«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դմիտրի Խվորոստովսկի` լուռ է ու մութ

Դմիտրի Խվորոստովսկի` լուռ է ու մութ
24.11.2017 | 14:36

Օպերային երգիչներին գնահատում են սովորաբար ձայնի գեղեցկության ու խորքի, դերի մեջ կերպարանափոխվելու համար: Նրանց ուժն ու ձգողականությունը ձայնի միջոցով այն կերպարը կերտելն է, որ բեմում մարմնավորում են` հրաժարվելով իրենք իրենցից: Այս մասնագիտության մեջ քչերն են օժտված սեփական հմաքով ու գրավչությամբ, անձնական մագնիսականությամբ` այն անորսալի ու անբացատրելի որակներով, որ փայլուն պրոֆեսիոնալին դարձնում են հարազատ մարդ` իր տաղանդի երկրպագուների համար: Դմիտրի Խվորոստովսկին այդպիսի արտիստ էր: Դա նրա վառ, ակնթարթորեն ճանաչելի արտաքինի՞ պատճառով էր` ասես ռուսական բիլինաների հերոս լիներ, թե՞ սիբիրցի լինելու, կամ` անսովոր արագ վերելքի՞` Կրասնոյարսկի ուսումնարանից` Մարիինյան թատրոնի, Քովենտ Գարդենի, Մետրոպոլիտեն օպերայի և աշխարհի լավագույն բեմեր: Ամեն ինչ` մեկտեղ, որ բառերով հնարավոր չէ փոխանցել:

Եվ այսօր նա այլևս չկա: Նրա վերելքը համաշխարհային բեմ սկսվեց Մեծ Բրիտանիայում, 1989-ին, երբ 27-ամյա երգիչը հաղթեց Քարդիֆի վոկալիստների միջազգային մրցույթում, առաջ անցնելով հայտնի ֆավորիտ բաս-բարիտոն Բրին Տերֆելից: Բրիտանիայում էլ ավարտվեց նրա կյանքը: Նա ապրում էր Լոնդոնում, սիրում էր Լոնդոնը, համարում էր իրենը և ծանր էր տանում այն փոփոխությունները, որ վերջին տարիներին ապրում էր քաղաքը: Elle ամսագիրը նրան մի անգամ անվանել էր «Օպերայի Էլվիս»: Պատանության օրերին նա Կրասնոյարսկում երգել էր ռոկ խմբում, որ «ծանր մետաղ» էր կատարում` դա աղջիկների կուռքը դառնալու ամենակարճ ճանապարհն էր: Պոպ երաժշտությամբ տարվածությունը կարճատև էր: Նա առանց հարգանքի էր վերաբերվում crossover-ին` ոճին, որտեղ օպերան միաձուլվում է պոպ երաժշտությանը:


Երբ մի հարցազրույցում նրան հարցրին` կհամաձայնի՞ Մադոննայի հետ զուգերգի մեկ միլիոն դոլար հոնորարով, նա պատասխանեց. «Այո, դժվար կլինի, անհարմար կլինի, բայց ես կհրաժարվեմ»: Օպերայից ոչ քիչ նրան հարազատ էր ռուսական երգը` ռոմանսը, ֆոլկլորը, սովետական երգերը` «Կռունկները», «Անանուն բարձունքի վրա», «Ռուսական դաշտ»: Հենց դա` ձայնով ռուսական, սիբիրյան ջիղը փոխանցելու ունակությունը նրան համաժողովրդական սեր էր պարգևել Ռուսաստանում` ավելի քան օպերան: Նրան ներում էին նույնիսկ այն, որ ապրում է հեռավոր, շատերին օտար Լոնդոնում: Նա սիրում է նեապոլյան երգերը: «Գուցե այն պատճառով, որ կինս իտալուհի է, ես այդ երգերում սիբիրցի չեմ հնչում,- ասում էր նա:- Ես նույնիսկ սովորել եմ Նեապոլի բարբառը, որ շատ իտալացի երգիչներ չեն անում»: Ռուսաստանը հայրենիքն էր ծնունդով: Իտալիան` մասնագիտության մեջ: Իսկ տունը Բրիտանիան էր: Եվ Բրիտանիան շատ ծանր ընդունեց նրա մահվան բոթը: «Նրա ձայնի գեղեցկությունը և բեմական կուռքի շքեղ արտաքինը ցանկացած հանդիսասրահի սիրելին էր դարձնում նրան: Յուրաքանչյուր ելույթի համար նրա ուրախությունը եզակի էր: Նրա հեռանալը վիթխարի կորուստ է մեզ համար»` հայտարարեց թագավորական օպերային թատրոնի դիրիժոր ու երաժշտական ղեկավար Անտոնիո Պապանոն: Խվորոստովսկին շատ և հաճույքով էր երգում Քովենտ Գարդենում: Նույնիսկ` երբ շատ վատ էր: Վերջին անգամ նա բեմ բարձացավ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում, 2016-ի հունվարին: «Ես նրա հետ շատ եմ աշխատել,- պատմում է Անտոնիո Պապանոն:- Մի անգամ նույնիսկ նվագակցել եմ նրան Ռախմանինովի վոկալ շարքը երգելիս: Լսել` ինչպես է նա երգում մայրենի լեզվով, երաժշտության մեջ ինչպես է մտնում ու ինչ հզոր է նրա ձայնը` բացարձակապես ցնցող էր»: Օպերային թատրոնը դեկտեմբերի 14-ին «Ռիգոլետոյի» ներկայացումը կնվիրի նրա հիշատակին: Նա երկու անգամ` 2005-ին ու 2010-ին երգել է այդ ներկայացման գլխավոր դերերգը:
Ալեքսանդր ԿԱՆ, BBC


Հ.Գ. RRI-ն ևս անդրադարձել է Դմիտրի Խվորոստովսկու անժամանակ մահվանը: Բոլորը գիտեին, որ նա հիվանդ է: Բոլորը հասկանում էին` որ գլխուղեղի ուռուցքը անբուժելի է: Բայց այն արժանապատվությունը, որով Դմիտրին իրենից վանում էր հիվանդությունը, հույս էր տալիս: Պարզվեց` պատրանք էր: Մարդիկ իմացան նրա հիվանդության մասին, երբ այդ ստոր ախտը բռնել էր նրա կոկորդից` թույլ չէր տալիս երգել ու ապրել: Սկսվեց մեծ մարտը, որի արձագանքը հանդիսատեսին կարճ հաղորդագրություններով էր հասնում: Իսկ բեմում նրա հայտնվելը ամեն անգամ մեծ հրճվանք էր` գուցե վերջապես հաղթե՞ց: Ոչ, չհաղթեց: Հեռացավ գիշերը: Պարզվեց` վերջին օրերին հոսպիսում էր և արդեն ոչ մի հույս չկար: Բայց դա գիտեին միայն ամենամտերիմները: Դմիտրին կարողանում էր այն հիվանդը լինել, որ բոլորը տեսնեն կամ առույգ ու ժպտուն, երբ լավ էր զգում իրեն, կամ չտեսնեն ոչինչ, երբ վատ էր: Հիմա, երբ նա հեռացել է, չգիտեմ ինչու, ուզում եմ ավելի շատ գրել նրա պայքարի, քան ձայնի մասին: Գուցե այն պատճառով, որ կարիերայում ամեն ինչ հաջող էր, առանց անկումների ու նրա տաղանդը ոչ մի վայրկյան ոչ ոք կասկածի չէր ենթարկել, իսկ հիիվանդության տրագիկ պատմության մեջ նա բիլինայի հերոսի պես էր իրեն պահում: Կարիերան, այո, արագ ու անդառնալի ստացվեց (թեպետ ծնողները սկզբում նրան դաշնակահար էին տեսնում): Հասկանալի է` փայլուն ու հազվագյուտ ձայն: Բայց տաղանդից բացի Դմիտրին ուներ անհավանական հմայք: Զարմանալիորեն ոչ նրա անձնական կյանքը, ոչ բնավորությունն ու խնդիրները, որ եղել են ու շատ ծանր էին, երբեք չդարձան բացբերանների ասեկոսեների թեմա: Գուցե այն պատճառով, որ նրա անհատականությունն ու արվեստը էտալոնային մաքրության էին: Նա այն հազվադեպ դեպքն էր, երբ արտիստը համընդհանուր 100- տոկոսանոց սիրելին է բոլորի, որ կյանքում չի արել ոչինչ, որի համար նրան հնարավոր էր մեղադրել: Նրան ոչ մի աղտ չէր կպչում, իսկ նրա անձնական զիգզագները իր և այդ ոլորաններն անցնողների անձնական գործն էին մնում: Դա հազվագյուտ որակ է, հատկապես արտիստի, որ անհավանական հանրաճանաչ է: Բարձր ու մաքուր արվեստի քրմերը նրան համարում էին գործի մեջ ոչ խելամիտ, որ ձգտում է հեշտ ու էժան հանրաճանաչության` ասում էին, որ նրա մակարդակի երգչին, ում երազում են ստանալ աշխարհի լավագույն բեմերը, վայել չէ երգել Վասիլևյան զառիթափում ու Սյունազարդ դահլիճում մեկ պատերազմական տարիների երգերը, մեկ սովետական էստրադա, մեկ ռոմանս:

Բայց ինչ-որ պահից նրանք էլ հասկացան, որ խնդիրը խելամտության պակասը չէ, այլ Խվորոստովսկուն միայն հատուկ շռայլությունը: Նա հասկանում էր, որ ոչ բոլորին է տրված իր ձայնը լսելու ու գնահատելու հնարավորությունը` օպերային արվեստի իսկական գիտակները աշխարհում քիչ են, և ո՞վ հնարավորություն ունի աշխարհով շրջել` օպերայի հետևից: Ինչու՞ ուրեմն այդ ձայնով պիտի ուրախանան միայն ընտրյալները, որ կարող են նրան տեսնել «Թագավորի հարսնացու»-ում, «Տրուբադուրներում» կամ «Սիմոն Բոկանեգրոյում»: Եվ Դմիտրին երգում էր նրանց համար, որ մելոման չէին, բայց նույնքան արժանի էին գեղեցիկը ունենալուն: Դա արտիստի մեծագույն մարդասիրություն է: Երբ հեռանում է այդպիսի ձայնը, թվում է` միանգամից լռեցին դրախտի բոլոր թռչունները: Իսկ եթե այդ ձայնը երիտասարդ, գեղեցիկ ու անթերի մարդունն է, թվում է` ոչ միայն լուռ է, այլև` մութ այլևս:
Տարիներ առաջ` լինելով Հայաստանում, Դմիտրի Խվորոստովսկին համաձայնել էր երգել Ազգային ժողովի այգում կազմակերպված համերգում: Աշնանային շքեղ երեկո էր, տաք ու փափուկ: Նա հրաժարվել էր ֆոնոգրամայից ու նրա ձայնը ծփում-ծավալվում էր այգու ծառերի մեջ, իսկ երբ երգեց «Ավե Մարիան»` ձայնը սավառնում էր երկնքում ու ստիպում վայր ընկնել աստղերին: ՈՒ ինձ թվում է` նրա ձայնը մնացել է այնտեղ, որտեղից եկել էր` երկնքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ