Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեր սև հացը հանապազօր և օլիգարխի թուջե որկորը (անապատացվող հայրենիքի տերևաթափը)

Մեր սև հացը հանապազօր և օլիգարխի թուջե որկորը (անապատացվող հայրենիքի տերևաթափը)
24.11.2017 | 07:06

ՆԱԽԵՐԳ


Նոյեմբերի վերջին անձրևապաղ հողմերն են շաչում Նաիրի երկրում։ Թախծոտ խինդն է ծիածանվել անտառներում և այգիներում։ Մարել են սալորենիների շեղջերի բոց-կարմիրը և ծիրանենիների տերևների հյուսքի խնկագույն ոսկին։ Աշունը հրաժեշտի վալսն է պարում։ Հուսանք, որ ձյունառատ կլինի գալիք ձմեռը, և սրսռուն ձյունահյուսքը կպարփակի երկրի և մեր հանցանքներն ու զանցանքները։ Հակառակ պարագայում հանցանքը կդառնա հոգեվարք, իսկ զանցանքը, հասկանալի է, զառանցանք։ Այս ամենը, հարկավ, քաղաքական ենթատեքստով։
Միով բանիվ, մտամոլոր եկեք շրջենք մոտակա խամրող անտառում կամ էլ ծերունական աղոթք մրմնջացող այգիներում և ձոն հղենք բնաշխարհին, ձոն ցնծագին և... լալագին։ Հղենք եղերերգ Խոսրովի անտառ-արգելոցի վերջին խոյին, Արաքս մայր-գետի ձկնկուլին նախավերջին և, ի վերջո, Սևանա լճի ազնվազարմ ասպետ իշխան ձկանը։ Հավերժ հիշատակ նրանց ահել և ջահել անցավորաց։ Ամեն։

ՄԵՐ ՍԵՎ ՀԱՑԸ ՀԱՆԱՊԱԶՕՐ. ԳՈՏԻՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ
Կանաչ մանանեխը բարակ շերտով քսվում է սև հացի հաստ շերտի վրա։ Վրան աղ է ցանվում։ ՈՒ դառնում է ռուսական համեղ նախուտեստ, իհարկե, սիբիրյան օղու ուղեկցմամբ։ Հայոց քիմքը չի ընդունում այս հրաշքը։ Բայց և այնպես, հանկարծահաս գնաճը հորդորում է, որ մի կողմ դնենք մեր ճաշակը և գրկաբաց դիմավորենք տարեվերջյան այս քինոտ գրոհը։ Մենք գնաճին դիմակայում ենք ազգովին, այս իմաստով, եզակի փոխըմբռնում է հանրության և իշխանության միջև։ Տեսեք, ԱԺ-ն և կառավարությունը հոտնկայս են գնահատել գնային այս սանձարձակությունը` որպես գալիք տնտեսական ապահովության երաշխիք և վասն դրա իրականացման մատնանշում են նաև միջոցը` ձգել գոտիները։ Մեծից փոքր, ռանչպարից մինչև նախարար։ Ոմանք, սակայն հավուր պատշաճի չեն գնահատում այս ամենը և սեփական անդրավարտիքի (այրերն իմաստուն), և, խալաթների (այրերի տիկնայք) գոտիները ձեռքերն առած կամենում են... կախվել։
Ի դեպ, իշխանակառավարական վերին ատյանից պետք է իջնի բացատրական հրահանգաշար։ Այսպես, եթե առավոտ վաղ կարագը թանկանում է 25 տոկոսով, ապա պետք է գոտին սեղմել երկու անցքով։ Սակայն եթե նույն օրը, դիցուք 12.00-ին, շաքարավազը էժանանում է 13,5 տոկոսով, ապա պետք է անմիջապես բացատրել, թե քանի անցքով է պետք գոտիները թուլացնել։


Հողմաղացը, որպես հանրային գիտակից զանգվածի շեփորահար, ընդառաջում է վերին ատյանի ազգանվիրական և պետականափրկիչ առաջարկ-առաքելությանը և առաջարկում է մինչև 2018-ի ապրիլի 1-ն օրը երեք անգամ ժպտադեմ ճաշակել մանանեխով գոտեպնդված սև հացը, այնուհետև, շաբաթը մեկ, կարտոֆիլով լցոնված տոլմա վայելել և այսպես թիկունք կանգնել 3-րդ հանրապետությանը։ Ի դեպ, ազգապետափրկչական սխրանք գործեց Արաքս մայր գետի ձախ ափին հանգրվանած Մասիս քաղաքի քաղաքապետարանը` հիմնելով բարեգործական ճաշարան։ Նշյալ ճաշարանը պետք է դառնա գնաճի դեմ պայքարի փարոս, և, ինչ խոսք, անհրաժեշտ է նման ճաշարաններ բացել երկրի բոլոր բնակավայրերում, եկեղեցամերձ տարածքներում, Գիտությունների ազգային ակադեմիայում, և, վերջապես, ԱԺ-ում, կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում, Կենտրոնական բանկում։ Ճաշացանկը հանրահայտ է` սև հաց, մանանեխ, տոն օրերին` կարտոֆիլի տոլմա, երբեմն էլ` երեք ծիլ կանաչ սոխ մանանեխի վրա։


Գերկարևոր մի հիշեցում. հանուն հանրության և վերին ատյանի հոգևոր ու մարմնական համերաշխության անհրաժեշտ է միևնույն ուտելիքը, նույն ժամին և նույնական սեղանների շուրջ վայելել վերոնշյալ բոլոր բարեգործական ճաշարաններում։

Երկրում նախամանորյան տենդն է մեկնարկել` դեռևս նոյեմբերի կեսերից։ Եղևնի-տոնածառերն են արծաթ զրնգոցով գայթակղում մեզ։ Սա կապվա՞ծ է գնաճի հետ` ինձ անհայտ է։ Ընդամենը ենթադրում եմ, որ մենք պետություն կերտելու տատասկոտ ճանապարհը հաղթահարում ենք ահա նման վայրիվերումներով։ Գուցե այսօր մեր պետականակործան գենն է հոխորտում և հաշվեհարդար է մեզ հետ տեսնում։ Միգուցե կա մի վերին ճշմարտությու՞ն, հասու միայն պետականաքերիչ տիկնանց և այրաց։ Եվ հանուն նշյալ ճշմարտության հաղթանակի մեր սրտերը պետք է դառնան անխափան գործող անգրագետնե՞ր։ Եվ, անշուշտ, թող կորչեն հույզերն ու հույսերը, և կեցցե ռոբոտացվող ներկա հայը։

Հոգիս ցնծաց կարգավորիչ մի ձեռնարկից, որին դարձյալ ու վերստին առերեսվեցի Կումայրի-Գյումրիում։ Վարչապետը հերթական անգամ իր բարձր հովանու տակ էր ներառել հայրաքաղաքը և նրա ղեկավարներին հրահանգեց. «Տրոտուառը ակուռատնի ասֆալտ ենք անում»։ Հազար ներողություն, բայց և այնպես հարց է ծագում` արդյո՞ք Գյումրու քաղաքապետարանում մինչ օրս «տրոտուառները» շփոթել են գազոնի հետ և խիստ անհոգի են գտնվել դրանք «ակուռատնիացնելիս»։ Այո՛, երկրաշարժի դժոխքն արժանապատվորեն վերապրած քաղաքն այսօր մի քանի արյունամղիչ զարկերակ ունի` Ռուսթավելու փողոցը, Կումայրի արգելոցը, առհասարակ, այս վսեմ քաղաքի զբոսաշրջային բոցերը։ Մնացյալը ցնորական հույզեր են և անհեթեթ պատրանքներ։

ԹՈՒՋԵ ՈՐԿՈՐ. ԱՆԴԱՐՁԱԳԻՐՆ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ


Օրեր առաջ (ի դեպ, երբ Կումայրին ասֆալտապատվում էր) գնեցի մի սև կաղապարային հաց, այն անվարան շերտատեցի և, ինչ խոսք, մանանեխապատեցի։ Նստեցի այն ճաշակելու Նժդեհի արձանի քովը։ Այս վեհագույն արմենոիդի ոտքերի տակ մի հնամաշ գիրք էր ընկած։ Վերցրի այն և բացեցի առաջին պատահած էջը. «Մեծատունների, քաղաքի նյութական ու դրամական այլ տերերի մեջ օրինակ էր Հոնենց Տիգրանը, «որդի Սուլեմա Սմբատորենց»։ Միայն Անիում նրան էին պատկանում հարյուրավոր կրպակներ, տներ, ամբարներ և հյուրանոցներ։ Նա այստեղ ուներ բաղնիսներ, ջրաղացներ, ձիթհաններ, ախոռներ ու մարագներ, վանք (Լուսավորիչը), դարպաս (Տիգրանադուռն), իսկ առավել` գանձ ու դրամ։ Նա վաշխով դրամ էր տալիս օտար վաճառականներին և հայ իշխաններին, նաև սնանկացած այն հայրենակիցներին, ովքեր որևէ ինչք ունեին, ասենք` այգի, տուն, կրպակ։ Որովհետև դրամի դիմաց հատուկ «անդարձագրով» գրավ էր վերցնում նրանց ունեցվածքը, ու եթե պարտապանը ժամանակին չէր վերադարձնում պարտքն ու տոկոսը, անդարձագրի համաձայն Տիգրանի սեփականությունն էր դառնում այդ ունեցվածքը։ Պատահում էր, հուսահատները գրավ էին դնում իրենց անձը, իսկ եթե չէին կարողանում վճարել, դառնում էին ստրուկ-ծառա, և տերը իրավունք էր ստանում նրանց վաճառելու Անիի Սուրբ Նշան եկեղեցու հրապարակում, որտեղ գերիներ և ստրուկներ էին ծախում անարգել։ Մխիթար Գոշը շաբաթներ ու ամիսներ էր անցկացնում Անիում, նա իր նշանավոր առակները գրել է անիական առօրյա կյանքի, սոցիալական հակադրությունների դրդումով»։


Գիրքն այս նշանավոր է և կոչվում է «Գիրք գրոց»։ Հեղինակը սքանչելի մի քարագիր է` Վիգենը Խեչումյան։ Անիից ի՞նչ էր պահպանվել նշյալ օրերից ընդամենը մեկ դար, հարյուր տարի անց. Մայր տաճարը, ևս մի քանի եկեղեցիներ նշանավոր, սակայն խորտակված էին «տիեզերական մայրաքաղաքի» դարպասներն ու պարիսպները։ Միով բանիվ, և՛ Տիգրանը Հոնենց, և՛ Անիի մյուս եկեղեցակառույց, նաև ստրկավաճառ մեծահարուստներն այն տարիների քրեա-օլիգարխներն էին։ Իսկ ես, տարաբախտ հայրենիքիս վերջին դյուրահավատս, համոզված էի, որ քրեաօլիգարխիան զուտ նորհայկական երևույթ է։

Աղվերանը հայկական նշանավոր հանգստավայր է, գլխավորապես ծառայում է ապահով, գերապահով և տիեզերաչափ ուռճացած խավերին։ Այստեղ մի նշանավոր հավաք կայացավ երկրի նախագահի գլխավորությամբ։ Թվով 30 նշանավոր գործարարներ (պաղատում եմ` քրիստոնեական սիրով տոգորված այս 30-ին չհամեմատել 30 արծաթի հետ) ի մի եկան և ելքեր փնտրեցին` փրկելու երկիրը։ (Ամանորյա գները կապացուցեն` ելքը գտնվա՞ծ է, թե՞ սա էլ հերթական մեգա-թոզափչումն էր)։ Նշանավոր երկու հայտարարություն հնչեց նշյալ հավաքում։ Երկրի նախագահը ներդրումների հետ կապված ասաց. «Հույսներս չպետք է դնենք միայն դրսից սպասվող ներդրումների վրա։ Հայաստանի գործարարները ևս պետք է շատ ակտիվ լինեն»։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը գերթափանցիկ ուղերձ է հղել հայոց տնտեսական վերնակույտին` ուշքի եկեք և բավական է սեթևեթեք, գործի՛ անցեք։ Սույն ուղերձին հաջորդեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ, «Ապավեն» ընկերության հիմնադիր Արսեն Ղազարյանի գերխորունկ ակնարկը. «Խոշոր բիզնեսն այսօր գտնվում է մի մամլիչի տակ, որտեղ նրանց ամեն մի կոպեկը վերահսկվում է»։ Այո՜։
(«Ապավենի» հիմնադիրը լրջախոհ մի այր է յուր վարքով և նպատակներով։ Երկրի կայացման արշալույսին նա Նժդեհի հոգեզավակ Լեոնիդ Ազգալդյանի հետ ուղիներ էր նախանշում Հայաստանը խեղդամահող շրջափակումից ազատագրելու նպատակով)։ Մի խոսքով, տիար Արսենի այս հայտարարագիրը վերջնագիր է մեր օրերի իշխանակառավարիչներին, սակայն որտե՞ղ է թաքնվել նշյալ ահարկու մամլիչը, ի՞նչ տեսք և համուհոտ ունի այն։ Այս հարցի պատասխանը պետք է տա ՀՀԿ գործադիր կառույցը։ Տալիս է, միայն թե առայժմ առակների ձևաչափով։ Մերթ իշխող քաղմարմնի բարձրադաս պատմուճանակիրները... մեղադրում են ՀՀ բնակչությանը ծուլության մեջ և հորդորում են ավելի ձեռներեց լինել, մերթ էլ սփոփում են մեզ։ Աղվերանի խորհրդավոր հավաքի հաջորդ օրը ՀՀ ԱԺ փոխխոսնակ տիար Շարմազանովը լուսաժպիտ խոստովանեց. «Մեր ժողովրդին ոչ թե պետք է ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք»։ Հավանաբար, տեսանելի ապագայում, մինչև 2018-ի ապրիլի 1-ը, ՀՀ-ում կկազմակերպվեն ձուկ բռնելու (թերևս, նաև այն խորովելու ու խաշելու) համաժողովրդական մաստեր-կլասներ։ Եվ կփրկվենք, չկասկածեք։

ՎԵՐՋԵՐԳ
Ա. Գթասրտությունը տարեվերջին պետք է դառնա քաղաքական կամքի առհավատչյա։ (Կառավարությունը պետք է ներկրի 1 մլն հատ սև հաց և 1 մլն տուփ մանանեխ` անապահով բնակչության համար)։
Բ. Անհապաղ պետք է հայտնաբերել ՀՀ խոշոր բիզնեսի կոպեկները վերահսկող մամլիչը և ի ցույց դնել այն Հանրապետության հրապարակում։ Սույն մամլիչի հայտնաբերման նպատակով հույժ անհրաժեշտ է կազմակերպել միջազգային մրցույթ և հաղթող կազմակերպությանը ՀՀ բյուջեից նվիրաբերել 13 մլն ՀՀ դրամ։

Նոյեմբերի վերջին անձրևապաղ հողմերն են շաչում Նաիրի երկրում։ Թախծոտ խինդն է ծիածանվել հայոց անտառներում և այգիներում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ