Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Առաջնախաղ. «Մեծապատիվ Մուրացկանները»՝ Սունդուկյանի բեմում

Առաջնախաղ. «Մեծապատիվ Մուրացկանները»՝ Սունդուկյանի բեմում
27.11.2017 | 23:44

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացվի Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացականներ» ներկայացումը` ժամանակակից լուծումներով: Սպասվում է պարային, ինտերակտիվ ներկայացում: Առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն է: Նրա կարծիքով՝ ժամանակակից բառն այնքան էլ տեղին չէ, որովհետև ոչ թե հատուկ մտածել են, որ ժամանակակից լուծումներ լինեն, այլ պարզապես փորձել են ներկայացման մեջ շեշտել այն կարևորը, որ համահունչ է մեր ժամանակին: «Այդ պարագայում արդեն մենք կարող ենք խոսել ժամանակակից լուծումների կամ մոտեցումների մասին»,- ընդգծեց բեմադրիչը, հավելելով, որ ներկայացման երաժշտության հեղինակը իր վաղամեռիկ ընկեր Ստեփան Լուսիկյանն է: Պարտիտուրը, նոտաները չեն եղել, փորձել են ձայնագրությունից վերծանել երաժշտությունը:

«Իրատեսը» հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված երաժշտության ընտրությունը:
Արմեն Էլբակյանի տեղեկացմամբ՝ ժամանակին այս գործը բեմադրել է Պարոնյանի թատրոնում, ավելին՝ 1992-ին թատրոնը բացվել է «Մեծապատիվ մուրացկաններ» մյուզիքլով: Գլխավոր դերի համար հրավիրել են Շահում Ղազարյանին՝ Սունդուկյան թատրոնից, հատուկ այդ ներկայացման համար երաժշտություն է գրել Ստեփան Լուսիկյանը: Երաժշտությունը վերծանել, գործիքավորել է Լևոն Խաչատրյանը՝ հավատարիմ մնալով հեղինակին: Ինչ վերաբերում է ներկայացմանը, Արմեն Էլբակյանն ընդգծեց, որ բեմականացման ու բեմադրութան բոլորովին այլ մեկնաբանություն է մատուցվելու հանդիսատեսին:
«Ներկայացման մեջ ընդգրկված են հրաշալի արտիստներ, որոնց հետ շատ հաճելի էր աշխատելը: Չեմ կարող ասել, թե դա շատ հեշտ էր, բայց եթե կային կոնֆլիկտներ, դրանք շատ ստեղծագործական էին»:

Մանուկ աղային մարմնավորող դերասան Հարություն Մովսիսյանի խորին համոզմամբ՝ լավ ներկայացում են պատրաստել ու վստահորեն կարող են ներկայանալ մեր շատ-շատ խստապահանջ հանդիսատեսին: Գլխավոր դերակատար Ալբերտ Սաֆարյանը (Աբիսողոմ աղա) իր հերթին նշեց, որ ներկայացման մեջ անպայման կհանդիպենք բոլորիս ծանոթ մարդկանց:

Արվեստագիտության թեկնածու, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ թեման ինքնին շատ ցավալի է, բայց ներկայացումն արված է ոչ թե դառնությամբ, այլ բարությամբ. «Նայելով ներկայացումը՝ վերջում հոգեպես քեզ թեթև ես զգում, ճիշտ է, մտածում ես, բայց դառնացած չես գնում: Ինչպես մի անգամ պարոն Մովսիսյանը շատ իրավացիորեն նկատեց՝ այս ներկայացումից հետո մեր շուրջը կատարվող շատ բաների պետք է մի քիչ թեթև, ժպիտով նայել»:


Ներկայացման պարուսույցը Լիանա Հակոբյանն է: Դերերում՝ Ալբերտ Սաֆարյան, Հարություն Մովսիսյան, Աննա Էլբակյան, Դավիթ Հակոբյան և այլք:
Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ թատրոնը նոր նախաձեռնություններով է հանդես գալու, որոնցի մեկը թատերական ներկայացումների համար հարթակների ապահովումն է: «Կոնվերս բանկի» աջակցությամբ վերականգնվելու է նկարչի արվեստանոցը՝ դառնալով բազմաֆունկցիոնալ արվեստի տարածք, որտեղ հնարավոր կլինի կամերային ներկայացումներ իրականացել, նաև թատրոնի նկարչին տալ նոր, գերժամանակակից հնարավորություններով տարածք:
Մայր թատրոնի գործընկերներն են «Արմենպրես» լրատվական գործակալությունը, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» և «Կոնվերս բանկը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ