Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արևմուտքի «մայրամուտը»

Արևմուտքի «մայրամուտը»
24.11.2017 | 03:25

Չնայած «համարձակություն» էինք ունեցել ասելու, որ, ըստ ամենայնի, ԵՄ-Հայաստան համաձայնագիրը չի ստորագրվի` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, առաջին հերթին` Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում Ղարաբաղին առնչվող պարբերությունը, որում Հայաստանը պահանջում էր «չլղոզել» ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները, հայտարարությանը տալ այն «տեսքը», որն առկա էր Ռիգայի գագաթնաժողովում, ապա և` ԵՄ-Հայաստան նախաստորագրված փաստաթղթում, այնուհանդերձ, մեր հստակ տեղեկություններով` Հայաստանը, նրա ղեկավար Սերժ Սարգսյանը Բրյուսել են մեկնել` փաստաթուղթը ստորագրելու հաստատակամությամբ: Եզրափակիչ հայտարարությունը հատուկ կարծիքով «կտրելու» առաջնահերթությամբ:


Այնուհանդերձ, բաց է հարցը` հաղթահարվա՞ծ է ամբողջովին ռուսական վետոն, թե՞ հնարավոր է ստորագրումից հետո, տարածաշրջանն իրենով անող, Իրան-Թուրքիա-Ռուսաստան նոր առանցք գծող, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան նոր գազամուղ կառուցող, Սիրիայում իր սուրը փառքով պատյան դրած Ռուսաստանն ինչ-որ պահի փորձի ԵՄ-Հայաստան անիվների մեջ սեպ խրել: Ի վերջո, «Զվեզդա» հեռուստաընկերության ղեկավարությունը որքան էլ ներողություն խնդրի հայկական դեսպանատնից, հաղորդումը հեռարձակվել է, իր «սև» գործն արել, և որքան էլ նրանում ադրբեջանական «հետճաշյա մանանեխ» կամ հայաստանյան «ներքին» հետք «փնտրենք», նման բաները հենց այնպես չեն լինում. քաղաքականության մեջ մանրուքներ չկան, ավելին` սատանան միշտ էլ մանրամասների մեջ է լինում:


Բոլոր դեպքերում, փաստն այսօր կկայանա` փաստաթուղթը կստորագրվի: ՈՒ դա կլինի լուրջ ձեռքբերում Հայաստանի համար, այն էլ այս փուլում, երբ Հայաստանի շուրջ տարածաշրջանը նորովի վերադասավորվում է: ՈՒստի դիտարկենք փաստաթղթի ուժեղ և թույլ կողմերը:
Եթե այնպես ստացվի, որ այն ստորագրվի հայաստանյան «հատուկ» կարծիքով` ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող, ապա փաստաթուղթը կկորցնի իր ամենամեծ գեոքաղաքական հմայքն այն առումով, որ ԵՄ քսանութ երկիր կճանաչի ղարաբաղյան այսօր առկա ստատուս քվոն, որից դեպ արցախյան անկախության ճանաչում «մեկ քայլ» է - ժամանակի հարց կարող է լինել աշխարհի համար: Ինչ վերաբերում է փաստաթղթի «հմայքներին», դրանք շատ են` սկսած նախադեպային լինելուց, որպես քաղաքական այլընտրանք, երբ Եվրասիական միության երկիրը նաև հարևանության մաս է կազմում Եվրոպական միության, ինչն էլ «նոր խոսք» է վերադասավորվող տարածաշրջանի, իր մայրամուտն ապրող Արևմուտքի համար… Ձգենք պաուզան, ասելու` եթե այնպես ստացվի, որ Անգելա Մերկելը մինչև դեկտեմբերի ավարտ չկարողանա կառավարություն ձևավորել և ստիպված լինի գնալ նոր ընտրությունների` անհայտ հեռանկարով, ապա նրա շուրջ համախմբված «բրեկզիտներին» մի կերպ դիմագրավող ծերուկ «Յուրոփի» համար հաստատապես լավ օրեր չեն գա, և Արևմուտքը կրկին կկանգնի «մայրամուտի» առաջ, ինչի առաջին շահառուն կարող է լինել հարգարժան ԱՄՆ-ը, որն այս պահին նույն «Յուրոփին» ստիպում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:


Ահա հենց այստեղ է Հայաստանի գրեթե գլոբալ, «դարակազմիկ» դերակատարությունը: Ստորագրվող փաստաթղթի գերագույն հմայքն այն է, որ նրանով ամրագրվում է պատմական փաստ` Հայաստանը դառնում է կամուրջ երկու միությունների միջև: Եվ «Յուրոփը», որն առանձնապես շահագրգիռ չէ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ, կկարողանա եվրահամաձայնագրված Հայաստանով իրականացնել քայլեր, «շրջանառություններ»` «շրջանցելով» Ռուսաստանի պատժամիջոցները: Իր հերթին էլ Ռուսաստանը նույնը կանի եվրասիական «նապարնիկ» Հայաստանի միջոցով:
Ահա թե ինչու, և առաջին հերթին, մայր-Ռուսաստանը դեմ չէր և չէ Հայաստանի եվրոպացմանը: Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը հաստատակամ է սույն փաստաթուղթը ստորագրելու հարցում, թեկուզ` հատուկ կարծիքով: Ահա թե ինչու Ռուսաստանը հերթական անգամ մեր քթից չի բերի իր գրկից մեր փախուստը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ