Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոս. Հայ ժողովուրդը գիտի խաղաղ համակեցության արժեքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոս. Հայ ժողովուրդը գիտի խաղաղ համակեցության արժեքը
23.11.2017 | 22:17

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարի, քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականության կանխարգելման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ինգիբորգ Գաբրիելին և ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ, պրոֆեսոր Հերիբերթ Հիրթեին տիկնոջ հետ: Նորին Սրբությունը ողջունել է հյուրերի այցը Հայաստան «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» համաժողովի առիթով` կարևորելով նախաձեռնությունները, որ ուղղված են քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի ներկայացուցիչների առջև ծառացող մարտահրավերների կանխարգելմանը և հաղթահարմանը:

Ամենայն Հայոց Հայրապետը հաստատել է, որ այս առումով Հայոց Եկեղեցին ևս մեծ ջանքեր է գործադրում տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների միջև հանդուրժողականության, խաղաղ գոյակցության և սիրո ամրապնդման ուղղությամբ: Վեհափառն անդրադարձել է նաև բազմամշակույթ և բազմակրոն միջավայրերում հայոց համայնքները հովվելու Հայոց Եկեղեցու պատմական փորձառությանը: Նորին Սրբությունը շեշտել է, որ հայ ժողովուրդը գիտի խաղաղ համակեցության արժեքը, սակայն պատմության ընթացքում ճաշակել է նաև անհանդուրժողականության, այլատյացության և կրոնական խտրականության դառնությունը, ինչը շարունակվում է այսօր մի շարք հարևան երկրներում: Հյուրերի հետ Վեհափառը քննարկել է Մերձավոր Արևելքի երկրներում տիրող կացությունը, որն ազդում է նաև հայ համայնքի վրա: Նորին Սրբությունը տեղեկացրել է քրիստոնեական համայնքների առջև ծառացած դժվարությունների հաղթահարման նպատակով Քույր Եկեղեցիների հովվապետերի հետ ձեռնարկվող քայլերի մասին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի` անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերը: Հայոց Հովվապետը հավելել է, որ մտահոգիչ այդ երևույթների կանխարգելման համար ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի և երբեք քաղաքական շահերի զոհ չդառնա: Հյուրերը ևս կարևորել են էկումենիկ շփումներն ի նպաստ քրիստոնյա փոքրամասնությունների:


Պատասխանելով ներկաների հարցերին` Նորին Սրբությունն անհրաժեշտ նկատել է միջկրոնական շփումների և երկխոսության առավել աշխուժացումը:

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ