Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Իմ կինոն և նկարչությունը սերտորեն կապակցված են ու անբաժանելի»

«Իմ կինոն և նկարչությունը սերտորեն կապակցված են ու անբաժանելի»
24.11.2017 | 06:44

«Իրատեսի»» հյուրը կինոռեժիսոր, գեղանկարիչ ԱՐՄԵՆ ՌՈՆՈՎՆ է: Նրա հետ զրույցն անդրադարձ է իր ունեցած բացառիկ հանդիպումներին աշխարհի մեծագույն արվեստագետների հետ, ինչպես և արձանագրումն է նրա յուրատիպ մեկնաբանության՝ սեփական մշակութային փորձարարության վերաբերյալ:

«ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՌԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՄԻ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԷՐ ԴՐՎԱԾ, ՈՐԻ ՎՐԱ ԲԱԶՄԱԹԻՎ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՅԻՆ»


-Արմեն, ստեղծագործական ներշնչանքի համար անգնահատելի են հետաքրքիր, արտառոց շփումները, որ ուղեկցում են արվեստագետներին՝ որպես կանոն: Ձեր դեպքում ճակատագիրն աննախադեպ շռայլ է գտնվել, Դուք ունեցել եք այնպիսի շփումներ, որոնք ինքնին մշակութային իրադարձություններ են: Պատմեք, խնդրեմ, դրանց մասին:
-Հանդիպումներ… Ծնունդը, կյանքը հենց հանդիպումներ են հրաշալի մարդկանց հետ: Այդպիսի հանդիպումներ ունեցա Իտալիայում, որտեղ ապրում, ուսանում էի: Ստացվեց այնպես, որ կապ հաստատեցի Տոնինո Գուեռայի հետ: Ինձ հետաքրքրում էր նրա ստեղծագործական կյանքի նեոռեալիստական ժամանակաշրջանը: Իհարկե, կա գրականություն, կարելի է փնտրածդ տեղեկությունը գտնել այնտեղ, բայց կարդալն էլ ունի իր բարդությունները: Կարդալով՝ երբեմն մարդ ամբողջովին խճճվում է: Ես ուզում էի ամեն ինչ լսել հենց իրենից՝ Տոնինո Գուեռայից: Մենք հանդիպեցինք իր թանգարանում՝ Պենաբիլի քաղաքում: Նա մեծ համակրանք ուներ Հայաստանի, հայերի նկատմամբ և երբ իմացավ, որ հայաստանցի մշակութային գործիչ եմ, համաձայնեց հանդիպել: Ես տեղանքին անծանոթ էի և ուշացած հասա: Իսկ Տոնինոն ամենևին չէր սիրում սպասել, անհամբեր մարդ էր: Նա սովորաբար անցկացնում էր վարպետության դասեր, ամեն դասին ունենում էր որևէ հյուր և դասը նվիրում էր նրան: Այդ օրվա հյուրը ես էի և, փաստորեն, ուշացել էի: Երբ տեղ հասա, մտանք ներս, նստեցինք, Տոնինոն ասաց, որ ես այնպիսի մի բան պիտի անեմ, որ իմ ուշացումն արդարացվի, այնպիսի մի բան, որն իրեն զարմացնի, այլապես ինձ դուրս կվռնդի: Ես ասացի, որ բերել եմ իմ ութրոպեանոց «Պոպրիշչին»» ֆիլմը՝ Ռաֆայել Քոթանջյանի դերակատարությամբ: Երբ իմացավ, որ Գոգոլի «Խելագարի հիշատակարանի» հիման վրա է նկարված ֆիլմը, հարցրեց՝ եղե՞լ եմ Նեապոլում` Գոգոլի թանգարանում: Իմանալով, որ եղել եմ, հարցրեց՝ տեսե՞լ ես հատակը, այն կա՞ ֆիլմում: Ստանալով դրական պատասխան՝ համաձայնեց, որ ցուցադրեմ ֆիլմը: Դիտումից հետո ասաց. «Ես տեսա հակակինո»: Նա մեկնաբանեց այսպես. կինոյի կարծրատիպն այնքա՜ն է կարծրացել: Իսկ սա այն նոր ֆորման էր, որի մեջ ես տեսա նոր տարրեր՝ գույնի, զգեստի, սիրո, և կինոն բացարձակապես անհետաքրքիր դարձավ ինձ համար: Զգեստները ֆիլմում շատ յուրօրինակ են. դերասանի մերկ մարմնի վրա ես կորսետներ եմ հագցրել: Հիշեք, թե 17-րդ դարի կանայք ինչ տառապանքներ են քաշել կորսետների պատճառով, ինչքան են չարչարվել, որ հավաքեն իրենց մարմինն այդ կաղապարի մեջ: Իմ ֆիլմում ես կորսետ հագցրի տղամարդուն, որովհետև տղամարդն էլ ունի հավաքվելու կարիք: Ֆիլմը դիտելուց հետո երկար զրուցեցինք: Տոնինոն հիշեց Փարաջանովին, իր մյուս հանճարեղ ընկերներին, խոսեց նեոռեալիզմին վերաբերող հարցերի շուրջ: Հետագայում նա գրեց իմ մասին՝ ինձ կոչելով լույսի մարտիկ: Խնդրեցի նրան ինձ ծանոթացնել երեք անհատականությունների՝ Անդրեյ Տարկովսկու որդու՝ Անդրեյ Անդրեևիչի, Անտոնիոնիի և Բերգմանի հետ: Անդրեյի հետ հանդիպումն ամենահեշտը ստացվեց: Ես՝ որպես հյուր, մնացի Տոնինոյի թանգարանում, մեկ օր անց եկավ այնտեղ Անդրեյը, խոսեցինք տարբեր բաներից, հիշեցինք նրա հորը: Այդ ընթացքում Տոնինոն խոսեց Անտոնիոնիի կնոջ հետ, խնդրեց կազմակերպել կեսժամանոց մի հանդիպում և զրույց իմ և Անտոնիոնիի միջև: Կինն ասաց, որ Անտոնիոնին չի զրուցում ընդհանրապես, մի քանի ինսուլտից հետո խոսել չի կարողանում, ընդամենը արտթերապիայով է զբաղվում՝ չորս հոգեբաններով շրջապատված, բայց կարող է կես ժամով ինձ հյուրընկալել: Տոնինո Գուեռայի թանգարանում մի կլոր սեղան էր դրված, որի վրա բազմաթիվ գրություններ կային: Երբ նա ասաց, որ ես պիտի գնամ Ֆերարա ու տեսնեմ Անտոնիոնիին, հուզմունքից ինձ կորցրի, սկսեցի հենարան փնտրել, ասես չէի կարողանում ինքս ինձ պահել: Ակամա հենվեցի այդ կլոր սեղանին: Տոնինոն շատ կտրուկ պահանջեց չհենվել, ձեռքս հետ քաշել սեղանից: Շփոթվեցի, մտածեցի, որ սխալ բան եմ արել ու քաշեցի ձեռքս: Հետո Տոնինոն հուզմունքով պատմեց այդ սեղանի մասին: Երբ Տարկովսկին եկել է Ֆլորենցիա՝ նկարելու «Նոստալգիա»» ֆիլմը, Տոնինոն նրա համար տուն է ձեռք բերել քաղաքապետարանից, որն էլ հետագայում դարձել է Տոնինո Գուեռայի թանգարան: Տանն իրեր չեն եղել, և տեղացի արվեստագետները որոշել են գնալ-տեսնել Տարկովսկուն ու որոշ անհրաժեշտ պարագաներ իրենց հետ տանել: Եկել են Իտալիայի բոհեմի ամենահայտնի դեմքերը, բերել տարբեր բաներ, այդ թվում և՝ նշածս կլոր սեղանը: Տարկովսկին կարտոֆիլ է պատրաստել ու այդ սեղանի վրա հյուրասիրել: Երկար զրուցել են: ՈՒ երբ հյուրերը ցանկացել են գնալ, Տարկովսկին իրեն շատ միայնակ է զգացել և խնդրել է հյուրերին մեկական բարի մաղթանք գրել այդ սեղանի վրա: Սեղանը ծածկվել է Սոֆի Լորենի, Ֆելինիի, իտալացի մյուս նշանավորների գրություններով: Երբ տարիներ անց Մարինա Վլադին եկել է Տարկովսկու մոտ, որն արդեն հիվանդ էր թոքերի քաղցկեղով, որ նրան տանի Փարիզ՝ բուժման, Տոնինոն առաջարկել է, որ նա էլ մի բան գրի այդ սեղանի վրա: Տարկովսկին գրել է իր բարի մաղթանքը, մեկնել Փարիզ ու այնտեղ էլ մահացել: Ես այդ սեղանին էի հենվել:

«ՇԱՏ ՄԵԾ ԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՑԱ ԱՆՏՈՆԻՈՆԻԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ. ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ
ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ԵՍ ԱՊՐԵԼ ԵՄ ԱՅԴ ՕՐԸ»


-Եվ այսպես, Դուք ստացաք Անտոնիոնիի հետ հանդիպելու համաձայնությունը:
-Եվ այսպես, երկու օր անց ես գնացքով մեկնեցի Ֆերարա. դա մի շատ սառն ու բաց քաղաք է, այնքան բաց, որ չես գտնում նրա սահմանները: Գնացի Անտոնիոնիի տուն: Ձեղնահարկում փռված էին նրա սպիտակ ու գունեղ կտավները, շուրջը հոգեբաններն էին: Նրա հետ խոսելն արգելված էր, կարող էիր միայն նայել: Նա ձեռքերը թաթախում էր գույների մեջ ու քսում կտավի վրա: Անտոնիոնիի այդ կտավների մեջ ես տեսա ապոկալիպսիս՝ ելքով, փրկությամբ, բարությամբ, էքսպրեսիայով, մի բան, որ չէի տեսել Ռոտկոյի մոտ: Նրա տանը մոտենալիս զուսպ սուրճի հոտ էիր զգում: Ես շատ մեծ էներգիա ստացա Անտոնիոնիի հետ ունեցած հանդիպումից, իմ ամենամեծ վերածնունդը ես ապրել եմ այդ օրը, այդ փոքրիկ տարածքում: Կես ժամ ես եղա բացարձակ մշակույթի, բացարձակ արվեստի մեջ: Այդ լռության մեջ այնքան ասելիք կար, որքան նրա վերջին՝ «Միքելանջելոյի հայացքը» ֆիլմում, որում Միքելանջելոն «երկխոսեց» Միքելանջելոյի հետ: Ես ինձ հետ վերցրել էի իմ գծանկարների տետրը և մտածել էի, որ նրա դիմանկարը պիտի անեմ: Ինչպես մատիտս կպել էր թղթին, այդպես էլ մնաց կպած: Մեկ կետից ավելի ես չկարողացա դնել թղթի վրա: Դա իմ հենման կետն էր, որը դրեցի ու մնացի վրան հենված մինչև վերջ: Դուրս գալիս խնդրեցի, որ Անտոնիոնին ինչ-որ հետք թողնի: Անտոնիոնին ձեռքով հասկացրեց, որ մոտեցնեմ թուղթը, որի վրա դրել էի կետը: Ձեռքը թաթախեց կարմիր ներկի մեջ ու դրեց թղթիս վրա: Դա եղավ իր և իմ երկխոսության ապացույցը, դրոշմը: Ես խենթացա մարդու այդքան մեծ ներկայությունից: Իր հինգ մատի հետքով նա երջանկակրոն դարձրեց իմ օրը: Այդպիսի հանդիպումներով մեծ սփոփանք ես ապրում, հասկանում ես, որ երջանիկ ես. շատ գնահատելի է մարդու հանդիպումը մարդու հետ: Իմ այցելությունից մեկ շաբաթ անց մահացավ Անտոնիոնին: Ինչպես ասացի, Տոնինոյին խնդրել էի, որ ինձ ծանոթացնի նաև Բերգմանի հետ: Բայց մինչև ձեռք կբերվեր պայմանավորվածություն, մահացավ նաև Բերգմանը՝ Անտոնիոնիից օրեր անց:

«ԵՍ ԿԻՆՈՆ ՍԿՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԱՄԲՈՂՋ ՖԻԼՄԸ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ԹՂԹԻ ՎՐԱ՝ ԷՍՔԻԶՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ»


-Դուք Ձեր էքսպերիմենտալ արվեստում արտահայտչամիջոցների տարբեր ձևերի եք դիմում: Մի դեպքում կինոխցիկով եք նկարում, մեկ այլ դեպքում՝ մատիտով ու վրձնով: Ձեր նկարներում շեշտադրված է միֆոլոգիական, սիմվոլիստական տարրը: Ի՞նչ են պատմում այս նկարները Ձեր և աշխարհի մասին:
-Իմ պատկերները ռելիեֆային են: Ռելիեֆի շերտերը ես ստեղծում եմ և դարձնում մատչելի: Դուք կարող եք մոտենալ նկարին և այդ շերտերին ձեռք տալ: Մենք միշտ ունենք շոշափելու պահանջը. սիրո մեջ, հիվանդության մեջ, աղոթքի մեջ, որևէ հետաքրքիր բանի հանդիպելիս: Այս նկարչության մեջ դրված է շոշափելու մշակութային թերապիան: Այն ճանապարհը, որ ես անցել եմ կյանքում, այն մեղքերը, որոնք ես գործել եմ, ռելիեֆի միջոցով, շերտ առ շերտ տրված են իմ նկարչության մեջ: Երբեմն ինքս եմ ձեռք տալիս նկարներիս ռելիեֆին, որ հանգստացնեմ հոգիս: Ես իմ նկարչությունը համարում եմ սպիտակից դուրս գալու ճանապարհ: Սպիտակը՝ որպես հիմք բոլոր գույների, որպես պրոյեկցիա բոլոր մեղքերի, տալիս է նոր ճանապարհի ուղղությունը: Իմ նկարչության մեջ կապը կինոյի հետ չի կտրվում երբևէ: Ես կինոն սկսելուց առաջ ամբողջ ֆիլմը նկարում եմ թղթի վրա՝ էսքիզների տեսքով: Այսինքն, իմ կինոն և նկարչությունը սերտորեն կապակցված են ու անբաժանելի:


(շարունակելի)
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ