Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«80 ինժեներական լաբորատորիա չի կարողանա գործարկվել»

«80 ինժեներական լաբորատորիա չի կարողանա գործարկվել»
01.12.2017 | 10:04

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հանդես է եկել 2018 թ. բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկով։ Դրանք վերաբերում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին պետական բյուջեից հատկացումների ավելացմանը։


Պարոն Գորգիսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով փաստաթղթում փոփոխություն կատարելու անհրաժեշտությանը, նշում է, թե քանի տարի է՝ խոսվում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում գերակա ճյուղ է, և ամեն ինչ պետք է արվի ոլորտի զարգացումը խթանելու համար։ Բայց ի՞նչ է իրականում անում մեր կառավարությունը։ Ըստ պարոն Գորգիսյանի, մենք ունենք շատ վատ պատկեր այդ առումով. բուհերը չեն տալիս բավարար մակարդակի կրթություն, որպեսզի բուհը նոր ավարտած քաղաքացին ունենա աշխատաշուկային բավարարող գիտելիքներ։ Դպրոցներում չկա հետաքրքրվածություն ոլորտով, շատ քիչ սովորողներ են ընտրում ՏՏ ոլորտը։ Հայաստանում դպրոցների շրջանավարտների մոտ 70 տոկոսն ընտրում է հումանիտար մասնագիտություններ և հետագայում մեծ մասամբ համալրում գործազուրկների բանակը։ Այնինչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հենց հիմա կա մի քանի հազար թափուր աշխատատեղ։
Այս խնդիրը որոշակիորեն լուծում են դպրոցներում բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները։ Այդ կառույցները հիմնվել են ՏՏ ոլորտի մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ և ներդրումների շնորհիվ։ Ինժեներական լաբորատորիաներում աշակերտները կարողանում են մոտիկից ծանոթանալ բարձր տեխնոլոգիաներին, զբաղվել ռոբոտաշինությամբ։ Դրանով բարձրանում է նրանց առաջադիմությունը, հասկանում են, թե իրենց գիտելիքները որտեղ կկարողանան կիրառել և ինչ արդյունքներ ստանալ։
Պարոն Գորգիսյանը վկայակոչում է վերջերս «Արմաթ» լաբորատորիաներում իրականացված հետազոտությունների արդյունքները։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ ծրագրում ներառված սաների քանակը վերջինիս հիմնադրման օրվանից շարունակական աճ է ունեցել՝ 2017-ին կազմելով 5000 հոգի: Երկու տարի ինժեներական լաբորատորիաներում սովորած աշակերտների ճակատագիրը մոտավորապես այսպես է դասավորվում. մոտ 80 տոկոսն ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնց ավելի քան 90 տոկոսն ընդունվում է բնագիտական ուղղություններով։ Նրանց մոտ 40 տոկոսն ուսման ընթացքում ձեռք է բերում աշխատանք։ Աշխատանք ունեցողների 45 %-ը ներգրավված է եղել ծրագրավորման մեջ, 12 %-ը հիմնել է ստարտափեր, ևս 29 %-ը ներգրավված է եղել ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացած մասը կատարել է ինժեներական և տեխնիկական աշխատանքներ:


«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սաների 37 տոկոսը բուհից հետո ոլորտի պոտենցիալ աշխատող է։
Եվ այս կարևորագույն օղակում՝ ինժեներական լաբորատորիաներում, որը նպաստում է ՏՏ ոլորտի զարգացմանը, պետությունը ունի չնչին ներդրում։ Ամեն ինժեներական լաբորատորիայի ստեղծման համար ծախսվում է մոտ 10 հազար դոլար։ «Այդ գումարն ամբողջությամբ ՏՏ ոլորտի ընկերությունները վերցրել են իրենց վրա։ Նրանք այդ գումարները հայթայթում են, ներդրումներ անում, ստեղծում լաբորատորիաներ։ Պետությունն իր վրա է վերցրել ընդամենն ուսուցիչներին մոտ 60 հազար դրամ հավելավճարի հատկացումը։ 2017 թ. բյուջեում նախատեսված գումարը չի փոփոխվել. գումարը հատկացվում էր 160 ինժեներական լաբորատորիաների ուսուցիչների համար։ Սակայն քանի որ ոլորտը զարգանում է, և ներդրումները մասնավոր ընկերություններն ավելացնում են, մենք այսօրվա դրությամբ ունենք 225 ինժեներական լաբորատորիա։ 2018 թ. առաջին եռամսյակում նախատեսվում է այդ թիվը հասցնել 240-ի։ Հետևաբար մոտ 80 ինժեներական լաբորատորիաները չեն կարողանա գործարկվել, որովհետև դասավանդողի վճարման խնդիր է լինելու»,- ասում է Գևորգ Գորգիսյանը։ Նա խնդիրը լուծելու համար առաջարկել է կառավարությանը ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի՝ «Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» կետում նախատեսված գումարի (դրամաշնորհի) չափը 126 941 500 ՀՀ դրամից դարձնել 190 412 250 ՀՀ դրամ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ