Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հարված թիկունքին, կամ ով ավելի խորամանկ կլինի

Հարված թիկունքին, կամ ով ավելի խորամանկ կլինի
21.11.2017 | 11:28

Վիրավոր անգղի արագությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանը նետվեց Սոչի, որպեսզի իր ռուս գործընկեր Պուտինին հերթական անգամ պարտադրի «թուրքական օրակարգ»: Դատելով պաշտոնական հաղորդագրություններից, ինչպես նաև Կրեմլին այս կամ այն կերպ մերձ անձանց ոչպաշտոնական հայտարարություններից, թուրքական սուլթանին հաջողվեց ոչ ամեն ինչ, իսկ ավելի ստույգ՝ քիչ բան հաջողվեց:


Օրինակ, կարծես թե արդեն համաձայնեցված փաստաթուղթը Թուրքիային ռուսական մեծ և միջին հեռահարությամբ C-400 «ՁՐՌցՎՒ» զենիթահրթիռային համալիրների ¥ԶՀՀ¤ մարտակատարման մասին: Մինչև Սոչի գնալը Էրդողանն ի լուր ամենքի խոստացել էր ռուսներից պոկել այդ ԶՀՀ-ների տեխնոլոգիան և նույնիսկ Թուրքիայում դրանք հավաքելու իրավունքը: Սոչիից հետո թուրքերը լռում են: Լռում է և ռուսական կողմը: Բայց կողմերի լռությունը տարբեր է: Իմանալով թուրքերի բնավորությունը՝ կարելի է չկասկածել, որ հաջողության դեպքում աշխարհը կհեղեղվեր «Էրդողանի դիվանագիտության մեծ հաղթանակի» մասին զեկույցներով: Բայց քանի որ լռում են, ուրեմն Ռուսաստանը մնացել է իր կարծիքին. մատակարարել՝ այո, Թուրքիայում արտադրություն և տեխնոլոգիաներ՝ ոչ:
Մինչև Սոչին Էրդողանն ու իր թիմը բազմիցս հայտարարել են, որ Արցախի հարցում մտադիր են հետագայում էլ սատարելու Ադրբեջանին, քանիցս «պահանջել են» Հայաստանից, որ «զորքերը հանի» և այլն: Սոչիից հետո թուրքերը լուռ են և այս հարցում: Նշենք կրկին, որ լուռ է նաև Ռուսաստանը: Ընդամենը հայտարարվել է, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը գնում է Երևան և Բաքու՝ «Ռուսաստանի և համապատասխանաբար Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ. «Օրակարգում կլինեն այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունները: Խոսելու ենք տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների շուրջ»: Բայց Լավրովն ինքն է ասում՝ Երևան և Բաքու այցերի ընթացքում կփորձենք հասկանալ, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման շրջանակում որտեղ ենք գտնվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո:


Կարևոր խոստովանություն է այն ֆոնին, որ նոյեմբերի 1-ին Թեհրանում Ռուսաստանի և Իրանի նախագահները «մշակում էին» Ադրբեջանի նախագահ Ալիևին: Իսկ նոյեմբերի 14-ից ՌԴ-ի միանգամից 13 քաղաքներում ընթանում են «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը», նոյեմբերի 15-ին էլ Պուտինն ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և բանակցություններ վարեց նրա հետ: Այսինքն, Արցախը կա, բայց ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում, ընդ որում, հաշվի առնելով Իրանի տարածաշրջանային շահերը, քանի որ մշտապես պետք է հիշել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 1-ի եռակողմ հանդիպման արդյունքները: Իսկ ահա ռուս-թուրքական բանակցությունների օրակարգից Արցախի հարցը հանված էր: Եվ այդ մասին վկայում է լիատեղյակ մարդ՝ ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին անդամ և «Ռեգնում» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: Նոյեմբերի 14-ին հենց նա հայտարարեց. «Սոչիում Պուտինի և Էրդողանի բանակցությունների արդյունքում ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների օրակարգից փաստորեն հանվեց Լեռնային Ղարաբաղի հարցը, որը համառորեն փորձում էին ներառել Անկարան և Բաքուն»:


Հետևենք, թե էլ ինչ է ասել Կոլերովն Արցախի խնդրով Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման ենթատեքստում: «Թուրքիայի համար այդ միջամտությունը բնավ «մեկ ազգ-երկու պետություն» ¥հանուն արդարության պետք է նշել մեկ ազգի երեք պետություն՝ նաև «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»¤ մտացածին համերաշխության գործ չէ,- ասում է Կոլերովը:- Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղն իմպերիալիստական աշխարհամասային քաղաքականության օբյեկտ է և, միաժամանակ, ԱՄՆ-ի սկսած՝ Առաջավոր Ասիայի, Մերձավոր ու Միջին Արևելքի մասնատումը չեզոքացնելու գործիք: Այդ մասնատման զոհը չդառնալու համար Թուրքիան ձգտում է իր ռազմաքաղաքական կամքը տարածել Վրաստանի և Ադրբեջանի վրա, ամեն գնով կլանելով, մեկուսացնելով և շրջապատելով Հայաստանն ու Արցախը: Ռուսաստանը հրաժարվել է այդ եսասիրական գործում Թուրքիային ու նրա արբանյակին օգնելուց: Ձախողվեցին եվրասիական ինտեգրման վաղուց արդեն ոչ վարդագույն պատրանքներով Մոսկվան «ձեռքը գցելու» և ԵԱՏՄ-ում ¥որն առանց այն էլ պատառոտվում ու ոչնչանում է Ղրղզստանի ու Բելառուսի պարզունակ եսապաշտությունից¤ նոր, ավելի քիչ վստահելի և ավելի շատ ժամանակավոր անդամների ¥ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի¤ տեսնելու կասկածելի հաճույքը Մոսկվայի վրա «սաղացնելու» Թուրքիայի անճոռնի փորձերը: Մոսկվան առուծախի ու փոխանակությունների շարժառիթներ չունի, որ Ադրբեջանի համար կրակից հանի նրա կորցրած տարածքները, Քրդստանից Թուրքիան փրկի ավելի շատ, քան Անկարան ինքն է փրկում: Բաժան-բաժան արված Մեծ Մերձավոր Արևելքի, ԱՄՆ-ի կողմից ստեղծվող հակաիրանական ճակատի առկայությամբ Ալիևին և Էրդողանին փրկելու համար ստատուս քվոն Անդրկովկասում վերացնելը չափազանց կլինի»: Պարզ է, չէ՞, որ սա սոսկ Կոլերովի անձնական կարծիքը չէ:


Կոլերովի եզրափակիչ խոսքը պարզապես տագնապի ազդանշան չէ Թուրքիայի ու նրա նեոօսմանիզմի համար, այն պանթուրքիզմի կործանման իսկական ահազանգ է. «Ղարաբաղյան հարցի կարգավորման արագացումն անիմաստ է, որովհետև չի հասունացել, չի վայելում ժողովուրդների աջակցությունը, այսինքն, անօրինական է: Ոչ ոք ¥առավել ևս՝ ծագումնաբանորեն Լեռնային Ղարաբաղի հետ կապված Մոսկվան¤ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին, ո՛չ Լեռնային Ղարաբաղին դրսից չի պարտադրում այդ կարգավորումը: Այլ բան պատկերելու փորձերն ի սկզբանե անհիմն են: Մեծ Մերձավոր Արևելքում նոր պայթյունի առկայությամբ նոր, լրացուցիչ պատերազմից հրաժարվելը, կարգավորման «սառեցումը», այդ փոխզիջումը 20, 50 կամ 100 տարով առաջ՝ դեպի ապագան, տանելը, երբ արյունն ու ցավն իրենց տեղը կզիջեն ժողովուրդների և պետությունների իրավունքների բանական ըմբռնմանը, այն միակ սցենարն է, որը հասկանալի է Ռուսաստանում: Եվ առուծախ անել, որ հենց Ռուսաստանը դառնա չբավարարված ու անկայուն «փոխզիջման» և նոր արյան պատասխանատուն, նշանակում է իրապես ատել Ռուսաստանը: Անկարայի ու Բաքվի այդ գործիքային «սերը» Մոսկվայում շատ լավ է տեսանելի: Մոսկվայում շատ լավ է տեսանելի Լեռնային Ղարաբաղի պատմական, կայունարար դերը: Եվ մենք այն ավելի կգնահատենք: Բարի գալուստ նոր աշխարհ»:


Այսպիսով, Սոչիում Պուտինի և Էրդողանի բանակցությունների օրակարգում Արցախի խնդիրը չի եղել: Նախ և առաջ այն պատճառով, որ ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններից դուրս է: Եվ զուր չէ, որ վերջերս Հայաստանի պաշտոնական դեմքերը հիշեցնում էին՝ կարգավորման գործընթացում Թուրքիան տեղ չունի: Սոչիից հետո առավել քան հասկանալի է, որ Մոսկվայում ավելի ընկալելի է իրադրության հայկական մեկնաբանությունը, ոչ թե թուրք-ադրբեջանական:
Հարց է առաջանում, թե ինչու Էրդողանը սլացավ Ռուսաստան, եթե նրան նախօրոք հասկացրել էին, որ Սոչիում ոչ ոք նրա հետ Արցախի մասին չի խոսելու: Դե հո ոչ միայն նրա համար, որ «հարկավոր է փոխզիջումներ գտնել գյուղմատակարարումների գծով» ¥ՌԴ-ի գյուղնախարար Ա. Տկաչով¤ կամ որ թուրքն ուզում էր իմանալ «Թուրքիայում «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին ռեակտորի գործարկման ավելի ճշգրիտ ժամկետները» ¥Պուտինը հասկացրել է, որ 2023-ից ոչ շուտ¤: Մենք հասկանում ենք, որ թուրքական շահերի տեսակետից այդ հարցերը նույնպես կարևոր են, ինչպես և «Գազպրոմի» կողմից գազամատակարարման ծավալի մեծացման հարցերը (ասվում է, որ ծավալն ավելացել է 21,7 %-ով), անայցագիր ռեժիմի վերականգնման հարցերը և այլն: Ի միջի այլոց, Մոսկվան այդպես էլ չի պատասխանել այդ ռեժիմի վերաբերյալ Էրդողանի խնդրանքին, ինչը կարող է նշանակել, որ Ռուսաստանը դրան չի ձգտում մոտակա հեռանկարում:


Իհարկե, այստեղ արդեն գալիս է Սիրիայի և Իրաքի հերթը: Չէ՞ որ, չնայած Իրանը և Ռուսաստանը Թուրքիային «ներս թողեցին» Իդլիբ, դանդաղորեն, բայց վստահ կերպով սեղմում են օղակը: Եվ ահա արդեն Քրդստանի տապալված «նախագահը» ներողությամբ նամակ է գրում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կոդս» ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սոլեյմանիին և խնդրում, որ գեներալն օգնի, որ ինքը կարողանա երկխոսություն հաստատել Իրանի նախագահի և այաթոլլահ Խամենեիի հետ: Ընդ որում, քրդերն աղաչում են Իրաքի շիաներին, որ համաձայնեն Սիրիայի և Թուրքիայի հետ սահմանին «քուրդ-իրաքյան» համատեղ ներկայությանը, այն էլ՝ ԱՄՆ-ի զինվորականների մասնակցությամբ: Իսկ հիմա ուշադրություն դարձնենք, թե Սոչի գնալուց առաջ ինչ էր առաջարկել Էրդողանը: Թուրքիայի նախագահի պլանների այդ մասը, ինչպես նաև Արցախի գծով նրա ջանքերը մենք ստիպված պետք է քննարկենք ավելի մանրամասն:


«Ասում են, որ ռազմական ճանապարհով Սիրիայի ճգնաժամը չի լուծվի: Այդ դեպքում թող Ռուսաստանը և ԱՄՆ-ը հետ տանեն իրենց զինվորականներին, ճգնաժամի լուծումները կլինեն քաղաքական: Եկեք միասին փնտրենք այնտեղ ընտրությունների ուղիները»,- ասել է Էրդողանը Սոչի թռչելուց առաջ: Նա ավելացրել է, որ Թուրքիան դեմ էր, որ 2003 թ. ամերիկյան զորքերը մտնեին Իրաք: «Բայց նրանք մտան, ասելով, որ չեն մնա այնտեղ: Հեռացա՞ն: Ոչ: Աշխարհը հիմար չէ: Դժբախտաբար, հաճախ ասվում է մի բան, բայց արվում ուրիշ բան: Ամերիկան Սիրիայի հյուսիսում ունի հինգ բազա, ութ հատ էլ՝ այլ մասերում, ընդամենը՝ 13: Առկա է զենք, որ մատակարարել է Ամերիկան: Ռուսաստանը Սիրիայում ունի հինգ բազա: Ի՞նչ կարելի է անել այս ակնհայտ բաների դեպքում»,- ասել է Էրդողանը: Այս ցասկոտ-նեղացած արտահայտությունները հստակ վկայում են՝ թուրք նախագահը վհատված է. Իրաքի և Սիրիայի մասնատման խրախուսման համար շատ բան էին խոստացել, իսկ հիմա, փաստորեն, ոչինչ չեն տալիս: Չէ՞ որ Իրանն ու Սիրիան զգուշացրել են, որ Սիրիա-իրաքյան սահմանին հսկողություն սահմանելուց հետո «մաքրելու» են նաև Իդլիբ նահանգը: Սիրիայի ամբողջ տարածքում պետք է վերականգնվի Սիրիայի կառավարության իրավասությունը: Բայց Սոչիում Սիրիայի հարցով էլ Թուրքիան ու Ռուսաստանը լռեցին: Նշանակում է՝ Անկարան այստեղ էլ ոչինչ չստացավ: Ահա թե ինչ են ասել Պուտինն ու Էրդողանը Սոչիի բանակցությունների սկզբում. «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարելի է համարել գործնականում ամբողջ ծավալով վերականգնված. եթե անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը նվազել էր 34 %-ով, ապա այս տարվա առաջին 8-9 ամսում արդեն կա 38 %-ով աճ: Աշխատում ենք գործնականում բոլոր ուղղություններով: Սիրիական տարածաշրջանի անվտանգության ոլորտում շատ սերտորեն աշխատում ենք»,- ասել է Պուտինը, նշելով, որ ուրախ է օպերատիվորեն ընթացիկ հարցերը քննարկելու և առաջնահերթ խնդիրները նշելու հնարավորության համար: Էրդողանն էլ ասել է, որ երջանիկ է ոչ մեծ ընդմիջումից հետո Պուտինի հետ հանդիպելու համար: «Երկու երկրների հարաբերությունների նորմալացման սկզբից հետո նախագահների հաճախակի հանդիպումներն արագացնում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Բնական է, որ և՛ երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային հարցերի լուծման պլանով համագործակցությունը մեզ հնարավորություն են տալիս ավելի լավ նայելու ապագային: Օրեցօր ավելի ու ավելի են զարգանում մեր քաղաքական, ռազմական, առևտրական և մշակութազբոսաշրջային հարաբերությունները: Մեր շփումներն ավելի շատ ու հաճախ են իրականանում: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս հրավերի համար»,- եզրափակել է Էրդողանը:


Եզրափակենք և մենք. այսպիսով Արցախը և Սիրիան «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների» մեջ չեն: Որովհետև այդ հարցերի բացակայությունը Սոչիի բանակցությունների մասին հաշվետվություններում նվազագույնը ակնարկ է, որ Անկարան չի միջամտել այնտեղ, ուր նրան չեն հրավիրել կամ որտեղ դեռ նրան հանդուրժում են: Մերձավոր Արևելքը և Այսրկովկասը Իրանի և Ռուսաստանի շահերի գոտի են:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ