Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հեքիաթ չէ, աշխատանք է, պիտի աշխատեք` բոլորդ

Հեքիաթ չէ, աշխատանք է, պիտի աշխատեք` բոլորդ
28.11.2017 | 13:45

Նոյեմբերի 23-ին` Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովից 1 օր առաջ, Երևանում Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը և Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը կազմակերպել էին ամփոփիչ քննարկում` «Բրյուսելի գագաթնաժողովից առաջ. Արևելյան գործընկերություն և ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը» թեմայով: Մասնակիցները միայն փորձագետներ էին, որ փորձեցին համակողմանի անդրադառնալ իրադարձությանը և պատասխանել այդ պահին դեռ հիմնական հարցին` կստորագրի՞ Հայաստանը համաձայնագիրը:


Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչ Եվա Թովմասյանը շնորհակալություն հայտնեց Ստեփան Գրիգորյանին` թեման մշտապես Հայաստանում ակտիվ պահելու և ազատ խոսքի ու ազատ երկխոսության հարթակ ապահովելու համար, որ բարդ ու պատասխանատու ճանապարհ է: Նրա գնահատմամբ` կարևոր է հասկանալ, թե փորձագիտական հանրությունը ինչպե՞ս պիտի նպաստի համաձայնագրի կատարմանը: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագիրը կարևոր է Հայաստանի համար, բայց հաջողության 90 տոկոսը կախված է իրականացումից: «Ի տարբերություն 2013-ի, երբ համաձայնագիրը հրապարակված չէր, փորձագետները, քաղաքացիական հասարակությունը չէին կարող պաշտպանել մի բան, որից տեղյակ չէին, այժմ մենք ունենք փաստաթուղթ, որը համարվում է Հայաստանի արդիականացման հենք կամ ծրագիր: Շատերը ակնկալում էին, որ փաստաթուղթը 400 էջ չի լինի, սովոր էին եվրոպական հարևանության շրջանակներում տեսնել 10-20-էջանոց փաստաթուղթ, բայց այս 400 էջերի վրա հեքիաթ չէ, հռչակագրային ձևակերպումներ չեն»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ համաձայնագիրը մեծ դիապազոն է ստեղծում ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև արտաքին ու անվտանգության հարցերում երկխոսության համար: «Չկա մի ոլորտ, ներքին բարեփոխումների ոլորտ ևս, որտեղ ՀՀ-ի ու ԵՄ-ի դիրքորոշումները, հանձնառությունները, փոխադարձ պարտավորություններն ամրացված չլինեն: Բայց սա չի նշանակում, որ փաստաթուղթը կարող է փրկել Հայաստանին հետընթացից»,- նշեց Ստեփան Սաֆարյանը: Նա շեշտեց, որ հատկապես ապրիլյան պատերազմից, միջազգային հարթակներում Բաքվի նախաձեռնությունները տեսնելուց հետո ոչ պակաս կարևոր է, որ ԵՄ 28 երկրներ համաձայնեցնում են ղարաբաղյան քաղաքականությունը, որ թույլ չտրվի հետագայում խնդրի տեղափոխում այլ ատյաններ:

«Պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում հռչակագրում դրանից տարբերվող ձևակերպումներ տալու: Հուսով եմ, որ Եվրոպայում հրաշալի հասկանում են, որ Ալիևին այս պահին գոնե պետք է ոչ թե քաղաքական մոտեցումների փոփոխություն, այլ տեղեկանք՝ պատերազմի գործողություններն արդարացնելու համար: Ես հուսով եմ, որ վաղը չի գրվի այնպիսի դրույթ հռչակագրում, որը Ալիևը կմեկնաբանի որպես տարածքային ամբողջականության գերակայություն, որպես պատերազմի իրավունք տվող տեղեկանք»,- շեշտեց նա: ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը հիշեցրեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը փոխարինելու է 1996-ին ստորագրված պայմանագրին: Նրա կարծիքով` ստորագրվելիք փաստաթուղթը խորությամբ և համագործակցության հնարավորություններով զիջում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ, նույնպես համապարփակ համաձայնագիր է և արտացոլում է այս փուլում երկկողմ հարաբերությունների մակարդակը, «նախանշում է խորացված քաղաքական երկխոսություն և համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում` հնարավորություն ընձեռելով ԵՄ-ին առավել խորացնել ներգրավվածությունը Հայաստանի հետ հարաբերություններում: Պայմանագրի մեծ մասը ներառում է ԵՄ ստանդարտ ձևակերպումներ մարդու իրավունքների, միջազգային քրեական դատարանի, զանգվածային ոչնչացման զենքի, ահաբեկչության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ: Նաև նախատեսում է համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, բնապահպանության, կրթության և մշակույթի, հարկային քաղաքականության, տուրիզմի, գիտության և ինովացիաների և այլ ոլորտներում»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը: Նա կարևորեց, որ Հայաստանը ստանձնում է պարտավորություններ` որոշ ոլորտներում ՀՀ օրենսդրությունը մոտեցվելու է եվրոպականին:

«Պայմանագրով կողմերը համաձայնել են զարգացնել երկխոսությունն արտաքին քաղաքականության, անվտանգության հարցերի, բարեփոխումների վերաբերյալ: Երկխոսության նպատակներն են՝ զարգացնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական երկխոսությունը, ընդարձակել քաղաքական գործընկերությունը, բարձրացնել արտաքին և անվտանգության քաղաքականության համագործակցության արդյունավետությունը, նպաստել միջազգային խաղաղությանը, ընդգծել հարգանքը ժողովրդավարության սկզբունքների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանային համագործակցությանը, ռեգիոնալ անվտանգության և բարիդրացիական հարաբերություններին` տարածաշրջանի բոլոր երկրների միջև` սահմանների բացումը ներառյալ»,- մանրամասնեց Վլադիմիր Կարապետյանը: Թերևս` դատելով նրա խոսքից` ՀԱԿ-ը ևս «վերադարձ» է ապրում` հիշելով, թե ինչպես էր Լևոն Տեր-Պետրոսյանը անդառնալի համարում անդամակցությունը ԵԱՏՄ-ին:


ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը կարծում է, որ ստորագրելով համաձայնագիրը՝ Հայաստանն օգտագործում է սուվերեն պետությանը հարիր գործիքներից մեկը: «2013-ի սեպտեմբերի 3-ի տապալումը եթե չլիներ, այսքան շունչներս պահած չէինք սպասի, չէինք մտածի՝ կստորագրվի՞, չի՞ ստորագրվի, որովհետև սա սովորական միջազգային իրավական ընթացակարգ է: Համեմատել այս համաձայնագիրը Ասոցացման պայմանագրի հետ սխալ է, մենք նախատեսում էինք կոնկրետ գործիքներ, որոնց շնորհիվ բարձրացնելու էինք Հայաստանում տրամադրվող ծառայությունների որակը, ապրանքների որակը, համապատասխանեցնել ԵՄ պահանջներին, զրոյական մաքսատուրքերով արտահանել ԵՄ և ստանալ եվրոպական ապրանքներ առանց մաքսատուրքերի: Սա ուղեկցվում էր քաղաքական ասոցացման համաձայնագրի դրույթներով»,- մանրամասնեց Արթուր Ղազինյանը: Նկատի ունենալով ՀՀ-ի պարտավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում, շատ դրույթներ կրճատվել են, չկան պարտավորություններ ու պատասխանատվություն` համաձայնագրի դրույթները չկատարելու համար. ոչ քաղաքական, ոչ իրավական: Կատարումը թողնված է կողմերի կամքին: «Ամեն ինչ մեզնից է կախված: Կան գործիքներ, կա տեսլական, թե որքանով կկատարվի փաստաթուղթը՝ կախված է մեզնից: Ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար հարկավոր է քաղաքական ու հասարակական աջակցություն: Ես կասկածամիտ եմ, սակայն, այս հարցում, որովհետև մեր խորհրդարանականներին այդքան էլ չի հետաքրքրում համաձայնագիրը»,- ասաց նա` հավելելով. «Կճնշե՞նք` բարեփոխումները կիրականանան, չե՞նք ճնշի` չեն իրականանա: Հակառակ դեպքում` թուղթ սևացնելով` մեր կյանքը չի լավանա»:


«Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը համոզված է, որ հասարակությունը իներտ է դարձել, 2013-ից հետո մարդիկ ընդհանրապես անտարբեր են: Համաձայնագրի ծավալուն լինելը նա հիմնավորեց լուրջ ռեֆորմների առաջարկով և անդրադարձավ սոցիալական խնդիրների և մարդու իրավունքների պաշտպանության քայլերին` ընդգծելով. «Հասարակությանը հետաքրքրում են մի շարք հարցեր, այդ թվում՝ սոցիալական: Համաձայնագիրը ստանդարտ ձևակերպումներից բացի, կոնկրետ լուծումներ է առաջարկում սոցիալական ոլորտում: Արժանապատիվ աշխատանքի եզրույթի մասին է խոսքը, իսկ դուք գիտեք, որ Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիր կա, որոնց գոնե ընտրությունից ընտրություն առնչվում ենք: Եթե իրականում կիրառվեն այն ստանդարտները, որոնք նախատեսված են այս բանաձևերով՝ հնարավորություն կտրվի հիմք դնելու արժանապատիվ աշխատանք ունենալուն: Առանձին դեպքերում մարդիկ աշխատողներին որպես իրենց ստրուկների են վերաբերվում, մինչդեռ համապատասխան ստանդարտների կիրառման ու տեղայնացման արդյունքում այն կարող է լուրջ արդյունքներ տալ»: Էլինար Վարդանյանը կարևորեց համաձայնագրի ստորագրումից հետո արվելիք քայլերը. «Պետք է շունչներս պահած սպասենք, թե ինչպե՞ս է իրագործվելու, թե՞ լինելու է հերթական փաստաթղթերից մեկը, որին պարտադրված միանում ենք, բայց վերջնական կյանքի չենք կոչում»:


«Հանրային օրակարգ» ՀԿ-ի նախագահ Գեղամ Բաղդասարյանն այն կարծիքին է, որ «Հայաստանի իմիջի, պատվի հետ կապված լուրջ առաջընթաց է ակնկալվում: Մեր վասալային կեցությունից դուրս գալու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ռեսուրսները կմեծանան, որը անմիջապես կանդրադառնա և քաղաքական, և տնտեսական գործընթացների վրա»: Նրա ելույթը կենտրոնացած էր Արցախի հակամարտության կարգավորման հարցին: Համաձայնագրում ամրագրված է` հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների շրջանակներում, կողմերը հասկանում են, որ կարգավորմանը պետք է շուտ հասնել, զերծ մնալ ուժի սպառնալիքից ու կիրառումից, հարգել պետությունների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Գեղամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում ԵՄ-ն պարզ ու հստակ դիրքորոշում ունի արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Անդրադառնալով ԱլԳ հռչակագրին` Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ առաջարկվում է հատուկ կարծիք հայտնել, վերապահումով ստորագրել հռչակագիրը կամ չստորագրել, եթե լինի մոտեցման փոփոխություն:

Առաջարկվում է անգամ չստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը` կան տեղեկություններ, որ որոշ երկրներ ձգտում են գագաթնաժողովի մասնակիցների աջակցությունը ստանալ տարածքային ամբողջականության դրույթի վերաբերյալ: «Խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ, հստակ աջակցում են ՈՒկրաինան, Վրաստանը»,- ասաց նա` հավելելով, որ ԵՄ-ն ստիպված է հաշվի նստել նոր իրողությունների հետ` Իրաքյան Քրդստանի, Կատալոնիայի հանրաքվեների: Գեղամ Բաղդասարյանը շեշտեց, որ Արցախի հարցը որևէ այլ հարցի հետ չպետք է նույնականացնել:


Միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանի գնահատականով` ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրով Հայաստանը ստանձնում է կատարել Սահմանադրության և օրենքների դրույթները, իսկ ԵՄ-ն պարտավորվում է դրա դիմաց վճարել: Ո՞վ է ստիպել ՀՀ իշխանություններին գնալ ԵՄ-ի հետ համագործակցության փաստաթղթի ստորագրման: Ոչ հասարակությունն է ստիպել, ոչ ԵՄ-ն: 2013-ին էլ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու համար GSP+ ից չեն զրկել, ընդլայնել են որոշ ապրանքատեսակներ ու քվոտաներ: «Համաձայնագրում չկան կոշտ ու կոպիտ պարտավորություններ, և Հայաստանը կարող է չստորագրել վաղը, և դրա համար որևէ պատիժ չի լինելու: Մենք պարզապես հետ ենք մնալու գլոբալ պրոցեսներից, կորցնելու ենք ևս մեկ կարևոր հնարավորություն: Ինձ համար ամեն դեպքում կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները նախաստորագրել են մի փաստաթուղթ, որը արժեքային է»,- ասաց նա: Հովհաննես Իգիթյանի կարծիքով` համաձայնագրում ներառված բոլոր ոլորտները փոխկապակցված են, հնարավոր չէ ունենալ առևտուր՝ չունենալով ազատ շուկայական հարաբերություններ, մարդու իրավունքների պաշտպանություն: Կառավարությունը կարող է խոսել 2,5 տոկոս զարգացման մասին, 4 տոկոս տնտեսական աճի, բայց Հայաստանին դա չի օգնի, այն երկրները, որ մեզ համար օրինակելի են, ունեցել են զարգացման օրինաչափ փուլեր: «Մենք ուրախանում ենք, որ Ռուսաստանը թույլ է տալիս, որ մեր քաղաքացիները այնտեղ աշխատեն, այստեղ ընտանիք պահեն, ասում ենք՝ ապրի Պուտինը, որ թույլ է տալիս, որ մեր վարորդական իրավունքով մարդիկ այնտեղ աշխատեն: Բայց աշխարհի երկրներն այդպես չեն հարաբերվում: Տնտեսական հրաշքները լինում են, երբ պետությունը հնարավորություն է ունենում արտահանելու աշխատանքի ուժի արդյունքը՝ ապրանքը: Սերժ Սարգսյանից, Կարեն Կարապետյանից մինչև վերջին նժդեհական ՀՀԿ-ականը պետք է հասկանա, որ ապրանքի արտահանումն է Հայաստանի ապագան, ոչ թե աշխատուժի»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Այսպիսին էին փորձագիտական գնահատականները 2017-ի նոյեմբերի 23-ին Իտալիայի փողոցում գտնվող «Կոնգրես» հյուրանոցում, դրսում արև էր ու ցուրտ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Վերջին խոսքը Ստեփան Գրիգորյանինն էր` բանավոր ու սրտանց: «ԵԱՏՄ-ի պայմանագիրը նորից կարդացի ու նկատեցի, որ գրեթե բոլոր կետերը, որոնց անդրադարձան մեր գործընկերները, չկան ԵԱՏՄ պայմանագրում: Օրինակ` չկա մարդը: Այդ փաստաթղթում կա մի թագավոր, մյուս կողմից էլ՝ մի ուրիշ թագավոր: Սա կատակ չէ, կարդացեք: Թագավոր բառի փոխարեն գրված է նախագահներ: Կամ` ՀՀ-ԵՄ համաձայնագրում գրված է «այլընտրանք», իսկ ԵԱՏՄ պայմանագրում գրված է՝ «պետական մենաշնորհ»: Տարբերությունը գիտե՞ք որն է: Դրանք հենց այնպես բառեր չեն: ԵԱՏՄ-ում «Գազպրոմ» կա և այդ բառի համար դուք երկու անգամ ավելի եք վճարում: ԵՄ համաձայնագրում գրված է, որ նախատեսվում է ստեղծել էներգակիրների այլընտրանք, այսինքն` գազ ներմուծել, օրինակ, ոչ միայն Ռուսաստանից, Իրանից ներկրվող գազը սպառել նաև ֆիզիկական անձանց համար կամ գտնել մեկ այլ տարբերակ: Դուք գիտեք` Իրանի գազը ինչ-որ չափով այլընտրանք է, բայց ֆիզիկական անձանց սպառում թույլ չեն տալիս: Դուք կասեք` ինձ ի՞նչ: Ո՞նց թե` ինձ ինչ: Դուք ու ես երկու անգամ ավելի թանկ ենք վճարում: Այս պայմանագիրը ես գնահատում եմ հենց դրա համար: Ընդհանուր ավիացիոն կետը` 38-րդը: Թռչելով Մոսկվա կամ Եվրոպա՝ 3 անգամ պակաս փող կտաք: Պայմանագրում մի քանի նախադասություն է, որ Հայաստանն ու ԵՄ-ն պետք է միասին աշխատեն ավիացիոն հարցով, և կողմերը զերծ են մնալու մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը սխալ քայլեր անելուց: Ասենք` հիմա կստորագրենք, հետո ռուսական մի ավիաընկերություն կգա, կաշառք կտա ու մենաշնորհը կվերցնի: Ինչի՞ մասին է խոսքը: Թբիլիսիից թռե՞լ եք Եվրոպա: 80 եվրո տալիս եք` գնում ու գալիս եք, առավելագույնը` 120: Երևանի՞ց` 400-500, սեզոնին` 900: Ես չեմ ուզում, որ իմ ժողովուրդը այդ վիճակում լինի: Դրա դեմ պայքարը ո՞րն է: Պայմանագիրը` ստորագրում ես ու հետո իրականացնում ես: Գիտե՞ք` պայմանագրում ինչ է գրված` հասարակությունը անբաժանելի մասն է այդ պայմանագրի, ԵԱՏՄ-ում նման կետ չկա, մի կետ միայն կա, որ կառավարությունն է պայմանագրի անբաժանելի մասը: Զգու՞մ եք տարբերությունը: Մենք ձեզ հետ այդ որոշումների վրա ազդելու իրավունք ունենք: Ասենք վաղը նիստ է` բոլորս առանց բացառության, կարող ենք գնալ, թակել դուռը ու ներս մտնել: ԵԱՏՄ-ի պայմանագրով` ոչ ոք իրավունք չունի ներս մտնել: Դա է սկզբունքային տարբերությունը: Օրինակ` ԵՄ համաձայնագրում գրված է կոռուպցիայի դեմ պայքար, ԵԱՏՄ-ում գրված է՝ կոռուպցիա չկա: Ես մտածում էի՝ կարո՞ղ է` չեմ հասկանում, թե ինչ է գրված, բայց չէ, պարզ գրված է, որ կոռուպցիա չկա, կառավարությունները պետք է աշխատեն, ամեն ինչ լավ կլինի: Մենք ունենք ֆանտաստիկ բարձր մակարդակի փորձագետներ, դա ինձ ոգևորում է, նշանակում է` հասարակությունը ուժեղ է, մտածող մարդիկ կան, և ուրեմն մենք պարտավոր ենք համաձայնագիրը կյանքի կոչել` բոլորիս համար»:
Դե՞մ եք:

Դիտվել է՝ 5241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ