USD482.36
EUR568.99
RUB8.19
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Evgeny Kissin in Yerevan
 

Սիրիա` պատերազմ նավթի համար

Սիրիա` պատերազմ նավթի համար
19.11.2017 | 09:30

Վաշինգտոնն ու Մոսկվան պայքարում են սև ոսկու վերահսկողության համար` գրում է Le Figaro-ն: Միասնական կմնա՞ Սիրիան 7 տարվա արյունոտ պատերազմից հետո: Թե՞ Դամասկոսը կկորցնի հյուսիս-արևելյան մասը, որ վերահսկում են քրդական զորքերը` ամերիկացիների աջակցությամբ: Այս օրերին որոշվում է Սիրիայի ճակատագիրը: Վերջին մեծ ճակատամարտը Աբու Քամալ քաղաքի համար է` Իրաքի սահմանին: Այդ ճակատամարտը վճռորոշ է: Մասնավորապես այն հարցում` կարո՞ղ են քրդերը ինքնավարության հույս ունենալ և ի՞նչ կանեն ԱՄՆ բազաները, որ վերահսկում ու պաշտպանում են նավթը: Վերջին մի քանի ամիսներին դաժան կռիվներում քուրդ ապստամբները ԱՄՆ-ի աջակցությամբ կարողացել են ԻՊ-ից խլել բազմաթիվ նավթահորեր, բայց այսօր, Դամասկոսում արաբական երկրներից մեկի դեսպանի խոսքով` Ասադի զորքերը առաջ են շարժվում, իսկ ամերիկացիների խնդիրը դառնում է թույլ չտալ նավթահորերի ձեռքից ձեռք անցնելը: Հոկտեմբերի սկզբին սիրիական բանակը մոտեցավ Դեր Զորից 15 կիլոմետրի վրա գտնվող խոշորագույն նավթավերամշակող գործարանին: ԱՄՆ-ի օդային հարվածներից ավերվեցին կարևորագույն շինություններ, որ ԻՊ-ի ուժերը չկարողանան օգտագործել: Գործարանում Սիրիայի կառավարության ներդրած 800 միլիոն դոլարը ջուրն ընկավ` ասում է Դամասկոսից մի բիզնեսմեն: Ավերածությունների հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս եկան սարքավորումները, որոնց պահեստամասերը հնարավոր է ձեռք բերել միայն Եվրոպայից ու ԱՄՆ-ից: Քանի որ Սիրիան արևմտյան պատժամիջոցների տակ է, դա տեսականորեն անհնար է` բացատրում է նավթագործ Նաջի Հոմսին:


Հոկտեմբերի վերջին Սիրիայի կառավարական ուժերը մոտեցան ամենամեծ գազի հանքավայրին` Ալ Օմարին, որ ջիհադականների վերահսկողության տակ է, բայց ամերիկացիները օգնեցին քրդերին, որ 45 կիլոմետրի վրա էին, օդից հասնել ու գրավել Ալ Օմարը: «Ես մեղադրում եմ ամերիկացիներին, որ հաստատեցին քրդերի ու ԻՊ-ի պայմանավորվածությունը: Քրդերը թույլ տվեցին 400 ջիհադականների հեռանալ Ռաքայից դեպի Աբու Քեմալ` գազի հանքավայրի դիմաց՚` ասում է քրդերի ղեկավարներից մեկը: Քրդական ուժերը վերահսկողության տակ են վերցրել նաև Ալ Ջաֆրան, որ մինչև պատերազմը շահագործում էր Total ընկերությունը: Ռուսաստանը քննադատեց Վաշինգտոնին` ամերիկացիներին մեղադրելով հակաահաբեկչական գործողություններին խանգարելու մեջ: Ռուսաստանն էլ իր հերթին հարյուրավոր վարձկաններ է ուղարկում Սիրիա, որ պահպանեն ԻՊ-ից խլված նավթահորերը: Նրանք աշխատում են Euro Polis ընկերության համար, որ ղեկավարում է Պուտինի մերձավոր օլիգարխ Եվգենի Պրիգոժինը, նաև ՙՎագների՚ մասնավոր ռազմական մասնագետների համար, որ աշխատանքի է վերցնում նախկին «կամավորների» Ղրիմից: ՙՎագները՚ գործում է մասնավորապես Պալմիրայում` Դեր Զորի հարավում: Մոսկվան պայմանավորվել է Դամասկոսի հետ և ապահովել սիրիական նավթը արտահանելու իրավունքը` Իրանին թողնելով գյուղատնտեսությունը, հանքանյութերը: Ցեղապետ Նաուաֆ Բաշիրն ասում է, որ իր ցեղի 6000 ներկայացուցիչներ կռվել են ջիհադականների դեմ քրդերի կողմից, բայց երբ տեսնի, որ քրդերը չեն կարող կառավարել Ռաքան ու Դեր Զորը, որտեղ արաբներն իրենց ատում են, նրանք արագ կանցնեն սիրիական բանակի կողմը: 2011-ին Նաուաֆ Բաշիրը հարել է սիրիական ընդդիմությանը, որ գործում էր Ստամբուլում: «Բայց ես արագ հասկացա, որ մեր օրակարգը թելադրում են արտասահմանից, Կատարը և մուսուլման եղբայրները»` ասում է նա: Երեք տարի անց նա նորից շրջվեց իշխանության կողմը` 600 զինվոր տվեց ջիհադականների դեմ պայքարի համար «Հըզբոլլահի» ու իրանցիների հետ:
ՈՒ՞մ կողմը կանցնեն արաբական ցեղերը Սիրիայի արևելքում: Այս հարցին Հոմս նահանգի պաշտոնյաներից մեկն ասում է` ով ավելի շատ փող տա: Քրդերը փորձում են բանակցել և Վաշինգտոնի, և Մոսկվայի հետ, որ պատրաստ է համաձայնել նրանց որոշակի ինքնավարության ապագա Սիրիայում: Քրդերի ներկայացուցիչը բանակցությունների է մեկնել Ռուսաստան: Մոսկվայի ճնշումով` Սիրիայի իշխանությունները ստիպված էին զիջումների գնալ: «Առաջին անգամ, հոկտեմբերի կեսին, սիրիական իշխանությունը ինձ թույլ տվեց ներկայացնել քրդական նախագիծը Բաաս կուսակցության ղեկավարներին»` ասում է Օմար ՈՒսին, որ ժամանակին մոտ է եղել Դամասկոսին հավատարիմ մնացած Աբդուլա Օջալանին: Le Figaro-ի որոշ աղբյուրներ նույնիսկ հաղորդում են, որ Դամասկոսը պատրաստ է քրդերին ինքնավարություն տալ` հյուսիս-արևելյան շրջաններից հեռանալու դիմաց:
RFI


Հ.Գ. Աստանայի գործընթաց, Ժնևի գործընթաց, բանակցություններ ու հանդիպումներ` դիվանագիտական ծածկոց են, որի տակ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կիսում են վերահսկողությունը Սիրիայի տարածքի վրա` ըստ նավթի ու գազի հանքավայրերի: Իսկ արանքում քրդերը փորձում են ստեղծել երկրորդ ինքնավարությունը` և Մոսկվայի, և Վաշինգտոնի հետ գործակցելով ու հարուցելով Թեհրանի ու Անկարայի բուռն դիմադրությունը: Դամասկոսին մնում է համակերպվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Mario Stefano Pietrodarchi & SYOAMarketers CommunityԱռողջ սիրտ