Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հողն է երկիր պահողը, որովհետև հողն ու նրա վրա ապրող մարդն են հայրենիքը»

«Հողն է երկիր պահողը, որովհետև հողն  ու նրա վրա ապրող մարդն են հայրենիքը»
28.11.2017 | 13:49

(Նախորդ մասը)

Զրուցում են մաքսային ծառայության առաջին դասի խորհրդական, կենսաթոշակառու, ուջանցի ՄՈՒՐԱԴ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ և գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Դ.Մ.Ս. - Այս տարի ևս մի առիթ եղավ ՈՒջանում լինելու, բնականաբար, այցելեցի Ֆիդայիների պուրակում հանգչող բժիշկ Հարութի շիրմին: Երբեմն հեռացած ընկերներիս ներկայության անհրաժեշտությունն եմ զգում, զրուցում եմ նրանց հետ, հիշում բաներ, որոնք թվում է, թե հավերժ ջնջվել էին հիշողությունիցս… Օգնում են, որ գոնե մի պահ կտրվեմ մեր իրականությունից, և պատկերացրու, նրանց հետ նյարդերդ թուլանում են, գոնե մի կարճ ժամանակ հանգստություն է իջնում վրադ… Ի դեպ, ՈՒջան էի եկել մասնակցելու մշակութային մի բացառիկ միջոցառման՝ «Ծիրանի ծառ 2017» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնին: Իհարկե, միայն բացման օրը կարողացա ներկա գտնվել, բայց հայկական գյուղում նման միջոցառում կազմակերպելն ինքնին խրախուսելի է բոլոր առումներով:
Մ.Մ.- Ինքնահավանություն չհամարես, եթե ասեմ, որ ուջանցին ինքն իր ներսում մշակույթ կրող է, և սա առիթ էր, որ նրա մեջ ամրապնդվի հակվածությունը դեպի մշակույթը, որովհետև կենսական խնդիրների անլուծելի թնջուկը հաճախ խեղդում է մարդու մեջ այն ամենը, ինչ հոգևոր է, այլ ոչ նյութական: Գյուղը տվյալ ժողովրդի ազգային դիմագիծը, նրա ծեսերը, ավանդույթները, կենցաղը պահպանողն է, նրա բարոյահոգեբանական նկարագրի կրողը: Անկասկած, դեպի ՈՒջան փառատոնն ուղղորդել են մեր համագյուղացի մշակութային գործիչները, և լավ կլիներ, որ մյուս գյուղերի նման հնարավորություններ ունեցող անձինք իրենց ծննդավայրերում նույնպիսի ձեռնարկներ կազմակերպեին, իրար կապեին գյուղն ու մեծ աշխարհը, թե չէ ոմանց թվում է, թե գյուղական համայնքի զարգացումը միայն տնտեսությունն է, բայց դա ամենևին այդպես չէ: Թեև մեր իրականության մեջ բացակայում են թե մեկը, թե մյուսը: ՈՒնեցանք բազմաթիվ հյուրեր, մի քանի օր ապրեցին գյուղում, ծանոթացան մեր կյանքին, համտեսեցին մեր ուտեստները, այցելեցին պատմամշակութային վայրեր, լսեցին մեր երգը, մեզ հետ մեր պարը պարեցին… Հոգևոր բավարարություն պարգևվեց և՛ մեզ, և՛ նրանց:
Դ.Մ.Ս.- Մուրադ, հասկանալի է, որ նման պատվիրակություն ընդունելու համար գյուղը մեծ պատրաստություն էր տեսել, նախապատրաստվել պատշաճ հյուրընկալության, բնականաբար, կոծկել գյուղին պատուհասած թերությունները: Թեև ՈՒջանը մտավորական գյուղ է, ուջանցու մեջ համատեղված են շինականն ու մտավորականը, բայց փաստ է, որ այսօր մեր գյուղերն անմխիթար վիճակում են:
Մ.Մ.- Անկեղծ ասած, անտեղյակ եմ փառատոնի կազմակերպական խնդիրներին, բայց փաստ է, որ հյուրերը հեռացան գոհ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալու ցանկությամբ, գոհ էին նաև մեր գյուղացիները, որովհետև հաղորդակցվեցին արվեստի և մշակույթի հետ, որը հարստացնում և փառավորում է մարդու հոգին: Իսկ կոծկելու խնդիր չեմ տեսնում՝ այն ենք, ինչ կանք: Իրավացի ես, ուջանցու մեջ համադրված են հողի մշակն ու մտավորականը, իսկ այդ երկու եսին սոսնձողը հայրենիքն է, որի տակ կարելի է հասկանալ և՛ կարոտ, և՛ կորուստ, և՛ պայքար, և՛ հպարտություն, և՛ պատվախնդրություն ու արժանապատվություն: Մերոնք երբեք հյուրին չեն նեղացնի, ընդհակառակը, կհարգեն և կպատվեն առավելագույնս: ՈՒջանցիների մեջ մշակութային մեծ կարոտ կար, որը փարատվեց։
Դ.Մ.Ս.- Ես, օրինակ, գյուղ չունեմ, ծնվել և հասակ եմ առել Երևանում, և դա իմ դժբախտությունն եմ համարում: Ինձ անվերջ կանչում են գյուղը, գյուղական միջավայրը, խոսք ու զրույցը, բնությունը: Գյուղում ապրելու կարոտ կա մեջս: Տան մեջ ապրելու, այլ ոչ բնակարանում, հողի վրա քայլելու, այլ ոչ ասֆալտի, ծառ ու ծաղիկ տնկելու և խնամելու: Հեռու լինելու քաղաքային ժխորից ու աղմուկ-աղաղակից, անծանոթ ու անհասկանալի դեմքերից, քաղաքակրթության հարմարավետ կախումներից: Ես և իմ գյուղը, ես և իմ տունը, ես և իմ պարտեզը, ընտանիքը, իմ հաճելի հոգսը: Գյուղում ապրելու երազանքս մի ժամանակ երիտասարդ գեղեցկուհի էր, աստիճանաբար պառավում ու կնճռապատվում է… Ձգտում եմ առիթը բաց չթողնել գյուղեր գնալու և ամեն անգամ համոզում եմ ինքս ինձ հրաժարվել այդ մտքից, որովհետև տեսնում եմ ամայացող գյուղեր, միջնադարյան գործիքներով հողը մշակող և կենցաղ վարող շինականներ, վարկերի տակ կքած, տներն ու հողամասերը վաճառող հուսալքվածներ և այլն, և այլն: Շատ եմ ցավում, որ մարդիկ հեռանում են գյուղից, հոսում դեպի քաղաքներ, արտագաղթում, իհարկե, հասկանում եմ նրանց հատկապես մեր ժամանակներում, մեր իրականության մեջ: ՈՒջանն էլ, թեև երեսուն տարի առաջվանը չէ, բայց կարծես տոկուն է:
Մ.Մ.- Այնքան էլ այդպես չէ: Առաջին տպավորությունդ է: Երբեմնի հարուստ ու կենսախինդ գյուղից հեռացել է հարյուրից ավելի ընտանիք և դեգերում է օտարության մեջ: Թոնրի ծուխն ու լավաշի բուրմունքն էլ, ասես, մելամաղձոտ, գունատ ու դալուկ են դարձել, ասես, նրանք էլ են հոգսաշատ: Գյուղը, որ տկարանա, քաղաքը չի ապրի: Դա երկրի հոգեվարքի ախտանշան է: Հողն է երկիր պահողը, որովհետև հողն ու նրա վրա ապրող մարդն են հայրենիքը: Իսկ առանց հայրենիքի ի՜նչ երկիր ու պետություն: Այսօր գյուղացու տքնանքն անհատույց է, վաստակը՝ հակառակ համեմատական թափած քրտինքին: Խթանման, պետական աջակցության, ճիշտ և արդար սկզբունքների կիրառման դեպքում գյուղացին ինքը կվերածվի համաժողովրդական, համապետական քարշակի ու իր հետևից կտանի ամբողջ ժողովրդին, էլ չեմ ասում, որ շատերը կվերադառնան իրենց հարազատ օջախները: ՈՒջան անվանումը ստուգաբանորեն Վժժան ծագումն ունի: Գյուղի մերձակայքում հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ այն անցյալում Վժժան է կոչվել՝ լեռներից վժժացող առվակի գոյությամբ պայմանավորված: Եվ պատկերացրու խմելու ջրի խնդիր ունենք, որը կարող է լուծվել շատ հեշտ ու արագ՝ ընդամենը երկու ջրավազան մեկ խողովակով իրար կապելու պարզ գործողությամբ: Սուեզի ջրանցք չեն կառուցելու, ոչ էլ Շիրկանալ… Երևակայել անգամ դժվար է, որ Արագածի ստորոտում գտնվող հսկա գյուղը 21-րդ դարում հայտնվել է կենսական անհրաժեշտություն ունեցող նման անլուծելի հիմնախնդրի առջև: Ջրի բացակայության պատճառով բազմաթիվ ածանցյալ հարցեր են ծագում՝ հիգիենիկ պայմանների տագնապից մինչև տարատեսակ հիվանդություններ: Գյուղացուն տրվել է հող և թողնվել, որ մերկ ձեռքերով միայնակ մնա նրան դեմ հանդիման: Բարձիթողի, անօգնական… Իշխանական մակարդակներում մատը մատին չտալու պատճառով հարուստ գյուղացին վերածվել է չքավորի, խրվել պարտքերի ճահիճը: Նույն իշխանավորը գյուղացուն հիշում է հարկերի, զանազան վճարումների ժամանակ, ավելի խորացնելով նրա թշվառ վիճակը: Արդյունքը լինում է այն, ինչ ունենք. խոր հիասթափություն, երբ նույնիսկ ազատամարտիկը, որը պատրաստ էր կյանքը չխնայելու հայրենիքի համար, հավաքում է ընտանիքն ու հեռանում իր պաշտելի նույն հայրենիքից:
Դ.Մ.Ս.- Համաձայն եմ, Մուրադ, ինքս ավելի արտառոց փաստեր կարող եմ նշել, կուտակվել են տարաբնույթ հիմնախնդիրներ, որոնք մի ստվարածավալ փաթեթ կկազմեն, բայց անելանելի վիճակներ չկան, այս պարագայում ո՞րն է փրկության ելքը: Անկեղծ ասած, ինձ շատ զարմացրեց մայրուղու վրա գյուղի ամբողջ երկարությամբ ձգվող խորովածանոցների շարքը: Այսինքն, գյուղացին ապրուստի այլ միջոցներից է կառչել, որոնք ավելի շահավետ են, քան հողը, այգին, անասնապահությունը:
Մ.Մ. -Արդեն ասացի, որ ամեն գյուղ իր հիմնախնդիրներն ունի, գոյություն ունեն բոլոր գյուղերին բնորոշ առանձնահատկություններ և օրինաչափություններ: Չզարմանաս, նաև իր բնավորությունը, հոգեբանությունն ու մտածողությունը: Հետևաբար անհրաժեշտ է մշակել ընդհանուր և մասնավոր մոտեցումներ… Վերջապես գյուղացին այս համատարած գյուղակործանման ոչ դիրիժորն է, ոչ հեղինակը, ոչ, առավել ևս, առաջին ջութակը: Բայց միակ զոհը նա է: Այս իրավիճակը պարզապես նրա գլխին պայթեց ավերիչ կարկտահարության նման: Հետևաբար, առանց պետության խելամիտ և կտրուկ միջամտության, վերականգնողական ռեֆորմների, արտոնությունների, նույնիսկ վարկային պարտավորությունների գոնե մասնակի չեզոքացման և այլ անհրաժեշտ գործողությունների գյուղը շարունակելու է խրվել թթվածնազուրկ, անօդ տարածքի մեջ։
Դ.Մ.Ս.- Լավ: Ասենք, որ մենք աշխատասեր, քարից հաց քամող ժողովուրդ ենք և հաշտվել կամ համակերպվել ենք ստեղծված իրավիճակին: Ինչպես հայտնի քաղաքական գործիչն էր սիրում կրկնել, ըմբռնումով ենք մոտենում շուրջ երեք տասնամյակ ձգվող անցումային շրջանին՝ իր բոլոր անհեթեթություններով, և լուռ, գլխահակ, երբեմն հասցեական և անհասցե հայհոյելով մարդը հեռանում է երկրից: Տնտեսական բարեփոխումներին զուգահեռ չմոռանանք հոգևոր-մշակութային խնդիրները: Որ գյուղացուն պարտավոր են ապահովել տեղեկատվական նույնպիսի հնարավորություններով, ինչ քաղաքաբնակ նրա հասակակիցներն ունեն: Շատ կուզեի, որ կարգի բերվեր ՈՒջանի ազգային-ազատագրական պայքարի պուրակը, գործեր թանգարան, գյուղը, որպես հայկական գյուղի խորհրդանիշ հրապուրեր զբոսաշրջիկներին: Մի խոսքով, ակտիվանար և ի ցույց դրվեր այն մշակութային հարստությունը, որ պարփակված է ազգային գյուղի ներաշխարհում:
Մ.Մ.- Մենք այնքան էլ համակերպվող չենք, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, սակայն նաև նախահարձակ չլինելու, սուր չճոճելու, իրավիճակ չսրելու խոհեմություն ունենք, որը պետք է ճիշտ ընկալվի և չչարաշահվեն համբերատարությունն ու հավասարակշիռ մոտեցումները: Բերեմ օրինակ. ուջանցի երիտասարդների մի խումբ մասնակցում էր 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ցույցին: Կանխազգալով իրադարձությունների հանգուցալուծման ողբերգականությունը, ինձ մեծ դժվարությամբ հաջողվեց գյուղ վերադարձնել մի մասին: Ճանապարհին նրանցից մեկն ինձ հանդիմանեց, թե ինչու եմ հեռացնում իրենց ժողովրդական ըմբոստության և անհնազանդության վայրից, որ դա վայել չէ իրենց, թե առանց Բաստիլի անհնար է ազատություն նվաճելը: Առայսօր տպավորված եմ այդ երիտասարդի խոսքից: Ես վերստին համոզվեցի, որ նրա վրդովմունքի ենթատեքստում ազատության, ըմբոստության ոգին էր, որն ուջանցու բնորոշ հատկանիշներից է: Սա նրա տեսակի աշխարհայացքային դրսևորման օրինակ է. Ֆրանսիական հեղափոխության ընկալման հայկական ընթերցումը՝ հայամետ, պետությանն ու հայրենիքին նվիրումի, երկրի շենացման իր տեսլականով և համարձակ մոտեցումներով:
Դ.Մ.Ս.- Ըմբոստությունն ու ազատատենչությունը բնությամբ են ներդրված մարդ արարածի մեջ: Եթե նրա, առավել ևս, հասարակության գիտակցության մեջ մարած ու հանգած են դրանք, խաչ քաշիր առաջընթացի և զարգացման, դեպի կատարելություն ձգտման վրա: Հակառակ դեպքում անկենդան և անշունչ, անտարբեր իրականությունը շատ արագ ճահճանալու և նեխելու է:
Մ.Մ.- Իսկ դու գիտե՞ս, որ հենց այդ բնավորության համար ուջանցին որոշ շրջանակներում ընկալվում է որպես հատուկ անուն, թեև, անկեղծ ասած, այսօր բացառիկ են այդ իմաստն ու արժանիքները կրողները։
Դ.Մ.Ս.- Լավ, Մուրադ, թեև հաճելի է քեզ հետ զրուցելը, բայց եղանակը ցրտեց: Հուսանք, որ հաջորդ այցելությանս դրական տեղաշարժերի ականատես կլինեմ, և եղանակը տաք կլինի:
Մ.Մ.- Տուն մտնենք, կամ սպասիր տաք բաճկոն, բուշլատ բերեմ, գցիր ուսերիդ:
Դ.Դ.- Չէ, Մուրադ, շնորհակալություն, արդեն կեսգիշեր է, մեր զրույցը կարող է անվերջ տևել: Գնամ, դու էլ հանգստացիր, առավոտյան բերք ունես հավաքելու:


Մինչ նոր հանդիպում՝ լավատեսական տրամադրությամբ:

Դիտվել է՝ 4730

Մեկնաբանություններ