Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մահ, չգիտեմ, կա՞, թե՞ չկա»

«Մահ, չգիտեմ, կա՞, թե՞ չկա»
24.11.2017 | 07:48

Վրաց անվանի բանաստեղծ, հայ գրականության և հայ ժողովրդի մեծ բարեկամ ՋԱՆՍՈՒՂ ՉԱՐԿՎԻԱՆՈՒ երկրային կյանքի ավարտի, այս աշխարհից մեկնումի լուրը ս. թ. նոյեմբերի 7-ին հասավ Հայաստան։ Դա լուր չէր, բոթ էր, մահվան բոթ։ Մեկ ամիս, գուցե և շատ ավելի առաջ, ուզեցի տեսնել նրան։ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը ցավով հայտնեց. «Ջանսուղին ուղեղի կաթվածով տարել են հիվանդանոց, անջատված վիճակում է»։ Ահա այդ լուրով, այդ պահին էլ, կսկիծը պատեց ինձ։ Դառն էր «անջատված» բառը։ Ջանսուղի ուղեղը, կարծում եմ, եթե անջատված էլ էր, ապա աշխարհական բարքերից ու աշխարհական աղտից էր անջատված։ Նա հաղորդակցության մեջ էր հոգիների հետ։ Երկար պայքարեց, սիրող սրտի բաբախը չէր դադարում։ Ահա և մահվան բոթը, որ վերստին ցնցեց մեզ։ Ասում եմ վերստին, որովհետև հիվանդանոցում նրա գտնվելու ծանր օրերին մենք աղոթում և լալիս էինք։ Ես, օրինակ, մահու չափ տրտմել էի, որովհետև վտանգված էր մի մարդու կյանք, որ իմ կյանքի մասն էր, մի կյանք, որի հետ հավիտենությունն ապրել էի։ Այն, որ ասում են գրողը պետություն է, ինձ համար Ջանսուղ Չարկվիանին էր, ինձ համար նա էր Վրաստանի պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության, մշակույթի և մյուս նախարարությունների նախարարը։ Ինձ համար նա էր վրաց իշխանությունը։ Առաջնորդվում էր գրողի իշխանությամբ, մի իշխանություն, որ նրան տալիս էր պետական մտածողությամբ օժտված վրաց ժողովուրդը։ Հիրավի, Ջանսուղը իրեն ծնող ժողովրդի ձայնն էր, Վրաստանի արթնության, արդարության ու խղճի ձայնը։


Չհասցրի հանդիպել, զրուցել, իսկ հիմա ինձ մնում է սգալ և սգալով խոսել Ջանսուղ Չարկվիանու հոգու հետ, չէ՞ որ կյանքը մարմինը չէ, կյանքը հոգին է, հավիտենական կյանքի կոչված հոգին։ Այսպես, դիմեմ նրան ու խոսեմ հետը, վստահ լինելով, որ ինձ լսելու է։
Իշխանավորի կողքով, եղբայր իմ Ջանսուղ, կարող էիր լռելյայն անցնել, թեև դու իշխանավոր էիր ծագումով, սակայն նեղն ընկածի, փոսն ընկածի հանդեպ անտարբեր չէիր. ով էլ լիներ, ձեռքդ մեկնում, բարձրացնում էիր, բարձրացնում գնում էիր, չէիր էլ սպասում, որ գոնե շնորհակալություն հայտնեն։ Շնորհակալությունը հայտնում էիր դու` հայացքդ երկինք հառելով և փառք տալով Աստծուն։ Քեզ գալիս գտնում էին կոտրված սրտով մարդիկ, որոնց առջև բաց էին քո տան դուռը և քո սիրտը։ Գիտե՞ս, թե որքան սիրում էր քեզ կյանքի հատակում հայտնված, վրացերենին ու հայերենին հավասարապես տիրապետող, հրաշալի թարգմանիչ Մամիկոն Թագվորյանը. երբ աշխարհը նեղացնում էր Մամիկոնին, երբ աշխարհից խռով էր, գալիս էր մոտդ հանգիստ գտնելու։ Դու ոչ միայն հարցնում էիր նրան` ինչպե՞ս ես, այլև ամեն բան անում էիր, որ լավ զգա իրեն։ Դա գալիս էր քո աստվածային բնությունից։ Դու գիտեիր Աստծո սիրով սիրել, Աստծո աչքով նայել, Աստծո ձեռքով բարձրացնել ընկածին` ով էլ որ լիներ։ Դու գտնվելով վերևում, վերևից չէիր նայում, նայում էիր վերև։ Մտածել եմ և հիմա էլ մտածում եմ, հարցնում` ինչո՞ւ, ինչո՞ւ այդ աստիճանի տարբերվում էիր մյուսներից։ Պատասխանը մեկն է, ճշմարիտ վրացի էիր` անխառն արյամբ։ Հայի հետ եղբայրություն անելը դու դիտում էիր որպես հոգևոր ժառանգություն, որպես Աստծո նվեր, որպես առաքելություն ու առաքինություն, որպես հավիտենական երթի մեջ մնալու երաշխիք։ Ականջիս տակավին հնչում է տարիներ առաջ ասած քո խոսքը, որ խոստովանություն է. «Մորիսն էլ, ես էլ գրեթե բաց չենք թողել թեկուզ մի Վարդատոն։ Ոչ միայն Սայաթ¬Նովայի, այլև մեր եղբայրների սերը, մեր եղբայրներին հանդիպելու ցանկությունն է մեզ բերում Սուրբ Գևորգ եկեղեցու բակ»։
Ոչ մի բան քո կյանքում սովորական չէր. վայելուչ էր տեսքդ, հայացքդ արծվային էր, միտքդ` հեռագնա։ Երբեք դու Հայաստան չեկար քեզ հյուր համարելով, չեկար որպես հովեկ, չեկար այնպես, ինչպես գալիս են շատերը։ Գալուց առաջ ասում էիր. «Ես Հայաստան պիտի մտնեմ ավերակված Զվարթնոցով»։ Եվ երբ գալիս էիր, ուզում էիր առնչվել հայ հողագործի հետ, հայ հացթուխի, ձկնորսի հետ։ Գտնում էիր մոռացված մեկին ու հետը զրուցում, լուսանկարվում։ Դու ոչ միայն ժամանակակից բանաստեղծներ Պարույր Սևակով, Հովհաննես Շիրազով, Համո Սահյանով, այլև պարզ, հասարակ, խոնարհ մարդկանցով ճանաչեցիր հայ ժողովրդին։ Մեր մեջ գալով, մեզնից մեկն էիր դառնում դու։ Ասում եմ` դու, բայց ինձ համար այդ «դուն» մի ողջ վրաց ժողովուրդ է, հրաշքների մի երկիր, որին Վրաստան են կոչում, այդտեղ` Վրաստանում, ինչպես գրող Մկրտիչ Սարգսյանն ասում էր, հայն ու վրացին, վրացին ու հայը, ապրում են թե՛ կողք կողքի և թե միմյանց մեջ։ Իսկ դու, Ջանսուղ ջան, մեր եղբայրությանն անդրադառնալիս, պատվիրանի կարգով ասում էիր. «Միայն և միայն համախմբվածություն… Ինչպես երկվորյակ եղբայրներն են կարոտում իրար և չեն կարող մնալ առանց մեկը մյուսի, այնպես էլ Քարթլոսի ու Հայոսի զավակները չեն կարող ապրել առանձին-առանձին։ Մեր միասնությունը մեր պատմությունների հնագույն լինելու, մեր հավատի մեջ է։ Առանց հավատի սեր չկա։ Մեր սերը քրիստոնեական է, մեր սերը պատմական է։


…Մեր տերը աշխարհում մենք ենք լինելու, պետք է մենք նեցուկ հանդիսանանք իրար։
…Մեր փրկությունը միայն այն ժամանակ կգա, երբ վրացին ինքն իրեն զոհաբերի հանուն Հայաստանի, և հայը` հանուն Վրաստանի։ Այնպես որ, մեզ չեն կարող սպանել։ Մենք կարող ենք մեռնել մեկս մյուսի համար, բայց ուրիշները մեզ չեն կարող սպանել, եթե միասին լինենք։ Միայն թե Էջմիածնի ու Սվետիսցխովելիի զանգերը ղողանջեն. «Միասի՜ն, միասի՜ն, միասի՜ն»։
Հիրավի, միայն այս մտածողության տեր, միայն այս մտածողությամբ առաջնորդվող զավակը կարող է, համարվելով ազգինը, ազգ ներկայացնել։ Միայն այս մտածողության տեր վրացին իրավամբ, հավասարապես համարվելու է նաև հայ ժողովրդի զավակ։ Այնպես որ, այս կորուստը որքան վրացունն է, նույնքան էլ հայինը։ Ջանսուղը մեր մեջ է` որպես եղբայր, մեր մեջ է որպես ազնիվ հոգի, մեր մեջ է որպես մենք։ Մեր «մենք»¬ի մեջ է Ջանսուղ Չարկվիանին։ Մարդը կար ֆիզիկապես և հիմա չկա, սա ճշմարտություն է, սակայն մեկ այլ ճշմարտություն էլ կա, այն է` կյանք-ժամանակավորից կյանք-հավիտենականին անցնելը։ Այս երկու կյանքերի միջև գտնվողն անդունդն է, այլ կերպ ասած, մահն է մեջտեղը։ Անշուշտ, Աստծո կամոք կանչվածները, որ հոգևոր են, հոգու կյանքով են, թև առնելու թռչելու են անդունդի վրայով, գնալու ապրելու են այն աշխարհում, ուր չկա տառապանք, չկա նախանձ, չկա ազգային խտրականություն, չկա ցեղասպանություն, չկա ցավ։ Անդունդի վրայով քայլ անելու պատվին արժանանալու համար, հավիտենական կյանքի արժանանալու համար, այս վաղանցուկ կյանքի ընթացքը պատվով անցնելու ես։ Եղբայր իմ, Ավդիդի որդի, Չարկվիանիների ազնվական տոհմի զավակ, դու ապրել ես այնպես, ինչպես վայել է Աստծո պատկերով ծնվածին։ Հովհաննես Շիրազը չէր սխալվում, երբ գրում էր. «Մահ, չգիտեմ, կա՞, թե՞ չկա»։ Անշուշտ, քո շիրմին այցելողներ շարունակ լինելու են, սակայն, դու էլ այնտեղ չես, հոգին հող չի մտնում։ ՈՒստի, քո պարագայում էլ ասվելու է քրիստոնյա աշխարհին հայտնի խոսքի հանգույն. «Այստեղ Ջանսուղը չկա, փնտրեցեք նրան ողջերի մեջ»։ Հիրավի, մեռնում են միայն նրանք, ովքեր մինչև մահը, այստեղ` այս աշխարհում, աշխարհի կերպն ընդունելով, մեռած են, հոգով մեռած, որոնց մասին Հիսուս Քրիստոսն ասում է. «Թող մեռելներն իրենց մեռելը թաղեն»։ Դու այդ վաղանցուկ աշխարհի հետ չէիր, կենդանի մեռելների հետ չէիր, Շոթա Ռուսթավելու, Իլյա Ճավճավաձեի, Գալաքտիոն Տաբիձեի… Սայաթ-Նովայի հետ էիր. Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի հետ։ Դու հայ և վրաց ժողովուրդների բարեկամության օրինակը տալիս էիր քո կյանքով ու գործով։ Բարի ենք հիշելու քեզ, քանի որ բարի էիր, բարի գործով հարստացած։ Ասացի` հիշելու ենք, բայց իրականում դու մեր մեջ ես, մեր սրտերի մեջ։


Ճշմարիտ, ճշմարիտ ասում ու ասածիս հավատում եմ. ինձ ու իմ ժողովրդին բարի նայող աչքերդ, որ փակվեցին այստեղ, այս աշխարհում, մեկ այլ տեղ, մեկ այլ աշխարհում, բացվելու են։ Ես հավատում եմ մեր գալիք հանդիպումներին, հավատում եմ հավերժ ծիածանվող, երկինքը երկիր բերող հոգիներին։
Ահա այս է սրտի խորքից ասված իմ խոսքը` որպես եղբոր կսկիծ, որպես հայ գրողների, հայ մտավորականության ու հայ ժողովրդի սիրո, ցավի ու մխիթարության արտահայտություն։ Մնացյալը մեր ու մեր սերունդների հոգիների հաղորդակցությամբ է լինելու, սերունդներ, որ գալու և լսելու են այն, ինչ ասել են իրենց նախնիք, լսելու և անելու են այն, ինչ արել են իրենց նախնիք` հնչեցնելով նաև Ջանսուղ Չարկվիանու պատգամը. «Միասի՜ն, միասի՜ն, միասի՜ն»։ Միաբանության այս կոչը հավատի շուրջ է լինելու, ոչ թե այս կամ այն կուսակցության, այս կամ այն անձի գաղափարի, այլ Աստծո սիրո շուրջ։ Գալու են երանելի ժամանակներ և մեր մեջ ու մեր միջև, Հայաստանի ու Վրաստանի միջև սահմաններ չեն լինելու։ Մեր միջև տարբերություններ դնողներ չեն լինելու, մեզ բաժանողներ չեն լինելու, քանի որ մեզ միաբանողը Աստված ինքն է։


Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ