Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«2019-ին այդ գործընթացն ամբողջությամբ կավարտենք»

«2019-ին այդ գործընթացն ամբողջությամբ կավարտենք»
28.11.2017 | 13:16

Առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ 2018-ի պետբյուջեի նախագծից իրենց «բաժինը» կավելանա... նախատեսվածից։ Ըստ ամենայնի, նման սպասումն անհիմն չէ, քանի որ ֆինանսների նախարարության կուլուարներում խոսվում է այդ հնարավորության մասին։ Որքանով կարդարացվի առողջապահության նախարարության այս սպասումը, ցույց կտա ժամանակը։ Եթե նկատենք, որ առողջապահությունն առաջին հերթին նաև սոցիալական ոլորտ է և պատասխան է տալիս մարդու առողջության պահպանման քաղաքականության համար, ապա բյուջեից ֆինանսավորման ավելացումն անհրաժեշտություն է։ Սակայն այս պահին խոսենք մեկ այլ` պարտադիր ապահովության կարևոր ծրագրից։ Սոցիալապես անապահովների համար այն կարծես թե հստակեցված է, սակայն հետաքրքիր է, թե գործնականում պարտադիր ապահովագրությունը, որի մասին շատ է խոսվում, ե՞րբ է ներդրվելու։ Այս հարցի շուրջ զրուցեցինք առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ հետ։

-Հայեցակարգի ժամանակացույցը հետևյալ կերպ է դասավորված` սոցփաթեթով 100 հազար աշխատակիցների ապահովագրության ծրագրի իրականացումը դիտարկում ենք մինչև հունվար-փետրվար ամիսները, և եթե այդ ընթացքում սկզբունքային խնդիրներ չառաջանան, ապա ապրիլին կներդնենք սոցիալապես անապահով խավի 612 հազար անձանց պարտադիր ապահովագրությունը։ Ծրագրի այս հատվածը ևս մեկ տարի կլինի մեր մշտադիտարկման առանցքում։ Եվ եթե ամեն բան հարթ անցնի, ապա մենք հանդես կգանք պարտադիր ապահովագրության օրենսդրական առաջարկով։ Եթե 2019-ի ապրիլ-մայիս ամիսներին այս գործընթացի մշտադիտարկումը ևս դրական արդյունքներ տա, ապա կարծում եմ, որ տարեվերջին այն ամբողջությամբ կարող է ընդունվել և կիրառվել,- մանրամասնեց պարոն Ալթունյանը։
-Ինչ խոսք, պարտադիր ապահովագրությունը անհրաժեշտություն էր, վաղուց ոլորտում սպասված, սակայն գործընթացը սկսելուց առաջ հաշվե՞լ եք բժշկական հետազոտությունների և հիվանդությունների բուժման ինքնարժեքը։ Ինչու՞ եմ սա հարցնում, որովհետև արդեն քանի տարի է` գործում է կամավոր ապահովագրությունը, սակայն ինքնարժեքի հաշվարկի բացակայության պատճառով ապահովագրական ընկերությունները չեն ֆինանսավորում բազմաթիվ հետազոտություններ և վիրահատություններ` վիճարկելով դրանց գինը կամ էլ հետազոտությունների քանակը։ Դա լուրջ խնդիր է ոչ միայն հիվանդանոցների և ապահովագրական ընկերությունների միջև, այլև ծանր խնդիր է կոնկրետ անձի համար։ Հիմա պարտադիր ապահովագրությանն անցնելուց առաջ կա՞ հաշվարկ, թե բուժումն ինչ արժե իրականում և ապահովագրած գումարը բուժման ծախսի որ մասը կծածկի, որ վերը նշված խնդիրը չառաջանա։
-Իրականում ծառայության, բուժման ինքնարժեքը Ձեր նշած խնդրի հետ փոխկապակցված չէ, սակայն այն լուծվելու է հետևյալ կերպ։ Այսօր բոլոր հիվանդությունների գծով մշակվում են ազգային ուղեցույցներ և գործելակարգեր, ինչից ելնելով ցանկացած հիվանդության դեպքում և՛ հիվանդանոցը, և՛ ապահովագրական ընկերությունը, և՛ հաճախորդն առողջապահական ոլորտի օմբուդսմենի հետ կարող են ճշտել վիճահարույց խնդիրը։ Մասնավորապես, ինչ պետք է իրականացվեր և ինչքան պետք է հատուցվեր տվյալ ծառայության համար։ Այնպես որ, Ձեր նշած խնդիրը կլուծվի այդ կերպ։ Այսօր այդպիսի օբյեկտիվ ցուցանիշներ չկան. օրինակ, բժիշկն ասում է, որ 5 անգամ պետք է KT արվի, իսկ ապահովագրական ընկերությունն ասում է` մեկ անգամ։ Մինչդեռ ազգային ուղեցույցները և գործելակարգերը կտան այդ հարցերի լուծումը։ Նշեմ, որ տարեկան մշակվում է 200-250 ուղեցույց, ընդհանուր առմամբ պետք է լինի 1000 ուղեցույց։ Կարծում եմ` 2019-ին այդ գործընթացն ամբողջությամբ կավարտենք։
-Պարոն նախարար, Դուք ասացիք, որ հետազոտման և բուժման ինքնարժեքը կապ չունի, այդ դեպքում ի՞նչ հաշվարկներից ելնելով է սահմանվում փոխհատուցման գումարը պարտադիր ապահովագրությամբ։
-Ազգային ուղեցույցները կազմվում են` հաշվի առնելով այսօրվա գործող գները, և այդ հաշվարկներն իրականացնում են մեր մաթեմատիկոսները։ Նկատեմ, որ հաշվարկներն արվում են այսօրվա գործող գնացուցակներով, որոնք գործում են ապահովագրական ընկերություններում և հիվանդանոցներում։
-Ազգային ուղեցույցների և այսօրվա գործող գնացուցակների հստակեցման դեպքում հնարավո՞ր է, որ միևնույն հիվանդության բուժման կամ հետազոտման գները բոլոր կլինիկաներում հավասարեցվեն։
-Նման բան չի կարող լինել, քանի որ հիվանդանոցների պայմանները, բժիշկների մասնագիտական որակները տարբեր են։ Սակայն գնային տարբերությունը կլինի բավականին տրամաբանական և բացատրելի։
-Պարտադիր ապահովագրության ծրագիրը լիարժեքորեն ներդնելու և իրականացնելու հարցում որևէ մտավախություն չունե՞ք։ Ոչ թե դրա իրականացման, այլ ընթացքում հնարավոր լուրջ խնդիրների առաջացման առումով։
-Հիմնական խնդիրը սպասումների ձևավորումն է։ Բացատրեմ. երբ ժողովրդին ասում ես` դու ունես ապահովագրություն, ապա մարդիկ այլևս չեն ուզում խորանալ, թե որ դեպքերի մասին է խոսքը։ Հնարավոր է, մտածեն, թե ապահովագրությունը տրվում է բոլոր հիվանդությունների և ծառայությունների համար, սակայն այդպես չէ։
-Այսինքն, ապահովագրությունը կիրառվելու է միայն այն հիվանդությունների և հետազոտությունների դեպքում, որոնք ընդգրկված են պետպատվերի՞ շրջանակներում։
-Այո, պետպատվերի շրջանակներում տրամադրվող ծառայություններին մենք կավելացնենք ևս ինչ-որ իքս գումար ապահովագրությունից։ Այսօր 38000-ով ապահովագրում ենք սոցիալապես անապահովներին հիվանդանոցային ծառայությունների դիմաց։ Ամբուլատոր ծառայությունները տրամադրվում են միայն պետպատվերի հաշվին։ Պարտադիր ապահովագրությունը, երբ ներդրվի, մի փոքր կավելացնի գումարը ամբուլատոր ծառայությունների համար, ինչը կնպաստի ամբուլատոր ոլորտի զարգացմանը։ Պետք է նշեմ, որ ցանկացած գումար, որը հատկացվելու է ապահովագրությամբ, իրականացվելու է ծառայությունների փոխհատուցման ցանկով։ Իհարկե, ցանկից դուրս ծառայությունների դեպքում հնարավոր կլինի դրանք ապահովագրությամբ ստանալ, կամավորության սկզբունքով։
-Կարևոր մի խնդրի ևս անդրադառնանք։ Մինչ վերջերս 3-րդ կարգի հաշմանդամը կարողանում էր ստանալ բարդ, թանկարժեք բուժծառայություն համաֆինանսավորմամբ։ Այժմ համաֆինանսավորումը չի գործում։ Արդյո՞ք դա ճիշտ է, քանի որ մարդը, տվյալ դեպքում հաշմանդամը, կարող է հնարավորություն չունենալ, դիցուք, սոցիալապես անապահով լինել։
-Հաշմանդամության դեպքում համաֆինանսավորման ծրագրով մենք խտրականություն ենք դնում` ասում ենք 3-րդ կարգի հաշմանդամին օգնենք, իսկ հաշմանդամության կարգ չունեցողին ասում ենք` ոչ։ Կարծում եմ, որ դա այնքան էլ արդարացի չէ։ Դրամական ցանկացած օգնություն պետք է տրվի սոցիալական արդարության սկզբունքով, և ոչ թե հաշմանդամության կարգի, քանի որ նույն հաշմանդամը կարող է լինել նաև սոցիալապես ապահով։ Ինչ վերաբերում է նրան, թե հաշմանդամության կարգ ունեցողը կարող է լինել սոցիալապես անապահով, ապա այդ դեպքում նա պետք է ընդգրկված լինի «Փարոս» ծրագրում, որի դեպքում նա կօգտվի պետական աջակցությունից։


Զրուցեց Ժամեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ