Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվ եղև...

Եվ եղև...
28.11.2017 | 13:05

Բրյուսելում ստորագրված փաստաթուղթը, որպես սուր, անցավ նորանկախ Հայաստանի «սրտով»: Դեռ ժամանակ կունենանք համադրելու երեք նախագահների արտքաղաքական գերակայությունները: Այսօր միայն երրորդի մասով:
Ասել ենք, ասելու ու պնդելու ենք. նրա վարած ներքին քաղաքականությունը կաղ, քոռ, քաչալ է` բոլոր առումներով: Իսկ արտաքին քաղաքականությունն ի սկզբանե բավականին «դիտարժան», հայոց բոլոր հնարավորությունների շախմատային դասավորությամբ, երբեմն էլ, այո, մաստեր կլասներով և էնդշպիլներով է հագեցած եղել: Դեռ Պնախարար ժամանակներից, լինելով Ռուսաստանի շինելին խիստ մոտ կանգնած քաղաքական ստրատեգ, նա` ա) ՆԱՏՕ-ի անհատական համագործակցության ծրագիրը դրեց թևի տակ, ներկայացավ ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայան, որտեղ նրան ասացին` «Glad to see you», միստր Սարգսյան, բ) խաղաղապահներ ուղարկեց Կոսովո` ՆԱՏՕ-ի կազմում աշխարհը խաղաղեցնելու:


Ղարաբաղի հարցում էլ «նույն» այդ օրերին, էլ առավել` վարչապետության ժամանակահատվածում, նա խաղաց խիստ «նրբագեղ», ապացուցելով թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ին, թե՛ մնացածներին, որ ինքը հմուտ բանակցող է, զի «հետ-առաջ»-ի սկզբունքին տիրապետում է շախմատային բոլոր կատեգորիաներով և նախորդ երկու նախագահներից ճկուն:
Պատճառներ, որոնք թե՛ ներքաղաքական, թե՛ արտքաղաքական մոդերատորների համար պետք է «գերակայվեին»` թույլ չտալով, որ վերջինս սահուն, «առանց արյան», 2008-ին մտներ նախագահության փուլ: Որովհետև հաջորդիվ արդեն ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այլև իրապես կոմպլեմենտար արևմտյան վեկտորի առաջնահերթություններ էին:
Երբևէ, երբ անդրադարձ կլինի երրորդ` վերջին ՀՀ նախագահի կենսագրական ամպլիտուդին, կարձանագրենք. իր բոլոր թերություններով հանդերձ, նա հայի հետաքրքիր, քիչ հանդիպող տեսակ է. անհամբեր, տաքարյուն այս էթնոսում` նրա համբերատար, սառը միտքն ու հաշվարկը միշտ էլ զարմացրել են անգամ իրեն լավ ճանաչող «ժրեցներին»: Համբերելու այդ կարողունակության շնորհիվ էր, որ «step by step» քայլերով, իր նախագահության առաջին շրջանի գծած «տեսլականը», ի վերջո, իրականացրեց նախագահության «վերջին օրերին»:
Խոսքը, այո, ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի մասին է: Եկեք մեկ անգամ քաջություն ունենանք և արձանագրենք.


ա) Այն, ինչ չհաջողվեց ՈՒկրաինային` առանց Մայդանի (ուր այսօր շարունակվում է քաղաքացիական պատերազմը` երբեմնի նույնական էթնոս Կիևյան Ռուսիայի և ՈՒկրաինայի միջև), Հայաստանը (թող Աստված շատ չհամարի) կարողացավ դա անել առանց ցնցումների, և դա առաջին հերթին մեր շախմատիստի` խաղալ կարողանալու, գեոխաղացողների հետ ճիշտ հարաբերվելու, ներքին «թշնամուն» ժամանակին ու տեղին «սանձելու» շնորհիվ: Նաև: Ոչ, չենք անտեսում նաև փոփոխվող աշխարհը, տարածաշրջանը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք քաղաքակրթությունների խաչմերուկ, առաջին քրիստոնյա, չերկնչենք ասել` ուրույն առաքելություն ունեցող այս երկիրը վերադարձրին իր պատկերին: Դարձնելով տարածաշրջանում կամուրջ. Արևմուտքի և Արևելքի, նաև` Հյուսիսի երկխոսության վայր:

Երրորդ նախագահը, հաստատապես և համեմատությամբ երկրորդի, ուներ դրա անհրաժեշտության գիտակցումը, ու նրան օժանդակություն եղավ… նաև տիեզերքից:


բ) Իսկ Վրաստանը ԵՄ-ացվեց՝ կորցնելով իր տարածքները` Աբխազիան ու Հարավային Օսիան (ու դեռ հարց է` կկարողանա՞ գոնե այդպես ՆԱՏՕ «գնալ»): Իսկ մեր Ղարաբաղը կանգուն է առմիշտ: Ավելին` այս պահին «համատեղվել» են համանախագահների «կարծիքները»` մանավանդ տեղորոշման սարքերի և ընդհանրապես` Վիեննայի սկզբունքների մասով: Ինչն անչափ էական է:


Ի դեպ, պետք է նաև քաջություն ունենալ ասելու, որ երրորդը (գուցե իր խորհրդային շինելից դուրս եկած կերպարին փոքր-ինչ անհարիր) փիլիսոփայություն է փոխում, փաստորեն, մեզանում: Նույն ԵՄ համաձայնագիրը` որպես ապագա կեցության վկա, բանակում Վիգեն Սարգսյանի հետ սկսած լայնածավալ (չկրկնենք` «ա լյա Իսրայել» մոդերացիայով) բարեփոխումները, որպես բազիսային տրանսֆորմացիայի խոշոր կոդ:
ՈՒ թե Ս. Սարգսյանը հաջողեր նաև հայ-թուրքական արձանագրություններում, ապա «տեսլականների» երրորդությունը մի մեծ ամբողջություն կկազմեր:
Ապագա սերնդին թողնելով լոկ դրանց իրականացումը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ