ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«ԵՄ համաձայնագիրը ոչինչ չի տա, եթե մենք չաշխատենք»

«ԵՄ համաձայնագիրը ոչինչ չի տա, եթե մենք չաշխատենք»
01.12.2017 | 09:54

ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստը բավական ընդգրկուն է, գուցե այդ պատճառով այն ուսումնասիրողների թիվը փոքր է: Իսկ փաստաթղթի մանրամասներին քաջատեղյակ գործիչներից ոմանք պնդում են, որ սա ավելի շատ քաղաքական, քան տնտեսական փաստաթուղթ է: Սակայն տնտեսական մասում կան ուշագրավ հատվածներ, որոնք կարող են Հայաստանի տնտեսությանն օգուտ բերել: Տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ համաձայնագրի տնտեսական պահանջները հանգամանորեն ուսումնասիրել և համոզվել է, որ յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է հօգուտ պետության ծառայել, եթե իշխանությունները կատարում են իրենց ստանձնած հանձնառությունները: Տնտեսագետի հետ «Իրատեսը» զրուցեց ԵՄ շրջանակային համաձայնագրի տնտեսական հատվածի մասին:

-Հայաստանի տնտեսությունն ի՞նչ է շահելու այս համաձայնագրով:
-Ինձ համար անընդունելի է այն ձևակերպումը, թե ինչ կտա մեզ այս համաձայնագիրը: Ոչինչ չի տալու: Եթե աշխատենք, դա մեզ ինչ-որ բան կտա: Սա ընդամենը հնարավորություն է: ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի հետ կապված էլ միշտ հնչում է այդ հարցը, թե այդ միությունների հետ համագործակցությունը ինչ կտա: Ոչինչ, եթե տրված հնարավորությունները չօգտագործենք, պետք չէ տարվել այն մոլուցքով, թե մեզ վաղը ևեթ չգիտեմ ինչեր են տալու: Այն հնարավորությունները, որոնք ունեն ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրները` Մոլդովա, ՈՒկրաինա, Վրաստան, վնասից բացի, ոչ մի օգուտ չեն ստացել: Կամ վնասն ավելի շատ է, քան թվացյալ օգուտը:
-Խնդիրը ո՞րն է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունից այդ երկրները օգուտ չեն ունեցել:
-ԵՄ-ն տալիս է քաղաքակիրթ աշխատանքի, համագործակցության հնարավորություններ ավելի բարձր մակարդակի հասցնելու երկրում տնտեսական մրցունակությունը, ժողովրդավարությունը: Բայց այդ ամենին հասնելու համար պետք է աշխատել: Որպես տնտեսագետ, նշեմ, որ համաձայնագրի տնտեսական հատվածն ամրագրում է այն առավելությունները, որոնք մենք արդեն ունենք, այսինքն` տարբեր, այդ թվում` ԵԱՏՄ երկրների հետ բազմակողմ կապեր, հարաբերություններ, և տալիս է նոր արտոնություններ, բացի GSP+ համակարգից: Ասել է` ընդլայնված և համապարփակ համագործակցության մեջ ընդգրկված երկրի հնարավորություն: Համեմատության համար նշեմ, որ Թուրքիան 1996-ից ունի այդ հնարավորությունը, ինչի շնորհիվ ողջ ԵՄ շուկան գրավել է իր ապրանքներով և ծառայություններով: Եթե մենք չենք կարող այդ հնարավորությունը ճիշտ օգտագործել, բնականաբար, ոչ այս փաստաթուղթը, ոչ էլ դրան հաջորդող ասոցացման համաձայնագիրը ոչինչ չեն տալու: Ինչու՞: Դրա լավագույն հիմնավորումներն ու օրինակները ԵՄ այն երկրներն են (Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա), որտեղ այսօր բազմաթիվ խնդիրներ կան: Ռումինիայում այս օրերին բողոքի ցույցեր են, անհանգիստ վիճակ է, Բուլղարիան թաթախված է կոռուպցիայի մեջ, բալթյան երկրներում` Լատվիայում, Լիտվայում, սարսափելի չափերի է հասել արտագաղթը, բնական աճը ընկել է, տեղական արտադրանքը անկում է ապրում: Ահա այս երկրները սպասում էին, թե ինչ կտար այդ համագործակցությունը, ձեռքները ծալած սպասում էին: Մեզ ինչ-որ բան կտա լուրջ, համակարգված աշխատանքը: Մենք չունենք ազգային օրակարգ, եթե կա, թող մեկն ինձ դա ցույց տա: Երկիրը կարող է լավագույնս օգտագործել և երկկողմ կապերը, և բազմակողմ հարաբերությունները, եթե նման օրակարգ ունենա:
-Ազգային օրակարգն ի՞նչ է ենթադրում:
-Այսինքն, երկիրն ինչ պետք է անի:
-Այն, ինչ այսօրվա իշխանությունն է իրականացնում, ազգային օրակարգ չէ՞:
-Կրկնում եմ, եթե կա այդպիսի օրակարգ, թող ինձ ցույց տան: Ես նման օրակարգի ծանոթ չեմ: Կան տարբեր ծրագրեր, որոնք ոչ միայն իրար հետ համաձայնեցված չեն, այլև իրար հակասում են: Օրինակ, բյուջեն չի բխում այն ռազմավարությունից, որը կառավարությունը ընդունել է մինչև 2025 թվականի համար: Կան նաև այլ ծրագրեր, որոնք ևս համաձայնեցված չեն, իմա` չկա հստակ օրակարգ, որով պետք է առաջ շարժվել:
-Հայաստանի տնտեսության ախտերին հանրությունը լավ ծանոթ է` մենաշնորհից մինչև կոռուպցիա: ԵՄ այս համաձայնագրում այս առնչությամբ պահանջներ կան, հնարավո՞ր է, որ նման երևույթները գոնե նվազեն:
-Նույնը պետք է ասեմ` չեն նվազի կամ կնվազեն, նայած, թե մենք մեզ ինչպես ենք դրսևորելու: Նման բազմաթիվ համաձայնագրեր ունենք, ոչ մեկը ոչ մի բեկում չի մտցրել: Տեղյա՞կ եք, որ միայն Իրաքի հետ կնքած տնտեսական համագործակցության համաձայնագիրը լրիվ բավարար է, որ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ ունենա: Բա ինչո՞վ է զբաղվում կառավարությունը: Անսահման քանակությամբ վերամշակված հայկական միրգ, բանջարեղեն կարող ենք արտահանել, բայց դա անու՞մ ենք: Դրա համար անընդունելի է, թե որևէ միություն որևէ երկրին ինչ-որ բան տալու է:
-ՈՒրեմն ինչո՞վ է պայմանավորված այն ոգևորությունը, որ այսօր քաղաքական դաշտում կա, եթե ամեն ինչ կախված է մեզնից, ԵՄ-ի համաձայնագիրն ի՞նչ կապ ունի:
-Չգիտեմ` որն է այդ ոգևորության պատճառը, դա պետք է հարցնել իշխանություններին: Գործ չի արվում: Ամոթ է երեք տոկոս տնտեսական աճ ունենալը: Մենք այսօր երկնիշ թվով տնտեսական աճի հնարավորություն ունենք: Մենք չենք աշխատեցնում պարապուրդի մատնված այն հսկայական մարդկային զանգվածը, որն ունի հարուստ կենսափորձ և գիտելիքներ: Չենք կարողանում աշխատեցնել կառավարությանը, այնտեղ (բացառությամբ մի քանի արժանի կադրերի), ով ասես նստած է, դրա համար մենք մեզ համար արհեստական արգելքներ ենք ստեղծում և հանդուրժում ենք նմաններին, ովքեր բարոյապես էլ իրավունք չունեն այնտեղ լինելու, որովհետև ոչ կենսափորձ, ոչ էլ մասնագիտական որակներ ունեն: Մենք ծայրահեղ ձևերով ենք առաջ գնում, գովում ենք կամ հրաժարական պահանջում, միջինը չկա, այսինքն` աշխատեցնել կառավարությանը:
-Մենք շատ արագ ենք կառավարություն և վարչապետներ փոխում, սակայն այդպես էլ հին ու նոր խնդիրներից չենք ձերբազատվում: Տնտեսական վատ վիճակը, այսուհանդերձ, ինչո՞վ է պայմանավորված` անձերո՞վ, թե՞ համակարգով:
-Պայմանավորված է անձերով: Եթե ես լինեմ որևէ ոլորտի ղեկավար ու բերեմ անշնորհք, անխոհեմ, անպատասխանատու մարդկանց, որոնք մասնագիտական պոտենցիալ չունեն, ոչինչ էլ չի ստացվի: Որքան էլ հաճախակի փոփոխություններ լինեն, միևնույն է, խնդիրներն անձերով են պայմանավորված: Մեր երկրում չկա հավաքական պատասխանատվություն: Եթե որևէ մեկը ձախողում է, նրա ղեկավարը ևս պետք է պատասխանատվություն կրի: Պատժի ինստիտուտը չի գործում:
-Ենթադրենք` համապատասխան կադրերը կան կառավարությունում, վարչապետն էլ խիստ պրոֆեսիոնալ է, որտեղի՞ց պետք է սկսել տնտեսության առողջացումը:
-Կառավարությանն արդեն այդ առաջարկն արել եմ, ՀՀ-ում պետք է իրականացնել ախտորոշում` դիագնոստիկա, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրների հետ գործ ունենք: Դրա իրագործմամբ բացահայտվելու են մեր խոցելի կողմերը, մյուս կողմից էլ` մեր առավելությունները: Պետք է չմոռանալ, որ մենք միայն Հայաստանի շրջանակներում չենք գործում, այլ ողջ հայության:
-Պարոն Մանասերյան, կառավարությունը չգիտի՞, թե մեր ախտերը որոնք են, թե՞ իրականում դրանցից ազատվելու ցանկություն չկա:
-Կարծում եմ` չգիտեն, քանի որ դա քաղաքական խնդիր է, որին անդրադառնալ չեն ցանկանում:
-Այդուհանդերձ, Դուք եթե սկսեիք տնտեսությունը ոտքի կանգնեցնել, ո՞ր քայլն առաջինը կանեիք:
-Կսկսեի մեր առավելությունից, որը մեր մտավոր կարողությունն է: Որ ոլորտում կա դրա պակասը և ընդհանրապես որ ոլորտն ինչի կարիքն ունի, ինչը չի հերիքում, որպեսզի մեր առավելությունները հասցնենք ամենաբարձր հարթակներ, միջազգային շուկա: Չբավարարող գործոնները միշտ լուծելի են, մեր ուսումնասիրությունները սա են ցույց տալիս: Բայց ամենից առաջ պետք է ճանաչել մեր երկիրը, մարդկային ռեսուրսից սկսած իմանալ, թե ինչ ունենք: Հայաստանում քանի ֆիզիկոս, քիմիկոս, մաթեմատիկոս, բժիշկ, տնտեսագետ և այլ մասնագետներ կան: Այս տվյալները չունենք ու զարմանում ենք, թե անկախության տարիների այս տասնչորս կառավարություններն ինչպես են երկիր ղեկավարել` առանց իմանալու, թե ծրագրի իրականացնողներն ովքեր են: Առանց մարդկային այդ ռեսուրսը ճանաչելու, չենք կարող առաջ գնալ: Երկրորդ կարևոր հանգամանքը. որքան հանքահումքային ռեսուրսներ ունենք, որովհետև նրանք, ովքեր դրսից գալիս ու մեր հանքերն են շահագործում, մեզ մի թիվ են ցույց տալիս, բայց իրականում լրիվ այլ թիվ է: Տեղական բարձր որակի մասնագետներ չունենք: Պետք է իմանալ արտադրական, արդյունաբերական ինչ ռեսուրսներ ունենք, որպեսզի ծրագրերն առաջ տանենք: Եվ վերջում պետք է հաշվի առնել մեր ֆինանսական ռեսուրսները, որոնք կսնուցեն այդ ծրագրերը:
-Երբ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց, հայտարարեց, որ երկրում պետք է գույքագրում իրականացվի, այսինքն` այն, ինչը Դուք նշեցիք: Նրա կատարածը Ձեզ չի՞ գոհացնում:
-Չի արվել: Ես եմ այդ առաջարկն արել նրան և՛ բանավոր, և՛ գրավոր: Չգիտեն, թե ինչ մարդկային և այլ ռեսուրսներ ունենք: Փաստորեն, ոչինչ էլ չի արվել:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ