Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անգելա Մերկելը հրաժարական չի տա

Անգելա Մերկելը հրաժարական չի տա
22.11.2017 | 11:47

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ավելի շուտ կհամաձայնի նոր ընտրությունների, քան թույլ կոալիցիայի: Կիրակի օրը ձախողվեց 3 կուսակցություններից կոալիցիա ստեղծելու նրա փորձը` Բունդեսթագի ընտրություններից 2 ամիս հետո: Կանցլերը նաև ասել է, որ հրաժարականի պատճառ չի տեսնում` չնայած ձախողված բանակցություններին: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կուսակցություններին կոչ է արել «վերանայել իրենց դիրքորոշումները»:

Նա բոլոր կուսակցություններին հորդորեց մտածել Գերմանիայի, այլ ոչ իրենց կուսակցական նախապատվությունների մասին և ստեղծված իրավիճակն անվանեց աննախադեպ. «Ես տարբեր կուսակցություններից երկխոսության պատրաստակամություն եմ ակնկալում, որ խելամիտ ժամկետում ձևավորվի կառավարություն: Մեր երկրում ու արտասահմանում, հատկապես հարևան պետություններում մեծ կլինի անհանգստությունն ու անորոշությունը, եթե եվրոպական ամենամեծ պետության ղեկավարները իրենց պարտականությունների բարձունքում չլինեն»: Կոալիցիայի ստեղծման բանակցությունները ձախողեց Ազատ դեմոկրատների կուսակցությունը` հայտարարելով, որ տարաձայնությունները հնարավոր չէ հաղթահարել: Սա ամենալուրջ քաղաքական ճգնաժամն է Անգելա Մերկելի կառավարման 12 տարիներին: «Նոր կառավարության ձևավորման ճանապարհն ավելի բարդ է, քան մենք բոլորս ցանկանում էինք»` ասաց կանցլերը ARD հեռուստաալիքին: Պարզվեց` նա հոռետեսորեն է վերաբերվում փոքրամասնության կառավարության գաղափարին և գերադասում է նոր ընտրությունները: Նրա կուսակցության որոշ անդամներ հույս ունեն վերականգնել «մեծ կոալիցիան» ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, թեպետ սոցիալ-դեմոկրատները արդեն մի քանի անգամ հայտարարել են, որ մտադիր չեն: Սեպտեմբերյան ընտրություններում Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը 1949-ից վատագույն արդյունքը ստացավ, իսկ սոցիալ-դեմոկրատները կորցրին ձայները ու ընդդիմություն դարձան: Ձախողման պատճառը ծայրահեղ աջ ազգայնական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության վերելքն էր, որ առաջին անգամ մտավ Բունդեսթագ: Նրանց հանրաճանաչությունը կտրուկ աճեց, երբ Մերկելը միլիոնից ավելի փախստականների երկիր թողեց:

Միգրացիոն քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունները ոչ միայն հարվածեցին կանցլերի վարկանիշին, այլև նոր կոալիցիայի բանակցությունները ձախողեցին: Իրավիճակը միայն սրեց բնապահպանական քաղաքականության շուրջ Կատրին Գյորինգ-Էկարդտի կանաչների և բիզնեսին աջակցող Քրիշտիան Լինդների ազատ դեմոկրատների տեսակետների տարբերությունը: Համարյա մեկամսյա քննարկումներից հետո Լինդները շրխկացրեց դուռը: «Որևէ առաջընթացի չենք հասել: Ավելի շուտ` հակառակը` նախկին փոխզիջումային նպատակները դրվեցին կասկածի տակ,- ասաց նա լրագրողներին կիրակի երեկոյան:- Լավ է ընդհանրապես իշխանություն չլինել, քան իշխել ստի մեջ: Ցտեսություն»: Գերմանիայի Սահմանադրությունը չի սահմանափակում ընտրություններից հետո իշխող կոալիցիայի ստեղծման ժամկետները, սակայն ավանդական քաղաքական ուժերը չեն ուզում ժամանակը ձգել: Ինչպես և նոր ընտրությունների չեն ձգտում` զգուշանալով ազգայնականներին ու պոպուլիստներին ավելի շատ ձայներ տալու հեռանկարից:

ВВС


Հ.Գ. Երկաթե կանցլերը նոյեմբերի 20-ին ARD և ZDF հեռուստաընկերություններին ասել է, որ նորից կառաջադրի իր թեկնածությունը, եթե Բունդեսթագի նոր ընտրություններ նշանակվեն: Նա միանշանակ գերադասում է ընտրությունները փոքրամասնության կառավարությունից, որ չի ունենա բավարար կայունություն: «Նոր ընտրությունները ավելի լավ ճանապարհ են»` կարծում է կանցլերը: Նա ափսոսանք է հայտնել, որ ազատ դեմոկրատները հրաժարվեցին բանակցություններից` միգրացիոն քաղաքականության և բնապահպանության հարցերում տարաձայնությունների պատճառով:
Եթե նշանակվեն նոր ընտրություններ` կամ կարգապահ գերմանացիները, 2017-ի սեպտեմբերյան ընտրությունների փորձից ելնելով` կգերադասեն հինն ու փորձվածը և կանցլերի կուսակցությունը հետ կբերի կորցրած ձայները` կայունության ու ապահովության ալիքի վրա, կամ կգերակշռեն փոփոխությունների հակվածները և ազգայնականներն ու պոպուլիստները ավելի շատ ձայներ կհավաքեն` Մերկելին թողնելով ընդդիմության ղեկավար լինելու պատիվը: Այս դեպքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կկորցնի հիմնական դաշնակցին և գուցե ստիպված լինի հետաձգել Եվրամիությունը վերափոխելու արմատական ծրագրերը: Բրեկզիտից ու Գերմանիայում հնարավոր իշխանափոխությունից հետո ԵՄ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ֆրանսիայի վրա, նախագահ Մակրոնին պետք են համախոհներ` դաշնակից դառնալու հեռանկարով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ