Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Յամայկան» ձախողվեց, ի՞նչ կանի Մերկելը

«Յամայկան» ձախողվեց,  ի՞նչ կանի Մերկելը
21.11.2017 | 11:23

2017-ը համաեվրոպական ընտրությունների տարի էր, և Հին աշխարհը սպասում էր փոփոխությունների: Ինտրիգը ազգայնականության ու պոպուլիզմի և պահպանողական եվրամետների միջև էր: Հիմնականում մուսուլման փախստականների բուռն հոսքը Եվրոպա սրել էր նույնականացման խնդիրը եվրոպացիների համար: Համաեվրոպական արժեհամակարգը ճաքում էր բռնությունների ու ահաբեկչության ալիքից: Ի վերջո` հանուն ինչի՞ և ու՞մ են պետք եվրոպական հանդուրժողականությունը և բազմամշակութայնությունը, եթե իրենք հանդուրժում են, իրենց վրա կրակում են: Եվրոպան համառորեն չէր ուզում ընդունել, որ մի քանի տասնամյակ ընդարմացել է իր բարեկեցության դափնիների վրա և կարիք ունի արժեքների վերագնահատության: Այս ենթատեքստում էին քաղաքական բանավեճերը տարբեր երկրների ընտրություններում` եվրասկեպտիկների ու եվրաջատագովների միջև: Բացի այդ` բրեկզիտից ու ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Հին աշխարհն առաջին անգամ զգաց, որ ձևավորվում է երկու Արևմուտք` ԱՄՆ-ը և ԵՄ-ից դուրս եկող Մեծ Բրիտանիան ու ԵՄ 27 երկրները` իրենց տարբեր քաղաքական ու տնտեսական զարգացումներով:

Պատահական չէ, որ բոլորովին վերջերս ԵՄ-ն որոշեց քայլեր անել սեփական բանակ ստեղծելու ուղղությամբ, պահպանելով հանդերձ ՆԱՏՕ-ն:
Եվրոպական ժողովրդավարությանը ամենածանր հարվածը հասցրին, սակայն, ոչ թե ընտրությունները, այլ Կատալոնիան: Նրանք ԵՄ-ին դրեցին ընտրության առաջ, որից Բրյուսելը հրաժարվեց` չկարողանալով կողմնորոշվել երկու հայտնի սկզբունքների միջև` տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման իրավունքի: Տարածքային ամբողջականությանը տուրք տալը հասկանալի է` բոլոր երկրներում էլ կան շրջաններ, որ հավակնում են ինքնավարության, և կենտրոնական իշխանությունը կորցնում է քաղաքական ու տնտեսական լծակները` ինքնորոշման իրավունք տալով: Հարցը հայեցակարգային է, սկզբունքային ու ամենայն հավանականությամբ 21-րդ դարը դեռ երկար կզբաղվի այս հարցով: Համենայն դեպս` Կատալոնիայում Մադրիդի ուղիղ կառավարում մտցնելուց և սեպտեմբերի 21-ին նշանակված ընտրություններից հետո չի բացառվում կատալոնական ճգնաժամի շարունակությունը` սոցհարցումները վկայում են, որ արտահերթ ընտրություններում հաղթելու են անկախականները: Հարցը մեկն է` կկազմե՞ն նրանք բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Եվրոպական հանրաքվեների պատմությունը ևս որևէ օրինաչափություն ի հայտ չի բերում. Մեծ Բրիտանիան Շոտլանդիային հանրաքվեի իրավունք տվեց, և շոտլանդացիները չցանկացան թագավորությունից դուրս գալ: Հետո անակնկալ մատուցեց ինքը` Մեծ Բրիտանիան, հանրաքվեով որոշելով դուրս գալ ԵՄ-ից: Իտալացիները ևս իրենց շրջաններին հանրաքվեների իրավունք են տալիս, բայց նրանց հանրաքվեներում դրվում է շրջանների ոչ թե քաղաքական, այլ տնտեսական անկախության հարցը:


Ընտրությունները Նիդերլանդներում ու Ավստրիայում, հետո նաև Ֆրանսիայում ու Գերմանիայում հաստատեցին եվրախմորումների միտումները: Եվրաջատագովները հաղթեցին, բայց և եվրասկեպտիկներն ասացին իրենց խոսքը: Էմանուել Մակրոնի հաղթանակը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում համաեվրոպական նշանակություն ուներ. Ֆրանսիան ասաց իր վճռորոշ խոսքը հօգուտ միասնական ու զարգացող Եվրամիության: Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններն ընկալվեցին իբրև Անգելա Մերկելի հաղթանակ և երաշխիք, որ նա ևս 4 տարի կմնա կանցլեր: Բայց Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ 2017-ին խորհրդարան մտան ազգայնականները` ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Ընտրությունների սենսացիան դարձավ Մարտին Շուլցի սոցիալ-դեմոկրատների պարտությունը` նրանք 40 մանդատ կորցրին նախորդ ընտրությունների համեմատ (193-ից մնաց 153) և հրաժարվեցին ՔԴՄ/ՔՍՄ-ի հետ դաշինք կազմելուց, գերադասելով ընդդիմություն դառնալ: Ամիսուկեսում Անգելա Մերկելին չի հաջողվում կոալիցիա ձևավորել և կառավարություն կազմել: Խորհրդարանական հանրապետություն Գերմանիայում կանցլերին պետք է ընտրի Բունդեսթագը ձայների բացարձակ մեծամասնությամբ: Հետո արդեն կանցլերը պատգամավորներից նշանակում է նախարարներ` իշխող կոալիցիայից: Այսինքն` կոալիցիա կազմող կուսակցությունները պետք է պայմանավորվեն ոչ միայն կոալիցիա կազմելու մասին, այլև նախապես համաձայնեցնեն ապագա կառավարության կազմը: Անգելա Մերկելի պահպանողական ՔԴՄ- ՔՍՄ դաշինքը, չնայած հաղթանակին, նույնպես ձայներ կորցրեց` 311 մանդատից պահպանելով 246-ը (200- ՔԴՄ, 46-ՔՍՄ): Առանց սոցիալ-դեմոկրատների Բունդեսթագում մեծամասնություն հավաքելու համար պահպանողականները ստիպված էին դիմել «Ազատ դեմոկրատական կուսակցության» (80 մանդատ) և Կանաչների հետ (67 մանդատ) միություն կազմելու գաղափարին: Չորսով նրանք կազմում են բացարձակ մեծամասնություն` 393 մանդատ 709-ից: Այդ հնարավոր կոալիցիան ստացել էր «Յամայկա» անվանումը (սևեր, դեղիններ, կանաչներ` ինչպես Յամայկայի դրոշը): Բայց գերմանական Յամայկան ձախողվեց: Մինչդեռ եթե կուսակցություններից որևէ մեկը միավորվելուց հրաժարվի, մեծամասնություն չի կազմվում, և Մերկելը չի վերընտրվում: 4 կուսակցությունները կոալիցիա կազմելու պաշտոնական բանակցությունները սկսել են նոյեմբերի 16-ից: Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ միասնական կարծիք չկա երեք հարցում: Առաջինը միգրանտների հարցն է: Մեկ միլիոն միգրանտ ընդունելուց հետո քաղաքական գործիչները զգուշանում են հասարակության մեջ աջակողմյան տրամադրությունների ուժեղացումից:

Այդ պատճառով ՔԴՄ/ՔՍՄ-ին առաջարկում են տարեկան 200 000 փախստականից ավելի չընդունել: Կանաչները պատրաստ են համաձայնել պայմանով, որ բոլոր փախստականներին տրվի ընտանիքի վերամիավորման իրավունք (հիմա նման իրավունք ունեն միայն ռազմական գործողությունների վայրերի փախստականները): Տարաձայնությունների երկրորդ կետը կլիմայի համաձայնագիրն է: Թեպետ 4 կուսակցություններն էլ համաձայն են, որ պետք է կրճատել ածխից ստացվող էլէներգիայի քանակը, ընդհանուր հայտարարի չեն գալիս կրճատման քանակի հարցում: Բացի այդ` Կանաչները պնդում են հարկային քաղաքականության ընդունումը, որն աջակցում է անցմանը էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներին: Երրորդ փորձաքարը եվրոպական նոր քաղաքականությունն է, որ առաջարկել է Էմանուել Մակրոնը: Լիբերալները դեմ են ճգնաժամում հայտնված երկրների օգնության հիմնադրամներին և եվրագոտու երկրների առանձին բյուջեների պահպանությանը` ընդհանուր նախագծերի համար: Պահպանողականները կողմ են այդ քայլերին, բայց դեմ են պարտքերի միավորմանը: Կանաչները, հակառակը, առաջարկում են համագործակցել Մակրոնի հետ: Եվս մեկ խնդիր է Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը: ՔՍՄ-ն առաջարկում է լրիվ դադարեցնել բանակցությունները, Կանաչների համար դա շատ արմատական քայլ է: «Յամայկայի» բանակցությունները պետք է ավարտվեին մինչև նոյեմբերի 20-ը: Եթե 2018-ին Գերմանիայում լինեն նոր ընտրություններ, Անգելա Մերկելն արդեն չի գլխավորի ՔԴՄ-ն` նրա վստահության լիմիտն ուղղակի կապված է ընթացիկ բանակցությունների հաջողության հետ: Նոյեմբերի 20-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորհրդակցություններ է անցկացրել նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ` քննարկելու խորհրդարանական կոալիցիայի ձախողման հետևանքները: Գերմանիայի «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» հրաժարվել է բանակցել ՔԴՄ/ՔՍՄ-ի և Կանաչների հետ: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն արդեն Մերկելին հրաժարականի կոչ է արել:


Նոյեմբերի 19-ին Բեռլինում «Ազատ դեմոկրատական կուսակցության» ղեկավար Քրիստիան Լինդլները ասուլիսում հայտարարեց. «Ավելի լավ է չկառավարել, քան վատ կառավարել»: Հիմա Անգելա Մերկելը կամ պիտի Բունդեսթագ մտած այլ կուսակցությունների հետ բանակցի և ստեղծի փոքրամասնության կառավարություն (առաջին անգամ Գերմանիայի պատմության մեջ), կամ հայտարարի նոր ընտրություններ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր անհանգստությունն է հայտնել Գերմանիայի քաղաքական ճգնաժամից: «Ես երեկ հեռախոսել եմ կանցլերի հետ: Մեզ պետք չէ, որ ճգնաժամը շարունակվի»` ասել է Մակրոնը:
Հավելեք, որ Գերմանիայի բյուջեն պրոֆիցիտով է և տնտեսական խնդիրներ չկան: Ի՞նչ կկատարվի Գերմանիայում շատ կարևոր է համաեվրոպական քաղաքականության տեսակետից` Գերմանիան և Ֆրանսիան ԵՄ գլխավոր պետություններն են:


Անահիտ Ադամյան

Հ.Գ. Հայաստանի Հանրապետությունը ևս խորհրդարանական հանրապետության կառավարման մոդելին է անցնում: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ նույնիսկ ասվում էր, որ մենք կառավարման ֆրանսիական մոդելից անցնում ենք գերմանականին: Բայց գերմանական քաղաքական ճգնաժամից մենք դեռ շատ հեռու ենք: Եվ դա ամենևին էլ չի վկայում մեր քաղաքական առաջընթացը: Հակառակը` վկայում է ժողովրդավարության մի մակարդակ, որ տնավարությունից չի հասնում գաղափարականության: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ Հայաստանում, որ կառավարություն չկազմվի, որովհետև կոալիցիայի թեկնածու կուսակցություններից մեկը հայտարարի` «Ավելի լավ է չկառավարել, քան վատ կառավարել»: Մենք հաստատ կպայմանավորվենք ամեն ինչ ու ամենքի հետ: Մի գիշերում:

Դիտվել է՝ 3142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ