Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչ են ակնարկում դրսի մեսիջները

Ինչ են ակնարկում դրսի մեսիջները
24.11.2017 | 06:16

«Հայաստան-Եվրամիություն» համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման օրվա մոտենալուն զուգընթաց` ռուսական որոշ շրջանակների ռեակցիայի առումով ակնկալվում էր որոշակի լարվածություն։ Թեև շատերը նկատում են, որ փաստաթուղթը, այնուամենայնիվ, ստորագրվելու է, քանի որ պաշտոնական Կրեմլի հետ ամենավերին մակարդակներում, դեռևս նախաստորագրման ժամանակներից, ամեն ինչ կարծես թե համաձայնեցված է, սակայն ՌԴ վերնախավը, ինչպես հայտնի է, բավականին բազմաշերտ հասկացություն է, որտեղ շատ տարբեր թևեր կան՝ քաղաքական ղեկավարություն, «դերժավնիկներ», ազատական, հատուկ ծառայությունների, զինված ուժերի ազդեցիկ թևեր և այլն։ Այստեղ նույնպես էլիտան բազմատարր է, և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խնդիրը միշտ էլ եղել է հնարավորինս հավասարակշռել այդ թևերն ու դրանց ազդեցությունը քաղաքական, ռազմաքաղաքական և ֆինանսատնտեսական որոշումների վրա։


Այս պարագայում արդեն առիթ ունեցել ենք պնդելու, որ ռուսական մամուլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին շաբաթներին տված հարցազրույցների շարքը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր նրանով, որ Հայաստանի նախագահը թեև հասկանում է, որ ռազմավարական առումով ԵՄ-ի հետ համաձայնագիրը պաշտոնական ՌԴ ղեկավարության հետ համաձայնեցված է, սակայն Ռուսաստանում կան արմատական և կտրուկ տրամադրված թևեր, որոնք առաջնորդվում են «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքով։ Ընդ որում, նրանց վարքագիծը հաճախ պայմանավորված է ոչ միայն քաղաքական, այլև զուտ տնտեսական դրդապատճառներով: Պարզ է, որ այսօր արդեն այդ շրջանակների ակտիվացման փուլն է։ Այստեղ, իհարկե, հնարավոր են նաև որոշ տակտիկական խաղեր, մասնավորապես, նաև հենց Կրեմլի կողմից, որոնք գուցե արհեստականորեն, կակտիվացնեն նշված թևերին։


Թերևս հենց նման մի աղմկալի դրսևորման ականատես եղանք վերջին օրերին։ Ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդումներից մեկը՝ «կՐՏչվՏջօ»-ն, անդրադարձավ Հայաստան-Եվրամիություն սպասվելիք համաձայնագրին։ Հաղորդման վարողը՝ Ռուսաստանում հայտնի քաղաքագետ Վերոնիկա Կրաշենիննիկովան, որը ի դեպ, ամենևին էլ շարքային մեկնաբան չէ՝ իշխող կուսակցության շրջանակներից է և իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ, քարոզչական հաղորդման ընթացքում բավականին սուր ու կոշտ անդրադարձավ Հայաստանի ղեկավարությանը և իշխող կուսակցությանը։ Իհարկե, կարելի է փորձել ջայլամի դիրք ընդունել, գլուխը մտցնել ավազի մեջ և ասել, որ դա ընդամենը ինչ-որ լրագրողի անձնական կարծիքն է, սակայն իրականում թե՛ հանրապետական կուսակցության, թե՛ ՀՀ իշխանության առավել քան զուսպ ու չափազանց զգուշավոր արձագանքից զգացվեց, որ վերջիններս այդպես չեն կարծում և այդ հաղորդումն ընկալում են որպես հստակ ուղերձ Ռուսաստանից։


Հասկանալի է, որ Ռուսաստանի նման երկրում, որտեղ քարոզչությունը և լրատվական միջոցները, գոնե նրանք, որոնք պաշտոնապես պետական են, լիովին վերահսկվում են, չեն կարող ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունք ցույց տալ և, ինչպես ռուսներն են սովորաբար նման դեպքերում ասում, «նայեզդ» անել։ Ընդ որում, «Զվեզդան», ինչպես հայտնի է, ՌԴ պաշտպանության նախարարությանը ենթակա լրատվամիջոց է։ Այս պարագայում կասկածից վեր է, որ գոնե քաղաքական մասով, այն էլ` ռազմավարական դաշնակիցներին առնչվող նյութերում, լուրջ գրաքննություն է արվում, և դժվար թե այդ դրսևորումը բացթողում լիներ ու արվեր առանց ցուցման։
Այս միջադեպը կարելի է վերագրել ուժային գերատեսչության տեսակետին, որն ինքնին բավականին լուրջ գործոն է, առավել ևս, վերջին տարիներին, երբ այս կառույցը ղեկավարում է Սերգեյ Շոյգուն, և բանակի դերը բավականին մեծ է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի գլխավոր փաստարկն աշխարհում և միջազգային հարաբերություններում, թերևս իր զինված ուժերն են։ Ցանկացած երկրում, որտեղ բանակը մեծ դերակատարում ունի՝ ռազմական գործողություններ, քաղաքական խնդիրների լուծում և այլն, նրա կշիռը շատ մեծ է, ինչպես, օրինակ, Հայաստանում, որտեղ անկախությունից հետո բանակն առանձնահատուկ նշանակություն, կարգավիճակ ու դերակատարում ստացավ։


Վերադառնալով «Զվեզդայի» հաղորդմանը՝ պետք է նկատել, որ հաղորդումը բավականին հմուտ էր կառուցված, տեխնոլոգիական լուծումներով։ Նախ՝ նյութը զետեղված էր մի հաղորդման մեջ, որտեղ հերթականությամբ ներկայացվում էին ներկայիս Ռուսաստանի ոչ բարեկամ երկրներում տեղի ունեցող ինչ-ինչ զարգացումներ։ Փաստացի Հայաստանն այս պարագայում նույնպես դրվեց ՌԴ-ի հակառակորդների շղթայում։ Երկրորդ՝ հաղորդավարը հարվածում էր Հայաստանի իշխանությունների բավականին զգայուն կետերին՝ խորհրդանիշներին, տվյալ դեպքում ազգային հերոս համարվող Գարեգին Նժդեհին և երկրի իշխանություններին։ Այսինքն, մեկնաբանը քննադատում էր նժդեհյան գաղափարախոսությունը, որի կրողը ՀՀ իշխանություններն են և անձամբ Սերժ Սարգսյանը։ Հաշվի առնելով, որ քննադատողը ՌԴ պաշտպանության նախարարությունն է, կարելի է ենթադրել, որ թիրախը նաև Հայաստանի պաշտպանության նախարարն է։
Պարզ է, որ ՌԴ իշխանական կուսակցության մաս կազմող քաղաքագետ Վերոնիկա Կրաշենիննիկովան չէր կարող չիմանալ, որ իրականում Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր չի կնքում, ինչպես ժամանակին արվեց ՈՒկրաինայում, այլ առնվազն մեկ-երկու մակարդակ ավելի ցածր փաստաթուղթ, սակայն հաղորդավարուհին համառորեն շեշտում էր, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, շարժվում է ուկրաինական ճանապարհով։ Եվ ամբողջ հաղորդման թագն ու պսակը ՀՀ իշխանական կուսակցության գաղափարախոսությունը ֆաշիզմի հետ համեմատելն էր։ Ասել է թե՝ այս հաղորդման մեջ ուղղակիորեն ասվեց ամեն հնարավորը՝ ինչ չէր կարելի քաղաքական կոռեկտության և զգացմունքայնության առումով։ Ընդ որում, ամեն ինչ արվում էր, որ հարվածը լինի զգայուն և վիրավորական։


Հետաքրքիր է, որ աղմուկ բարձրացնելուց հետո հեռուստաընկերությունն իր յութուբյան էջից հեռացրեց հաղորդումը, սակայն արդեն ուշ էր, և ջինը շշից բաց էր թողնված։ Հետագայում հեռուստաընկերության հնչած «ներողությունն» էլ ուշագրավ նրբերանգ ունի: Ըստ էության, ներողություն են հայցել ոչ թե հնչած մեղադրանքների ու գնահատականների, այլ կոռեկտության սահմաններն անցնելու կամ նյութը մատուցելու ոճի համար: Ամեն դեպքում հաղորդումն ու բարձրացված աղմուկը դժվար թե ազդեն ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրման վրա, քանի որ սա, կարծես, ընդամենը կոնկրետ «սոուսի» տակ ինչ-որ մարդկանց ինչ-որ բան հասկացնելու գործողություն էր։
Եվ այսպես, թերևս ավելի կարևոր է, թե ինչով է պայմանավորված նման վարքագծի դրսևորումը: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ հայկական կողմը փորձում է խախտել արտաքին և ներքին որոշակի պայմանավորվածություններ, չի բացառվում նաև, որ ռուսական կողմը վերջերս ինչ-որ նոր ինֆորմացիա է ստացել և այդպես է արձագանքում։ Սակայն հետաքրքիրն այն է, որ այս աղմուկի մեջ ստվերում մնաց արդեն մյուս «նայեզդը», ընդ որում նույն գործիչների` Սերժ և Վիգեն Սարգսյանների վրա, ինչը տարօրինակ զուգադիպությամբ նախաձեռնվել էր այս անգամ ամերիկյան կողմից։ Ամերիկյան որոշ բաց աղբյուրներ՝ բլոգերների, ԱՄՆ-ի հետ ասոցացվող անձանց մակարդակով, սկսեցին հրապարակել նյութեր, որոնք ակնարկում էին ՀՀ պաշտպանության նախարարի դեմ եղած, այսպես կոչված, «պենտագոնյան դոսիեների» մասին։ Հետաքրքրական է, որ այս մանրամասները հրապարակում է, որքան էլ տարօրինակ է, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին օգնականն ու եղբորորդին, որն ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում գիտական աշխատանքներ է տանում։ Այսինքն, ամերիկյան արտահոսքերը բաց կերպով են արվում։


Ամփոփելով նշենք, որ այժմ մենք ունենք բավականին հետաքրքիր ու առաջին հայացքից պարադոքսալ իրավիճակ, երբ երկու հակադիր աշխարհաքաղաքական կենտրոնները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, գրեթե միաժամանակ զբաղված են նույն գործիչների նկատմամբ ճնշումներ գործադրելով։ Սա այն հազվադեպ իրավիճակներից է, երբ աշխարհաքաղաքական երկու կենտրոնների շահերը, կարծես, տարօրինակ կերպով համընկել են։ Թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը, կտեսնենք, հավանաբար, մոտ ապագայում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5308

Մեկնաբանություններ