Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Համբալների քաղաքը

Համբալների քաղաքը
24.11.2017 | 07:34

1978-ի սեպտեմբերին ամուսնացա, և գրողների միության գրական ֆոնդը նորապսակներիս «պարգևատրեց» Յալթայի ստեղծագործական տան ուղեգրով: Մի օր որոշեցինք այցելել տեղի Սբ. Հռիփսիմե հայոց եկեղեցի: Բնականաբար, այն ժամանակ չգիտեի ով է շուշեցի նավթարդյունաբերող Պողոս Ղուկասյանը և ինչու է 1909-1917 թթ. կառուցել Աստծո տունը, չգիտեի ով է ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը: Եկեղեցին խոնարհված էր, չգործող, ավերված, գավթում աղբակույտեր էին, ներքին նկարազարդումները քերված ու պղծված էին, իսկ դրանց հեղինակի` Վարդգես Սուրենյանցի` բակում գտնվող շիրմաքարը` ջարդուփշուր արված: Այդ ամենը ես լուսանկարեցի:


Երբ կնոջս հետ վեհաշուք, ազդու աստիճաններով իջանք ներքև, անմիջապես աջ կողմում նկատեցինք մի ցածլիկ շինություն, որի մուտքի մոտ փակցված էր «Սթափարան» (ԹօՑՐպջՉՌՑպսՖ) մակագրությամբ ցուցանակ: Դա մեզ շատ զվարճացրեց, որովհետև ԽՍՀՄ բոլոր քաղաքներում սթափարաններ կային, բացի Երևանից: Այդ ցուցանակի տակ սկսեցինք լուսանկարվել, բայց հանկարծ դուրս եկան միլիցիոներներ ու երկուսիս կոպիտ կերպով ներս տարան: Հարցաքննեցին, պարզեցին ինչն ինչոց է, սակայն ազատ արձակելուց առաջ լուսանկարչական ապարատիցս ժապավենը հանեցին ու լույսի տվեցին: Եկեղեցու լուսանկարներն անհետ կորան:

Յալթայի առաջին հայ բնակիչները ղզլարցի ու մոզդոկցի վաճառականներն էին, որոնք եկել էին բախտ ու նոր շուկաներ որոնելու:


1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Տաճկաստանից և Անդրկովկասից այստեղ բնակություն հաստատեցին գաղթականներն ու նրանց ընտանիքները: Ապրում էին խմբովին և նույնիսկ մի բակում, այն էլ ծայրամասերում` Վորոնցովսկայա սլոբոդկայում, Աուտկայում, Լիվադիյսկայա սլոբոդկայում: Չնչին բացառությամբ, բոլոր տղամարդկանց մեն-միակ զբաղմունքը համբալությունն էր: Ծեր ու ջահել օրնիբուն այրող արևի տակ նավեր էին բեռնաթափում: Համբալներին կարելի էր հանդիպել նաև շուկայում, որտեղից երկծալ դարձած, մեջքների վրա ապրանք էին տեղափոխում: Ըստ էության, Յալթան Ռուսական կայսրության միակ բնակավայրն էր, չհաշված Կովկասը, որտեղ հայերը համբալություն էին անում:
Ասացի` չնչին բացառությամբ, և այդ բացառությունները սրանք էին` ոմանք խոշոր խանութներ ունեին կենտրոնական փողոցներում, ոմանց պատկանում էր «ԽՈՉՍՈջրՍՌռ ՎՈչՈջՌվ» անվամբ ոսկեղենի ամենամեծ խանութը, կային նաև արհեստավորներ` ոսկերիչ, կոշկակար և այլն: Ոմանք էլ սրճարանատերեր էին, և այդ փաստին քիչ մանրամասն անդրադառնամ:


Սրճարանները Յալթայում շատ էին, հատկապես շուկայի շրջակայքում: Բայց դրանք ներկայիս սրճարանների հետ որևէ աղերս չունեին: Դրանցից յուրաքանչյուրը մի-մի ընդարձակ սենյակ էր` սեղան-աթոռներով, իսկ պատերի տակ դրված էին թախտեր, որոնց վրա կոպեկների վարձատրության դիմաց գիշերում էին օտարական եկվորները: Թութունի ծխի ամպերի տակ հայը, հույնը, թաթարը, տաճիկը ղահվե ու չայ էին խմում, բարձրաձայն խոսում, նարդի ու թուղթ խաղում:
Հայերը հայերեն չէին խոսում: Հայոց լեզու հնարավոր էր լսել սրճարաններում կամ նավահանգստում, բայց երբ 6-7 ամիս անց քիչ-շատ յուրացնում էին ռուսերենը, մայրենին մոռանում էին, անգամ ընտանիքներում:


Վորոնցովսկայա սլոբոդկայում ունեին մի ողբալի ծխական դպրոց` երկու նեղլիկ սենյակով, ուր սովորում էին չորս տասնյակ երեխաներ, որտեղ հայեցի կրթության մասին խոսելն ավելորդ էր
Սա՛ էր վիճակը: Բայց երբ որոտաց Առաջին աշխարհամարտը, և սկիզբ առավ հայոց կամավորական շարժումը, ընդամենը 80 տուն ունեցող համայնքը Կովկասյան ռազմաճակատ ուղարկեց 200 կամավոր, հանգանակեց և Թիֆլիս ու Սբ. Էջմիածին առաքեց 4000 ռուբլի:
Այս և տասնյակ այլ փաստերի հիման վրա ես կանեմ մեկ հետևություն: Հայրենիքը պահել ու պահելու են աղքատները, չքավորները, համբալները, որովհետև նրա՛նց մեջ է ազգի ոգին, մարտունակության գենը: Շքեղ առանձնատներում, մեղկ, կուշտ ու շվայտ կյանքով ապրողի զավակը միշտ խույս է տալու հայրենյաց պարտքը հատուցելուց: Դուք կարող եք զինապարտության մասին տասնյակ լավ օրենքներ ընդունել, բայց դա ոչինչ չի փոխի: Որովհետև լավն այն օրենքն է, որն ունի սողանցքեր, և որից էլ սողալով կօգտվեն կակղամորթները:

1988-ին Յալթայի Սբ. Հռիփսիմե եկեղեցին ոտքից գլուխ հիմնանորոգվեց, կարգի բերվեց Վ. Սուրենյանցի տապանաքարը, բայց այդ իրադարձությունը Հայաստանում աննկատ մնաց: Սկսվել էին հանրահավաքները: Երկիրը սլացքի մեջ էր:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ