Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ստալինը դրականի և բացասականի խառնուրդ էր

Ստալինը դրականի և բացասականի խառնուրդ էր
24.11.2017 | 06:15

Ամեն անգամ, երբ «Իրատեսում» տպագրվում է իմ որևէ հոդված, բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև Մոսկվայից, այդ թվում նաև նախկինում բարձրաստիճան պաշտոնյաներ, շնորհակալություն են հայտնում: Չեմ ցանկանում նշել նրանց գովեստի խոսքերը: Հայտնվում են նաև մարդիկ, այդ թվում` պատմաբաններ, որ համամիտ չեն իմ մտքերին և իրենց կարծիքն են հայտնում, հաճախ չհամաձայնելով հարցադրումներիս: Շնորհակալ եմ նաև հարգելի պատմաբաններին: Մինչ նրանց կարծիքներին անդրադառնալը, իմ շատ սիրելի ու հարգելի ընթերցողներին (որպես նախաբան) ներկայացնեմ փոքրիկ մանրամասներ իմ կենսագրությունից:
Ծնվել եմ 1942 թվականին: Մայրս երեք ամսվա հղի է եղել, երբ հորս ուղարկել են երկարատև «գործուղման»: Եվ այդ 16-ամյա «գործուղումից» հետո նա վերադարձավ` երբևէ ատելություն չցուցաբերելով ԽՍՀՄ-ի նկատմամբ, անգամ Ստալինի հասցեին թունոտ ու ատելի ոչինչ չասաց:


Հայրս մահացել է 2000 թվականին, երբ ո՛չ Ստալինը կար, ո՛չ էլ ԽՍՀՄ-ը: Հավելեմ` նա հպարտորեն է կրել իր ծանր խաչը: Հիշում եմ մահվանից ամիսներ առաջ ասած նրա խոսքը` ԽՍՀՄ-ը որքան էլ թերություններով, բայց ապահով երկիր է եղել մեզ՝ հայերիս համար:
Ընտանիքի ողջ հոգսն ընկած էր կոլտնտեսությունում աշխատող անգրագետ տատիկիս, որի աշխատանքի եկամուտը շատ չնչին էր, և ուսուցչուհի մայրիկիս ուսերին: Վեց տարեկանից կով եմ պահել դաշտում: Եթե հանճարեղ գերմանացի պոետի տողերը իմ բառերով ձևակերպեմ, ապա մոտավորապես կստացվի այսպես՝ ինձ հասկանալի են եղել երկրային ուժերը, քանզի հացս միշտ կերել եմ դառնությամբ: Գյուղում համարյա ազգուտակ չենք ունեցել: Դաշտում պահակ Հուսիկը, որն ինձնից մեծ էր մոտ քսան տարով, տեղին-անտեղի հայհոյում էր ինձ, չէր թողնում կովը արածեցնել, մեկ անգամ նույնիսկ հայհոյելով ծեծեց: Լավ, մտածում էի ես, ինչպես հակադարձեմ դրա լկտիությանը: Նրա տան ճանապարհն անցնում էր մեր տան կողքով: Քարերը լցրի ծոցս և բարձրացա մեր տան կտուրը: Երեկոյան, երբ նա անցավ մեր տան կողքով, սկսեցի քարկոծել: Նա տեսավ ինձ, լկտի հայհոյեց և սպառնաց` վաղը կգաս դաշտ, չէ՞…
Նրա լկտի հայհոյանքին պատասխանեցի առավել լկտիությամբ և ասացի` կգամ: Հաջորդ օրը նա առանց հայհոյելու փորձեց ծեծել ինձ: Ես ասացի` ծեծիր, բայց երեկոյան կանցնես մեր տան կողքով, չէ՞…
Լավ, նետեց նա. «Կովը տար, պահիր, միայն վնաս չտաս»: Հոգուս խորքում հպարտ էի` մի մատ երեխա հաղթեցի նրան:
Ավարտել էի դպրոցը և սովորում էի Երևանում: Էն ժամանակ ահավոր էր «քաղքի տղերքի» արհամարհանքը գյուղացիներիս նկատմամբ: Ինձ «արա, գեղցի» անվանելու համար «կարմրացրի» տեխնիկումի տնօրենի բարեկամ Արմենի մռութը: Նրա պաշտպանները՝ թվով հինգ հոգի, ինձ «դաս» տվեցին: Ես արժանապատվորեն տարա ծեծը և մինչև ուժերիս վերջին ճիգը դիմադրում էի նրանց: Մեկ շաբաթ հետո նրանք հաշտվեցին ինձ հետ, նույնիսկ ներողություն խնդրեցին, և այլևս ոչ մեկը չփորձեց ինձ հետ անհարգալից խոսել: Թե քանի՜ անգամ եմ անծանոթ աղջիկների պատիվը պաշտպանելու համար ծեծ կերել, թե քանի՜ նման դեպքերի պատճառով կոնֆլիկտի մեջ եմ մտել լկտի տղերքի հետ, միայն Աստված գիտի:
Երկրաշարժից հետո, երբ Սպիտակում փոխարինում էի զոհված դատախազին, ռուս գեներալների հետ կոնֆլիկտի մեջ մտա, երբ ոմն գեներալ Ժորիչ լկտի տոնով խոսում էր Ղարաբաղի մասին և ասաց. «Դուք դեռ ո՞ղջ եք»: Նկատի ուներ հայերիս: Ընդհանուր հայտարարում շալակեցի քրեական գործ՝ ինքնիրավչության հոդվածով: Փա՜ռք ու պատիվ բելառուս ժողովրդի (նկատի չունեմ Լուկաշենկոյին) ազնիվ զավակներին, որոնք քննեցին իմ նկատմամբ հարուցված քրեական գործը և կարճեցին հանցադեպի բացակայության պատճառով: Բայց դա չխանգարեց դատախազ Վլադիմիր Նազարյանին, որ ինձ ենթարկի կարգապահական պատասխանատվության, որպեսզի իր իսկ խոսքերով` զեկուցի ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Սորոկային, որ աղետի գոտում ցուցաբերած անփույթ հսկողության համար դատախազ է ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Այստե՞ղ էլ են ռուսները մեղավոր:


Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ պարբերաբար հոդվածներով հանդես գալու համար ես Լևոնի ստեղծած արդարադատության խորհրդի որոշմամբ ճանաչվեցի անպիտան և երկուսուկես տարի դուրս մնացի դատախազությունից: Եվս մեկ օրինակ և վերջակետ կդնեմ իմ մասին ասելիքիս ու կանցնեմ բուն գործին. ութ տարի անբասիր աշխատանքով գյուղը ծաղկեցրած գյուղապետիս նկատմամբ հարուցվեց քրեական գործ և տասն ամիս կատարված քննությունից հետո կարճվեց հանցադեպի բացակայության պատճառով: Եվ ո՞րն էր իմ մեղքը… Ընդամենը այն, որ հանդգնել եմ բանի տեղ չդնել ամեն կարգի (իրերը կոչենք իրենց անուններով) պլանքյաշներին, սուտ հեղինակություններին, գյուղում ապրող ոմն դատախազի և սրանց նման բոլոր այն մարդկանց, որոնք փորձում էին խուսափել հարկերից:
Մի դեպք էլ. ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանն ինձ ասաց. «Հոդվածներ մի՛ գրիր, ես քեզ որևէ շրջանի դատախազ կնշանակեմ»: Ծիծաղեցի` կաշա՞ռք եք առաջարկում, պարոն Գևորգյան:


Սա ես եմ: Թող հիմա ընթերցողն ասի` այս խառնվածքն ունեցող, բռնությունների դեմ միշտ ըմբոստացող անհատը կարո՞ղ է պաշտել բռնակալին, թե՞ ոչ: Երևի ոչ, կասեն շատերը: Բայց ես ասում եմ` եթե լինեի կառավարող, նողկալի բռնակալ կդառնայի բոլոր նրանց հանդեպ, ովքեր ավերեցին Խորհրդային Հայաստանի հսկա արդյունաբերությունը: Ստոր բռնակալ կդառնայի բոլոր նրանց հանդեպ, ովքեր հանուն իրենց ընտանիքի, թոռան, ծոռան հարստացման թալանեցին ու թալանում են այս երկիրը: Դաժան բռնակալ կդառնայի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր համարյա չորս միլիոն բնակիչ ունեցող հանրապետությունը մի քանի տասնյակ տարում իրենց ապաշնորհ կառավարման պատճառով դատարկեցին: Ես` աշխարհի բոլոր բռնակալների ատելությունը կուտակած իմ մեջ, անխնա գիլիոտինի կուղարկեի ժողովրդի քրտինքով, զինվորի արյամբ ապօրինի հարստացածներին: Եթե միլիոններին զրկանք պատճառեին երկրիս հզորացման համար իմ ձեռնարկելիք քայլերը, միևնույն է` կդիմեի այդ քայլին: Բա՞յց… նախ և առաջ նման զրկանքներ պիտի կրեր իմ ընտանիքը:


Հիմա հետ դառնամ և պատասխանեմ ինձ` որպես բռնակալի պաշտողի, ուղղված քննադատական հրապարակմանը:
Սկսեմ Չեռնիշևսկուց: Դու կարող ես մաթեմատիկա, ֆիզիկա չիմանալ, բայց պատմություն պարտավոր ես իմանալ: Պատմությունը սուտ գիտություն չէ: Եվրոպական շատ անվանի պատմաբաններ հիանալի կանխատեսումներ են արել, և դրանք իրականություն են դարձել: Պատմաբանը գնահատական է տալիս ոչ միայն չոր թվերը հիշատակելով, այլև վերլուծում է կոնկրետ միջավայրը, որը նպաստել է այս կամ այն երևույթի առաջացմանը և հետևություններ է անում դրանից:
Ասել Ստալինը բռնակալ էր և «հիմնավորել» այդ բռնակալի էությունը միայն նշելով, թե պատերազմում քսան միլիոն մարդ զոհվեց, յոթ միլիոն մարդ «голодомор»-ին զոհ գնաց և ընդհանրացնել` այդքանի գլուխը Ստալինը կերավ, մեղմ ասած, դա չոր վիճակագրություն է ընդամենը, և ոչ թե անհատի ողջ գործունեության գնահատականը:
Որպեսզի հիմնավորեմ ասելիքս, փաստեմ՝ չեմ ցանկանում նորից կատարել թվաբանություն, որովհետև որոշ պատմաբանների համար միայն հորինած թվերն են կարևոր: Միայն նշեմ. եթե 1939 թվականին ԽՍՀՄ-ի բնակչությունը 170 միլիոն էր, պատմաբանները թող սրանից հանեն իրենց նկարած թվերը և միասին պատասխանեն, ինչպե՞ս բացատրել, որ մարդկային ռեսուրսի նման կորուստներից հետո, ինչ հրաշքով 1989 թվականին ԽՍՀՄ-ի բնակչությունն արդեն 280 միլիոն էր: Գուցե դրանից հետո անլուրջ մարդիկ փոքր-ինչ լրջանան (հազիվ թե) և միլիոնների հետ կատակ չանեն: Եվս մի ճշտում կատարեմ հոդվածիս նկատմամբ բացասական տրամադրված պատմաբանի թվաբանական հաշվարկում: Կուրսկի ճակատամարտում, իր հոդվածում գրում է նա, խորհրդային բանակը կորցրել է 860 հազար զինվոր և 6000 տանկ, իսկ գերմանական բանակը` համապատասխանաբար 500 հազար զինվոր և 1500 տանկ: Դա միանգամայն բնական է, որովհետև հարձակվող կողմի զոհերը միշտ գերազանցում են: Խորհրդային կողմը պաշտպանականից անցավ հարձակման, ուստի և զոհերն էլ պիտի շատ լինեին: Վերջապես հստակեցնենք՝ ավելի զոհերի թվով չէ, որ ապահովվել է հաղթանակը, թե՞ դա չէ կարևորը պատմաբանի համար, այլ ամեն եղանակով նսեմացնել խորհրդային զինվորի հերոսությունն ու մի շտրիխով ևս ընդգծել բռնակալի մեղավորությունը:
Հարգելի պատմաբանի համար թվաբանական փոքրիկ հաշվարկ կատարեմ: Բայց նախ փաստեմ` չոր թվերը մեծ իմաստ են պարունակում, եթե կարողանաս խոսեցնել դրանց հետևում կանգնած առարկաներն ու փաստերը: Ինչևէ. փոքրիկ հաշվարկ պատմաբանի համար: Խորհրդային KB-34 տանկը կռվի դաշտում թռչում էր Պեգասի նման, իսկ գերմանական «Տիգրը», «Պանտերան» շարժվում էին ինչպես դոդոշը: Ինչու՞: Եթե մեջբերեմ այդ տանկերի տեխնիկական տվյալները, հավանաբար ամեն ինչ պարզ կլինի: KB-34-ը կշռում էր 33 տոննա, երկարությունն էր 6100 սմ, լայնությունը` 3000 սմ, բարձրությունը 2,5 մետր, մաքսիմալ արագությունը խճուղում` 45 կմ/ժամ: «Տիգրը» կշռում էր 57 տոննա, երկարությունը` 6317 սմ, լայնությունը` 3705 սմ, բարձրությունը` 2930 սմ: Մաքսիմալ արագությունը` 38-44 կմ/ժամ: Գերմանական տանկը համարյա երկու անգամ ծանր էր խորհրդային տանկից: Եթե վերածենք մետաղի, կստացվի, որ գերմանացիները կորցրել են 3000 տանկ` խորհրդային 6000-ի դիմաց և պարտվել են:


Ինչ վերաբերում է ռազմագերիների թվաքանակին, ապա նրանք ոչ թե գերի հանձնվում էին, այլ հանգամանքների բերումով էին գերի ընկնում: Ոչ ոք չի ժխտել և չի էլ կարող ժխտել գերմանական բանակի ռազմական հզորությունը, որովհետև հանուն Գերմանիայի էր աշխատում եվրոպական նվաճված երկրների հզոր և առաջադեմ արդյունաբերությունը: Խորհրդային Միությունը 1941-ին ընդամենը 18 տարվա պատմություն ուներ (ԽՍՀՄ-ը կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 22-ին), հետամնաց Ռուսաստանից ժառանգել էր քայքայված տնտեսություն: Սրան էլ գումարենք նորաստեղծ պետությանը պարտված դասակարգի պարտադրած հնգամյա քաղաքացիական պատերազմը, համաշխարհային մեկուսացումը և բազում այլ խնդիրներ: Եվ նման իրավիճակում կանգնել պայքարի ու հաղթել մինչև ատամները զինված թշնամուն… Այստեղ է, որ պետք է կանչել` փա՜ռք ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին, փա՜ռք այդ ժամանակ երկիրը կառավարող կուսակցությանը, փա՜ռք աշխարհի հզոր բռնակալներից մեկին՝ Ստալինին:
Սակայն նրան այդ բառով պիտակավորելուց առաջ անհրաժեշտ է բազմակողմանիորեն վերլուծել ժամանակը, քաղաքական այն վիճակը, որտեղ գործել է նա, և այդ քաղաքական վիճակից մինիմալ, երբեմն էլ ահավոր կորուստներով դուրս գալու անհատի դրսևորած ջանքերը:


«Մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում»,- փաստել է Րաֆֆու հերոսը հայտնի վեպում: Ասել կուզե՝ դատապարտելուց առաջ վերլուծիր ստեղծված այն վիճակը, որտեղ գործել է հերոսը, անհատը, քաղաքական, պետական գործիչը:
Որպեսզի ճիշտ բնութագրեմ Ստալինին, նախ պետք է պատասխանեմ իմ իսկ առաջադրած հարցին, մոր կողմից հրեա, մարդկանց վրա խոսքով ազդելու մեծ խարիզմա ունեցող, հանճարեղ մտածող, իր հեղափոխական գործունեությամբ աշխարհի զարգացման նոր ուղի նախանշող Լենինն ինչու՞ իր քաղաքական ժառանգորդ նշանակեց Ստալինին և ոչ թե իր իսկ շրջապատում գործող ազգությամբ հրեա որևէ մեկին, կամ թեկուզ Ստալինից անհամեմատ խելոք, նույն ժամանակ մեծ դիրք ունեցող Տրոցկուն: Գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ Հոկտեմբերյան հեղափոխության հերոսների մեջ համարյա չի եղել էական դեր կատարած ռուսական ծագումով որևէ մեկը, այդ հեղափոխությունը կատարել են Ռուսաստանի ճնշված ժողովուրդների զավակները՝ հրեաներ, լեհեր, հայեր, լատիշներ, վրացիներ, ուրիշներ: Միայն յոթ հազար լեհ հեղափոխական է եղել լենինյան գվարդիայում: Եվս մեկ դետալ. փա՜ռք ու պատիվ այդ ճնշված ժողովուրդների զավակներին, որ վարակված չէին ռուսական կայսրության հսկայական տարածքները մասնատելու գաղափարով:
Այժմ պատասխանեմ իմ իսկ առաջադրած «ինչու»-ին: Լենինը սիրում էր Ռուսաստանը և չէր ցանկանա, որ իր անունը ապագայում անեծքով հիշվեր Ռուսաստանում: Հենց այդ պատճառով նա իր քաղաքական ժառանգորդ չկարգեց որևէ հրեայի: Լինելով բազմակողմանի զարգացած քաղաքական գործիչ, նա լավ գիտեր սիոնիզմի դավանանքը` ստեղծել համաշխարհային հրեական պետություն:


Եթե իշխանության գային հրեաները, ապա կիրագործեին սիոնիզմի պլանները՝ կստեղծվեր բնական ռեսուրսներով հարուստ հսկայական պետություն, որտեղ կիշխեր խելոք հրեական միտքը: Հենց այդ պատճառով էլ նա Ստալինի մեջ տեսավ իր ժառանգորդին:
Այդ նշանակումով սկիզբ առավ դաժան պայքարը Սոսոյի և ինտելեկտով նրանից անհամեմատ բարձր կանգնած հրեական խմբավորման միջև:
Մեկ անգամ չէ, որ հրեաները փորձել են լուռ պայքարով հասնել հաջողության, բայց բնատուր քաղաքական հոտառությամբ օժտված Ստալինը ամեն անգամ կարողացել է այն չեզոքացնել: Մինչև 1937 թվականը Ստալինի կենսագրության մեջ չի հիշատակվում բռնաճնշումների արտակարգ որևէ դեպք: Տրոցկին է ասել՝ հրապարակում կտեղադրենք «գիլիոտին» և անխնա կգլխատենք մեր հակառակորդներին: Ստալինը նույնիսկ քննադատորեն է արտահայտվել 1921 թվականին Կրոնշտադտի խռովությունը դաժան մեթոդներով ճնշելու փաստին, որն իրագործել էր Տուխաչևսկին:


Երբ 1939 թվականին բացահայտվեց մարշալների դավադրությունը` Տուխաչևսկու գլխավորությամբ, Ստալինը ի՞նչ պետք է աներ, եթե ոչ գլխատեր բոլորին:
Խրուշչովի ժամանակ (նա Ստալինի երդվյալ թշնամին էր) ամեն ինչ արվում էր Ստալինին սևացնելու համար: Նրան էին վերագրում «անմեղ մարշալների» նկատմամբ իրագործված բռնությունները (մարշալների դավադրության իսկական պատմությունը բացահայտվել է արդեն XXI դարում), Կիրովի սպանությունը (այն իրագործել էր քարտուղարուհու ամուսինը, երբ իմացել էր Կիրովի և իր կնոջ սիրային կապի մասին) և էլի շատ ստորություններ, որոնք միտումնավոր վերագրվում էին Ստալինին:


Մինչ օրս էլ ժողովրդական լայն զանգվածների համար այդպես էլ պարզ չէ` վերջին հաշվով ո՞վ էր Բերիան: Ասում են, մի անգամ օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խրուշչովն անկեղծացել է, թե նա ամենևին էլ օտարերկրյա գործակալ չէր: Պարզապես ասված սուտը պետք է ընդունելի լիներ ժողովրդին: Իշխանության համար մղվող պայքարը դաժան է եղել (այսօր դեմոկրատիայի դրախտ համարվող ԱՄՆ-ում չեն համակերպվում օրինական ընտրված Թրամփի հետ և ամեն ինչ անում են նրանից պրծնելու համար), ինչը լավ երևում է հետխորհրդային բոլոր տարածքներում: Վերջապես այդ հսկայական կայսրությունում կարգուկանոն ստեղծելը ամենևին էլ դյուրին չի եղել: Ընդամենը 18 տարվա պետություն էր ԽՍՀՄ-ը, երբ սկսվեց Մեծ հայրենականը: Ճիշտ է, 1937 թվականի Սահմանադրությունը հայտարարում էր, որ ԽՍՀՄ-ում չկան հակոտնյա դասակարգեր, բայց մի՞թե այդպես էր: Մի՞թե այսօրվա ՈՒկրաինայում պաշտամունքի հասած բանդերաների ու շուխևիչների հետնորդները չեն ժխտում վերևում ասվածը:
Եթե իրոք Ստալինը բռնակալ էր, հայրենիքը դատարկող, թալանող, կեղեքող բռնակալ, ինչու՞ ուրեմն այդ բռնակալի դեմ պայքարողները լայն ճակատով չհամագործակցեցին Հիտլերի հետ: Մորս հորեղբայրը, որը գերի էր ընկել, պատմում էր, որ երբ գերմանացիները գալիս էին ճամբար և առաջարկում համագործակցել իրենց հետ, կռվել ստեղծվելիք լեգեոններում ընդդեմ ստալինյան բռնակալությունների, շատ քիչ անհատներ էին համաձայնում: Ստալինը ժողովրդի կողմից ընդունված և սիրված բռնակալ էր, որովհետև նրա արած վատի կողքին մեծ էր դրականը, որ կատարվում էր ԽՍՀՄ-ում:


Չեմ ժխտում` բոլշևիկները բացասական դեր են խաղացել հայկական հարցում: Այսօր չկան բոլշևիկները, բայց հայկական հարցում պուտինյան քաղաքականությունն ինչո՞վ է տարբերվում բոլշևիկյան քաղաքականությունից: Մի՞թե այսօր Պուտինը չի զինում և՛ իր դաշնակցին, և՛ իր դաշնակցի թշնամուն: Եթե բոլշևիկյան Հայաստանի ազնիվ ղեկավարները հավատում էին լենինյան ազգային գաղափարներին, ապա այսօր հայերիս համար ղարաբաղյան հարցի ցավոտ լինելն ինչո՞վ և ինչպե՞ս կարելի է բացատրել: Հարցի պատասխանը ասեմ՝ տվել է մեր ժողովուրդը քառօրյա պատերազմի ժամանակ: ՀՀ նախագահն իր թիկունքում ունենալով նման ժողովուրդ (պատերազմի ժամանակ երևացին մեր ժողովրդի կամքը, միասնությունը, բարձր բանականությունը, ոչ ոք չպահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ իր գործողություններով ասաց` դու երկրի գլխավոր գերագույն հրամանատարն ես, վստահում ենք քեզ)` բարոյական իրավունք չունի խոսելու ղարաբաղյան հարցի լուծման ցավոտ լինելու մասին: Պատմությունը մեզ ապացուցել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը, սառեցումը, այսինքն՝ իրար նկատմամբ ատելությամբ լցվելը, հետո գրկախառնվելը կարելի է համեմատել իսկ և իսկ անբարո վարքագծով սիրուհու և սիրեկանի հարաբերության հետ, և մենք՝ հայերս, հեռու պիտի մնանք այդ հարաբերություններից, որովհետև ռուսի վրա միշտ բարձրացած թուրքը իր «կայֆից» հետո հեռանալու է նրանից, բայց մինչև «կայֆի» ավարտը ռուսը մեր հաշվին ցանկանում է երկարացնել այդ հաճույքը: Ինչու՞ բերեցի այդ օրինակը. որ ցույց տամ, որ Լենին-Ստալինից հետո շատ բան է փոխվել, բայց ռուսի էությունը Թուրքիայի հարցում միշտ նույնն է մնացել: Եթե էն ժամանակ մենք Ռուսաստանի կազմում էինք, այժմ բոլորովին այլ է կարգավիճակը. պետք է նրան ասել` եթե չես կարող օգնել, ապա հեռու մնա մեր և թուրքի հարաբերություններից, քո և թուրքի սիլիբիլիները մի՛ կառուցիր մեր հաշվին: Եթե ռուսն առայսօր չի հասկացել թուրքի էությունը, դա նրա գործն է:


Դեռևս տարիներ առաջ եմ ասել` երբ Եվրոպան լցվի մուսուլմաններով, այն ժամանակ կհասկանա քրիստոնյա հայերիս: Վստահ եմ, եթե աշխարհում կան պետություններ (իսկ դրանք շատ են), որ սպասում են արջի կաշին քերթելուն, դրանց մեջ առաջինը Թուրքիան է:
Ստալինը մեծ անհատ է եղել: Հետագայում նա խոստովանել է թուրքերից խաբված լինելը: Այդ անհատին բարձր են գնահատել նրա թշնամիներն անգամ: Ֆաշիստական բիրտ կրունկը կոխկրտում էր Եվրոպան: Եվրոպական բոլոր պետությունները համարյա առանց դիմադրության իջեցնում էին իրենց երկրի դրոշները նրա ոտքերի տակ: Ֆրանսիայի նման արդյունաբերական երկիրը մեկ ամիս էլ չդիմացավ: Մարտնչող Դը Գոլը հազիվ կարողացավ մեկ դիվիզիայով հասնել Անգլիա: Անպարտելի բանակի միֆը կախվել էր ողջ աշխարհի վրա: Անգլիան ահով էր սպասում իր սև օրվան: Չերչիլը ողջ հույսը դրել էր խորհրդային զինվորի վրա: Երբ 1941 թվականի ցուրտ դեկտեմբերին Մոսկվայում գտնվող Չերչիլը տողանցում էր խորհրդային բանակի շարքերով, նայում էր նրանց աչքերին ու ասում. «Կդիմանա՞ն արդյոք ֆաշիստական ուժերին»: Ոչ միայն դիմացան, այլև հաղթեցին: Միայն երկաթյա կամքը, դաժան կարգապահությունը կարող էին կանգնեցնել անակնկալ հարվածից անկանոն նահանջող խորհրդային բանակը:
Ասում են` սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա ուրվականը, իսկ ֆաշիզմի ուրվականը ահավոր սարսափելի էր: Ընդամենը հինգ ամիս, և թշնամին Մոսկվայից հեռու էր ընդամենը մի կատվի թռիչքի չափով: Եվ այս կրիտիկական պահին նույնպես դրսևորվեց Ստալինի` որպես պետության ղեկավարի կերպարը: Վերջապես նրա նման քանի՞ քաղաքական, պետական գործիչ կա այսօր մեր՝ պատերազմի մեջ գտնվող երկրում, որ որդիներին կուղարկի առաջնային գիծ և համարձակություն կունենա ասելու՝ ես զինվորին մարշալի հետ չեմ փոխում:


Այո, Ստալինը բռնակալ էր, հանուն հայրենիքի բռնակալ էր անգամ սեփական որդու նկատմամբ: Ցույց տվեք, հարգելի պատմաբաններ, աշխարհում մի բռնակալի, որ ամեն ինչ չի արել իր հարստացման համար: Իսկ Ստալինը չի՛ արել: Որքան էլ ոմանք պարեն ներկա Արևմուտքի դուդուկի տակ, որքան էլ հիշեն խորհրդային երկրում տեղի ունեցած օբյեկտիվ ու սուբյեկտիվ բռնությունները, պատերազմի զոհերի քանակը, Արևմուտքի օգնությունը պատերազմի ժամանակ, միևնույն է, չեն կարող ժխտել իրողությունը` Ստալինը նվիրված էր իր երկրին և գործում էր հանուն հայրենիքի հաղթանակի ու հզորացման:
Անշուշտ մեծ է եղել Արևմուտքի գործոնը: Ինչո՞ւ էին նրանք օգնում: Որովհետև քաջ գիտեին` իրենք թեկուզ առաջավոր տեխնիկայով զինված, չէին կարող հաղթել ո՛չ Գերմանիային, ո՛չ էլ Ճապոնիային, որը մի օրում ավերեց Հոնոլուլու կղզում գտնվող ամերիկյան հզոր ռազմածովային բազան:


Խորհրդային բոլոր արդյունաբերական գործարանները գտնվում էին երկրի արևմտյան մասում և որպեսզի ավար չդառնան առաջացող գերմանական զորքին, հապճեպ ապամոնտաժվում և ուղարկվում էին դեպի արևելյան մաս, որտեղ կարճ ժամանակ անց հիմնվող գործարանները սկսում էին արտադրանք տալ: Արժե հիշել այդ թեմայով նկարահանված ֆիլմի հերոսներին՝ շրջկոմի քարտուղարին և գործկոմի նախագահին: Նրանց ասվել էր, որ ուղեկցում եք վագոններով բեռնավորված ապամոնտաժված գործարանը այնտեղ (նշվում էր պատմական անունը), որտեղ պատրաստ են շինությունները, և շտապ կազմակերպում եք նրանց մոնտաժումը, և ամենաուշը 6 ամիս հետո պետք է գործարանը ռազմական արտադրանք տա: Երբ վերոհիշյալ երկու անձինք լինում են նշված վայրում, տեսնում են, որ այնտեղ որևէ շինություն չկա, որ ամայի մի վայր է: Քարտուղարն առաջարկում է. «Գնանք և զեկուցենք կենտրոն, որ առաջադրանքը հնարավոր չէ կատարել»: Գործկոմի նախագահն ավելի խելոք է լինում. «ՈՒզում ես` գլուխներս թռչե՞ն»: Զրոյից սկսում են շինարարությունը, և վեց ամսից էլ մի փոքր շուտ նոր հիմնված գործարանը տալիս է առաջին ռազմական արտադրանքը:
Վերջապես այդ անգլո-ամերիկյան ուժերը Աֆրիկայում հազիվ էին դիմակայում գերմանացի փառաբանված մարշալ Ռոմելի կորպուսի հարվածներին, իսկ ֆրանսիական զորքերն էլ Դաքարում ամերիկացիների դեմ էին կռվում: Նրանք փորձում էին Ֆրանսիային դուրս մղել ֆրանսիական այդ գաղութից: Երկրորդ ճակատն Արևմուտքը բացեց 1944-ին, երբ տեսավ, որ խորհրդային բանակը մենակ կարող էր վերջնականապես ջարդել ֆաշիզմը, որովհետև նրա ռազմական պոտենցիալն արդեն լիովին վերականգնվել էր:


Այսօր Կրոմվելի վեհաշուք արձանը տեղադրված է Լոնդոնում: Բոլորը նրան գիտեն որպես Անգլիայի փառքի համար պայքարող անձնուրաց մարտիկի, և հավանաբար միայն պատմությանը քաջատեղյակ մարդիկ գիտեն, թե ինչպիսի արյունարբու հրեշ է եղել նա իռլանդացիների համար: Դուբլինի փողոցներում, ցրտի ու անձրևի տակ տնքալով մեռնում էին 10 հազարից ավելի ծերեր ու երեխաներ, որոնց սրի էր քաշել Կրոմվելը: Անգլիացիք գիտեն հարգել իրենց հայրենիքի հզորացման համար կռված խոշոր անհատներին և ամենևին չեն բևեռվում նրանց կատարած սև գործերի վրա, ինչը չես ասի ռուս մտավորականի մասին: Թեպետ տեղին է նշել՝ Ստալինին քննադատող արդի Ռուսաստանի մտավորականության մեջ ինչքան են ռուսները: Փաստը մնում է փաստ, որ ԽՍՀՄ-ը շատ մեծ դեր է խաղացել գաղութային սիստեմի փլուզման համար, որ այդ երկիրը եթե որևէ դրական բան արած չլիներ, միայն այն, որ ջարդել է ֆաշիզմը, իսկ դրանում մեծ է եղել Ստալինի դերը, Ստալինը մնալու է պատմության մատյանում որպես մեծ պետական գործիչ: Որքան հեռանաք Ստալինից, այնքան աշխարհում կահագնանան վայրի ուժն ու դաժանությունը: Այդ ընթացքում պատմության քամին կմաքրի պատմության կեղտոտ, շինծու էջերը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Լինենք օբյեկտիվ: Ստալինը դրականի և բացասականի խառնուրդ էր: Ընդունենք այն լավը, դրականը, որ նա արել է երկրի հզորացման, պետության կայացման գործում, և դատապարտենք այն ամեն վատը, որ կատարել է նա երկրում: Եթե երբևէ դրվի նրա կիսանդրին, ապա կիսանդրու մի երեսը կլինի շատ սպիտակ ու պայծառ, իսկ մյուս կեսը՝ սև, և նրա միջով ծորող արյան երակ: Ահա այդպիսին էր Ստալինը:

Դիտվել է՝ 7791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ