Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Տեղը սահմանափակ է, չենք կարող բոլոր գրքերը միշտ լավ ցուցադրել»

«Տեղը սահմանափակ է, չենք կարող բոլոր գրքերը միշտ լավ ցուցադրել»
28.11.2017 | 14:02

«Բուկինիստ» ընկերության փոխտնօրեն ԼՈՐԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ զրուցել ենք գրախանութներում անցկացվող գրական միջոցառումների, գրող-ընթերցող կապի, գրավաճառ ցանցի խնդիրների ու ձեռքբերումների մասին:

-Գրախանութներն ընտանեկան ժամանցի կենտրոն դարձնելու անհրաժեշտության մասին Արմեն Ամիրյանը խոսել էր իր պաշտոնավարման հենց սկզբում: Գրախանութները, առհասարակ, նման գործառույթ ստանձնե՞լ են՝ իբրև գրասերների հավաքատեղի, գրողի հետ հանդիպման վայր և, ի վերջո, ինտելեկտուալ, ընտանեկան ժամանցի կենտրոն:
-Կոնկրետ մեր գրախանութի ներսում և գրախանութից դուրս՝ հարակից տարածքներում պարբերաբար գրքերի շնորհանդեսներ և այլ միջոցառումներ են լինում: Օրինակ, ամեն շաբաթ օր ունենք «Հեքիաթի ժամ» երեխաների համար: «Բյուրոկրատ» գրախանութը ժամանցի հիանալի կենտրոն է: Վերջին հաշվով, գրախանութները մասնավոր տնտեսավարող սուբյեկտներ են, և ամեն ինչ որոշում է շուկան: Ընտանեկան ժամանցի միջավայր ստեղծելու համար, երևի, պետք են տարածքով ավելի մեծ, ավելի հարմար գրախանութներ: Գիտեմ, որ նախարարությունը ինչ-ինչ նախագծեր է իրականացնում, գրատնակներ են բացվում ամեն փողոցում` այդ փողոցի անունը կրող գրողի անունով: Առաջին գրատնակը բացվել է Իսահակյան-Տերյան խաչմերուկում: Գրախանութների համար տարածքներ են տրամադրվելու նաև թատերահամերգային կազմակերպություններում: Գրախանութ է բացվելու Ստանիսլավսկու անվան թատրոնում: Մյուս ծրագրերից տեղյակ չեմ, գիտեմ, որ շատ են լինելու գրախանութները:
-Ո՞րն է գրախանութներում անցկացվող միջոցառումների հիմնական միտումը:
-Գրքի տարածումը: Միջոցառումով հետաքրքրվողները ուղղորդվում են դեպի գրախանութ:
-Ասում են` գրախանութները գոյատևում են գրենական պիտույքների վաճառքի հաշվին:
-Ճիշտ չեն ասում: Տարբեր ձևաչափով աշխատող գրախանութներ կան Հայաստանում: Ես մեր գրախանութի մասին կարող եմ ասել. մենք կայացել ենք գրքի վաճառքի հաշվին: Գրենական պիտույքներով սկսել ենք զբաղվել վերջին երկու տարում, զուտ նրա համար, որ պահանջարկ կա, մարդիկ սովոր են, որ գրախանութում նաև գրենական պիտույք պետք է լինի: Բայց հիմնական շեշտը գրքի վրա է:
-Գրավաճառ ցանցի ընդլայնումը, մեծ ու փոքր գրախանութների մրցակցությունն ի՞նչ կփոխեն գրքի շուկայում:
-Մրցակցությունն օգնում է սթափ լինել, հնարավորինս վերացնել թերությունները, չլճանալ: Նաև բացառվում է գրքի թանկացումը: Ե՛վ բիզնեսն է շահում, և՛ հանրությունը: Երբ շուկայում մեկ խաղացող է, ինչ ուզում անում է:
-Ի՞նչ դեր ունի գրախանութը գրքի գովազդի հարցում:
-Մենք ունենք գովազդի բաժին, պարբերաբար սոցցանցերով, զեղչերի ակցիաներով, շնորհանդեսներով և այլ միջոցներով փորձում ենք գովազդել նոր ստացած գրքերը:
-Հայ ժամանակակից գրողները հաճախ են դժգոհում, որ իրենց գրքերը աչքից հեռու անկյուններում են դրվում, առավել տեսանելի հատվածներում դրվում են պահանջարկ վայելո՞ղ գրքերը:
-Բոլոր ժամանակների գրողներն այդ բողոքը ունեցել են, թե իբր իրենց գրքերը լավ չեն ցուցադրվում: Իրականում տեղը սահմանափակ է, չենք կարող բոլոր գրքերը միշտ լավ ցուցադրել: Մեր սկզբունքը հետևյալն է. նոր ստացված գրքերը ցուցադրվում են նորությունների բաժնում, հետո, ինչ-որ ժամանակ անց, ցուցադրվում են իրենց բաժիններում, ինչպես մնացած գրքերը: Լավ ու վատ տեղ չկա:
-Ժամանակակից գրողներին պետաջակցությունից զրկելու վիճահարույց փոփոխության թիվ մեկ պատճառը պահանջարկի պակասն է: Իսկապե՞ս մեր ժամանակակիցները չեն հետաքրքրում ընթերցողին:
-Նայած ժամանակակից: Կան ժամանակակից գրողներ, որոնց գրքերը ամենավաճառված գրքերի առաջին տասնյակում են:
-Կարո՞ղ եք անուններ նշել:
-Էդգար Կոստանդյան, Էդգար Հարությունյան, Մարկ Արեն, Գուրգեն Խանջյան:
-Ո՞ր ժանրի գրականությունն է առավել պահանջված:
-Մանկական, գեղարվեստական:
-Կա՞ն գրքեր, ժանրեր, որոնց պակասը նկատելի է շուկայում:
-Կարող եմ ասել, որ ոչ մի ժանրի պակաս էլ չկա: Մարդկանց ճաշակը տարբեր է: Իհարկե, գոյություն ունեցող ամբողջ գրականությունը ոչ ոք էլ չունի, նույնիսկ «Ամազոնը»: Ինչ-որ գրքի պակաս կարող է լինել ցանկացած գրավաճառ կազմակերպությունում: Մենք փորձում ենք ճկուն լինել, հայաստանյան գրաշուկայի ամենամեծ տեսականին հաստատ ապահովել ենք, ինչ-էլ որ չունենք դարակներում դրված, փորձում ենք պատվերներով ապահովել:
-Վիճակագրությունն ի՞նչ է ցույց տալիս՝ գրքի վաճառքը աճե՞լ է, թե՞ նվազել:
-Վերջին հինգ տարում գրքի վաճառքը երկու անգամ աճել է:
-Գրքանունների՞ հաշվին:
-Նաև: Հատկապես ավելացել է հայալեզու գրականության վաճառքը, որովհետև առաջարկը մեծացել է: Եթե 10-15 տարի առաջ հայալեզու գրքերն ընդհանուրի մեջ 20-30 տոկոս էին, հիմա 50-ից ավելի են:
-Ի՞նչ խնդիր ունի գրախանութն այսօր կամ ինչի՞ պակաս:
-Լավ մասնագետների պակաս կա: Մեր ուսումնական հաստատություններում այսօր չեն պատրաստում բիզնես կադրեր:
-Գրքի բիզնեսի՞ մասին է խոսքը:
-Ցանկացած: Գրքի բիզնեսն ընդամենը ապրանքով է տարբերվում մնացած բիզնեսներից, մնացած առումներով կանոնները մեծ մասամբ նույնն են: Գրավաճառությունն ունի նաև այն առանձնահատկությունը, որ ամեն գիրք մի առանձին ապրանք է, գրքերի իմացությունը, կարդացած լինելը շատ կարևոր են կադրերի ընտրության հարցում:
-Առաջիկա ծրագրերի մասին ի՞նչ կասեք:
-Նոյեմբերի 28-ին Բիզնեսի աջակցման կենտրոնի ղեկավար Սամվել Գևորգյանի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսն է լինելու: Գիրքը նախորդ հրատարակություններ է ունեցել, ձևաչափը փոխվել է, համալրվել:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ