Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Բավարիան» ելել է մայրուղի

«Բավարիան» ելել է մայրուղի
21.11.2017 | 13:14

«Մանչեստր Սիթին» տոնեց հերթական հաղթանակը, հերթական էր, սակայն պարտության ելքով, Դորտմունդի «Բորուսիայի» մրցելույթը, որը տուրից տուր ավելի ու ավելի է հետ մնում հայնկեսյան «Բավարիայից», «Աթլետիկոյի» ու «Ռեալի» մադրիդյան դերբին հօգուտ «Բարսելոնի» էր, դերբի էր, սակայն հռոմեական, «Ռոմա»-«Լացիո» դիմակայությունը, որտեղ առավել ուժեղ էին տանտերերը, հավելյալ ժամանակում «Միլանը» վերջապես կարողացավ գտնել «Ինտերի» դարպասը խոցելու ճանապարհը, սակայն սկուդետեի առաջատարի հետ մրցավեճում բանը բանից արդեն անցած էր, «Ամիենի» հետ մրցակցությունում միավոր է կորցնում «Մոնակոն»՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ հեռակա մրցավեճում վերջինիս ավելի ու ավելի շոշափելիորեն պոկվելու հնարավորություն տալով:

ԱՆԳԼԻԱ
Եվրոպական գերակումբների մեջ ունենալով ամենաթույլ խաղակցված կենտրոնը՝ «Մանչեստր Սիթին» շարունակում է իրար հետևից ծնկի բերել մրցակիցներին՝ վստահորեն գլխավորելով պրեմիեր լիգան: Այս անգամ նրա մրցակիցը «Լեստերն» էր, որը սեփական հարկի տակ պարտվեց 0:2 հաշվով: Հիշեցնենք «քաղաքաբնակների» խփած-բաց թողած գնդակների հարաբերակցությունը՝ 40:7 (ավելի քիչ բաց է թողել միայն «Մանչեստր Յունայթեդը», սակայն նրա խփած թիվն էլ «Սիթիի» համեմատ քիչ է՝ 27): Ասենք, որ տևական ընդմիջումից հետո խաղադաշտ է ելել Զլատան Իբրահիմովիչը, որի երկրի հավաքականը՝ Շվեդիան, ինչպես գիտեք, Իտալիայի ընտրանու հետ պայքարում նվաճեց աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր:
Աղյուսակի երկրորդ հորիզոնականը շարունակում է իր համար ապահովագրած պահել մանչեստրյան մյուս ակումբը (հյուրընկալելիս 4:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»), որն ունենալով 26 միավոր՝ Գվարդիոլայի թիմից հետ է արդեն ութ նիշով:
«Արսենալի» հետ սկզբունքային մրցավեճը 0:2 հաշվով զիջելը «Տոտենհեմին» արժեցավ հրաժեշտ երրորդ հորիզոնականին, որտեղ բարձրացավ արտագնայում չորս անպատասխան գնդակի առավելությամբ «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ հաղթանակի հասած, միավորների թիվը 25-ի հասցրած «Չելսին» («Տոտենհեմը» մնաց ունեցած 23-ով):
Մաուրիսիո Պոչետինոյի սաների օրինակով եվրագոտում են նաև «Սաուտհեմպտոնին» երեք չոր գնդակի առավելությամբ պարտության մատնած «Լիվերպուլն» ու դարձյալ սեփական հարկի տակ «Սոունսիի» նկատմամբ հաղթանակ տոնած «Բյոռնլին»՝ 2:0: Նրանք ունեն հավասար՝ 22-ական միավոր:

ԻՍՊԱՆԻԱ
Աղյուսակի միջնամասում գտնվող «Լեգանեսի» հետ դիմակայությունում էլ էր Մեսին իրեն ազատել մրցակցի դարպասը խոցելու պարտականությունից, սակայն դա Լալիգայի նրա միանձնյա առաջատար թիմին չխանգարեց հերթական հաղթանակը տոնել՝ 0:3: Կատալոնացիների անվան դիմաց արդեն 34 միավոր է՝ գնդակների նախանձելի 33:4 հարաբերակցությամբ:
Իրար վրա մինչև վերջին կաթիլ արյունը պարպվեցին «Աթլետիկոն» ու «Ռեալը», սակայն մադրիդյան դերբիում ոչ միայն հաղթող կողմ չեղավ, այլև այդպես էլ դարպասի գրավման ականատես չեղավ ֆուտբոլասերը: Մայրաքաղաքային այս երկու թիմերն ունեն հավասար՝ 24-ական միավոր ու իրար մեջ կիսում են երրորդ-չորրորդ հորիզոնականները:
«Աթլետիկո»-«Ռեալ» դիմակայության ոչ-ոքին ինչպես որ ձեռնտու եղավ «Բարսելոնին», նույնքան շահավետ էր և «Վալենսիայի» համար, որն արտագնայում 2:0 հաշվով պարտության մատնեց «Էսպանյոլին» և ունեցած միավորների թիվը հասցրեց 30-ի, ինչն ընդամենը չորսով է պակաս «կապտանռնագույնների» ունեցածից:
Եվրագոտում իրենց տեղերը պահպանեցին տանը «Սելտային» 2:1 հաշվով հաղթած «Սևիլիան» (22 միավոր) և արտագնայում «Աթլետիկի» հետ ուժերը չափած «Վիլյառեալը»: Այստեղ կողմերը փոխանակել են մեկական գոլ: Ոչ-ոքին եվրագոտում պահպանել է վերջինիս տեղը:

ԻՏԱԼԻԱ
Տասնմեկմետրանոցի նշանակետից Պերոտիի ու Իմոբիլեի կողմից դարպասի գրավումները «Ռոմա»-«Լացիո» դիմակայությունում կարող էին ապահովել միանգամայն խաղաղ ելք, սակայն այս խաղում իտալացի «գայլերից» դարպասի գրավումով առանձնացել է և Նայնգոլանը (ի դեպ՝ մի քանի րոպե առաջ առանձնացած Պերոտիի փոխանցումից հետո)՝ վերջնահաշվում ապահովելով տանտերերի հաղթանակը: 30 և 28 միավորներով այս թիմերը աղյուսակի չորրորդ-հինգերորդ հորիզոնականում են:
«Գայլերի» օրինակով տուրում վճռական եղավ և սկուդետեի առաջատարը՝ «Միլանին» հյուրընկալած «Նապոլին»: Հավելյալ ժամանակում միլանցիները, ի վերջո, կարողացան ճաշակել գոլ խփելու հաճույքը, սակայն գնացքը պայմանական ասված կայարանից վաղո՜ւց դուրս էր եկել՝ 2:1: Այս հաղթանակը «Նապոլիի» միավորների թիվը հասցրեց 35-ի:
«Սամպդորիայի» հետ մրցակցությունում «Յուվենտուսն» ուներ նեապոլցիներից հետ մնալն ավելի շոշափելի չդարձնելու խնդիր: Թուրինցիներն արտագնայում կարողացան երկու գոլ հեղինակել, ընդ որում, երկուսն էլ հավելյալ ժամանակում, սակայն նրանց համար իրավիճակի ողջ զավեշտն ու ողբերգականությունն այն էր, որ մինչ այդ հասցրել էին երեք գոլ բաց թողնել: Արդյունքում երկրի գործող չեմպիոնը «Նապոլիից» նորից հետ է չորս միավորով:
Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից պակաս հետաքրքրություն չէր ներկայացնում և «Ինտեր»-«Ատալանտա» դիմակայությունը: Հաղթանակը տանտերերի համար 33 միավորով տեղ էր երաշխավորում աղյուսակի երկրորդ հորիզոնականում, ինչը «Ինտերը» հաջողությամբ իրականության վերածեց շնորհիվ Իկարդիի դուբլի՝ 2:0:


ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում վստահ մրցելույթների շարքը շարունակում է հայնկեսյան «Բավարիան»: Ինչպես և սպասվում էր, առաջատարի հետ մրցավեճում ոչինչ չկարողացավ անել «Աուգսբուրգը»՝ 3:0: 29 միավորով մյունխենցիները վստահորեն գլխավորում են աղյուսակը: Թերևս ավելորդ չհամարենք ու հենց այստեղ էլ նշենք «Բավարիայի» ու նրա գլխավոր մարզչի հետ կապված մի քանի վիճակագրական տվյալներ: «Աուգսբուրգի» հետ խաղում մյունխենցիները վաստակեցին իրենց առաջին երեք հազար միավորը: Բունդեսլիգայի պատմության մեջ չկա այդքան միավոր վաստակած մեկ այլ թիմ: Գերմանիայի առաջնության պատմության մեջ Յուպ Հայնկեսը դարձավ 500 հաղթանակ տոնած առաջին մարդը: 174-ը նա արել է մարզիկի, 326-ը` մարզչի որակում:
«Բայերի» հետ արտագնա մրցավեճում «Լայպցիգը» կարողացավ երկու անգամ առաջ անցնել հաշվի մեջ, սակայն տանտերերը երկու անգամ էլ վերականգնեցին հաշվի հավասարությունը, ընդ որում, խաղի հանգուցային ողջ հատված ունենալով մեկ պակաս խաղացող: Այս ոչ-ոքիից հետո «Լայպցիգի» անվան դիմաց գրանցված է 23 միավոր:
Հերթական պարտությունը կրեց Դորտմունդի «Բորուսիան»: Այս անգամ նրա նկատմամբ իր առավելությունը ցուցանողը «Շտուտգարդն» էր՝ 2:1
Դորտմունդցիների սայթաքումից առավելագույնս օգտվեցին մյոնխենգլադբախցիները՝ արտագնայում տպավորիչ հաղթանակ տոնելով «Հերտայի» նկատմամբ՝ 4:2: Այս հաղթանակն ու ունեցած 21 միավորը նրանց խոստանում էին տեղ աղյուսակի երրորդ հորիզոնականում, սակայն «Շալկե»-«Հանովեր» դիմակայությունում տանտերերի հաղթանակը (2:0) ոչ միայն չթողեց մյոնխենգլադբախցիներին ներխուժել առաջին եռյակ, այլև, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, «Շալկեին» տեղ ապահովեց «Բավարիայի» անմիջական հարևանությամբ:
«Այնտրախտի» հետ տնային հանդիպումում չկարողացավ իր առավելությունն ապացուցել «Հոֆենհայմը»՝ բավարարվելով մեկ միավորով (1:1), ինչը սակայն նրան չխանգարեց մնալ եվրագոտում:

ՖՐԱՆՍԻԱ
Մինչ «Ամիենի» հետ մրցակցությունում «Մոնակոն» կարողացավ ընդամենը մեկ միավոր վաստակել (1:1), «Նանտի» հետ դիմակայությունում «Պարի Սեն Ժերմենը» ավելի քան համոզիչ եղավ իր 4:1 հաշվով հաղթանակով ու 35 միավորով գլխավորում է դիվիզիոնը՝ վեց միավոր ավելի ունենալով «Մոնակոյից»:
«Մոնպելիեի» նկատմամբ հաղթանակը «Լիոնին» կօգներ ընդհուպ մոտենալու «Մոնակոյին», սակայն մեր հայրենակից Միշել Դեր-Զաքարյանի ղեկավարած թիմը ողջ խաղում հուսալի կողպած պահեց սեփական դարպասը տանող ճանապարհները: Արդյունքում՝ գոլազուրկ ոչ-ոքի:
«Լիոնի» ոչ-ոքին հիանալի շանս էր Բորդո մեկնած «Մարսելի» համար, որը հաղթելու դեպքում իրենով կարող էր անել երրորդ հորիզոնականը: Սակայն, հայտնի հոլիվուդյան կինոնկարի պես, առաքելությունը եղավ անիրականանալի: Ավելին` «Մարսելին» պարտությունից փրկած գոլը խփվեց մրցավարի սուլոցից ակնթարթ առաջ՝ 1:1: «Լիոնն» ունի 26, «Մարսելը»՝ 25 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ