Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գերմանիան երկփեղկվել է` փոխզիջու՞մ, թե՞ ընտրություններ

Գերմանիան երկփեղկվել է` փոխզիջու՞մ, թե՞ ընտրություններ
24.11.2017 | 14:31

Գերմանիայի ընտրողների համարյա կեսը խորհրդարանական նոր ընտրությունների կողմնակից է` կոալիցիոն կառավարության ձախողված բանակցություններից հետո: Insa ինստիտուտի հարցումները հրապարակել է Bild-ը: Նոր ընտրություններին կողմ է հարցվածների 49,9 %-ը: 48,5 %-ը մեղադրում է սոցիալ-դեմոկրատներին պահպանողականների միության հետ չմիավորվելու համար, ինչպես գործող խորհրդարանում է: Սոցիալ- դեմոկրատների հետ միությունը Մերկելին մեծամասնության կառավարություն կազմելու հնարավորություն կտա: Փոքրամասնության կառավարություն կազմելուն կողմ է միայն 20 %-ը: Բանակցությունների ձախողման մեղքը գերմանացիների 28 %-ը դնում է Լիբերալ դեմոկրատների նախագահ Քրիստիան Լինդերի վրա, 27 %-ը` Մերկելի, և միայն 13 %-ը` կանաչների: Հարցվածների 40 %-ը համարում է, որ չնայած քաղաքական ճգնաժամին, կանցլերը պետք է առաջադրի իր թեկնածությունը չորրորդ ժամկետում, և միայն 24 % -ն է մտածում, որ ՔԴՄ-ն նոր ընտրությունների պետք է գնա նոր ղեկավարով: Չորեքշաբթի օրը Գերմանիայում դեռ քննարկում էին մեծամասնության կառավարության ստեղծման շանսերը: Reuters-ը հաղորդում է, որ լիբերալ դեմոկրատները, որ առաջինը հայտարարեցին բանակցությունների ձախողման մասին, պատրաստ են վերսկսել, եթե ՔՍՄ-ն և կանաչները «առաջարկեն բացարձակապես նոր պայմաններ»:

AFP-ը գրում է ճնշման մասին, որ գործադրվում է սոցիալ- դեմոկրատների վրա` Մերկելի հետ կոալիցիային համաձայնելու նպատակով: Եթե բանակցությունները չվերսկսվեն, Մերկելը պետք է կազմի փոքրամասնության կառավարություն կամ 2018-ի սկզբին գերմանացիները նոր խորհրդարան պետք է ընտրեն:
RFI


Հ.Գ. Գերմանիայի քաղաքական կյանքը կաթվածահար է: Երկամսյա բանակցություններից հետո Ազատ դեմոկրատները չցանկացան կոալիցիա կազմել: Գերմանիայում նոր կառավարություն չձևավորվեց, իսկ կանցլեր Անգելա Մերկելը իր 12-ամյա կառավարման ամենասուր ճգնաժամի մեջ է, որ անվանում են աննախադեպ Գերմանիայի համար: Նախկինում կոալիցիաները և արագ, և հեշտ էին ձևավորվում: Գերմանիայում երբեք չի եղել փոքրամասնության կառավարություն և երբեք չեն ձախողվել հետընտրական կոալիցիոն բանակցությունները: Հիմա Բունդեսթագ է անցել 6 կուսակցություն, 2 -ի հետ, որ ներկայացնում են ընտրողների 20 %-ին, հնարավոր չէ կուալիցիա կազմել, 4-ի հարաբերությունները ծայրահեղ լարված են: «Յամայկայի կոալիցիան» պահպանողականների, կանաչների ու լիբերալների միջև չստացվեց` գաղափարական տարաձայնությունները թույ չտվեցին ընդհանուր հայտարարի գալ: Նախկին կոալիցիաները կազմվում էին ձախերից ու աջ կենտրոնամետներից: Հիմա Անգելա Մերկելի գործընկերները առավել ծայրահեղական հայացքներ ունեն: Նրանց հետ 4 տարի աշխատելը շատ դժվար կլինի:

Եվ այնուամենայնիվ` մեղադրել միայն Անգելա Մերկելին կամ Մարտին Շուլցին, որ չի ցանկանում կոալիցիա կազմել, սխալ է: Պատասխանատվությունը բոլորինն է: Ներգաղթի հարցում կանաչները չեն համաձայնում ազատ դեմոկրատների սահմանները փակելու առաջարկին, կլիմայի հարցում ևս նրանք առավել արմատական հայացքներ ունեն: Ֆինանսական քաղաքականության հարցերում լիբերալները հարկերի կրճատում են ուզում: Այսինքն` տարաձայնությունները ամենակենսական հարցերում են և անձերի պատճառով չեն: Թեպետ կանցլերից էր պահանջվում փոխզիջումների ճանապարհով կոալիցիա ձևավորել և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն արդեն պահանջել է նրա հրաժարականը: Բայց այս իրավիճակում ոչ ոք չի կարող ասել, որ ինքը կստիպի կուսակցություններին համաձայնության գալ` խնդիրը խարիզմատիկ ղեկավարները չեն, այլ` գաղափարական տարաձայնությունները: Եթե ընտրվի փոքրամասնության կառավարություն կազմելու ելքը, որին դեմ է Անգելա Մերկելը, Բունդեսթագը կանցլեր կընտրի հարաբերական, ոչ թե բացարձակ մեծամասնությամբ, բայց կանցլերի իրավասությունները սահմանափակ կլինեն և նա ամեն անգամ ստիպված կլիմի դիմել խորհրդարանին` հավանություն ստանալու: Մերկելը նման կոալիցիա կարող է ձևավորել կամ կանաչների, կամ լիբերալների հետ: Դա ռիսկային է: Ճգնաժամից դուրս գալու երկրորդ տարբերակը սոցիալ-դեմոկրատներին կոալիցիա վերադարձնելն է: Երրորդ և առավել հավանական տարբերակը նոր ընտրություններն են: Բայց դա ևս ռիսկային է` նոր ընտրությունների արդյունքները կարող են սեպտեմբերյան ընտրությունների նման լինել: Գուցե նույնիսկ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ավելի շատ ձայներ ստանա ու ավելի շատ պատգամավորներ ունենա Բունդեսթագում: Քաղաքական ճգնաժամը Գերմանիայի համար ամենաբարենպաստ տնտեսական իրավիճակում է ծագել: Նույնը չէ վիճակը արտաքին քաղաքականության մեջ: Միայն Ֆրանսիան է այսօր Գերմանիայի ամենամերձավոր գործընկերը, Գերմանիան վատացրել է հարաբերությունները Լեհաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ: Գերմանիայի Սահմանադրությունը հետընտրական կոալիցիայի կազմման համար ժամկետային սահմանափակում չի նախատեսում, այնուամենայնիվ, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ` կամ փոխզիջում, կամ` ընտրություններ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

>Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում