Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սոչիում կհանդիպեն երաշխավորները

Սոչիում կհանդիպեն երաշխավորները
18.11.2017 | 14:13

Սիրիայում ԻՊ-ի դեմ վերջին կռիվներն են, հաջորդ շաբաթ Աստանայի գործընթացի երաշխավորների` Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նախագահները կհանդիպեն: Սիրիայի հարցով ԱՄՆ ու ՌԴ նախագահների հայտարարությունից հետո դիվանագիտությունն արագացավ: Նախագահ Էրդողանը 10 օրվա մեջ երկրորդ անգամ կհանդիպի Պուտինի հետ` նոյեմբերի 22-ին, նորից Սոչիում, այս անգամ եռակողմ ձևաչափով` Սոչի կգա և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Էրդողանը, որ այս տարի 13 հեռախոսազրույց ու 5 առանձնազրույց է ունեցել Պուտինի հետ, հոկտեմբերին Թեհրանում հանդիպեց և Ռոհանիի հետ: Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան երաշխավորներն են Աստանայի գործընթացի, որ ստեղծում է «լարման նվազեցման գոտիներ» Սիրիայում: Նրանք դեռ չեն անցկացրել այդ ձևաչափով հանդիպում: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հանդիպման մասին ասաց. «Կգնահատվի Աստանայի հանդիպումների արդյունքներով բռնության նվազեցումը Սիրիայում, գործողությունները այդ գոտիներում, կքննարկվի, թե երաշխավոր երկրները ինչ ներդրում կարող են ունենալ Ժնևի գործընթացում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի շրջանակներում` մարդասիրական օգնության մատակարարման և Սիրիայում քաղաքական կարգավորման ուղղությամբ»:

Էրդողանի, որ Սիրիայի պատերազմում աջակցում է ընդդիմության ուժերին, և Պուտինի, որ ինչպես Իրանը աջակցում է Սիրիայի կառավարությանը, կռվախնձորը քրդերն են: Համաժողովին, որ ծրագրվում էր նոյեմբերի 18-ին` Սիրիայի քաղաքական ապագայի ձևավորման համար` բոլոր էթնիկ խմբերի միջև երկխոսություն կազմակերպելու նպատակով, Ռուսաստանը հրավիրել էր սիրիացի քրդերի երեք խմբերի` «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD), Սիրիայի Քրդստանի դեմոկրատական կուսակցությանը, Սիրիայի քրդական ազգային խորհրդին: Անկարայի խիստ քննադատությունից հետո, որ PYD / ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) համարում է ահաբեկչական կազմակերպություն, հայտարարվեց, որ համաժողովի ճշգրիտ ժամկետը դեռ հայտնի չէ: Ակնկալվում է, որ համաժողովի հարցը ևս կներառվի եռակողմ հանդիպման օրակարգում:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշեց, որ չնայած Իրանի հետ որոշ տարաձայնություններին` Թուրքիան դեմ է Իրանի մեկուսացմանը, իսկ Ռուսաստանի հետ որոշ տարակարծությունները չեն խանգարում համագործակցությանը: «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորվել են, հետայսու կարիք չկա ասել «մինչև ճգնաժամը» և «ճգնաժամից հետո»,- ասաց Չավուշօղլուն:- Հիմա մենք աշխատում ենք մեր հարաբերություններն ավելի առաջ տանել և տարածաշրջանային համագործակցությունն ուժեղացնել: Գաղտնիք չէ, որ մենք խնդրահարույց շրջան ենք ապրում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»: Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ի YPG-ին տված զենքը Թուրքիայում օգտագործում են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները, և հիշեցրեց BBC-ի լուրը, որ ԱՄՆ-ը և YPG-ը թույլ են տվել ԻՊ-ի ղեկավարներին փախչել Ռաքայից: «Մենք տեսանք, որ YPG-ը ջանքեր է գործադրում ոչ թե ԻՊ-ի դեմ պայքարի, այլ այդ տարածքները գրավելու համար,- ասաց նա: -Նրանք սերտ համագործակցում են ԻՊ-ի հետ»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի ու ԻՊ-ի գործարքի ապացույցներ չունի, բայց այդ հարցը պետք է պարզել: Բացի այդ` կոալիցիան դժվարացնում է Ռուսաստանի ու սիրիական ուժերի` ԻՊ-ի ոչնչացման գործողությունները:
Cumhuriyet


Հ.Գ. Թուրքիայի ու Ռուսաստանի կռվախնձորը միայն քրդերը չեն: Հիմնականը Բաշար Ասադի հետագա պաշտոնավարման հարցն է, որտեղ Մոսկվան ու Թեհրանը դարձյալ միասին են, իսկ Անկարան չի ցանկանում ապագա Սիրիայում Ասադին տեսնել` հեռագնա նպատակ ունենալով Սիրիայի մասնատումը: Հազիվ թե նախագահների հանդիպմանը հաջողվի միասնական դիրքորոշում համաձայնեցնել ահաբեկչական խմբավորումների նույնականացման ու Սիրիայի քրդերի հարցում, առավել ևս Սիրիայի վերականգնման: Հիմնական հարցը Ժնևի ու Աստանայի գործընթացների տարբերություններն ու նմանությունները պարզելն է դառնալու, որտեղ փաստացի նույն խնդիրն է` ԱՄՆ -ի գլխավորած կոալիցիոն ուժերի և Ռուսաստանի ռազմական միջամտության հետևանքով ԻՊ-ից ազատագրված տարածքների ճակատագիրը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ