Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սագա` հանճարեղ, ազատ ու խելահեղ լինելու

Սագա` հանճարեղ, ազատ ու խելահեղ լինելու
21.11.2017 | 11:11

Հ. Գ. Հիշեք` դուք երբեք տեղ չեք հասնի, եթե կանգ առնեք` քար նետելու ամեն հաչացող շան վրա: Սա՝ համենայն դեպս: Իսկ ընդհանրապես 2018-ը Շան տարի է, և պետք չէ շների վրա քարեր նետել: Երբ երկուսը կռվում են, երրորդի բախտն է բերում: Սա էլ` համենայն դեպս: Մենք բազում ցանկություններ ենք ունենում և ուզում ենք` բոլորը կատարվեն, չնկատելով, որ մեր ցանկությունները հակասում են իրար: Ինչու՞ եմ սկսում Հ. Գ.-ով: Երբ բոլորն ավարտում են Հ.Գ.-ով, մնում է Հ.Գ.-ով սկսելը: Սկիզբը բոլորովին էլ հետգրությունը չի դարձնում նախագրություն: Եթե ցանկանում եք, կարող եք վերջում նորից կարդալ: Սա էլ` համենայն դեպս:

Անցած շաբաթ ԱԺ-ն բարեհաջող քննարկեց-ավարտեց 2018-ի բյուջեի նախագիծը: Իրականում բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է և միջին վիճակագրական հային իր թվերի, աղյուսակների ու շարադրանքի տաղտկությամբ պարզապես հասու չէ: Մասնագետների նեղ շրջանակին են այդ թվերն ու աղյուսակները պատմում իրենց մասին` ելքեր, մուտքեր, պարտքեր, ծախսեր, հատկացումներ, գնաճ, գնանկում, ինֆլյացիա, դեֆլյացիա, դեֆիցիտ, պրոֆիցիտ, ներդրումներ, վարկեր և այլն, և այլն: Միջին վիճակագրական հային հետաքրքրում են սեփական բյուջեի մուտքերն ու ելքերը, որ դառնում են կյանքի որակ ու կենսամակարդակ: 2018-ի բյուջեի նախագիծը միջին վիճակագրական հային ոչինչ չասաց իր բարեկեցության մասին: Հեռանկարի մասին:


Մենք մոռացել ենք, որ հանճարեղ ենք: Մենք դադարել ենք խելահեղ քայլեր անել: Մեզ դրել ենք չինացու տեղ, որ գետի ափին սպասում է ալիքները բերեն մեռած թշնամուն: Մենք սկսել ենք ապրել ավելի շատ ի հեճուկս, քան մեր կյանքով: Մենք խրվել ենք մեր լեռների ու սահմանների մեջ, տեսնում ենք մեր տարբերություններն ու հակասությունները, բայց աշխարհում կան հավերժական ընդհանրություններ, որ երբեք չեն կորցնում գինն ու արժեքը: 21-րդ դարասկզբին մենք ունենք նույնականության խնդիր` հասկանալ` ո՞վ ենք մենք այսօր ու ի՞նչ արժեքներ ենք դավանում: Մի շտապեք ուսերը թոթվել: Գաղափարներից է ամեն ինչ սկսվում: ՈՒնե՞նք աշխարհի ընդհանուր պատկեր, աշխարհին անընդհատ պահանջներ ներկայացնելուն զուգահեռ մտածու՞մ ենք` ի՞նչ ենք մենք տալիս: Ո՞րն է մեր առանձնահատկությունը, ի՞նչ ունենք մենք, որ չունի աշխարհում մեզնից բացի ոչ ոք: Որո՞նք են մեր երազները, ամբիցիաները, նպատակները: Մեր երեխաների երազները, իդեալները, հույսերը: Սերը վտարել ենք, որ չխանգարի՞, թե՞ սիրելու ունակության կորուստը 21-րդ դարասկզբի անբուժելի հիվանդություններից է, որ նաև չի ախտորոշվում` արտաքին նշաններ չունենալով:

Ֆինանսների շուկայի հաջողությունները երջանկության նախադրյա՞լ են: Եթե այո, դուք հիվանդ եք: Մարդիկ առաջ են շարժվում մեծ գաղափարների հետքերով: Եթե դուք անընդհատ ունեք պաշտպանվելու, անսպասելի վտանգի, անխուսափելի սպառնալիքի մտագարություն, դուք ծանր հիվանդ եք: Հասարակությունը չի կարող ապրել անվերջ նահանջի, պաշտպանունակության և դիմակայության անհրաժեշտությամբ, այդ քաղաքակրթությունը փակուղու, լավագույն դեպքում լաբիրինթոսի սկզբունքով է կառուցված: Ավելի ու ավելի հարուստ լինելը իդեալ չէ: Երջանկության համար փող է պետք, բայց փողը երջանկություն չի բերում: Ազատությունն ու անկախությունը երկսայր արժեքներ են, միայն հեռանկարն ու իդեալն են հավասարակշռում: Եվ այդտեղ է սկսվում մշակույթի անվերջանալի կայսրությունը: Մենք թքած ունենք մշակույթի վրա: Ամենաբարձր զանգակատնից: Ինչպես մարդուն ընդհանրապես` ամեն ինչին վերաբերմունքը Հայաստանում երկրորդային է: Պահպանել եղածը` սա է մեզ հրամցվող իդեալը:

Ավանդույթների գոյության ոսկի կանոնը ավանդույթը ջարդելն ու նոր ավանդույթ հաստատելն է: Մենք առավելագույնը ընդունակ ենք երկիր-պահածոյի գիտակցությանը: Իսկ ժամկետանց պահածոն թունավոր է: Ո՞րերորդ կառավարությունը պիտի Հայաստանի բյուջեի նախագծի հիմքում դնի Հայաստանը: Աշխարհագրությունը: Բնական ռեսուրսները` երկնքից ընդերք: Ժողովրդագրական ռեսուրսները: Ո՞րերորդ կառավարությունը կփոխի բյուջեի տրամաբանությունը` նախապես կազմելով անհրաժեշտությունների ոչ թե թվային, այլ առարկայական ցանկը, որ ծառայում են մարդուն:
Հայաստանում փող կա, բայց այդ փողը չի աշխատում դասական փող-ապրանք-փող սխեմայով: Փողով փող աշխատելով պետություն չես պահի: Արտադրանք է պետք: Մենք նորից գնում ենք սպառման ոլորտի ճանապարհով: Իրադարձայի՞ն էր, որ բյուջեի քննարկումները վերածվեցին մեկ առանձին վերցրած տոնավաճառի պատերազմի: Ոչ: Բնութագրական էր: Հայաստանում կավե ոտքերով հսկաներ են օլիգարխները` նրանց ստվերային եկամուտները իրական շրջանառության մեջ մտցնելուն է ծառայում փոքր ու միջին բիզնեսը, որ ներգրավված չէ արտադրության մեջ:


«Առինջ մոլը» ներկայացնում է այսօրվա Հայաստանի պատկերը. առևտուր` «քցելու» սկզբունքով: Վաճառողներին ու վերավաճառողներին Առինջում տրվել է առանց տարածքի վարձակալության վճարի աշխատելու ժամանակավոր իրավունք: 2018-ից նրանք վճարելու են տարածքի համար, և հարց է առաջանալու` արժի՞ Երևանից Առինջ հասնել, երբ նույն գնով, եթե ոչ ավելի էժան, կարող են տարածք վարձակալել թեկուզ Աբովյան փողոցում: Ապրանքի որակի խնդիր, իհարկե, կա: Կիլոգրամներով գնված ապրանքը այլ սպառող ու գին ունի: Բայց մե՞ծ է այդ ապրանքի պահանջարկը: Ի վերջո, չարչիական առևտուրը պետք է ավարտվի: Մարդկանց տուն պահելու համար աշխատանք է պետք, ոչ թե փողոցային առևտուր: Բյուջեն պիտի լուծի արդյունաբերություն ու աշխատատեղեր ստեղծելու հարց: Տնտեսության կառուցվածք փոխի` սպառման ու ծառայությունների ոլորտի երկիրը ապրելու համար մեծացնում է արտաքին պարտքը ու սահուն սլանում դեֆոլտի:
Իրական անվտանգության, սեփական ռազմական արդյունաբերության, նոր ատոմակայանի, ազգային ավիափոխադրողի, Հյուսիս-Հարավ ճանապարհի, գազի տարանցման երկիր դառնալու հնարավորությունների, բնական ռեսուրսները ոչ թե ջրի գնով վաճառելու, այլ միջազգային շուկա դրանց բազմակի թանկ արտադրանքով մտնելու ու ևս մի տասնյակ իրական հարցերի մասին խոսելու փոխարեն ԱԺ-ում գերադասում էին հնարովի «հարկային տեռորից» ու համարյա թե մարդասպանությունից խոսել` առանց անգամ բացատրելու` եթե մարդկանց մեքենայի տակ են գցում, ինչու՞ ոստիկանություն չեն դիմում: Ինչու՞ պիտի մեկ մոլի առևտրականներին տրվի առանց ՀԴՄ կտրոնների առևտրի իրավունք: Որովհետև «Առինջ մոլի» տերը Գագիկ Ծառուկյա՞նն է:


ՊԵԿ-ը վարչարարությամբ փորձում է հարկային դաշտ բերել տոնավաճառները, որոնց տերերը տարբեր մեթոդներով դիմադրում են` սկսած ապրանքի ներկրումից, մաքսազերծումից, փոխադրումից մինչև վաճառք` կեղծելով կամ խուսափելով փաստաթղթավորումից: Սա անհավասար ու անվերջանալի պայքարի առաջին տպավորությունն է: Իրականում թե «մոլի» խմբակցություն ԲՀԿ-ն, թե ՊԵԿ-ը հայտնվեցին նույն հարթության մեջ` դառնալով զինվորիկներ բոլորովին այլ կռվի:


Այսօր ոչ մեկին չես խաբի, որ ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանը ընդդիմություն են: Ինչպես ընդդիմություն էր ժամանակին կամ հիմա ՕԵԿ-ը: Ռեբրենդինգը ոչ ՕԵԿ-ին դարձրեց «Հայկական վերածնունդ», ոչ ԲՀԿ-ին` «Ծառուկյան» դաշինք: Նրանք պատվերով ստեպ-ստեպ դառնում են ընդդիմություն, մշտապես մնալով իշխանության մերձակայքում: Ստեպ-ստեպ նաև իշխանության մաս են կազմում, եթե ստանում են այդ պատվերը: Նույն սկզբունքն է` տոնավաճառում հագուստ ու կենցաղային իրեր են վաճառում, քաղաքական դաշտում` կուսակցություններ ու իշխանություն: Առևտրի հիմքում փոխշահավետությունն է:
Հերթական վարչապետի ու նրա «ձախողված կառավարության» դեմ պայքարում ԲՀԿ-ն նույն այն զինվորիկն է, որ իշխանության է բերելու այլ վարչապետի` ինչպես իր ամբողջ պատմության մեջ: Իր ամբողջ պատմության մեջ ԲՀԿ-ն չդադարեց ՀՀԿ-2 լինել` այդպես էլ քաղաքական ուժ չդառնալով ու մնալով բիզնես-նախագիծ, որ գործում է քաղաքականության մեջ: Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ ԲՀԿ-ով դառնալ վարչապետ, ու այդ օրերից ԲՀԿ-ն դարձավ վարչապետներ հանելու և նշանակելու գործիք: Ինչու՞ հնարվեց հակաքաղաքագիտական «այլընտրանք» կարգավիճակը: Կար իշխանություն` ՀՀԿ-ն, ու նրան պետք էր ձևական «ընդդիմություն», որ իրականում ստվերային իշխանություն է: Օլիգարխը հետխորհրդային ոչ մի երկրում չի կարող ընդդիմություն լինել` նրան կունեզրկեն` իբրև իշխանության թշնամու: Դա է ժողովրդավարության ընկալումը հետխորհրդային տարածքի եվրասիական հատվածում, որտեղ գերակա շահը իշխանության, բայց ոչ պետության շահն է: Ինչպես «Առինջ մոլի» թիկունքում Գագիկ Ծառուկյանն է, այնպես էլ ՊԵԿ-ի թիկունքում վարչապետն է: ՈՒ մինչ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հայտարարում է, որ կառավարության հրաժարականի հարց չկա օրակարգում, ԲՀԿ-ն հայտարարում է ՀՀԿ-ի օրակարգի հաջորդ հարցը` ով է լինելու վարչապետը 2018-ին: Հայտարարում է ոչ թե ի լուր գործող վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա կառավարության, այլ «Գազպրոմի» ու նրան երկրից դուրս հովանավորողների` իր հակակոռուպցիոն հասցեների մեջ ներառելով դղյակներն ու Գազպրոմի գործունեությունը Հայաստանում: Խաղը Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի համար ռիսկային է` առանց անվտանգության երաշխիքների: Բացի ներիշխանական ու միջկուսակցական բացահայտումներից` 2013-ի փետրվարը վկայեց, որ ԲՀԿ-ն չունի համաժողովրդական ռեսուրս` «Մատյան գնդում» միայն «բարերարվածներն» են:


Զուգադիպություն չէ նաև այս օրերին ՕԵԿ-ի «վերադարձը» քաղաքականություն: ԱԺ ընտրություններից հետո ո՞վ էր հիշում, որ կա ու եղել է այդ կուսակցությունը: Բացի Արթուր Բաղդասարյանի` այս ու այն պաշտոնում տեղավորված մերձավորներից, նրանից խիստ նեղացածները միայն: Պարզվեց` հիշում են և Բաղրամյան 26-ում: Ո՞վ կհավատա, թե ինչ-որ Մամիկոն Ասլանյան հարց է լուծում ինչ-որ Արկադի Փելեշյանի հետ: Լուծող էր, մի տարի ինչու՞ կոչ ու հորդորները տեղ չէին հասնում: Հասկանալի է դառնում պատմության մեջ Սահմանադրական դատարանի առաջին «հեղափոխական» որոշումը: Փաստացի` ՍԴ-ում խաղացվեց պիեսի սկիզբը, վերջը Վանաձորում էր: ՀՀԿ-ի և ՀՎԿ-ի Վանաձորի տարածքային կառույցները համագործակցության հուշագիր կնքեցին՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին», այսինքն` ՕԵԿ-ի հերթական կերպարանափոխության: «Հայկական վերածնունդը» մեկ տարի առաջ ընդդիմադիրի մաշկի մեջ էր և Վանաձորում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններից հետո միացել էր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների բոյկոտին: Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը մեծամասնության բացակայությամբ կայացած նիստերը ոչ իրավազոր համարեց: Նոր ընտրությունների փոխարեն ՀՀԿ-ն բանակցեց ավագանու նիստերը բոյկոտող կուսակցությունների հետ։ Ինչու՞ ոչ ԲՀԿ-ն, այլ ՀՎԿ-ն ընտրվեց դաշնակից: ԲՀԿ-ն համապետական մասշտաբի խնդիրներով է զբաղված, և պետք չէ «փչացնել» նրան այս պահին, ՀՎԿ-ն կորցնելու ոչինչ չունի, օդից ստանում է փոխքաղաքապետի պաշտոն պետության երրորդ քաղաքում: Պարգև է, որ նաև նշանակում է` Արթուր Բաղդասարյանի քաղաքական վտարանդիության ժամկետը կտրուկ կրճատվել է: Էդմոն Մարուքյանին մնում է մխիթարվել իր «գյուտով»` «Համագործակցության հուշագիրը ապացուցեց, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Մամիկոն Ասլանյանին ձայն տված անձինք եղել են «Հայկական վերածնունդ» կուսակցությունից»:


Այս բարոյականության ու այս քաղաքականության պարագայում ի՞նչ հեռանկարի ու նպատակի մասին կարող է խոսք լինել: Անկանխատեսելի ու ալոգիկ վերելքներով ու վայրէջքներով կարիերա՞ ՀՀԿ-ի շարքերում ու մերձակայքում, թե՞ հանճարեղ, ազատ ու խելահեղ լինելու ունակություն, որ չի խոստանում բացարձակապես ոչինչ, փոխարենը ոչինչ չի արգելում: Որտե՞ղ է երկրի աղը, երկրի արյունը ու՞մ երակներով է հոսում, մեր օրերի սագան դղյակներու՞մ է գրվում, թե՞ խելահեղ գեղեցիկ երկնքի տակ, որտեղ ապրում է Աստված:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ