Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ ժառանգություն է թողնում Ատամբաևը

Ի՞նչ ժառանգություն է թողնում Ատամբաևը
19.11.2017 | 09:33

Ղրղզստանի և Ղազախստանի հարաբերությունները չեն վերականգնվում: Ղրղզստանի հեռացող նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Նուրսուլթան Նազարբաևից մի թեթևակի ներողություն խնդրեց` նրան «անպատվելու» համար, բայց և ստորագրեց Ղազախստանի հետ նախկինում կնքված 6 արձանագրություններն ու պայմանագրերը չեղյալ հայտարարելու օրենքը:

Չեղարկված պայմանագրերից է եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման համաձայնագիրը և Ղազախստանի կողմից տեխնիկական օգնության տրամադրման արձանագրությունը, որի նպատակն էր Ղրղզստանին ԵԱՏՄ-ին միացնելը: Խոսքը Բիշքեկին 100 մլն դոլար հատկացնելու մասին էր: Ալմազբեկ Ատամբաևը օրենքը ստորագրեց նոր նախագահի երդման արարողությունից մեկ շաբաթ առաջ: Նախկին վարչապետ Սորոնբայ Ժենբեկովը հաղթեց հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններում: Հենց ընտրությունները փչացրին երկու երկրների հարաբերությունները: Սեպտեմբերի 19-ին Նուրսուլթան Նազարբաևն ընդունեց Ղրղզստանի նախագահի թեկնածու, դարձյալ նախկին վարչապետ, օլիգարխ Օմուրբեկ Բաբանովին` հայտարարելով, որ նա է իր նախընտրելի թեկնածուն: Բիշքեկը բողոքի նոտա հղեց Աստանա` մեկ այլ պետության նախագահի հետ նախագահի թեկնածուներից մեկի հանդիպումը համարելով իր ներքին գործերին միջամտություն և «Ղրղզստանի ժողովրդի ընտրության վրա ազդելու փորձ»: Նազարբաևը հայտարարեց, որ պարբերաբար հանդիպում է այլ երկրների պաշտոնական անձանց հետ, բայց հաստատ նրանցից ոչ բոլորն են հարևան երկրի նախագահի թեկնածու լինում:


Երկու հարևան պետությունների հարաբերություններում լարվածությունը նորություն չէ: Փորձագետներն ընդհանրապես կարծում են, որ երբեք Միջին Ասիայում տարածաշրջանային ինտեգրում չի լինի` նշելով, որ կա 2 միտում` Ղազախստանի մերձեցումը ՈՒզբեկստանի հետ և Ղրղզստանի մերձեցումը Տաջիկստանի հետ՝ ընդհանուր սալաֆիտական հարթակում, Էր Ռիադի վերահսկողությամբ: Փաստացի` Ղրղզստանում Կրեմլը հաջողություններ չունի: Ատամբաևը կարծում է, որ սահմանային վերահսկողության ուժեղացումը Ղրղզստանին Ռուսաստանից հեռացնելու փորձ է, Ղազախստանի օլիգարխները փորձում են գոհացնել ԱՄՆ-ին ու ԵԱՏՄ-ն տապալելուն ուղղված քայլեր են անում: Ղազախստանում կարծում են, որ երկու երկրների սահմանների իրավիճակի վատթարացումը ԵԱՏՄ-ի տրոհմանը կարող է հանգեցնել: Ի՞նչ է անում Մոսկվան: Հրապարակային քայլեր համարյա չկան, տրամաբանորեն 3 տարբերակ կա: 1.Պաշտպանել Աստանային: 2.Պաշտպանել Բիշքեկին: 3. Չպաշտպանել ոչ մեկին և միջնորդի դեր կատարել: Ի վերջո` ինչպես էլ Ռուսաստանը կոնֆլիկտին վերաբերվի, ԵԱՏՄ-ն չի կարող պատերազմի թատերաբեմ մնալ: Ինչ-որ պահի Ղրղզստանը կարող է պարզապես դուրս գալ ԵԱՏՄ-ից, առավել ևս, որ ի սկզբանե կային տարաձայնություններ, որ ԵԱՏՄ-ն խանգարում է Չինաստանի հետ հարաբերություններին, ինչի հետևանքով Բիշքեկը միլիարդներ է կորցնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ալմազբեկ Ատամբաևը հեռանում է: Առաջին անգամ Ղրղզստանում առանց քաղաքացիական պատերազմի նախագահ է ընտրվել` Սորոնբայ Ժենբեկովը` Օմուրբեկ Բաբանովի պես ընդդիմությունից բացի` ժառանգելով նաև հակասությունները հարևան Ղազախստանի հետ: Սորոնբայ Ժենբեկովը ժառանգություն է ստանում երկիր` ներքին ու արտաքին հակասություններով, որոնք ցանկացած պահի կարող են վերածվել բախումների ու պատերազմի, բայց ամենադժվարը Սորոնբայ Ժենբեկովի համար լինելու է Ղրղզստանի տնտեսությունը այդ պայմաններում ալիքի վրա պահելը: Եվ չի բացառվում, որ արտաքին քաղաքականության մեջ նրա առաջին քայլը լինի Նուրսուլթան Նազարբաևի հետ հարաբերությունները նոր էջից սկսելը: Իսկ եթե չստացվի, Սաուդյան Արաբիան կա ու կա: ՈՒ ի՞նչ կլինի ԵԱՏՄ-ում: Հավելեք, որ Բելառուսն էլ եվրոպական վեկտորն է զարգացնում:

Դիտվել է՝ 2367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ