Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նորավանքն ի պահ ենք տվել... չղջիկներին

Նորավանքն ի պահ ենք տվել... չղջիկներին
01.12.2017 | 10:34

Հայ առաքելական եկեղեցու հովվապետական դասի և իշխանական համակարգի ջերմ հարաբերությունների ստվերում համընդհանուր շահ համարվող պետականաշինությունն ու ազգապահպանությունը հայերեն հնչողությամբ գեղեցիկ բառեր են միայն, քանի որ Հայաստանի ներկա-ապագայի տեսլականը քառորդ դար անփոփոխ պարուրված է մշուշով: Արտաքին մարտահրավերների քմահաճույքներին ակամա մատնված լինելը հայ ժողովրդի ու Հայաստանի համար իրողություն է: Միակ մխիթարությունը հայության համար, գուցե, Աստծո ողորմածությանն ապավինելն է: Թեև Բարձրյալի հետ հաղորդակցվելու համար պարտադիր չէ տաճար մտնելը, բայց և...: Սարսափելի է, երբ եկեղեցու շեմին, դեռ ներս չմտած, աղոթքդ ընդհատում են ներկայությունդ չհանդուրժող... չղջիկները։


Նորավանքի վանական համալիրի ամենաազդեցիկ կառույցը 1339-ին Բուրթել Օրբելյանի միջոցներով կառուցված Սուրբ Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին է: Այն հայկական ճարտարապետության մեջ պահպանված դամբարան-եկեղեցիների բարձրարժեք կատարումներից է և միջնադարի հայտնի քանդակագործ Մոմիկի վերջին աշխատանքներից: 1840-ի երկրաշարժից հետո Նորավանքը վերականգնվել է 1998-ին, օծվել՝ 1999-ին, հիմնովին վերանորոգվել է 2002-ին:
Նորավանքի վանական համալիրի գեղեցկությունը դժվար է բառերով նկարագրել: Այլ է և զգացողությունդ, երբ Սուրբ Աստվածածնի շեմքին հիացմունքդ համադրվում է սարսափով. երբ հայացքդ եկեղեցու ներսի սև ու անհաղորդ պատերից շփոթված հառես Բարձրյալին, ուղիղ գլխավերևումդ՝ եկեղեցու առաստաղից կախված, բազմաթիվ չղջիկների անհանգիստ շարժն աչքիդ կզարնի, որոնք ուր որ է կպոկվեն ու կընկնեն գլխիդ: Նորավանքի Սուրբ Աստվածածինն ի պահ ենք տվել գիշատիչ չղջիկներին:


Առկա է մի իրողություն ևս. անհասկանալի և մասնագետների կողմից էլ անբացատրելի է՝ ինչու՞ ոչ մի սրբապատկեր չկա այստեղ:
Մինչ իրողության ու երևակայությանդ միջև որևէ ընդհանրություն կգտնես, քայլերդ հետ-հետ կտանեն, երբ մխիթարության ակնկալիքով էլ հաղթահարես Սուրբ Աստվածածնի նեղ աստիճաններով վերև բարձրանալու դժվարությունը, եկեղեցու վերնահարկում ճերմակ պատերին փորագրված ծանոթ ու անծանոթ շատ անուններ աչքի կընկնեն, իսկ քարե սեղանին յուրաքանչյուրն իր ու իր սիրած էակի անունն է փորագրել` ապականելով Մոմիկի տաճարը: Քանդակագործության ասպարեզում սկսնակների ինքնահաստատման այսօրինակ փորձերն արգելող ոչ մի ցուցանակ չկա:
Նորավանքը 2002-ից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»: Անսրտացավ ու բարձիթողի այս մոտեցումը որքա՞ն կշարունակվի, դժվար է ասել, գոնե չղջիկները եկեղեցուց հեռացնեն: Դրանք կենդանական աշխարհի մասն են և ոչ թե համաշխարհային մշակույթի:


Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ