տրամաբանություն` միանգամայն ոչեվրոպական: Այստեղ ընդունում են ուժը և հասկանում են պատիժը, իսկ երկխոսությունն ընկալում են թուլության դրսևորում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ