Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լավրովը Բաքվում և Երևանում` կա՞ն տարբերություններ

Լավրովը Բաքվում և Երևանում` կա՞ն տարբերություններ
21.11.2017 | 11:41

Դիվանագետները կիրակի չունեն` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Բաքվում պաշտոնական հանդիպումների ու ելույթների մեջ էր: Պաշտոնական առիթը Ադրբեջանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն էր։
Բաքվի դիվանագիտական ակադեմիայում, օրինակ, ՌԴ ԱԳ նախարարն ասել է. «ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր կնքել ցանկացող երկրների հերթ է գոյացել» և նկատել, որ Եվրամիությունն ինքն իրեն կաշկանդում է ԵԱՏՄ-ի հետ կապեր հաստատելու հարցում: «Նրանք պատժում են իրենց, մենք նույնպես դրանից չենք շահում: Կարևոր է՝ չստեղծել փակ ակումբներ և փորձել մրցակցել ուրիշների հետ: Դա կհանգեցնի առևտրային հարաբերությունների հատվածականության»: Իսկ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցին պատասխանել է. «Եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, Ռուսաստանը ուրախ կլինի: Սակայն Մոսկվան որևէ երկրի չի պարտադրում անդամակցել այդ միությանը»: Ակադեմիայում նա նաև ասել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համագործակցությունը չի տուժել ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնությունների պատճառով` «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին ունենք ընդհանուր դիրքորոշում, այն լավ հայտնի է: Պարբերաբար համանախագահները և այս երեք երկրների ներկայացուցիչները հանդիպում են դեսպանների, նախարարների մակարդակով և այցելում տարածաշրջան»: Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հոկտեմբերին կայացած հանդիպումը թույլ կտա հաղթահարել «որոշ լճացումը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։


«Դիվանագիտությունն ի վիճակի է գտնել այնպիսի մոտեցումներ, որոնք ընդունելի կլինեն հակամարտության բոլոր կողմերի համար»` Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ասուլիսում հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով. «Հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերի, միջոցների, պայմանավորվածությունների փաթեթը բանակցային սեղանին է: Եվ բանակցային սեղանին է 1997-ից: Հետո եղել են 2011-ի փաստաթղթերը»:
Ղարաբաղյան հակամարտության շարունակությունը որևէ մեկին ձեռնտու չէ` ասել է Լավրովը. «Հարկավոր է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ, առավել ևս, որ այն հիմնական ուղղությունները, որոնցում հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են»:
Նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման հարցը չի քննարկվում.
«Այն բոլոր պետությունները, որոնք կարող են նպաստել խնդրի լուծմանը, Մինսկի խմբում ներկայացված են»:


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գաղափարներ կան, որոնցով պետք է միայն վերջնական փաստաթուղթ հավաքել: «Հակամարտության լուծման բոլոր գաղափարները սեղանին են: Դրանցից պետք է վերջնական, բոլորի համար ընդունելի փաստաթուղթ ստանալ: Մենք բոլորս գիտենք` որտեղ ենք գտնվում ու ինչպես պետք է առաջ շարժվենք»,- ասել է նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լավրովն ասել է. «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շահագրգռված է խնդրի հանգուցալուծումը գտնելուն և առաջխաղացում ապահովելուն ուղղված ջանքերի գործադրման մեջ։ Մենք ձեզ հետ համաձայն ենք՝ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»: Ալիև - Լավրով հանդիպումն անցել է փակ դռների հետևում: Հանդիպման սկզբում Իլհամ Ալիևը ասել է, թե Ադրբեջանը չափազանց շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման հարցում:


Բնականաբար` հանդիպումների բուն բովանդակությունը փակ դռներից ներս է, բայց կիսաբաց դռներից էլ բարձրաձայնվածը վկայում է, որ հրապարակային մակարդակում դիվանագիտական հարաբերությունների 26-րդ տարում Ռուսաստանն ու Ադրբեջանը բազում ձեռքբերումներ ունեն.
1. «ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր կնքել ցանկացող երկրների հերթ է գոյացել» և Լավրովը չի պնդում, որ Բաքուն հերթ կանգնի` «Եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, Ռուսաստանը ուրախ կլինի»: Ընդամենը ուրախ:
2. Լավրովը Բաքվից Բրյուսել կամուրջ է նետում` հայտարարելով, որ Բրյուսելն ինքն իրեն կաշկանդում է ԵԱՏՄ-ի հետ կապեր հաստատելու հարցում: «Նրանք պատժում են իրենց, մենք նույնպես դրանից չենք շահում: Կարևոր է՝ չստեղծել փակ ակումբներ և փորձել մրցակցել ուրիշների հետ: Դա կհանգեցնի առևտրային հարաբերությունների հատվածականության»:
3. Լավրովը վերահաստատել է, որ «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին ունենք ընդհանուր դիրքորոշում»` սա սառը, շատ սառը ցնցուղ է Ադրբեջանի համար:
4. Լավրովը հիշեցրել է, որ կոնֆլիկտի կարգավորման անհրաժեշտ բոլոր քայլերի, միջոցների, պայմանավորվածությունների փաթեթը բանակցային սեղանին է 1997-ից: Հետո եղել են 2011-ի փաստաթղթերը, այսինքն` խոսքը մադրիդյան սկզբունքների մասին է, որի հետ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը կապ չունեն:
5. Երկրորդ սառը ցնցուղը նա բացել է` հայտարարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման հարցը չի քննարկվում.«Այն բոլոր պետությունները, որոնք կարող են նպաստել խնդրի լուծմանը, Մինսկի խմբում ներկայացված են»:
6. Լավրովի սառը ցնցուղներին Էլմար Մամեդյարովը պատասխանել է տաք ցնցուղով. «Հակամարտության լուծման բոլոր գաղափարները սեղանին են: Դրանցից պետք է վերջնական, բոլորի համար ընդունելի փաստաթուղթ ստանալ: Մենք բոլորս գիտենք` որտեղ ենք գտնվում ու ինչպես պետք է առաջ շարժվենք»: Սա ռեբուս է, որ բազում հարցեր է առաջացնում` նախ` «բոլոր գաղափարները» ի՞նչ գաղափարներ են, եթե այդքան հեշտ էր «վերջնական, բոլորի համար ընդունելի» փաստաթուղթ ստանալը, այսքան տարի ինչո՞վ են զբաղված, և վերջապես` մենք` ովքե՞ր են, որ գիտեն որտեղ են և ինչպես պետք է շարժվել ու այդ ընթացքի հետ համաձա՞յն է Լավրովը:
7. Հրապարակված տեղեկության մեջ ոչ մի տեղ չի հիշատակվում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ կասի այսօր Սերգեյ Լավրովը Երևանում: Ենթադրաբար.
1. Կհաստատի, որ ՌԴ-ԱՄՆ հակասությունների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն` Թուրքիայի ներգրավումով, չի լինի:
2. Հակառակ, որ Էլմար Մամեդյարովը գիտի ինչ անել ու ուր գնալ, բանակցություններում նոր գաղափարներ չկան և ստատուս քվոն մնում է ուժի մեջ:
3. ՀՀ-ԵՄ համաձայնագրին Ռուսաստանը չի առարկում` դեպի Բրյուսել կամուրջ տեսնելով Երևանի մեջ:
Մնացածը` օրավարտին:

Դիտվել է՝ 3107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ