Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հարութն անվախ էր նույնիսկ վախի տարիներին

Հարութն անվախ էր նույնիսկ վախի տարիներին
21.11.2017 | 12:46

Զրուցում են մաքսային ծառայության առաջին դասի խորհրդական, կենսաթոշակառու, ուջանցի ՄՈՒՐԱԴ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ և գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Դ.Մ.Ս.- Մուրադ, ՈՒջանում Անդրանիկ զորավարի արձանի տեղադրման մասին որոշակի փաստեր հիշատակված են Ղուկաս Սիրունյանի «Հեյ ջան, ՈՒջան», նաև իմ` 2001 թվականին հրատարակված «Բժիշկ Հարութը» գրքերում: Ինձ հետաքրքրում են նախապատմությունը, դրան նախորդած իրողությունները, որոնք հնարավոր է սպրդած լինեն մեր տեսադաշտից: Շատ կցանկանայի, որ այդ կարևոր, հերոսական իրադարձությանն առնչվող բոլոր մանրամասներն ի պահ տանք պատմությանը:
Մ.Մ.- 1966 թվականի ապրիլի 24-ից օրեր անց գյուղամիջի ընկուզենու տակ Հարութը, Նորիկը և ես զրուցում էինք մեր հետագա անելիքների մասին, արվածն արդեն անբավարար էր թվում, ցանկանում էինք նոր ծրագրեր իրականացնել: Հարութն առաջարկեց Զորավարի աճյունը տեղափոխել Հայաստան և վերաթաղել ՈՒջանում: Պարզ էր, որ առանց պետական մարմինների դա անիրագործելի էր, նույնիսկ, նրանց մեծ ցանկության պարագայում՝ կասկածելի: Առաջարկեցի Զորավարի արձանը գյուղում կանգնեցնելու գաղափարը քննարկել: Մտահոգությունը դարձյալ թույլատրելիության սահմաններում էր: Փորձեցի հիմնավորել, որ արձանի հարցում պետության միջամտության անհրաժեշտություն չկա, կարելի է ինքնուրույն իրագործել այն, բավարար են միայն մեր ցանկությունը, կամքը և խելամիտ գործելակերպը: Հաջորդեց Հարութի խանդավառ հարվածն ուսիս, ապա բացականչեց. «ՈՒշադիր նայեք», և բարձրացավ գյուղամիջի բլրակի վրայի լճափ ու գտավ իր կարծիքով ամենահարմար վայրն արձանի համար. «Տղերք, էստեղից Մասիսներն էլ կերևան…»: Մեզ միացավ նաև մանկավարժական ինստիտուտի ուսանող Թովմասյան Հակոբը և, լսելով խնդրո առարկայի մասին, առաջարկեց դիմել իրենց ինստիտուտի դասախոս Միքայել Ավետիսյանին՝ մշեցի, թունդ հայրենասեր մի մարդու, որն անպայման կհամաձայնի քանդակել Զորավարի արձանը: Այդպես էլ եղավ: Միով բանիվ: Արդեն հիսուն տարի է, որ ՈՒջանի կենտրոնում, ճիշտ նույն տեղում, որտեղ կանգնել էր Հարութը, իր փառահեղ հանդիսավորությամբ կանգնած է Միքայել Ավետիսյանի հեղինակած աննման և հրաշալի ստեղծագործությունը, որն իր վեհությամբ հիացնում է նաև օտարներին: Գյուղի հուշամատյանում պահպանվում են նշանավոր շատ անձանց գրառումներ իրենց տպավորությունների մասին, իսկ Զորավարի զինակից կազակական մի գնդապետ նշել է, որ Անդրանիկն Աստծո պատվիրակ սուրբ էր, որի արժեքն անկարող ենք գիտակցել… Իսկ այն օրը բոլորս ցնծում էինք, ասես արդեն ուրվագծվում էր աշխատանքների սկիզբն ու ընթացքը. որոշվել էր արձանի տեղադրման վայրը, հայտնի էր քանդակագործը, սպասվում էր տևական տառապալի աշխատանք: Հարութը տարերքի մեջ էր: Նա ամբողջովին տրվեց կազմակերպչական, համակարգման աշխատանքներին: Պահանջվող գումարը հանգանակվեց ՈՒջանի բնակիչներից և երևանաբնակ ուջանցիներից: Ըստ Միքայել Ավետիսյանի, ամենահարմարը Նորքի քարհանքի բազալտն էր: Քարի արժեքը վճարելուց բավական ժամանակ անց, սակայն, այն մեզ չէր տրամադրվում: Ստիպված դիմեցինք կեղծիքի: Պոլիտեխնիկական ինստիտուտի իմ երիտասարդ դասախոս Արամ Սիմոնյանի հետ կազմակերպեցինք մի փոքր ներկայացում: Լինելով բարձր ինտելեկտի տեր անձնավորություն, նա ներկայացավ քարհանքի ղեկավարությանը, որպես Հայաստանի լենինյան կոմերիտմիության կենտկոմի բարձր պաշտոնյա և իր վրդովմունքն արտահայտեց, որ նրանց դանդաղկոտության պատճառով ուշանում է ՈՒջանի երիտասարդության որոշման իրագործումը, որը համաձայնեցված է վերևների հետ և խրախուսվում է նրանց կողմից: Արամն ուղղակի հանձնարարեց պահանջվող քարը տրամադրել 3-5 օրվա ընթացքում: Փետրվարի 28-ին քարն արդեն պատրաստ էր: Այն տեղափոխեցինք Միքայելի հետ աշխատող քարագործներ Ազատ Հարությունյանի և Վիլիկ Պետրոսյանի արհեստանոցը: 1967 թվականի հուլիսի 4-ին տեղի ունեցավ արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որը մեծ խանդավառությամբ, անշուշտ, նաև զարմանքով ընդունվեց ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Ամենքս, հատկապես Հարութը, մեծագույն ոգևորություն և հաղթանակի վայելք էինք ապրում: Մնացյալը, կարծեմ, դու և Ղուկասը հիմնականում ներկայացրել եք ձեր գրքերում:
Դ.Մ.Ս. - Միքայել Ավետիսյանին հիշեցրիր: Իսկապես զորեղ և տաղանդավոր անհատականություն էր: Մտերիմ ենք եղել: Կարսեցի այդ բացառիկ անձնավորությունը հիշողությանս մեջ պահպանվում է որպես մինչև Մայր հողի ընդերքն արմատներ ձգած սաղարթակոտոր կոճղ՝ իր հողեղեն մտածողությամբ, հայրենիքի անսահման սիրով և առնական ոգով: 1985 թվականին Անդրանիկ Զորավարի 120-ամյակին նվիրված հեռուստահաղորդում էի պատրաստում «Մայրաքաղաք» ծրագրով: Նկարահանումների մի մասն ՈՒջանում կատարեցինք: Չգիտեմ, պահպանվե՞լ է, արդյոք, այդ ժապավենը: Նրա կերտած արձանն ինձ միշտ երևութանում է որպես Շապին Գարահիսարի թիկունքի բարձրաբերձ ժայռեղեն զանգվածից պոկված և գեղարվեստորեն մշակված մի անկոտրում բեկոր, որի մեջ մեկտեղվում են և հիշողությունը, և ցավը, կարոտը, հաղթանակը, հպարտությունը, նաև պայքարի ու անպարտելիության կամքի, հզորության աղաղակող լռությունը… Միքայելը նաև հրաշալի գեղանկարիչ էր: Ցավում եմ, որ լրագրողները չեն անդրադառնում մեծավաստակ այդ տաղանդին ու մեծատառով հային: Հավանաբար անտեղյակ են: Մի առիթով փնտրեցի նրա մասին տեղեկություն համապատասխան գրականության մեջ, կայքերում, և, ի զարմանս, ոչինչ չգտա… Բայց արի խոսենք մեկ այլ քանդակի մասին, որը դարձյալ սրբավայրի է վերածվել: 1989 թ. ՈՒջանում բացվեց Յուրի Մինասյանի հեղինակած արձանախումբը, որը մշակութային մի նոր հմայք և բովանդակություն հաղորդեց գյուղին, սակայն պուրակը, որտեղ այն տեղադրվեց, ժամանակի հրամայականով վերածվեց հերոսների պանթեոնի: Այնտեղ են հանգչում Արցախյան ազատամարտի ուջանցի առյուծներ Նորիկ Հարությունյանը, Հենրիկ Հովհաննիսյանը և Բժիշկը՝ Հարություն Հարությունյանը…
Մ.Մ.- Արձանների բնույթն ու բովանդակությունը պատկերացնելու համար պետք է անդրադառնալ մեր գյուղի պատմությանը, ուջանցու հոգեկերտվածքին: Ցեղասպանությունից և դիմադրությունից հետո Էրգրից Ռուսահայաստան գաղթած մի խումբ 1919 թվականին ապաստանեց այս հնամենի բնակավայրում, և արդեն 1920-ին Կարապետ Մանվելյանն ու Ներսես Հարությունյանը հիմնեցին դպրոց: Ընդամենը յոթնամյա կրթություն ստացած այդ նվիրյալները, ովքեր դեռ չէին կարգավորել ընտանեկան ապրուստի և կենցաղի պայմանները, սոված, անտուն, բայց կարևորել են դպրոցն ու կրթությունը, նախանձախնդիր եղել նախ և առաջ գրագիտության ապահովմանը, ասել է թե` ուջանցին բոլոր պարագաներում պարտավոր է կրթություն ստանալ: Այդ տարիներին հայտնի հեղինակություն է եղել հարյուրապետ Հարությունը, որը Զորավարի սիրելի զինակիցներից էր: Նա յուրովի ստանձնել է ղաչաղների և իրենց կռիվը դեռ չավարտած հայդուկների և նրանց խմբերի զսպօղակի դեր: Հայտնի է մի դեպք, երբ իր անսանձ ոտնձգություններով աչքի ընկած մեկը փորձել է ուջանցուց ուժով խլել անասունները, վերջինս դիմել է հարյուրապետի օգնությանը: Երբ ավազակը պահանջում է, որ Հարությունն անձամբ գնա իր մոտ պարզելու հարաբերությունները, նրանից մերժում է ստանում. «Ես ամեն մի ավազակի քմահաճույքով չեմ շարժվում, և ամեն մեկն իրավունք չունի իմ անունը տալու: Թող անմիջապես լքի գյուղը, եթե չի ցանկանում խստագույնս պատժվել»: Սա ընդամենը մեկ փաստի հիշատակություն է, որը վկայում է ուջանցու արժանապատիվ արդարամտության մասին: Այդ ժամանակներում ՈՒջանում նույնպիսի հոգեբանություն և մտածողություն կրող, մեծ հարգանք վայելող գործիչներ էին տեր Մանուկն ու տեր Գևորգը: Ստալինյան բռնությունների ժամանակ երկուսն էլ դատապարտվել են որպես դաշնակցականներ և գնդակահարվել, սակայն նրանց լուսեղեն կերպարը պահպանվել է որպես ոգեղեն ներկայություն՝ վերածելով նրանց գյուղի գաղափարական խորհրդանիշերի: 30-40-ական թվականների համատարած մատնությունների շրջանում, չնայած պարտադրվող հանձնարարականներին, ՈՒջանում ոչ ոք մատնության փորձ չի կատարել, և բոլշևիկյան վերնախավը ստիպված է եղել գյուղ գործուղել իր գործակալ մի կոմերիտուհու, որին հաջողվել է սադրանքների միջոցով հավաքագրել մի քանիսին, և նրանց ցուցմունքների հիման վրա հաշվեհարդար տեսնել գյուղի նշանավոր անձանց հետ, ի թիվս նրանց, նաև հարյուրապետ Հարությունի: Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ ֆաշիզմի դեմ պայքարում, հեղվեց նաև կռիվներից և պատերազմներից աչք չբացած բազմաթիվ ուջանցիների արյունը: Հետպատերազմական շրջանում նոր երանգավորումներ և արտահայտչաձևեր ստացան ուջանցու ներաշխարհում խմորվող ազգային գիտակցության ու հայրենիքի ընկալումները: Այդ հարցում կարևոր դերակատարում ունեցավ գյուղի դպրոցը, որտեղ հղկվեցին ուջանցուն նախնիներից ժառանգված գաղափարներ, աշխարհընկալումը, մտածողությունը… 1959 թվականին դպրոցի տնօրեն նշանակվեց Մելքոն Մանվելյանը: Նա, բացի ուսումնական ծրագրերից, հատկապես իր անձնական օրինակով էր ծառայում և ուղղորդում աշակերտությանը, ոգեշնչում ազատության, արդարության գաղափարներով, կրթում և դաստիարակում հարգանք սրբությունների և արժեքների նկատմամբ, նվիրյալ և մարտական ոգով տոգորված քաղաքացիներ՝ օժտված մարդասիրությամբ և անհանդուրժողականությամբ՝ անարդարությունների, ապազգային երևույթների հանդեպ: Ի դեպ, ՈՒջանի դպրոցի շրջանավարտները ժամանակին առանց դժվարության ընդունվում էին հանրապետության բուհեր:
Դ.Մ.Ս.- Հավանաբար, դրա վառ ապացույցներից մեկը հենց Անդրանիկ Զորավարի արձանն է, որը ժամանակին շանթ ու որոտ, կայծակ էր ազգային արժեքները կապանքող իրականության մեջ: Դրա վառ օրինակ է նաև այն փաստը, որ Արցախյան ազատամարտին ակտիվորեն մասնակցող ուջանցիների ջոկատը համալրել էին զտարյուն զինվորներ, որոնք զերծ պահեցին իրենց ցանկացած ոտնձգությունից և իրենց արժեհամակարգին անհարիր, բայց պատերազմին բնորոշ տարաբնույթ գործողություններից:
Մ.Մ.- Անվարան կարող եմ վստահեցնել, որ ոչ միայն դպրոցի ազդեցությունը, այլև Զորավարի արձանի քարեղեն հայացքը և նրա հոգևոր էությունն են այդ ամենի կողմնորոշող ուժը: Ահա այս համապատկերում 1988 թվականին Հայրենական մեծ պատերազմի մասնակից ուջանցիները որոշեցին գյուղում տեղադրել իրենց մարտական ընկերների հիշատակը հավերժացնող զինվորի արձան: Դեռևս 1960-ական թվականներին, Խորհրդային Միությունում համատարած մի գործընթաց էր սկիզբ առել՝ Գերմանիայի դեմ պատերազմող խորհրդային զինվորների արձաններ տեղադրելու ուղղությամբ: Այդ մեծ պատերազմին փոքր ՈՒջանից մասնակցել է 121 հոգի, որոնցից 41-ը զոհվել են, հետևաբար, բնական էր ուջանցիների ցանկությունը: Մեր համագյուղացի Գևորգ Գևորգյանի առաջարկությամբ աշխատանքը ստանձնեց քանդակագործ, նույնպես մշեցի, նույնպես թունդ հայրենասեր Յուրի Մինասյանը: Ի դեպ, ես համոզված եմ, որ թե մտահղացմամբ, թե գեղարվեստական արժեքով նրա հեղինակածը լավագույններից մեկն է Հայաստանում տեղադրված մոնումենտալ հուշահամալիր քանդակների շարքում. բռունցքային արձանախումբը բաղկացած է ամենահայտնի 5 ֆիդայիների դիմաքանդակներից, դրանց հետ՝ Սողոմոն Թեհլերյանի, որպես պայքարի շարունակականության և վրիժառության խորհրդանիշ: Բռնցքի դաստակին կից քանդակված էր խորհրդային հայ զինվորի գլուխը: Բռունցք-արձանի բացումը տեղի ունեցավ 1989 թվականի հունիսի 17-ին: Բացումից ամիսներ անց խորհրդային զինվորն իր տեղը զիջեց Գարեգին Նժդեհի դիմաքանդակին: Հասկանում եմ, որ արձանի կառուցման «ստվերային» պատվիրատուներն անազնիվ ու անարդար գտնվեցին իրական պատվիրատուների՝ խորհրդա-գերմանական պատերազմի մասնակից ուջանցիների հանդեպ, սակայն Գարեգին Նժդեհի կերպարով արձանն իմաստային առումով ամբողջացավ. ֆիդայական պայքար հանուն արդարության և ազատության, վրիժառություն, որպես թուրքական ոճրագործությունների դեմ անհրաժեշտ, պարտադիր, նաև տևական գործողությունների շարք, ապա, որպես արդյունք, ազգային պետականության վերստեղծում՝ Գ. Նժդեհի տեսքով:
Դ.Մ.Ս.- Թույլ տուր չհամաձայնել քեզ հետ: Զինվորին փոխարինելով Նժդեհի արձանով, ըստ իս, ոչ թե ամբողջացավ, այլ իմաստափոխվեց, հեռացավ իր բուն նպատակից: Կարելի էր մտածել այլ լուծումների ուղղությամբ, հակառակ դեպքում, մեր պատմությունն այնպիսի զորականներ է ծնել, որ բոլորին անհնար է մեկ ամբողջությամբ ներկայացնել: Իսկ չե՞ն նեղանա Սիլիկյաններն ու Բեկ-Փիրումյանները, Դրոներն ու Արամ Մանուկյանները և էլի շատ շատերը: Չէ՞ որ Հայրենական պատերազմը մի քանի հարյուր հազար կյանք խլեց մեր ժողովրդից: Տվեց Նվեր Սաֆարյաններ, Նելսոն Ստեփանյաններ, Բաղրամյաններ ու Բաբաջանյաններ, ռազմական բազմաթիվ գործիչներ: Նրանք մեր հայրենակիցներն են, որոնք, ըստ էության, նաև Հայաստանն էին պաշտպանում, իսկ արձանի նախնական նպատակը հենց նրանց հավերժացումն է եղել, որին իրավամբ արժանի են: Մինչդեռ հիմա հուշահամալիրը նվիրված է միայն հայ ազատագրական պայքարի հերոսներին: Թող բուն նպատակից այդ շեղումը առիթ դառնա նրանց ևս մի օր առանձին անդրադառնալու: Ինչևէ: Դա իմ անձնական կարծիքն է: Ինձ հետաքրքրում է Հարութի պահվածքն ու վերաբերմունքն այդ նոր նախաձեռնությանը: Որքան հիշում եմ, նա արդեն մխրճվել էր Արցախյան ազատամարտի հորձանուտը:
Մ.Մ.- Արի չվիճենք այդ հարցի շուրջ: Հարութն այս նախաձեռնությանը խանդով էր վերաբերվում և որևէ ակտիվություն չցուցաբերեց: Իսկապես, նրա մտահոգություններն ու տագնապներն Արցախում էին, բայց արձանի բացումից օրեր առաջ եկավ ինձ մոտ բավական նեղսրտած: Փորձեցի սփոփել, կարծելով, թե պատճառը խորհրդային զինվորի արձանի առկայությունն է գյուղում, հիշեցրի, որ իր եղբայր Ներսեսն էլ այդ պատերազմի զոհերից է: «Նեղված չեմ, արձանի համար շատ ուրախ եմ,- ասաց,- բայց խիստ վրդովված եմ կազմակերպիչներից, որոնք ինձ իրավունք չեն տալիս խոսք ասելու բացման հանդիսությանը: Վախենում են: Մինչդեռ, հիշիր մեր ժամանակվա անվախությունն ու նվիրումը»: Դարձյալ փորձեցի մխիթարել, ենթադրեցի, որ կատակել են, վկայակոչեցի Օպերայի հրապարակի հանրահավաքներում շուրջ մեկուկես տարի հնչող հակախորհրդային հայհոյախառն ելույթներն ու կոչերը: Ինչու՞ և ինչի՞ց պետք է վախենան: «Չգիտեմ»,- ասաց ու ինձ մեկնեց իր ելույթի ձեռագիր տեքստը՝ կազմակերպիչներին ցույց տալու և համաձայնեցնելու համար: Իրավիճակն ինձ միանգամայն հասկանալի էր: Հարութի ելույթը ցանկալի չէր նոր արձանի կազմակերպիչներին, որովհետև նա հայտնի էր Զորավարի արձանով, և ամբիոնին նրա մոտենալը կարող էր ստվերել նոր արձանով պայմանավորված իրենց հայրենասերի փառքն ու հեղինակությունը: Ես, Հարութի հորդորով, տեղում կարդացի նրա ելույթը: Ավելի ճշմարիտ և ժամանակին հարիր կոչ՝ հասցեագրված ոչ միայն արձանի բացման արարողության մասնակիցներին, այլև համայն հայությանը, չկար և չէր եղել: Նա դրվատանքով էր խոսում արձանի ստեղծման կազմակերպիչների, քանդակի և քանդակագործի, պատվիրատուների մասին, բայց գլխավոր ասելիքն այն էր, որ այժմ արձաններ տեղադրելու ժամանակը չէ, որ սեղանին է դրված հայ ժողովրդի գոյատևման խնդիրը, որ մոտալուտ ապագայում մեզ սպասում է երկարատև, դաժան պատերազմ, և անհրաժեշտ է օր առաջ զինվել, ով ինչպես կարող է` պարտավոր է զենք հայթայթել, նույնիսկ գողանալ (նկատի ուներ Հայաստանում տեղակայված խորհրդային բանակի զինանոցը): Հատկապես երիտասարդությանը կոչ էր անում զինվորական պատրաստություն անցնել, վարժվել ու պարապել, որովհետև Արցախ մեկնելու համար առյուծներ են պետք, այլ ոչ ոչխարներ: Ցավոք, ես չկարողացա մասնակցել արձանի բացման արարողությանը, իմացա, որ Հարութը ելույթ չի ունեցել: Չգիտեմ, չէի՞ն թույլատրել, թե՞ ինքն էր արդեն վիրավորված հրաժարվել…
Դ.Մ.Ս.- Բայց կյանքը ցույց տվեց, որ Հարութը և՛ ճառ ասողը, և՛ զանգը կախողն էր: Այդ բովանդակությամբ ելույթի կոչը կրում էր տիրոջ իրավունքով: Որքան հիշում եմ` նա արդեն իր մի քանի համախոհների հետ նախաձեռնել էր զենք-զինամթերքի հայթայթումը մասնավորապես Հայաստանից հեռացող խորհրդային զորամասերից; Մի տեղ համոզում և կաշառում էին, մեկ այլ տեղ ստիպված դիմում էին ուժի և կողոպուտի: Այդ տարիներին տարբեր առիթներով բազմիցս եղել եմ Բյուրականում, նրա ղեկավարած «Արագած» առողջարանում, որը վերածվել էր զենքի արտադրամասի, զինագործության և փորձարկումների, պատերազմ մեկնողների վարժանքի վայրի: Այսօրվա նման հիշում եմ նրան տարբեր իրավիճակներում, վերջինը՝ իր տանը, երբ Շուշիի ազատագրության մարտերում և դրանից հետո ստացած բեկորային վերքերի պատճառով, այլևս դժվար էր քայլելը, անկողնում, և դարձյալ անկոտրում, քաջ գիտակցելով իր վիճակը` նա նաև անվախ էր մահվան սպառնալիքի առջև: Նրա կորստով, ասես, ինչ-որ մի մեծ և անկրկնելի բան, տեսակ խաթարվեց: Նա դեռ շատ անելիք և ասելիք ուներ, մինչդեռ, 1999 թվականի հունվարի 30-ին, երբ դեպի հավերժություն մեկնեց, դեռ չէր բոլորել երկրային կյանքի 60 տարին:
Մ.Մ.- Մեր ընկերության շուրջ քառասուն տարվա ընթացքում ես հասկացա, համոզվեցի, թե որքան խոր ու թանձր են նրա էության մեջ ներծծված հայրենիքն ու հայրենապաշտությունը: Նա չափազանց պարզ ու շիտակ էր, հիշեցնում էր բազմազավակ ընտանիքի այն կրտսեր որդուն, ով համոզված է, որ իր չափ և իր նման ոչ ոք չի սիրում մորը: Հայրենյաց սիրո և նվիրումի զգացմունքները Հարութը համարում էր իրենը և չէր կարող հաշտվել այն մտքին, որ կա մեկ ուրիշը, որ նույնչափ կամ առավել ևս իրենից ավելի հայրենասեր է, պատրաստ է կամ իրավունք ունի իրենից առաջ զոհաբերվելու հայրենիքին: Նա հոգով և էությամբ սեփականաշնորհել էր հայրենիքը և խանդով էր վերաբերվում նրան: Այդպիսին էր մեր ընկեր Հարութը: Երանի բազմաքանակ լիներ այդ տեսակը, որը հայրենիքի և՛ ծառան, և՛ տերն է համարում իրեն:

Դիտվել է՝ 4897

Մեկնաբանություններ