Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Օրակարգում կրկին «Աթլետիկոն» է, այս անգամ՝ ազերի եղբայրների հույսով

Օրակարգում կրկին «Աթլետիկոն» է, այս անգամ՝ ազերի եղբայրների հույսով
24.11.2017 | 07:54

Իրենց անպարտ մրցելույթների շարքը շարունակեցին լոկ «Մանչեստր Սիթին» ու «Պարի Սեն Ժերմենը»: Կարող էր նույնն անել և մանչեստրյան մյուս ակումբը, սակայն մրցաշարային այնքան էլ նախանձելի վիճակում չգտնվող «Բազելը» Ժոզե Մոուրինյոյի սաներին չթողեց այդ բանն անել: Անտեսանելի բազում թելերով ազերիների հետ կապված «Աթլետիկոն» «Ղարաբաղի» հետ երկու անգամ ոչ-ոքի խաղալուց հետո, վերջապես տղամարդկային հատկանիշներ դրսևորեց, ու դա եղավ «Ռոմայի» հետ խաղում: Երկրորդ հանդիպումն անընդմեջ ոչ-ոքի ավարտեց «Բարսելոնը», ինչը, սակայն, ոչնչով չազդեց մրցաշարային աղյուսակում կատալոնացիների ունեցած դիրքի վրա: Փոխարենը նորից հաղթական եղավ «Բավարիան», որն ապրում է խմբային վերջին հանդիպման սպասումով. «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ այնպես չի դաղել բավարացիներին, որ ստացած վիրավորանքն այսպես շուտ մոռանան, եթե, իհարկե, երբևիցե կարողանան մոռանալ:

A ԽՈՒՄԲ
Խմբի հետնապահ «Բենֆիկայի» նկատմամբ սեփական դաշտում 2:0 հաշվով առավելության հասնելով` Մոսկվայի ԲԿՄԱ-ն արմատապես բարելավեց իր գործերն ու ամենաշահագրգիռ հանդիսատեսի ուժով նստեց «Բազել»-«Մանչեստր Յունայթեդ» մրցակցությունը դիտելու, որտեղ հյուրերի հաղթանակը կամ, ծայրահեղ դեպքում, ոչ-ոքին միանշանակ լինելու էր հօգուտ ռուսական ֆուտբոլային ակումբի, քանզի իրենց համար վատագույն դեպքում շվեյցարացիները կմնային վեց միավորով, իսկ ավելի բարեհաջող ընթացքի դեպքում մեկով կավելացնեին ունեցածը, ինչը, բոլոր դեպքերում, պակաս էր լինելու ԲԿՄԱ-ի արդեն իսկ վաստակած ինը միավորից: Սակայն «Բազելը» վերցրեց ու արեց իր համար առավելագույն նպաստավորը, խաղավարտին մոտ շվեյցարացիները բթացրին Ժոզե Մոուրինյոյի սաների զգոնությունն ու խփեցին հաղթական գոլը՝ ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, ԲԿՄԱ-ին կրկին թողնելով երրորդ հորիզոնականում: Այստեղ խիստ հետաքրքրական են լինելու խմբային ավարտական հանդիպումները: Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ն հյուր է գնալու մանչեստրցիներին, «Բազելը»՝ «Բենֆիկային»:

B ԽՈՒՄԲ
Այստեղ առաջին հորիզոնականը վաղօրոք իրենով արած «Պարի Սեն Ժերմենը» երևի թե սրտին այդքան մոտ չընդուներ «Սելտիկի» հետ իրեն ոչինչ չասող հանդիպումը, եթե վերջիններս հենց առաջին րոպեից ատամ ցույց չտային ու չգրավեին տանտերերի դարպասը, ովքեր մի կարգին չէին էլ հասցրել հանդերձարանից դուրս գալ: Մի խոսքով, հյուրերն իրենք իրենց «գլխին սարքեցին», իսկ այդ «սարքելը» լուսատախտակի վրա ստացավ 7:1 թվային անպատշաճ արտահայտությունը: Նշենք, որ վերջին խաղից առաջ ՊՍԺ-ն ունի գնդակների ապշեցուցիչ հարաբերակցություն՝ 24:1:
Սպասվում էր, որ հաղթանակով կավարտի հանդիպումը և «Բավարիան», որքան էլ որ ունեցածն արտագնա խաղ էր: Չի կարելի ասել, թե «Անդերլեխտը» գերմանական գրանդ ակումբին առանց դիմադրության հանձնվեց, համենայն դեպս, հանդիպման 1:2 հաշիվն այդ մասին է խոսում:
Վերջին տուրն այստեղ պատասխանելու է ընդամենը մեկ հարցի՝ խմբայինը ո՞վ կավարտի երրորդ տեղով: Ասենք, որ, ի տարբերություն ոչ մի միավոր չունեցող «Անդերլեխտի», «Սելտիկն» ունի երեք միավոր ու դա վաստակել է հենց բելգիացիների հետ մրցակցությունում:

C ԽՈՒՄԲ
«Ղարաբաղ»-«Չելսի» դիմակայությունում տանտերերը, բնականաբար, չէին կարող ակնկալել Մադրիդի «Աթլետիկոյի» մեծահոգի հանդուրժողականությունը, որի գինը բոլորս էլ գիտենք, բայց չենք բարձրաձայնում, քանի որ (լավ էլ անառողջ տրամաբանությամբ) եթե բռնված չես, դեռևս գող չես: Ինչևէ: ՈՒԵՖԱ-ի անելիքը թողնենք իրեն ու դառնանք «Չելսիի» հանդիպմանը: Կարող են գտնվել ոմանք, ովքեր 0:4 հաշվով պարտությունը կփորձեն բացատրել խաղի ահռելի ժամանակահատված բաքվեցիների ունեցած պակաս խաղացողով, բայց նրանց հոգսը մերը չէ, ինչպես որ մերը չէ նրանց կողմից անխնա շահագործվող Կասպից ծովի ընդերքը: Այս խաղի առնչությամբ բավարարվենք այսքանով:
Ինչ վերաբերում է «Աթլետիկո»-«Ռոմա» դիմակայությանը, ընդհանուր գծերով դրան վերն անդրադարձել ենք: Նշենք միայն, որ մադրիդցիները հանդիպումը շահել են երկու անպատասխան գնդակի առավելությամբ ու երկրորդ հորիզոնականում գտնվող իտալական «գայլերից» հետ են արդեն երկու միավորով: Ճիշտ է, խմբային վերջին խաղն «Աթլետիկոյի» համար անհամեմատ դժվար է լինելու, քան «Ռոմայի», որը հյուրընկալելու է «Ղարաբաղին»: Փաստորեն, ավելի լավ հեռանկար ունենալու համար «Աթլետիկոն» պիտի պարտադրաբար ծնկի բերի «Չելսիին» նրա իսկ դաշտում, զուգահեռաբար ակնկալելով, որ իրենց ազերի եղբայրները կամ քիրվաներն իրենց ու առհասարակ ադրբեջանական ֆուտբոլի համար պատմական երկու ոչ-ոքիի լավության տակից կփորձեն դուրս գալ «Ռոմայի» հետ խաղում:

D ԽՈՒՄԲ
Նախորդ տուրի «Օլիմպիակոս»-«Բարսելոն» դիմակայության հաշտ ու խաղաղ ավարտից հետո կատալոնացիները նույն կերպ վարվեցին և Թուրինում, թեպետ անցած Չեմպիոնների լիգայից «Յուվենտուսից» ունեցած չարացածությունը պիտի որ անցած չլիներ: Ինչևէ, գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, ինչը բազում առումներով է շահավետ պորտուգալական «Սպորտինգին», որն «Օլիմպիակոսի» հետ ունեցած հաղթական հանդիպումից հետո (3:1) միավորների թիվը հասցրեց յոթի ու ընդամենը մեկ նիշով է հետ «ծեր սինյորայից»: Սակայն պորտուգալացիների համար երրորդ հորիզոնականից վերև ելնելը սկզբունքորեն անհնարին կլինի, որովհետև, նախ, մրցակիցն է անհամեմատ ուժեղ, ու առավելագույնը, որ կարող է անել «Բարսելոնը», ոչ-ոքի խաղալն է, ինչը պորտուգալացիների համար կնշանակի միավորներով հավասարվել «Յուվենտուսին», իհարկե, եթե վերջինս վերջնականապես խելագարվի ու արտագնայում զիջի մինչև այժմ ընդամենը մեկ միավոր վաստակած «Օլիմպիակոսին»:

E ԽՈՒՄԲ
Իհարկե, սեփական հարկի տակ «Մարիբորի» հետ խաղացած ոչ-ոքին (1:1) «Սպարտակի» համար գրեթե մահվան էր հավասար, քանզի ռուսների պլանների մեջ չէր մտնում աղյուսակի ամենաթույլ թիմի հետ երկրորդ անգամ ոչ-ոքի խաղալը, մանավանդ որ կորցրած այդ միավորներն օդի ու ջրի պես էին անհրաժեշտ: Սակայն ամբողջ հարցն այն է, որ «Սպարտակին» եկան օգնելու հաջորդ խաղի նրանց մրցակիցները՝ լիվերպուլցիները, որոնք երեք գնդակի առավելություն ունենալու պարագայում «խիզախեցին» նույնքան ընդունել սեփական դարպասն ու Կլոպի զարմանքից կլորացած աչքերի առաջ ոչ-ոքի ելքի հասցնել փաստացի շահած խաղը:
Վերջին տուրից առաջ այստեղ բավականին խառը իրավիճակ է: Տարբերակներ կան, որոնց իրականություն դառնալու դեպքում «Սպարտակը» կարող է խմբայինը նույնիսկ առաջին տեղով ավարտել, սակայն բոլոր տարբերակների դեպքում էլ վեց միավոր ունեցող ռուսներին անհրաժեշտաբար հաղթանակ է պետք:

F ԽՈՒՄԲ
«Ֆեյենորդի» հետ մրցակցությունում «Մանչեստր Սիթին» տարավ իր հերթական հաղթանակը: Այս հանդիպման մեջ միակ զարմանալին արձանագրված նվազագույն հաշվով առավելությունն էր: Խմբային մյուս՝ «Նապոլի»-«Շախտյոր» դիմակայությունում իտալական ակումբը վերջապես դուրս եկավ թմբիրից և ուկրաինացիներին հաղթեց երեք անպատասխան գնդակի առավելությամբ` միավորների թիվը հասցնելով վեցի, ինչն ընդամենը երեք միավորով է պակաս «Շախտյորի» ունեցածից: Իհարկե, դժվար է հավատալ, որ սեփական հարկի տակ «Ֆեյենորդի» հետ խմբային ավարտական խաղում ուկրաինացիները կկորցնեն ունեցած առավելությունը, սակայն, բոլոր դեպքերում, չմոռանանք, որ սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ:

G ԽՈՒՄԲ
«Պորտուի» հետ սեփական հարկի տակ խաղացած ոչ-ոքիով (1:1) թուրքական «Բեշիկթաշը» հաստատագրեց Չեմպիոնների լիգայի փլեյօֆյան փուլին իր մասնակցությունը, ու նրա համար արդ բնավ նշանակություն չունի, թե ինչ ավարտ կունենա վերջին հանդիպումը, եթե, իհարկե, կյանքի նպատակ չի դարձրել խմբայինն առաջին հորիզոնականով ավարտելը:
Որքանով հետաքրքրություն չի ներկայացնում առաջին տեղի համար մրցակցությունը, ուղիղ այդքանով մեծ է սպասումը երկրորդ տեղի համար պայքարից, որի համար «Պորտուն» ու «Լայպցիգը» պատրաստ են անգամ ինքնասպանության գնալու: «Լայպցիգի» համար խմբային երկրորդ հորիզոնականն առարկայական դարձավ արտագնայում «Մոնակոյին» ջախջախելուց հետո, իսկ հաղթանակն այդպես ենք որակում, որովհետև հաղթել է 4:1 հաշվով ու միավորներով (7) հավասարվել «Պորտուին»:

H ԽՈՒՄԲ
Դորտմունդի «Բորուսիա»-«Տոտենհեմ» դիմակայությունից հետո, որն ավարտվել է անգլիական ակումբի հաղթանակով (1:2), հարցականի տակ է մնում գերմանական թիմի մասնակցությունն անգամ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությանը, որպիսի հնարավորություն տալիս է խմբայինում երրորդ հորիզոնականում գտնվելը: Ճիշտ է, դորտմունդցիների օրինակով ունեցած երկու միավորին ոչինչ չկարողացավ ավելացնել և ԱՊՕԵԼ-ը («Ռեալին» սեփական հարկի տակ պարտվել է 0:6 հաշվով), բայց թե բան է, մեկ էլ տեսար մրցաշարային ոչ մի հետաքրքրություն չունեցող «Տոտենհեմը» երկրորդ-երրորդ կազմ դրեց ԱՊՕԵԼ-ի հետ մրցակցությունում՝ վերջինիս, դիցուք, հաղթանակի կամ ոչ-ոքիի շանս տալով, իսկ փոխարենը «Ռեալը», ասենք, զուտ սպորտային հետաքրքրության համար որոշեց վերցնել ու մի անգամ էլ անցնել «Բորուսիայի» վրայով (անգամ հաղթելու դեպքում 10 միավոր ունեցող «արքայականն» առաջին հորիզոնական դուրս գալու շանս չունի, քանզի միավորներով ընդամենը կհավասարվի «Տոտենհեմին», սակայն կզիջի լրացուցիչ գործակիցների հաշվարկով): Այնպես որ, դորտմունդցիները կարող են հայտնվել ամբողջովին խայտառակվածի վիճակում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ