Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կարող են գոնե ընկած քարը վերցնել-դնել պատի մեջ»

«Կարող են գոնե ընկած քարը վերցնել-դնել պատի մեջ»
28.11.2017 | 14:07

Հայտնի է դարձել Վերին Նորավանքի տեղադրման վայրը, որը մինչ այժմ հստակեցված չէր: Գիտական այս վարկածը առաջ է քաշում «Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» գրքի հեղինակ, անկախ հետազոտող ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Ըստ նրա՝ Վերին Նորավանքը այժմյան Շատիվանքն է։ Քննելով աղբյուրագիտական նյութերը՝ Տիգրան Մկրտչյանը բազմաթիվ ընդհանրություններ է նկատել Վերին Նորավանքի և Շատիվանքի միջև, որոնց գլխավոր եկեղեցիները նույն անունն ունեն՝ Սուրբ Սիոն:


Վերին Նորավանքը գտնվում է Վայոց ձորի Շատին գյուղից մոտ 4 կմ արևելք, Եղեգիսի ձախ ափին բարձրացող լեռան լանջին, գագաթից քիչ ցածր: Հայտնի է որպես Շատիկի վանք կամ Շատիվանք:
Պատմությունը վկայակոչելով` Տիգրան Մկրտչյանը նշում է, որ միջնադարյան Հայաստանում, Գլաձորից բացի, ունեցել ենք ևս մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը գտնվել է Վայոց ձորում` Վերին Նորավանքում, հիմնվել է Գլաձորի համալսարանից ութ տարի հետո, գործել է մոտ 250 տարի: Այստեղ գրվել են բազմաթիվ մատյաններ, որոնցից մեկ տասնյակը հասել է մեզ: Օրբելյան իշխաններին պատկանող Վերին Նորավանքում բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրն ու րաբունապետը եղել է Գլաձորի հիմնադիրներից մեկը` Ներսես Մշեցու ավագ աշակերտներից Դավիթ վարդապետը: Վերին Նորավանքը ժամանակակիցներն անվանել են Երկրորդ Աթենք, շնորհիվ միջին դարերում այստեղ գործած բարձր տիպի դպրոցի, որ հռչակվել է որպես համալսարան։ Նորավանքը հիշատակվում է բազմաթիվ ձեռագրերում, սակայն որքան էլ տարօրինակ է, պատմական այդ հուշարձանի տեղը համարվում է անհայտ: Անկախ հետազոտողի պրպտումները ցույց են տվել, որ ամենևին էլ կորած չէ, պարզապես 17-րդ դարում վանքը վերանորոգվել է և վերանվանվել Շատիկ վանք կամ Շատիկի անապատ: Ինչու՞ Շատիվանք: Այս հարցի պատասխանը նույնպես գտել են. 15-րդ դարի 70-ականներին Վերին Նորավանքում ապրել է Շատիկ անունով հայտնի մի ճգնակյաց, սրբացված վանահայր, որի անունով էլ, ամենայն հավանականությամբ, ժողովուրդը Վերին Նորավանքն անվանել է Շատիկի անապատ: Հետագա վերակառուցումից հետո միաբաններն այս վանքին տվել են տեղաբնակների հիշողության մեջ մնացած ժողովրդախոսակցական անունը` Շատիկի վանք:


Գրքի հեղինակը շրջանառության մեջ է դրել նախկինում չհրապարակված մի վիմագիր արձանագրություն, որտեղ կա այս վանքի հին անունը՝ Նորավանք: Այն գտնվում է Շատիվանքի հարավային պատին:
Նույն գրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի արվեստի պատմության բաժնի վարիչ ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ անհայտ հուշարձանի առնչությամբ ներկայացված փաստերը համարում է հիմնավոր, նշում, որ սովորական երևույթ է, երբ որևէ վանք կոչում են նշանավոր վարդապետի անունով. «Ինձ համար, որպես պատմաբանի, ամենախոսուն փաստերից մեկն այն է, որ Շատիկի վանքի Սուրբ Սիոն եկեղեցու պատերի մեջ օգտագործած հին եկեղեցու արձանագիր քարերի վրա նշված են գյուղերի անուններ, որոնք հիշատակարաններից հայտնի են որպես Վերին Նորավանքին տրված և նրա սեփականությունը համարվող բնակավայրեր ու տարածքներ: Սա շատ խոսուն փաստ է: Տիգրանը հետաքրքիր հետազոտող է, շատ կարևոր է , որ առաջին հերթին ուշադրություն է դարձնում սկզբնաղբյուրներին, թե ինչ վիմագրեր, հիշատակարաններ, ինչ առաջնային աղբյուրներ կան, նաև պրակտիկ հետազոտող է, գնում է, տեղում տեսնում, բարձրանում սարերը, լուսանկարում: «Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» գիրքը հրատարակել է այդ պրպտումների արդյունքում»:


Գիտական բացահայտումով չի ավարտվում անդրադարձը պատմական հուշարձանին: Տիգրան Մկրտչյանն ահազանգում է՝ բացառիկ պատմություն ունեցող վանքը ողբալի վիճակում է. տանիքի քարերը թափվել են, ջուրը տանիքից լցվում է շենքի մեջ: Ցույց է տալիս 2015-ին արված լուսանկարը, աշտարակի ճաքերը և ցավով հավելում, որ հիմա արդեն չունենք այդ աշտարակը. «Շատիկի եկեղեցին շուտով կկորցնենք, եթե միասին չպայքարենք: Մեր հուշարձանները պահպանող մարմինները միայն արձանագրում են, թե հերթական կորուստն ունեցանք»:


«Ամեն քար, որ ընկնում է ներքև, այլևս չի բարձրացվում, ժամանակն է այդ քարերը հավաքելու»,- հավելում է Կարեն Մաթևոսյանը։ «Ստեղծված վիճակի պատճառը գուցե այն է, որ մեծ թիվ են կազմում առաջնահերթ հոգածության կարիք ունեցող հուշարձաննե՞րը»,- հարցնում եմ։ «Այո, շատ են, նաև դա է պատճառը: Ես մեկ-մեկ պատկերավոր կերպով ասում եմ՝ ինչպես որ ամեն մարդ պարտականություն ունի իր ծնողների նկատմամբ, այդպես էլ մեր ժողովուրդը պարտականություն, պատասխանատվություն ունի մեր մշակութային ժառանգության նկատմամբ: Պարզապես, հիմա մեր ժողովրդի թիվը փոքրացել է, մշակութային ժառանգությունը ահռելի է, դժվար է բոլորին տեր կանգնել»: Կարեն Մաթևոսյանին զարմացնում է տեղական մարմինների անտարբերությունը. «Իրենք այնտեղ ապրում են, իրենց աչքի առաջ քանդվում է հուշարձանը, բայց պետքներն էլ չէ: Թողել են պետական հոգածության հույսին: Մեր ցավն այն է, որ դպրոցից սկսած չենք կարողանում մարդկանց դաստիարակել, որպեսզի մշակութային ժառանգության հանդեպ հոգատար լինեն: Գյուղը դպրոց ունի, ուսուցիչներ, մտավորականներ, կարող են գոնե տարրական բաներ անել, ընկած քարը վերցնել-դնել պատի մեջ: Կամ եթե չեն նորոգում, գոնե իրենց հերթին չփչացնեն»:


Զբոսաշրջության տեսանկյունից նույնպես կարող է գրավել վանքը: Ավելին, բանախոսի կարծիքով, Վերին Նորավանքը կարող է վերականգնվել ու դառնալ զբոսաշրջության կենտրոններից մեկը: «Վայոց ձորում է գտնվում նաև Հերմոնի վանքը, հայտնի է, որ Գլաձորի համալսարանն այնտեղ է տեղափոխվել: Բայց Հերմոնի վանքը, երևի, ավելի վատ վիճակում է»,- ասում է նա: Ինչ վերաբերում է մասնավորի ուշադրությունը գրավելուն, կարծում է, որ մասնավորի հետաքրքրության շրջանակում չէ հուշարձան վերականգնելը. հուշարձանը պահպանելով, նորոգելով բիզնես անել չես կարող: Մնում է բարեգործությանն ապավինելը: Ըստ այդմ էլ, ստեղծված իրավիճակից ելնելով, Տիգրան Մկրտչյանը նախաձեռնել է «Վերին Նորավանք» հիմնադրամի ստեղծումը, որի նպատակը շատ կոնկրետ է՝ վանքի բարեկարգում ու ամրացում։ «Եթե լինեն արձագանքողներ, մեծ գումարներն այսօր պարտադիր չեն, փոքր-փոքր քայլերով գուցե հնարավոր լինի մի բան անել»,- ասում է Կարեն Մաթևոսյանը:- Պատմություն ունի այդ վանքը, ձեռագրեր կան գրված, սակայն վատ վիճակում է այսօր, պիտի փորձենք կարգի բերել»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Նկ․ 1 ․․․որպես վանքի տեղ՝ այն իրենից ներկայացնում էր չափազանց ապահով ու անվտանգ մի վայր
  • Նկ․ 2 Տեղում X դարին վերաբերող միայն մեկ որմնախաչ է պահպանվել, որն ագուցված է Սուրբ Սիոնի արևմտյան պատի կենտրոնում, լուսամուտի տակ
  • Նկ․ 5 ․․․նորակառույց եկեղեցին ստանում է իր իսկական անունը՝ Սուրբ Սիոն, սակայն վանքը կոչում են Շատիկի կամ Շատիկ անապատ, երբեմն կարճ՝ Շատի վանք
  • Նկ․ 9 Հատված որմնապատկերից
Դիտվել է՝ 4631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ