Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տեղեկատվական ագրեսիա Gazeta.ru -ից

Տեղեկատվական ագրեսիա Gazeta.ru -ից
18.11.2017 | 21:07

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա պատասխան չտվեց գլխավոր հարցին` Կրեմլը կթողնի՞ Հայաստանին ԵՄ Արևելյան հարևանության ծրագրով ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել: Սարգսյանը պատրաստ է նստել երկու աթոռների` եվրասիական ու եվրոպական, ստանալ տնտեսական, ֆինանսական և անգամ ռազմական օգնություն և Մոսկվայից, և Բրյուսելից: Հետխորհրդային տարածքում դա չի հաջողվել դեռ ոչ մի երկրի: Չորեքշաբթի օրը Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման պաշտոնական առիթը Հայաստանի մշակույթի օրերի բացումն էր Ռուսաստանում: Երկու երկրների միջև գոյություն ունեցող խնդիրները նախագահները, եթե քննարկեցին էլ, ասպարեզ չհանեցին: Հակառակը, Պուտինը խնդիրների մասին որոշեց չխոսել, միայն գովեց գործընկերոջը երկկողմ հարաբերությունների «դրական արդյունքների» համար քաղաքականության և անվտանգության ոլորտում: «Նաև տնտեսության մեջ էլ անցյալ տարի աճ է սկսվել արդեն, այս տարի մեկ երրորդով ավելացել է, որ անկասկած ուրախացնում է: Ցանկալի է այդ միտումը պահպանել»` ասաց Պուտինը:

Մոսկվա աշխատանքային այցի նախօրեին Սարգսյանն էլ հաճոյախոսություններ էր շռայլում: Երևանին պետք է բոլոր ոլորտներում շարունակել Մոսկվայի հետ կապերի ամրապնդումը: «Բարեկամության համար պետք է աշխատել»` ասաց Սարգսյանը: Նա իրոք լավ է աշխատել բարեկամության համար: Բայց ոչ միայն Մոսկվայի հետ, այլև` Բրյուսելի: Բրյուսելում Արևելյան հարևանության վեհաժողովում Հայաստանը սպասվում է, որ կստորագրի նոր իրավական փաստաթուղթ` «Համապարփակ ընդլայնված համագործակցության համաձայնագիր»: ԵՄ Արևելյան հարևանության նախագիծը միավորում է Ադրբեջանին, Հայաստանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային, ՈՒկրաինային: Նախագիծը ուղղված է խորհրդային նախկին հանրապետությունների, նրանց քաղաքական համակարգի ու տնտեսության ադապտացմանը` հետագայում ԵՄ-ին անդամակցելու համար: Հայաստանը դեռ 2013-ին մտադիր էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել և ազատ առևտրի գոտի ստեղծել: Այդ փաստաթղթի ստորագրումը ԵՄ անդամակցության առաջին քայլն է: Ազատ առևտրի գոտուն համաձայնած երկիրը օգտվում է մաքսային արտոնություններից ու դրամաշնորհներ է ստանում: Երևանն արդեն մի քանի տասնյակ միլիոն դոլար է ստացել Արևելյան գործընկերության ծրագրով: Փոքրիկ Հայաստանը այդ ծրագրով նույնիսկ դարձել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենից շատ միջոցներ ստացողներից մեկը: Բայց վերջին պահին նախագահ Սարգսյանը անսպասելի շրջվեց ԵԱՏՄ-ի կողմը և 2015-ի հունվարի 2-ից Հայաստանը մտավ ԵԱՏՄ: Գործընթացը հարթ չէր քաղաքական տեսակետից: Հայերի մեկ երրորդը կտրականապես դեմ էր ԵԱՏՄ-ին անդամակցությանը, ընդդիմությունը բազմիցս հանրահավաքներ էր անում «Ոչ հարկադիր ԽՍՀՄ-ին», «NoRussianEmpire» կարգախոսներով: Երևանը վարում էր ԵԱՏՄ մուտքի տոմսի թանկացման մարտավարություն` բանակցությունները ձգձգելու ճանապարհով: Եվ դա տվեց իր արդյունքները` Մոսկվան խոստացավ, որ ԵԱՏՄ անդամ դառնալով` Հայաստանը կստանա ԵԱՏՄ տարածք մտնող ապրանքների մաքսատուրքերի 1,13 %-ը:

Բացի այդ` մինչև 2022-ը կարող է որոշ ապրանքների վրա (այդ թվում` մսի ու մսամթերքի) կիրառել ԵԱՏՄ մաքսադրույքներից տարբեր մաքսատուրքեր: Հայաստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի: Ռուսաստանից Հայաստանը կտրված է Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով: Դա ևս հաշվի է առնվել Հայաստանի անդամակցության պայմանագրում: Պայմանավորվել է ապրանքների տեղափոխման հատուկ կարգը օտարերկրյա պետությունների և ԵԱՏՄ երկրների միջև: Օրենսդրության, մաքսային կանոնների և տեխնիկական չափորոշիչների համապատասխանեցմանը տրված է աննախադեպ ժամկետ` 8 տարի:


Բացի այդ` Հայաստանը հաջողությամբ հավակնում է ռուսական գազի իջեցված գնի` մոտավորապես մեկ երրորդը մինչև 2015-ը եղածի: Հասկանալի է, որ Հայաստանին խոստացված արտոնությունների ու զեղչերի մեծ մասը Ռուսաստանի ուսերին է` իբրև ԵԱՏՄ-ում ամենամեծ խաղացողի: Օրինակ, անցյալ տարի Երևանը Մոսկվայից 200 միլիոն դոլար ստացավ ռազմական արտադրանք ձեռք բերելու համար: Եվս 40 միլիոն դոլար` Եվրասիական զարգացման բանկի արտոնյալ վարկ:


Այդ համապատկերում ԵՄ ֆինանսական աջակցությունը համեստ է: Բայց Հայաստանը չի հրաժարվում նաև դրանից (Հայաստանի հիմնական վարկատուներն են Ճապոնիան, Գերմանիան և զարգացման միջազգային ինստիտուտները): Երկու աթոռին նստելը հարմար էր: ԵԱՏՄ-ին նոր էր անդամակցել Հայաստանը, երբ ստացավ ԵՄ-ի ֆինանսական աջակցության հերթական փաթեթը` 78 միլիոն եվրո: 25 միլիոնը` գյուղատնտեսության և աղքատության կրճատման, 10 միլիոնը` զբաղվածության ապահովման և մասնագիտական կրթության համար, քաղաքացիական ծառայության բարեփոխման և կոռուպցիայի դեմ պայքարին` 21 միլիոն: Սահմանի բարեկարգմանը`4 միլիոն: Քաղաքացիական հասարակության ամրապնդմանը` 6 միլիոն: Երևանի մետրոպոլիտենի վերանորոգմանը` 5 միլիոն, Երևանի ջրամատակարարման բարելավմանը` 5,5 միլիոն: Փող էին տվել նույնիսկ ռադիոակտիվ մնացորդների ոչնչացմանը` 1 միլիոն եվրո: Հայաստանն ունի ատոմակայան 2 էներգաբլոկով, որ ծածկում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջների 45 %-ը: 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո ԱԷԿ-ը կանգնեցվեց, հետո էներգաբլոկներից մեկը նորից աշխատեց: Բրյուսելը պնդում է աէկի փակումը` զգուշանալով, որ բարոյապես մաշված է և կարող է արտակարգ իրավիճակ ստեղծվել: Փոխարենը ԵՄ-ն առաջարկում է զարգացնել ՙկանաչ էներգետիկան»: Բայց Հայաստանի կառավարությունը աէկի երկրորդ էներգաբլոկը մինչև 2026-ը աշխատացնելու որոշում ընդունեց: Այդ նպատակով Ռուսաստանը հատկացրեց պետական արտահանման վարկ` 270 միլիոն դոլար և 30 միլիոն դոլար դրամաշնորհ:
Խաղաղ ատոմը հազիվ չդարձավ Հայաստանի ու ԵՄ ղեկավարության կռվախնձոր: Համաձայնագրում, որ պատրաստվում է ստորագրել Հայաստանը, այդ խնդրին նույնիսկ առանձին գլուխ է նվիրված` «Էներգետիկ համագործակցություն, ներառյալ միջուկային անվտանգությունը»: Նշված է, որ էներգետիկ համագործակցությունը պետք է ներառի «Մեծամորի աէկի փակումն ու շահագործման անվտանգ դադարեցումը»: Բայց ինչպե՞ս Հայաստանը կարող է փակել ԱԷԿ-ը, եթե Ռուսաստանից վարկ է վերցնում մոդեռնացման համար: Կամ որտեղի՞ց փող վերցնել նոր աէկի կառուցման համար: Նախնական գնահատականով` աէկի նոր էներգաբլոկի շինարարությունը պահանջում է 5,5 միլիարդ դոլար: Ի վերջո` Մոսկվա այցից առաջ Սարգսյանը ստիպված էր արդարանալ` իբր ԵՄ-ն հիմա չի պահանջում աէկի անհապաղ փակումը:


Բայց գլխավոր խնդիրը ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելու ճանապարհին Ղարաբաղի կոնֆլիկտն է: Համաձայնագրում ճիշտ խոսքեր են գրված ղարաբաղյան կոնֆլիկտը բացառապես բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա լուծելու կարևորությունը: Իրականում երաշխավորը, որ ղարաբաղյան կոնֆլիկտը չի վերաճի Հայաստանի ու Ադրբեջանի լայնամասշտաբ պատերազմի, Ռուսաստանն է: Բայց եթե Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, չտեղաշարժվի դեպի Բրյուսել, ստիպված է ստանձնել բոլոր ռիսկերն ու ամբողջ պատասխանատվությունը: «Ապրանքաշրջանառության աճի համար, էներգաանվտանգության, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման, Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության դադարեցման»` ասաց հայ փորձագետ Հայկ Խալաթյանը: Նրա խոսքով` ԵՄ-ն դաս է քաղել ՈՒկրաինայի իրավիճակից: Հիմա ԵՄ-ն չի առաջարկոևմ ընտրություն` կամ Մոսկվա, կամ Բրյուսել:


Սարգսյանը նույնպես բազմիցս ասել է, որ նախընտրում է ՙև-և» մոտեցումը` բարեկամություն անել և ստանալ օգնություն և ԵՄ-ից, և ՌԴ-ից: «Մենք չենք ուզում ընտրություն անել բարեկամների միջև, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ»` հայտարարում էր Սարգսյանը: Հիմա նա ավելի մեծ շանսեր ունի այդ քաղաքականության համար: Չորեքշաբթի Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև ընդունեցին, որ Արևելյան հարևանության մասնակից երկրները, որ հաջողության են հասել ԵՄ պահանջած բարեփոխումներում, պետք է հնարավորություն ունենան միանալու ԵՄ-ին: Այսինքն` խորհուրդ է տրվում հրաժարվել «կամ-կամի» քաղաքականությունից և ԵՄ-ԵԱՏՄ դիմակայություն չպետք է լինի: Նշվում է, որ բարեփոխումներում էական առաջընթացի են հասել Վրաստանը, ՈՒկրաինան ու Մոլդովան և հիմա կարող են օգտվել «ազատ առևտրի ու առանց վիզայի ռեժիմի համաձայնագրերի օգուտներից»: Այս բանաձևը Եվրախորհրդարանն ընդունել է հատուկ Արևելյան գործընկերության համաժողովի համար, որ նոյեմբերի 24-ին է: Կստորագրի՞ Հայաստանը համաձայնագիրը երկրորդ փորձից, առայժմ հայտնի չէ: Սարգսյանն առայժմ ոչ մի հայտարարություն չի արել Մոսկվա այցի արդյունքներով: Բայց եթե Հայաստանը ստորագրի համաձայնագիրը և դառնա ԵՄ գործընկեր, դա կարող է սրել ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի դիմակայությունը: Ղարաբաղի համար Ադրբեջանի ու Հայաստանի պայքարի ուժային փուլում Ռուսաստանը ստիպված կլինի մասնակցել կոնֆլիկտի հանգուցալուծմանը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որ դեֆակտո ԵԱՏՄ-ի ռազմական բլոկն է: Իսկ Ադրբեջանը և նրա «ավագ եղբայր» Թուրքիան նախընտրում են բարեկամությունը ՆԱՏՕ-ի հետ:
Ռուստեմ ՖԱԼՅԱԽՈՎ, Gazeta.ru


Հ.Գ. Խոստովանում եմ` շատ քիչ է վիճակվում այսքան հիմարություններ կարդալ: Ինչու՞ թարգմանեցի: Որովհետև տեղեկատվական պատերազմում կարևոր է իմանալ, թե ու՞մ տեղն են դնում ու ինչու՞մ են քեզ մեղադրում: Հաստատապես Ռուսաստանում ոչ բոլորն են այսքան խեղաթյուրված ու անհամարժեք գնահատում իրավիճակը, բայց սա միջին վիճակագրական գերիշխող տեսակետն է, որին պետք է պատրաստ լինել:
Ի սկզբանե` հարցը կոռեկտ չէ` Կրեմլը կթողնի՞ Հայաստանին ԵՄ Արևելյան հարևանության ծրագրով ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել: 2013-ը մի կողմ` Հայաստանը անկախ պետություն է: Պնդումը, որ հետխորհրդային տարածքում ոչ մի երկրի չի հաջողվել նստել երկու աթոռների` եվրասիական ու եվրոպական, ստանալ տնտեսական, ֆինանսական և անգամ ռազմական օգնություն և Մոսկվայից, և Բրյուսելից, սուտ է` Նուրսուլթան Նազարբաևը արդեն 2 տարի հենց այդ աթոռին է նստած և համատեղում է նաև Չինաստանի աջակցությունը: Անհեթեթ են նաև փաստերի մանիպուլյացիաները` նշել, որ Երևանը մի քանի տասնյակ միլիոն դոլար է ստացել Արևելյան գործընկերության ծրագրով և դարձել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենից շատ միջոցներ ստացողներից մեկը, հետո ասել, որ ԵԱՏՄ-ն ամեն ինչ է տվել Հայաստանին: Այո, Մոսկվան խոստացավ, որ ԵԱՏՄ անդամ դառնալով` Հայաստանը կստանա ԵԱՏՄ տարածք մտնող ապրանքների մաքսատուրքերի 1,13%-ը: Բացի այդ` մինչև 2022-ը կարող է որոշ ապրանքների վրա (այդ թվում` մսի ու մսամթերքի) կիրառել ԵԱՏՄ մաքսադրույքներից տարբեր մաքսատուրքեր, բայց ԵԱՏՄ բոլոր անդամներն ունեն նման, եթե ոչ ավելի մեծ արտոնություններ: Իսկ գազի իբր իջեցված գինն առասպել է, որ չի դիմանում ԵԱՏՄ այլ երկրների հետ Գազպրոմի պայմանագրերի համեմատությանը: Հավելեք, որ Գազպրոմին Հայաստանում տրված է մենաշնորհ, որ հակասում է շուկայական տնտեսության սկզբունքներին: Այո, Երևանը Մոսկվայից 200 միլիոն դոլար ստացավ ռազմական արտադրանք ձեռք բերելու համար, իսկ ինչքա՞ն զենք է վաճառել Մոսկվան Բաքվին: Եվ ինչու՞ Ռուսաստանը չի դադարեցնում կոնֆլիկտի կողմերին զինելը` լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ: Ավելին` Բելառուսն էլ է Բաքվին սպառազինելու մրցավազքում կարկանդակի իր պատառն ուզում` լինելով և ՀԱՊԿ-ի, և ԵԱՏՄ անդամ:


Մեծամորի աէկի մասին խոսելը ընդհանրապես բացահայտ խեղաթյուրում է` նույն Մոսկվան ժամանակին կանխեց ֆրանսիական ու չինական ներդրումները Հայաստանուն` զրկելով նոր ու ժամանակակից ատոմակայանից` ապահովելու համար էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Հայաստանը ունի սեփական ուրանը և հանգիստ կարող էր և ատոմակայան ունենալ և իր հումքով աշխատեցնել:
Իսկ Ղարաբաղի կոնֆլիկտը պատերազմի չվերաճելու միակ երաշխավոր Ռուսաստանին ներկայացնելը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղից դուրս դնել է, այլև իրավիճակը 180 աստիճանով շրջել` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ոչ մեկի համար գաղտնիք չէ` ով ինչի երաշխավոր է:


Այսքանից հետո Եվրախորհրդարանի բանաձևի բովանդակության աղավաղումը նույնիսկ պարտադիր էր` հարմարացնելու ու հիմնավորելու համար սեփական եզրակացությունները: Եվ վերջին ճշտումը` ՀԱՊԿ անդամ է Հայաստանը, ոչ Ղարաբաղը, շփման գծում ու անգամ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի պարբերական դիվերսիաների ընթացքում ՀԱՊԿ-ը որևէ ռազմական միջամտություն չի ունեցել` չստանալով Հայաստանից օգնության դիմում: Ստանալու դեպքում էլ շատ մեծ հարց է, թե Բելառուսը, Ղազախստանը ինչ որոշում կկայացնեն: Գուցե Ռուսաստանի մեծ ցանկությունն է մասնակցել կոնֆլիկտի ռազմական լուծմանը ու սեփական զորքերը տեղակայել Ղարաբաղում, բայց ի՞նչ կապ ունի դա ՆԱՏՕ-ի հետ: Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չէ և դաշինքը հաստատ իր զորքերը չի մտցնի մի պատերազմի մեջ, որ բացարձակապես իրեն չի վերաբերում: Առավել ևս «ավագ եղբայր» Թուրքիայի հետ ներկա հարաբերությունների պայմաններում: Ի՞նչ մնաց: Մնաց շատ մեծ ափսոսանքը, որ նման հոդվածներ են տպագրվում ու ապակողմնորոշում միջին վիճակագրական ընթերցողին, որ բոլորովին պարտավոր չէ տեղյակ լինել փաստերին ու հավատում է նման հիմարություններին` առանց խորանալու իմաստի ու բովանդակության բացարձակ խեղաթյուրման պատճառների ու հետևանքների մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ